Հայաստան

Թուրքերը Կկարողանա՞ն Պահել Հալեպը

Որքան էլ Իրանի դիրքերը թուլացած են Սիրիայում, բայց Իրանի համար Սիրիան շատ կարևոր է այն առումով, որ Սիրիայի միջոցով Իրանը նախ միջանցք է ապահովել իր համար դեպի Միջերկրական ծով ու չի ուզենա դա կորցնել։ Ռուսաստանի համար էլ Սիրիան կարևոր է այն առումով, որ Միջերկրական ծովում հնարավորություն է տալիս Ռուսաստանին ներկայություն ունենալու իր ռազմաբազայի միջոցով։

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի նպատակը Հալեպն է, բայց չեմ կարծում, թե հնարավոր կլինի այդ պրոքսի ուժերով երկար պահել Հալեպն իր ձեռքում. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան ինչո՞ւ սրվեց իրավիճակը Սիրիայում, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան այդ ամենում։

– Ջիհադիստական ընդդիմադիր ուժերը, որոնք հարձակվել ու կարողացել են գրավել Հալեպը, շարունակում են իրենց հարձակումը, արդեն հաղորդագրություններ կան նոր գրավումների մասին: Երկրորդ՝ Թուրքիայի դերակատարումը այստեղ, իմ կարծիքով, որոշիչ է այն առումով, որ եթե նայում ենք այդ զինված ջոկատների գործողություններին, ըստ էության, դրանք ստացել են Թուրքիայի նաև զինամթերքով աջակցությունը:

Հաղորդագրություններ կան, որ 30 կմ խորությամբ Սիրիայի հյուսիսային շրջանները գրաված թուրքական զորքերը այնտեղ գոտի են ստեղծել, հատուկ միջանցք են բացել ու այդ միջանցքով զենք ու զինամթերք են մատակարարել այդ կազմակերպություններին, ջիհադիստներին: Կան նաև հաղորդագրություններ, որ Թուրքիայի զինված ուժերն են ներգրավվածություն ունեցել ռազմական գործողություններում, օրինակ՝ ապահովել են հրետանային աջակցություն այդ հարձակումների համար։

Եթե աշխարհաքաղաքական առումով նայենք, ապա ակնհայտ է, որ Թուրքիան խախտեց այն ձևաչափի պայմանավորվածությունները, որոնք կոչվում են Աստանայի գործընթաց՝ երեք երկրի՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի մասնակցությամբ։ Թուրքիան, որը ստեղծել է որոշակի ստատուս քվո Սիրիայում, ինքն էլ խախտեց դա, օգտվելով այն հանգամանքից, որ Իրանը հիմա զբաղված է Իսրայելի հետ հակամարտությամբ, ու «Հըզբոլլահը» թուլացած է: Հայտնի է, որ Սիրիայում կան Իրանի ազդեցության տակ գտնվող «Հըզբոլլահի» ջոկատներ, որոնք հանդես են գալիս որպես Սիրիայի կառավարական ուժերի կողմնակից։ Մի կողմից Թուրքիան սա հաշվի առավ, մյուս կողմից՝ որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով ու դրա համար չի կարող մեծ աջակցություն ցույց տալ Ասադին: Թուրքիայի հաշվարկով՝ Ասադի կառավարական ուժերը չէին կարող ստանալ այն աջակցությունը, ինչը ստանում էին։

Թուրքիան օգտվեց այս իրադրությունից և որոշեց ինքը խախտել այդ ստատուս քվոն ու նաև այն համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել Աստանայի գործընթացի շրջանակներում Ռուսաստանի ու Իրանի հետ, որը սահմանվել էր ու մի քանի տարի հիմնականում ապահովում էր Սիրիայում խաղաղությունը, բանակցային գործընթացներ էին սկսվել տարբեր կառավարական ուժերի և որոշ այլ ուժերի ջանքով։

Ես սա բնութագրում եմ Թուրքիայի կողմից որպես մի գործողություն, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան չի պահում իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Կարևոր է հասկանալ, որ Թուրքիան օգտվում է առիթից, մյուս կողմից, երբ գնահատում ենք, թե հիմա ինչ է տեղի ունենում Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ, ապա ես կարծում եմ, որ Թուրքիան սխալ գործեց, որովհետև որքան էլ Ռուսաստանն ու Իրանը զբաղված են այն հարցերով, որոնց մասին ասացի, այնուամենայնիվ, Թուրքիային չի հաջողվի հասնել իր նպատակներին։

Իսկ Թուրքիայի նպատակները հետևյալն են․ մի կողմից հարված հասցվի քրդական ուժերին, որովհետև վերջիններս այնտեղ բավական ուժեղ դիրքեր ունեն: Հետաքրքիր է, որ քրդական ուժերն ունեն և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի աջակցությունը, բայց Թուրքիան չի կարող հասնել իր նպատակներին, իսկ նպատակը, ինչպես ասացի, Հալեպն է, որը Սիրիայի երկրորդ քաղաքն է, շատ կարևոր կենտրոն: Ես չեմ կարծում, թե Թուրքիան կկարողանա այդ պրոքսի ուժերով իր ձեռքում երկար պահել Հալեպը, որովհետև կան արդեն հաղորդագրություններ, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Իդլիբին՝ ջիհադիստական ուժերի կենտրոնին։ Այնպես որ, Թուրքիայի նպատակները Սիրիայում չեն կարող իրականանալ։

Ներկա փուլում դժվար է վերջնական գնահատական տալ, որովհետև իրադրությունը դեռ զարգանում է, բայց գնահատականը ռազմավարական է, որ Թուրքիան չի հասնի հաջողության, որովհետև, իմ կարծիքով, հարևան երկրները, աշխարհի ուժային կենտրոնները, նույնիսկ Թուրքիան են շահագրգռված, որ Սիրիայում Ասադի իշխանությունը պահպանվի, որովհետև եթե Ասադը կորցնի իշխանությունը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կսկսվի Սիրիայում:

Այնտեղ այնքան տարբեր ուժեր կան, ու դա էլ ավելի է մեծացնում մեծ պատերազմի վտանգը, որ հիմա կա Մերձավոր Արևելքում։ Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ աշխարհի ուժային կենտրոնները կփորձեն պահել Ասադին իշխանության, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան, որ այդքան ուզում էր պահել Հալեպն իր ձեռքում, քրդերին հարված հասցնել, չեմ կարծում, որ իր այդ նպատակներին կհասնի։

– Իսկ Թուրքիայի այս քայլն ինչպե՞ս է անդրադառնալու Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վրա։

– Շփումներ արդեն տեղի են ունեցել ու տեղի են ունենում, Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, ներկայումս Իրանի արտգործնախարարն է այցելել Թուրքիա, ու այնտեղ բանակցություններ են ընթանում։ Դեռ լուր չունեմ, թե ի՛նչ եզրակացություններ են եղել այդ քննարկումներում, չկա տեղեկություն այդ մասին, բայց եթե ընդհանուր առմամբ գնահատենք, ապա և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը շատ լավ հասկանում են, որ Թուրքիան խախտեց այն պայմանավորվածությունները, որ իրենք երեքով ձեռք են բերել։ Սա է փաստը, թե բանակցությունները հիմա ինչպես են ընթանում, դժվար է ասել։

Որքան էլ Իրանի դիրքերը թուլացած են Սիրիայում, բայց Իրանի համար Սիրիան շատ կարևոր է այն առումով, որ Սիրիայի միջոցով Իրանը նախ միջանցք է ապահովել իր համար դեպի Միջերկրական ծով ու չի ուզենա դա կորցնել։ Ռուսաստանի համար էլ Սիրիան կարևոր է այն առումով, որ Միջերկրական ծովում հնարավորություն է տալիս Ռուսաստանին ներկայություն ունենալու իր ռազմաբազայի միջոցով։ Այնպես որ, չեմ կարծում, թե այս երկու երկրները, հաշվի առնելով, որ Թուրքիան խախտեց պայմանավորվածությունները, համագործակցեն Թուրքիայի հետ Սիրիայի իրադարձություններում, կփորձեն հակադարձել, ու այդ մասին արդեն իսկ կան տվյալներ։

Թե քաղաքական-դիվանագիտական առումով ի՛նչ որոշումներ կընդունվեն, կարծում եմ, դեռ վաղ է այդ մասին խոսել և դժվար է ասել, որովհետև իրադրությունը դեռ զարգացման մեջ է, միայն կայունանալուց հետո մենք կարող ենք հասկանալ, թե Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունին՝ Աստանայի այդ գործընթացը, ի՛նչ ձևաչափ կունենա հետագայում՝ կպահպանվի՞, թե՞ ոչ, դա ինչպե՞ս կազդի Թուրքիա- Ռուսաստան, Թուրքիա-Իրան հարաբերությունների վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *