Պետք է եզրակացնել, որ Լավրովի նախաձեռնությունը ունեցել է շտապ կամ այսպես ասած հրատապ տրամաբանություն, եթե նա չի սպասել Միրզոյանի Երեւան վերադառնալուն, կամ՝ վերադարձից հետո շունչ քաշելուն:
Հակոբ Բադալյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 5-ին զանգահարել է եւ խոսել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ Հայաստանի ԱԳՆ-ն հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածել նախօրեին, նշելով, որ այն տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, իսկ ահա ռուսական ԱԳՆ-ն առնվազն մինչ մարտի 6-ի կեսօր իր պաշտոնական կայքում չէր հրապարակել հեռախոսազրույցի մասին որեւէ տեղեկություն: Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցը սակայն ուշագրավ է ամենեւին ոչ այդ պատճառով, թեեւ այդ հանգամանքն էլ հետաքրքիր է:
Նախ, հարկ է նկատել, որ Լավրովն ու Միրզոյանը մարտի 1-3-ին մասնակցել են Անթալիայում անցկացված դիվանագիտական ամենամյա ֆորումին: Միրզոյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ, Լավրովը՝ թե թուրք գործընկերոջ, թե ադրբեջանցի Բայրամովի հետ, իսկ ահա Լավրով-Միրզոյան հանդիպում՝ չի եղել: Փոխարենը եղել է Լավրովի բավականին հատու հայտարարությունն այն մասին, որ Երեւանից ակնկալում են լսել հստակ խոսքեր այն մասին, թե ինչպես են դիրքավորվում այսպես ասած ինտեգրացիոն նախագծերի հանդեպ, թե ՀԱՊԿ, թե ԱՊՀ, թե ԵԱՏՄ: Լավրովը ըստ էության բավականին սպառնալից հնչող տոնով եւ թափանցիկ ակնարկում էր, որ չի կարող լինել «սառը» վերաբերմունք ՀԱՊԿ հանդեպ, իսկ ԵԱՏՄ-ից՝ օգտապաշտություն:
Փաստորեն ստացվում է, որ ՌԴ արտգործնախարարը Երեւանից հստակ պարզաբանում սպասել է երկու օր, իսկ հետո չի համբերել եւ ի՞նքն է զանգահարել պարզաբանման համար: Թե՞ նրա հեռախոսազանգը ունեցել է բոլորովին այլ պաճառ կամ մոտիվ, որը քիչ բանով է ուղղակիորեն եւ միագիծ փոխկապակցված հռետորաբանության անտուրաժից: Մասնավորապես, այդ առումով էլ ուշադրության են արժանի մի քանի պարագա: Մեկն այն, որ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցը տեղի է ունենում փաստորեն այն ժամանակ, երբ արտգործնախարար Միրզոյանը վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվում է Եգիպտոսում: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն Լավրովի հեռախոսազաննգի եւ զրույցի մասին հաղորդագրությունից առաջ տարածել էր հաղորդագրություն, որ Հայաստանի Ա նախարարը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջը:
Պետք է եզրակացնել, որ Լավրովի նախաձեռնությունը ունեցել է շտապ կամ այսպես ասած հրատապ տրամաբանություն, եթե նա չի սպասել Միրզոյանի Երեւան վերադառնալուն, կամ՝ վերադարձից հետո շունչ քաշելուն: Հետեւաբար առաջանում է հարց, թե արդյո՞ք Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցը կարող էր կապ ունենալ Եգիպտոս այցի հետ: Մյուս պարագան այն է, որ ՌԴ արտգործնախարարի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցը բացի այն, որ կայանում է Միրզոյանի՝ Եգիպտոսում գտնվելու ժամանակ, նաեւ տեղի է ունենում ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու այցին զուգահեռմ, որը մեկնարկել է նախօրեին եւ որի ընթացքում քննարկվելու են տնտեսական գտարբեր ոլորտներում գործակցության առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ եւ ռեգիոնալ հարցեր:
Հոդվածը՝ 1in.am կայքից։