ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայրենադարձման Համակարգման Ուղիով

Արտագաղթը «ոչնչացնում է» մեր երկիրը։ Մեր թշնամիների ցանկությունն էլ հենց դա է․Հայաստանն առանց հայերի։ Արտագաղթը յուրովի էթնիկ զտում է։

Դավիթ Կարապետյան

Մաս ութերորդ՝ «Մեր Ուղինի» հարցազրույցը դիվանագետ, քաղաքագետ Դավիթ Կարապետյանի հետ

ՀՀ-ն և Սփյուռքը միավորող է պետք

  1. Հայաստանում գոյություն  ունեցող խնդիրներից մեկը երբեք չդադարող արտագաղթն է եղել։ 

Ինչո՞վ կբացատրեք այդ երևույթը։

Պատճառները՝ անթիվ-անհամար են։

Հիմնական պատճառը՝ հիասթափությունն է, ապագայի հանդեպ դրական տեսլականի բացակայությունը, սեփական երկրում չգնահատված լինելը, լավ չվարձատրվելը, երկրի ոչ անվտանգ լինելը, մշտական պատերազմի հավանականությունը, զորակոչվելը, հավանական պատերազմի մասնակից դառնալը, ավելի բարեկեցիկ ապրելակերպի փնտրտուքն է, պարզապես ինքնահաստատվելն է, դրսում կայանալու ձգտումն է, սեփական հայրենիքը չսիրելն է, այն՝ երկրորդական-երրոդական դասակարգելն է, կոսմոպոլիտի հոգեբանությունն է։ 

  1. 2020թ պատերազմից հետո ՀՀ-ում շատերի մոտ ուժեղացել է երկրից հեռանալու ձգտումը։ 

Արդյո՞ք պարտությունը պատերազմում իրոք անվտանգային ծայրահեղ խնդիրներ է առաջացրել ՀՀ բնակիչների համար, թե այդ տրամադրությունները առավելապես հետպատերազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնացած ընկճվածություն է։

Այո, միանշանակ։ Թվարկված երկու հանգամանքներն էլ միասին։ 

Հատկապես նման ելքով պատերազմի պարագայում և այն հանգամանքով պայմանավորված, որ երկրի անվտանգային համակարգն իրեն չի արդարացնում, ապրելն այստեղ անվտանգ և ապահով չէ, նոր պատերազմի հավանականությունը խիստ բարձր է, թշնամու կողմից ամենօրյա ագրեսիաներն ու սադրանքները, նոր տարածքներ գրավելու բացահայտ սպառնալիքները, սեփական ռազմական ուժերին ու գործող իշխանություններին չվստահելը, վերջիններից հիասթախվելը՝ ստիպում է մարդկանց մտորել արտագաղթելու, այլ երկրներում անձնական հանգիստը, անվտանգությունն ու ապահովությունը գտնելու մասին։  

  1. Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկայական վնասներ է հասցրել արտագաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնական խնդիրները։

Ներկայումս Սփյուռքի հիմնական խնդիրը՝ մայր Հայաստանից արհեստականորեն «հեռացված» լինելն է։ ՀՀ-ի հետ ունեցած այսօրվա անջրպետն է։ 

Ժամանակին՝ ՀՀ հատկապես արտաքին քաղաքականության հիմնական ու խիստ կարևոր գործոն համարվող Հայկական Սփյուռքն այսօր «անդեմ» է, «հեռացված», արհամարհված։ 

Որպես այդպիսին Սփյուռքը մայր Հայաստանից բացառապես քաղաքական աջակցության կարիքն է ունեցել, փոխարենը՝ ՀՀ խնդիրները բարձրաձայնելու մանդատով է շնորհված եղել։ 

ՀՀ-ի անունից որոշ հարթակներում ներկայացված լինելն է եղել, ՀՀ շահերը պաշտպանելու և բացառապես ազգային շահերով առաջնորդվելու առաքելությունն ու հրամայականն է եղել։  

Հիմա պատկերն այլ է։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայերը լեզվամտածողությամբ արդեն իսկ տարբեր մշակութային խմբեր չեն ներկայացնում իրենցից։ 

Ինչպե՞ս կարող են տարբեր հոգեբանություն և մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ ընդհանուր համաձայնության գալ միմյանց հետ ցանկացած հարցում։

Տենդենցը գնում է դեպի դրան։ Սակայն չեմ կարծում, որ այլ հասարակության մեջ ինտեգրված լինելը, այլ երկրների բարքերին ու սովորույթներին, օրենքներին հարմարված ապրելը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ՝ հետագայում միասնական ու միասնաբար հանդես չգալու համար։ 

Պարզապես ՀՀ-ն և Սփյուռքը միավորող է պետք։ Անհատ, ում կվստահեն, ում կլսեն և ում ասածներով կառաջնորդվեն։ 

  1. ՀՀ և Սփյուռքի հայերը շատ հարցերում փոխվստահություն չունեն միմյանց նկատմամբ։ 

Ո՞րն է հիմնական պատճառը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Այդ վստահությունը սրընթաց անկում ապրեց հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Երբ Սփյուռքից եկած ողջ օգնությունը ըստ նպատակի չօգտագործվեց և չծառայեցվեց։ Սփյուռքը դադարեց վստահել հատկապես գործող իշխանություններին։                                           Որպես այդպիսին չեմ տեսնում որևէ հանգամանք, որի պատճառով ՀՀ հայերը չվստահեն Սփյուռքին։ Կրկին վերահաստատում եմ այն, որ պարզապես ՀՀ-ն և Սփյուռքը միավորող է պետք։ Հեղինակություն համարվող, հարգանգ վայելող անհատներ, որոնց կվստահեն, կլսեն և վերջիններիս ասածներով կառաջնորդվեն։ 

  1. ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող լարվածությունն ի՞նչ պատճառներով է առաջացել և ի՞նչ հետևանքներ է թողնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վրա։

Նախորդ պատասխանների մեջ հիմնական պատճառները և ելքերը նշեցի։

  1. Շատերն այն կարծիքին են, որ արտագաղթն ավերում է Հայաստանը և մեզ հիմա կազմակերպված ու զանգվածային հայրենադարձություն է պետք։ 

ՀՀ-ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվածային հայրենադարձության։

Համակարծիք եմ։ Արտագաղթը «ոչնչացնում է» մեր երկիրը։ Մեր թշնամիների ցանկությունն էլ հենց դա է․ Հայաստանն առանց հայերի։ Արտագաղթը յուրովի էթնիկ զտում է։ Միանշանակ ողջունում եմ ներգաղթի կազմակերպման ցանկացած խելամիտ նախաձեռնություն։ Դրա համար անհրաժեշտ են նախադրյալներ։ Պետությունը պետք է լծված լինի մի շարք բարենպաստ ծրագրերի գործադրմամբ, որոնք կստիպեն ինքնակամ հայրենադարձվելուն։ Իհարկե որպես այդպիսին միակ խոչընդոտը կմնա երկրի համընդհանուր անվտանգությունն ու արտաքին սպառնալիքները։  

  1. Որո՞նք են  հայրենադարձությանը խանգարող հիմնական պատճառները։ 

Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրենադարձություն։

Ինչպես արդեն իսկ նշեցի՝ երկրի համընդհանուր անվտանգությունն ու արտաքին սպառնալիքներն են հիմնական պատճառները։ Հավանական պատերազմի վախն ու մտահոգությունը։ Եվ հետո նոր սոցիալական ու կենցաղային պայմանները։ Կարծում եմ շատերը կուզենան վերադառնալ մայր Հայաստան։  

  1. ՀՀ-ից արտագաղթող և ՀՀ վերադարձող հայերը սովորաբար ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավելի բարդ նոր միջավայրին հարմարվելը։

Թե՛ արտագաղթողները և թե՛ վերադարձողներն ամեն առումներով ինտեգրվելու խնդիր ունեն։ Կարծում եմ վերադարձողների համար համեմատաբար հեշտ կլինի, քանի որ իրենք իրենց մայր հողում են և օտար չեն։ 

  1. Եթե զանգվածային հայրենադարձություն տեղի ունենա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվազելու է ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ ֆինանսական և նյութական առումով։ 

Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առաջացնի, քանի որ հայկական Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրներում ապրող հայերի խումբ է, այլև քաղաքական, ֆինանսական, նյութական հզոր խաղաթուղթ։

Եթե նույնիսկ նվազի հայենադարձման արդյունքում, ապա օգտակարության տեսանկյունից ավելի է շահելու Հայաստանի Հանրապետությունը։ Ֆիզիկապես մայր հողում գտնվելով նրանք ավելի են օգուտ տալու քան գտվելով օտար երկրներում։ Իհարկե սա ինչ-որ տեղ հարաբերական է, քանի որ հստակ թվաբանություն չի կարող լինել։ Կլինեն մարդիկ, որոնք մնալով այնտեղ ավելի են օգուտ բերելու մեր երկրին։ Շատերն այնտեղ մնալով ավելի արգասաբեր աշխատանքներ են կատարում և ունեն իրենց առաքելությունը։                                                                                                                                  Չեմ կարծում, որ նույնիսկ զանգվածային հայրենադարձության արդյունքում բախվենք վերը նշված խնդրի հետ։

  1. Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած համահայկական խորհրդաժողովը։

Սովորական, ոչ առանձնահատուկ։ Համենայն դեպս օգտակարության տեսանկյունից զիջում էր նախորդ խորհրդաժողովներին։ 

  1. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները շատերի համար ամփոփվում են Հայաստան Համահայկական Հիմնադրամին ամեն տարի կատարվող նվիրատվությունների սահմաններում։ Արդյո՞ք միայն ֆինանսական աջակցությունը բավական է, թե իրականում դա էլ իր տեսակի խնդիր է։

Իրականում դա շատ լուրջ ներդրում է։ Բայց և աջակցությունը միայն ֆինանսականով չի սահմանափակվում։ Սփյուռքն իր մասնակցությունն ունի տարբեր երկրներում մի շարք ազգանպաստ միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում։ Իհարկե կարելի է ավելին ակնկալել, սակայն կարծում եմ, դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում կլինեն այլ իշխանություններ։ Սփյուռքի ներկայիս պասիվությունը դրանով է պայմանավորված։  

  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ-ը և Սփյուռքը միմյանց համար։

Աջակցեն միմյանց, օգնեն թե՛ ֆինանսապես, և թե՛ բարոյապես։ Քննարկեն և միասին լուծումներ գտնեն՝ երկրի և իրենց առջև առաջացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման հարցերում։ Գործեն սինխրոն, համատեղ, իրար հետ համաձայնեցված, տեղյակ լինեն մեկմեկու քայլերից, ծրագրերից, առաջնորդվեն բաառապես պետական ու ազգային շահերով։                    Այդժամ արդյունքն ակնհայտ կլինի։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համահայկական մասշտաբով ունեն մեկ ընդհանուր գաղափարախոսություն և նպատակ։

Կարծում եմ այո։ Իհարկե, այսօրվա իշխանությունների ծրագրերը, նպատակներն ու աշխատելաոճը այլ են, որոնք դուրս են գալիս մեկ ընդհանուր գաղափարախոսության և նպատակների իրագործման շրջանակներից, շեղվում ու խեղաթյուրվում են, բայց և այնպես, այդ ամենը կրում է ժամանակավոր բնույթ։ Մարդիկ գալու և գնալու են, գաղափարները մնալու են։ 

  1. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ձեր իդեալական մոդելը։

Համակարգված, համաձայնեցված, հստակ ժամանակացույցով աշխատանք, կանոնակարգված և  պլանավորված աշխատելաոճ, ծրագրերի և նպատակների, միջոցառումների կազմակերպման և անցկացման մոդելների և մեթոդների համատեղ իրագործում։    

Դավիթ Կարապետյան՝ Դիվանագետ/Քաղաքական վերլուծաբան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *