ATACMS-ի օգնությունը առավելություն կտրամադրի Ուկրաինային մարտի դաշտում, բայց դրանց կիրառությունը չի ունենա ռազմավարական ազդեցություն Կուրսկում գտնվող ռուսական կամ հյուսիսկորեական ուժերի վրա»։
Le Monde. Ինչու՞ է ԱՄՆ որոշումը` թույլատրել Ուկրաինային օգտագործել ATACMS հրթիռները Ռուսաստանի տարածքում, քիչ հավանական է, որ փոխի ուժերի հավասարակշռությունը։
ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունը դժվար թե զգալիորեն փոխի ուժերի հավասարակշռությունը տեղում, սակայն այն բարձրացնում է հարցեր ֆրանսիական Scalp և բրիտանական Storm Shadow հրթիռների օգտագործման վերաբերյալ։
-ԱՄՆ-ի որոշումը, որն ընդունվել է՝ ի պատասխան կոնֆլիկտում հյուսիսկորեացի զինվորների մասնակցության, համարվում է միաժամանակ և՛ ուշացած, և՛ չափազանց սահմանափակ։ Ավելի շուտ քաղաքական, քան ռազմական այս քայլը կարող է դանդաղեցնել ռուսների առաջխաղացումը, բայց չի փոխի ուժերի հավասարակշռությունը։
Նոյեմբերի 18-ին, երկուշաբթի օրը, Մոսկվան դատապարտեց այս որոշումը որպես «անխոհեմ և վտանգավոր» և մեղադրեց Բայդենի վարչակազմին «կրակի վրա յուղ լցնելու» մեջ։ Այսօր առավոտյան Կրեմլը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել «զանգվածային հարձակման» կամ միջուկային զենք ունեցող երկրի աջակցությամբ ոչ միջուկային հարձակում իրականացրած պետության ագրեսիայի դեպքում։
ԱՄՆ-ի որոշումն ընդունվել է այն պահին, երբ Ռուսաստանը ճակատային գծում մեծացնում է իր առավելությունը՝ վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ արագորեն գրավելով արևելյան Ուկրաինայի տարածքներ։ Միևնույն ժամանակ, Կրեմլը թիկունքում ուժեղացնում է ճնշումը բնակչության վրա՝ հասցնելով մահաբեր հարվածներ։
“Հազար օր անց կոնֆլիկտի մեկնարկից” Վաշինգտոնի հայտարարությունը Ուկրաինայում ընդունվեց ուրախության և դժգոհության խառն զգացմունքներով։ «Լավ է ուշ, քան երբեք… Բայց սա հազար օր ուշացումով է»,- արձագանքեց ուկրաինացի ռազմական փորձագետ Եվգենի Դիկին։ Մինչ ԱՄՆ-ի որոշումը, Ռուսաստանը հասցրել էր զգուշավոր միջոցներ ձեռնարկել՝ մի շարք օբյեկտներ և զինամթերք տեղափոխելով ավելի խոր տարածքներ, որպեսզի դրանք դուրս մնան ամերիկյան հրթիռների հասանելիությունից։ Սակայն «հարվածի տակ մնում են պահեստներն ու հրամանատարական կետերը»,- հավելում է Եվգենի Դիկին։
Սեպտեմբերին Պենտագոնը զգուշացրել էր, որ ATACMS հրթիռները չեն կարողանա լուծել Ուկրաինայի առջև կանգնած գլխավոր խնդիրը՝ ռուսական կողմի 300 կիլոմետրից ավել հեռավորությունից արձակվող ճշգրիտ ռումբերը։
Ըստ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների, օգոստոսի վերջում բազմաթիվ ռուսական ռազմական օբյեկտներ դեռ գտնվում էին ATACMS համակարգերի հարվածի գոտում։ Ուկրաինացի վերլուծաբանների կարծիքով, սակայն, ինչպես նշում է «Տատարիգամի» կեղծանվամբ փորձագետը սոցիալական X ցանցում, «ATACMS-ի օգնությունը առավելություն կտրամադրի Ուկրաինային մարտի դաշտում, բայց դրանց կիրառությունը չի ունենա ռազմավարական ազդեցություն Կուրսկում գտնվող ռուսական կամ հյուսիսկորեական ուժերի վրա»։ Նա հավելում է, որ դրանք կավելացնեն միայն հավելյալ տակտիկական առավելություններ՝ առանց անմիջական և վճռորոշ արդյունքների։
ԱՄՆ-ի հայտարարության հրապարակման ձևը հարցեր է առաջացնում։ «Այդ վերահսկվող արտահոսքերը մամուլում հնարավորություն տվեցին Ռուսաստանին էլ ավելի ամրապնդել նախազգուշական միջոցները… Սա այն չէ, ինչ պետք է անել, և դա հակասում է ռազմական տրամաբանությանը», – նշում է Կիևի Ռազմավարական հետազոտությունների Ռազումկով կենտրոնի գիտաշխատող Ալեքսեյ Մելնիկը։
Պարզ չէ` արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը սահմանափակումներ է դրել ATACMS հրթիռների օգտագործման վրա։ “New York Times”-ին հղում անող ամերիկյան պաշտոնյաները պնդում են, որ հրթիռները նախ կօգտագործվեն Կուրսկի շրջանում։ Սակայն նշվում է, որ Ջո Բայդենը կարող է «թույլ տալ այդ զենքի կիրառումը այլ վայրերում»։
«Մենք չենք կարող ասել, արդյոք սա սահմանափակվում է միայն Կուրսկով, թե հնարավո՞ր կլինի կիրառել նաև այլ շրջաններում», — նշում է Կիևի Պաշտպանական ռազմավարությունների կենտրոնի միջազգային հարաբերությունների մասնագետ Ալեքսանդր Խարան։ Նրա խոսքով՝ «սա ավելի շատ վնասի նվազեցման միջոց է, քան ռազմավարական որոշում», և ընդգծում է այն անորոշությունը, որը կապված է Ուկրաինայի ներկայիս հրթիռների քանակի հետ։
Ամերիկյան «կանաչ լույսը» կրկին բարձրացնում է հարցը ֆրանսիական “Scalp” և բրիտանական “Storm Shadow” հրթիռների օգտագործման մասին, որոնք արտադրվում են այս ոլորտում եվրոպական առաջատար “MBDA” ընկերության կողմից։ Դրանք արձակվում են կործանիչներից և կարող են խոցել թիրախներ 250-ից 500 կիլոմետր հեռավորության վրա՝ կրելով 450 կգ պայթուցիկ նյութ (համեմատած ATACMS-ի 170 կգ-ի հետ)։ Սա մեծ հետաքրքրություն է առաջացնում ուկրաինական բանակի համար։
Եվրոպական Միության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը երկուշաբթի օրը հույս հայտնեց, որ ԵՄ երկրները որոշում կընդունեն Ուկրաինային թույլ տալ հարվածել Ռուսաստանին երկարատև գործող զենքով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի օրը, Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում, հրաժարվեց մեկնաբանել՝ արդյոք իր երկիրը կգնա ԱՄՆ-ի ուղիով։
«Ես, իհարկե, չեմ քննարկի գործառնական մանրամասները, որովհետև եթե դա անեմ, միակ հաղթողը կլինի Վլադիմիր Պուտինը», — պարզաբանեց նա։
Ֆրանսիան երկուշաբթի օրը հաստատեց, որ ֆրանսիական հրթիռներով ուկրաինական ուժերի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածելը մնում է «հնարավոր տարբերակ»։ «Դուք լսել եք նախագահ Մակրոնին մայիսի 25-ին Գերմանիայի Մեզեբերգում, որտեղ մենք բացահայտ հայտարարեցինք, որ այդ տարբերակը քննարկվում է», — Բրյուսել ժամանելիս լրագրողներին ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Հարցին ծանոթ աղբյուրի համաձայն, Ֆրանսիան ունի սահմանափակ քանակությամբ Scalp հրթիռներ, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային։ Խորհրդակցություններ են անցկացվում Մեծ Բրիտանիայի հետ, որը ունի ավելի մեծ պաշարներ “Storm Shadow” հրթիռների և արտահանում է դրանք մեծ քանակությամբ։
Աղբյուրը`
Le Monde: Why the U.S. Decision to Allow Ukraine to Use ATACMS Missiles on Russian Territory is Unlikely to Shift the Balance of Power
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը