«Որակական փոփոխությամբ իրապես շահագրգռված ուժերը թերեւս պետք է իրենց մտապատկերում եւս արձանագրեն արտահերթ ընտրության սցենարի հնարավորությունը եւ դրա շուրջ աշխատանքը ներառեն իրենց օրակարգ, եթե ոչ ամբողջական կամ ռազմավարական, ապա որակական փոփոխություններին ընդառաջ մարտավարական մեկ քայլ կատարելու հաշվարկով եւ նպատակադրումով, միաժամանակ անկասկած առաջնային պատասխանատվություն»։
Հակոբ Բադալյան
Հանրային հեռուստաընկերությանը տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը վկայեց, որ քաղաքական իշխանության առնվազն մտապատկերում առկա է խորհրդարանի արտահերթ ընտրության սցենարի գոյությունը: Թե ինչ խնդիր լուծելու համար կարող է գործադրվել այդպիսի սցենար, միարժեք ասելը բարդ է: Ինքս առիթ ունեցել եմ արտահայտվելու, որ հիմնական մոտիվները կարող են բխել այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացից, ունենալով իհարկե տարբեր տրամաբանություն: Հատկանշական է, օրինակ, որ հարցազրույցի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է նաեւ Աննվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին վերաբերող հարցեր, լսվել է ԶՈՒ ԳՇ պետի զեկույցը:
Այն, որ նիստին մասնակցել է ընդհուպ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը, խոսում է այն մասին, որ գործընթացը գտնվում է բավականին էական փուլում, ինչը պահանջում է առավելլ համապարփակ, կամ ինչպես ասում են՝ «սուբստանտիվ» քայլեր եւ որոշումներ: Ըստ այդմ, որեւէ կերպ չի բացառվումմ, որ իրադարձությունների զարգացումը քաղաքական իշխանությանը բերի հենց արտահերթ գործընթաց նախաձեռնելու որոշման եւ դրա իրագործման: Պատճառ, ինչպես ասում է դասականը՝ միշտ էլ կգտնվի, այն էլ Հայաստանում: Այդ առնչությամբ, կա քննարկում, թե արդյո՞ք հասարակությունն ունի արտահերթ ընտրության պահանջ:
Միարժեք է, որ հասարակությունն ունի նոր որակի իշխանության պահանջ: Դա թերեւս խիստ քչերը կարող են դնել կասկածի տակ: Միաժամանակ, քչերը կվիճեն նաեւ այն հանգամանքի հետ, որ այսօր գործնականում չկա այլ որակի իշխանության ձեւավորմման իրական հնարավորություն, ու դրա վկայությունն է թե սոցհարցումները, թե օրինակ Երեւանի քաղաքապետի ընտրությունը՝ հանրությունը հիասթափված է եւ չի վստահում քաղաքական դերակատարներին, չի տեսնում ուժ, որի իշխանության գալու հարցում կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ առնվազն տանից քայլելով մինչեւ ընտրատեղամաս:
Սա բոլորովին չի նշանակում, թե հնարավոր չէ աշխատանքի միջոցով փոխել պատկերը, ըստ այդմ՝ հանրության մոտիվացիան: Սակայն, գոնե առայժմ չի նշմարվում այդպիսի տեսանելի արդյունք ապահովելու ներուժ ունեցող աշխատանքային գործընթաց: Հարկ է նկատել նաեւ, որ դա իհարկե դյուրին աշխատանք չէ: Այդուհանդերձ, քաղաքականությունը, առավել եւս այսօր, բավականին անկանխատեսելի է: Այդ ամենով հանդերձ, եթե քաղաքական իշխանությունը այս կամ այն շարժառիթից ելնելով նախընտրելի համարեց արտահհերթ ընտրության սցենարի գործարկումը՝ դրանում տեսնելով կարեւոր հարցեր լուծելու ամենաարդյունավետ միջոցը, ապա հանրային տրամադրությունները ոչ միայն չեն լինի խանգարող հանգամանք, այլ հակառակը՝ քաղաքականությունից հանրության հիասթափվածությունն ու քաղաքական ոուժերի հանդեպ հանրության գրեթե 70 տոկոսի անվստահությունը միմիայն գործող իշխանության օգտին է:
Հետեւաբար, երկրում որակական փոփոխությամբ իրապես շահագրգռված ուժերը թերեւս պետք է իրենց մտապատկերում եւս արձանագրեն արտահերթ ընտրության սցենարի հնարավորությունը եւ դրա շուրջ աշխատանքը ներառեն իրենց օրակարգ, եթե ոչ ամբողջական կամ ռազմավարական, ապա որակական փոփոխություններին ընդառաջ մարտավարական մեկ քայլ կատարելու հաշվարկով եւ նպատակադրումով, միաժամանակ անկասկած առաջնային պատասխանատվություն ցուցաբերելով նաեւ Հայաստանի արտաքին-անվտանգային օրակարգի հանդեպ, ինչը բնականաբար պահանջում է հիմնարար մոտեցումներ ննաեւ ներքին կյանքի վերափոխման առնչությամբ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։