Եթե ԱՄՆ-ը Սիրիայում իր ռազմական ներկայությունը լուծարի, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկի Իսրայելը: Թուրքիայի նախագահն ասում է, որ Նաթանյահուն նպատակ ունի ընդլայնել Սիրիայի օկուպացիոն գոտին: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտեւը խոստովանել է, որ հոկտեմբերին իսրայելական օդուժը Հմեյմիմ ռազմակայանին շատ մոտ թիրախներ է խոցել, ինչից հետո Մոսկվան զգուշացրել է, որ նման միջադեպի կրկնությունը կարող է «ծանր հետեւանքներ ունենալ այդ թվում նաեւ Իսրայելի համար»:
Վահրամ Աթանեսյան
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր հետախուզության վարչության սպաներն Իդլիբի շրջանում աջակցում են «ահաբեկչական խմբավորումներին» եւ Ռուսաստանը նրանց դիտարկելու է որպես ոչնչացման ենթակա թիրախներ:
«Սիրիայի հյուսիսում հատուկ ռազմագործողություն սկսելու Թուրքիայի ծրագիրը չի փոխվել»-Բաքվից տունդարձի ճանապարհին ուղեկցող լրագրողներին ասել է Էրդողանը: Նախօրերին Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտեւը Թուրքիայի հատուկ ռազմական գործողությունը «ոչ նպատակահարմար, անընդունելի» է գնահատել: Խոսելով նույն տեղաշրջանում Ուկրաինայի ԶՈՒ ԳՀՎ սպաների ներկայության մասին, Լավրենտեւը, կարծես, ակնարկում է, որ նրանք այնտեղ են Թուրքիայի իմացությամբ:
Իդլիբի շրջանի վերաբերյալ, ինչպես հայտնի է, առկա է ռուս-թուրք-իրանական համաձայնություն, որ կողմերին պարտավորեցնում է մեկը մյուսի դեմ ռազմական քայլեր չձեռնարկել: Մոսկվան պարզորոշ ասում է, որ Թուրքիան խախտում է պայմանավորվածությունը, ինչը կարող է «անցանկալի հետեւանքներ ունենալ». այդ հատվածում Ռուսաստանի եւ Թուրքիայի զինված ուժերը միմյանց չափազանց մոտ են տեղաբաշխված, եւ ցանկացած միջադեպ, իրոք, կարող է վերաճել ռազմական լուրջ բախման: Սիրիայում ռուս-թուրքական «անհաշտ մտերմությունը» տեւում է արդեն շուրջ տասը տարի, Անկարան իր հերթին Մոսկվային եւ Թեհրանին մեղադրում է Սիրիայի հյուսիսում քուրդ անջատողականներին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ: Բայց այս փուլում իրավիճակը սկզբունքորեն այլ է. Թուրքիայում մեծ ակնկալիքներ կան, որ նախագահի պաշտոնն ստանձնելով՝ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան ռազմական ներկայությունը հեռացնելու որոշում կընդունի: Այդ դեպքում քրդաբնակ շրջանների դե-ֆակտո իշխանությունը կզրկվի ամենամեծ հովանավորությունից: Դա նաեւ Թուրքիային հնարավորություն կտա ազատորեն գործել եւ Սիրիայի տարածքում երեսուն կիլոմետր խորքով «անվտանգության գոտի ստեղծել»:
Էրդողանն ասել է, որ դեռեւս Սիրիայի նախագահ Ասադի հետ հանդիպման եւ հարցերի կարգավորման հույս ունի: Եթե ԱՄՆ-ը Սիրիայում իր ռազմական ներկայությունը լուծարի, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկի Իսրայելը: Թուրքիայի նախագահն ասում է, որ Նաթանյահուն նպատակ ունի ընդլայնել Սիրիայի օկուպացիոն գոտին: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտեւը խոստովանել է, որ հոկտեմբերին իսրայելական օդուժը Հմեյմիմ ռազմակայանին շատ մոտ թիրախներ է խոցել, ինչից հետո Մոսկվան զգուշացրել է, որ նման միջադեպի կրկնությունը կարող է «ծանր հետեւանքներ ունենալ այդ թվում նաեւ Իսրայելի համար»: Նման բարդ իրավիճակում իսրայելական աղբյուրները հատնում են, որ Մոսկվա է մեկնել Իսրայելի ռազմավարական ծրագրավորման հարցերով նախարար Ռոն Դերմերը: Բանակցություններում քննարկվել է մեկ հարց. Ռուսաստանը պատրա՞ստ է երաշխավորել, որ Լիբանանի հարավում հրադադարի հաստատման դեպքում «Հեզբոլլան» այլեւս Սիրիայի տարածքից սպառազինություններ եւ ռազմամթերք չի ստանա: ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանի ռազմական զորախումբը «սահմանային հսկողություն իրականացնելու մանդատ չունի, ուստի ոչ մի երաշխիք տալ չի կարող»:
Ըստ տեղեկությունների, Լիբանանում հրադադարի հաստատման համաձայնագիրը գրեթե ամբողջացված է, մնում է երկու հարց՝ «Հեզբոլլայի» սպառազինման էմբարգոն եւ պայմանավորվածությունը խախտելու դեպքում Իսրայելի ազատ գործողության իրավունքը: Մոսկվան չի երաշխավորում, որ «Հեզբոլլան» չի վերազինվի, Անկարան ձգտում է օր առաջ մեծացնել Սիրիայի հյուսիսում ռազմական ներկայությունը, որ Ռուսաստանը գնահատում է անընդունելի»: Անկարան եւ Մոսկվան, կարծես, ոչ թե մերձեցման, այլ առնվազն միմյանցից մարտավարական հեռացման ռեժիմի մեջ են: Այդ իրավիճակը չի կարող չազդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին: