Ակնառու է, որ Ռուսաստանը հետեւողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում, կամ այսպես ասեմ՝ եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ եւ աննպաստ է։
Հակոբ Բադալյան
Երբ նոյեմբերի 9-ից հետո գնահատելով իրավիճակը կարծիք եմ հայտնել, որ գլոբալ մակարդակում դա նաեւ ռուսների պարտությունն ու ձախողումն էր, մեծաթիվ «մակերեսագետներ» դա համարել են ռուսներին արդարացնելու «գործակալական» ջանք:
Հիմա ստացվում է, որ ռուսները չորս տարի առաջ մտել են Արցախ, որ հետո սկսեն դուրս գալ:
Պարտության եւ ձախողման մեխանիզմը հանգամանալից բացատրել եմ բազմիցս: Բնական է, որեւէ մեկնաբանություն չի հաստատվում նոտարի կնիքով, իսկ հարցականի տակ հնարավոր է դնել ցանկացած բան, էլ չասած՝ անգամ կնիքի առկայության դեպքում;
Պարզապես, մարդկանց համար նախընտրելի չէ փորձել դուրս դուրս գալ կամ չենթարկվել դոմինանտ քարոզչական սխեմաների: Դիմադրելը պահանջում է ջանք, հետեւաբար ավելի լավ է հարմարվելը, առավել եւս, եթե որոշ մարդկանց դեպքում դա կարող է լինել նաեւ բառի բուն իմաստով շահութաբեր:
Հիմա Պեսկովը հայտարարում է, որ՝ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից: Սա իհարկե միաժամանակ շատ հարցեր առաջացնող է, որովհետեւ չի մանրամասնում՝ ամբողջությամբ է դուրս գալիս, թե մասնակի, իսկ կարող է՞ ձեւաչափը տրանսֆորմացվի եւ փոքր ինչ որ մաս մնա այլ կարգավիճակով, այլ պայմանավորվածություններով եւ այլն: Տեսնենք, սա կերեւա ժամանակի ընթացքում, ի հայտ կգան մանրամասներ:
Բայց, ակնառու է, որ Ռուսաստանը հետեւողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում, կամ այսպես ասեմ՝ եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ եւ աննպաստ
Այլ հարց է, որ կայսրությունները այդ պրոցեսները պետք է փաթեթավորեն այնպես, որ՝ դա իրենց համար ոչ թե նահանջ է, այլ մի խորիմաստ ու հմուտ հաշվարկ, որ այն, ինչ տեղի է ունենում՝ տեղի է ունենում, որովհետեւ իրենք են այդպես ուզել, ոչ թե տանուլ են տվել գործընթացներ եւ հայտնվել այդ վիճակում:
Այդ պարագաներում հաճախ է «փաստարկ» բերվում Շոյգուի հայտնի հայտարարությունը, որ «Ղարաբաղում բարդ օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ»: Եվ դա նշվում է որպես վկայություն, որ ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից:
Եթե ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից, այդ դեպքում հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ամբողջ գիշեր ի՞նչ էին բանակցում՝ 11 ժամ, որից հետո հայտարարվեց հրադադարի մասին, բայց չպահվեց այն: Ինչու՞: Որովհետեւ այդ ժամանակ կանգնելուն համաձայն չէր Էրդողանը, որի թիկունքում նաեւ ՆԱՏՕ-ն, որի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 3-5-ին այցելել էր Անկարա:
Հիմա պատկերացնենք, որ Էրդողանը չէր կանգնում նաեւ նոյեմբերի 9-ին, ի՞նչ էին անելու ռուսները: Մնում էր արդեն մտնել Թուրքիայի եւ Ադբեջանի հետ պատերազմի մեջ: Չեմ բացառում, որ նույնիսկ սպառնացել են անել դա (ռուսական ուղղաթիռի խոցման բավականին խորհրդավոր պատմությունը), եթե Թուրքիան չհամաձայնի կանգնեցնել Բաքվին: Ի վերջո համաձայնությունը եղել է, ստանալով նաեւ մոնիտորինգի կենտրոն Աղդամում՝ մնացյալի շարքում:
Իհարկե պատերազմը կանգնել է ռուս-թուրքական համաձայնությամբ: Բայց առանցքայինն այն է, թե ինչպես է իրավիճակը եկել ու հասել դրան, եւ որտեղից է սկսել ու ինչ պայմաններով ու ստատուս-քվոյով ավարտվել:
«Մակերեսագիտերենով» սա «թարգմանվում» է՝ «ռուսներն ինչ մեղք ունեին» կամ «ռուսներն ինչ անեին»:
Հիմա դարձյալ կրկնեմ՝ ռուսների «մեղքի» մասին Հայաստանի տեղեկատվական եւ փորձագիտական դաշտում հազիվ թե կգտնվի մարդ, որ գրել ու խոսել է իմ չափ: Եվ այն ժամանակ, երբ դա հեչ մոդա չէր, ու բերում էր ոչ թե ծափեր, այլ հակառակը՝ թիրախավորում:
Բայց, որեւէ բանի մասին խոսել ու խոսում եմ գործընթացների խորությունն ու շերտերը առավելագույնս դիտարկելու մղումով ու նպատակով, անկախ՝ թե դա ում դուր կգա, իսկ ում՝ ոչ, ում քիմքին կբավարարի, ում՝ ոչ: Եվ ժամանակի ընթացքում նաեւ ինձ համար բացահայտելով լայն պրոցեսի նոր շերտերն ու իմաստները, ինձ պարտավոր եմ համարում խոսել դրանց մասին՝ անկախ այդ խոսակցության պոպուլյարության աստիճանից:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։