Հայաստան

Նոր Մտածողության Հրամայականով

Եթե 2010-ականներին մռայլ կանխագուշակումներ էին արվում, որ «վերջում վատ է լինելու», ապա դրանից հետո անցնող տարիները բնորոշվեցին սթափության իսպառ բացակայությամբ, հասարակության անտարբերությամբ, իշխանությունների բացառիկ անլրջությամբ: Եվ հիմա մենք եկանք հասանք այդ վերջին: Մենք տեսանք, թե ինչ է կատարվում, ինչպես է մի ողջ ժողովուրդ վճարում իր կառավարիչների ագահության և տգիտության սխալների համար:

Մեր Ուղին

(նախաբան)

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը 2023թ. դեկտեմբերի 31-ին ամանորի գրառման մեջ անդրադարձել էր մի կարևոր հարցի՝  հայերի՝ գլոբալ քաղաքական ազգ դառնալուն: Մի քանի օր առաջ Նոյյան Տապանում Հովսեփ Խուրշուդյանն ավելի մանրամասն անդրադարձավ իր նյութին՝ բացատրելով դրա հիմնական էությունը:

Հովսեփ Խուրշուդյանի գրառումն ու հաղորդումն իր մեջ պարունակում են հայ ժողովրդի ու հայոց պետականության առջև ծառացած ամենասուր հարցերը և դրանցից առաջնահերթը՝ գլոբալ պատկերացումները և նեղ ու սահմանափակ մտածելակերպից դուրս գալու հրամայականը: 

Անշուշտ այսօր ավելի քան անհրաժեշտ է այդ քաղաքական միտքը զարգացնելու և նեղ համայնական մտածելակերից դուրս գալու հարցը: Մենք որպես պետություն վերջին տասնամյակներին մեզ պահել ենք համայնքի, բայց ոչ երբեք ազգային պետություն ունեցող ժողովրդի նման: Ընդ որում այդ պահվածքը բնորոշ է եղել նաև սրանից հարյուր տարի առաջ կատարվող դեպքերին՝ Առաջին Հանրապետության գոյության ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին, երբ ոչ միայն այդ օրերի դեմքերը չէին կարողանում հասկանալ տեղի ունեցողի իմաստը, այլև դրանից հարյուր տարի հետո էլ բացատրությունները պարզունակ են, մակերեսային:

Այսօր ՀՀ-ը կանգնած է գլոբալ վտանգի առաջ: Սա սովորական ստանդարտ հետպատերազմյան երկիր ու իրավիճակ չէ: Մեր թշնամիները բազմաթիվ են և հզոր: Նրանց դեմ պայքարելու համար մենք պետք ունենք լայն ու խորաթափանց պահվածքի: Դա իր հերթին պիտի հետևանք լինի հասարակական պահանջով ձևավորվող կառավարման, որն էլ ի վիճակի է հայ ժողովրդին ամորֆ զանգվածից կրկին դարձնել գործուն ուժ: Իսկ դրա համար մեզ նախ և առաջ գլոբալ մտածելակերպ է պետք: Մենք շատ ծանր ենք վճարել նեղմիտ ու սահմանափակ պահվածքի ու կենսակերպի համար: Թայֆայական, կուսակցական ու նեղ-գրպանային մտածելակերպի սարսափելի հետևանքը ի վերջո եղավ այն, ինչ մենք այնպես էլ չենք կարողանում մարսել՝ ծանր պատերազմ, Արցախի լիակատար հայաթափում ու կորուստ: Եթե 2010-ականներին մռայլ կանխագուշակումներ էին արվում, որ «վերջում վատ է լինելու», ապա դրանից հետո անցնող տարիները բնորոշվեցին սթափության իսպառ բացակայությամբ, հասարակության անտարբերությամբ, իշխանությունների բացառիկ անլրջությամբ: Եվ հիմա մենք եկանք հասանք այդ վերջին: Մենք տեսանք, թե ինչ է կատարվում, ինչպես է մի ողջ ժողովուրդ վճարում իր կառավարիչների ագահության և տգիտության սխալների համար: 

Կոչվելով պետություն՝ չդարձանք պետություն, գոռալով անկախություն՝ երբեք հասարակական-պետական մասշտաբով չհասկացանք, թե այդ բառն ինչ է նշանակում, այլ շարունակեցինք միակողմանի բութ պահվածքը և այսօր, երբ աղետի մասշտաբները գերազանցեցին մեր սպասելիքները, ընկերները դավաճանեցին, փրկիչները չփրկեցին, մենք զարմացած ենք, թե ինչպե՞ս պատահեց այս ամենը:

Մենք ոչ միայն չփոխեցինք մեր պահվածքը(նաև այսօր), այլև ունակ չենք հասկանալու, թե ինչ կատարվեց: Միայն հասկանալով և ըմբռնելով է կարելի վերլուծել եղածը և առաջ գնալ: 

Հենց այս պահին ԱԺ-ում շարունակվում է անլուրջ քաղաքական «պայքար»: Հենց այս պահին մենք շարունակում ենք կորցնել օրեր, որոնց հետևանը տասնամյակներով չենք կարողանալու մաքրել:

Գլոբալ քաղաքական մտքի, դրա անհրաժեշտության մասին է Հովսեփ Խուրշուդյանի ամանորի գրառումը և Նոյյան Տապանին տված վերլուծությունը, որին կանդրադառնանք մաս առ մաս:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *