Հայաստան

2023թ. Ստեփանակերտում Կրկնվել Է «Փետրվարյան Ապստամբությունը»

Մաս Բ

Ապրիլի 14-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն: Այն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով բանակցություններ վարելու լիազորությունից եւ միանշանակորեն պնդել, որ ԼՂ-ն չի կարող «անկախ Ադրբեջանի մաս կազմել»:

Վահրամ Աթանեսյան

Ազգային ժողովում «Օկուպացված տարածքների մասին» օրենքի քվեարկությունից մեկ շաբաթ անց, 2022 թ. փետրվարի 22-ին Մոսկվայում կայանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Բանակցությունների արդյունքում կողմերն ստորագրում են դաշնակցային-ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր: Նույն օրը Ռուսաստանի Դաշնային ժողովի երկու պալատները հաստատում են Դոնեցկի եւ Լուգանսկի «հանրապետությունների անկախությունը» ճանաչելու մասին Վլադիմիր Պուտինի հրամանագիրը: Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն սկսելու» մասին: Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից ոչ ավելի, քան տասը օր անց տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղը սնուցող գազատարի պայթյուն: Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի քաղաքական հակառակորդները լուրեր են տարածում, որ գազի մատակարարումը վերականգնելու դիմաց Ադրբեջանը պահանջում է հանձնել Քարագլուխ բարձունքը եւ Փառուխ գյուղը: Մարտի 22-ին Բաքու է ժամանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որ գլխավորում է գեներալ-գնդապետ Կիմը: Երկու օր անց՝ մարտի 24-ի ժամը 11:00-ի սահմաններում Ռուսաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցները տարածում են բլոգեր Միկա Բադալյանի գրառումը, որ «ադրբեջանցիները մտել են Փառուխ, ուղղությանը Քարագլուխ բարձունքն է»:
Իրականում այդ օրն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ի՞նչ է տեղի ունեցել՝ ոչ մի մանրամասնություն հայտնի չէ: Ըստ չճշտված տեղեկությունների՝ ադրբեջանական բանակի մի ստորաբաժանում, շրջանցելով ռուսական խաղաղապահների դիտակետը, անարգել մտել է Փառուխ եւ բնակիչներին «խնդրել», որ հեռանան, որպեսզի «անիմաստ արյուն չհեղվի»: Քարագլխի բարձունքում, մինչդեռ, Պաշտպանության բանակը դիմադրություն է կազմակերպել, որի հետեւանքով ունեցել ենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովն Քարագլխի մարտական գործողություններից եւ Փառուխի կորստից հետո հանդես է եկել «ծառայողական հետաքննություն անցկացնելու» նախաձեռնությամբ, բայց որեւէ քննարկում այդպես էլ չի անցկացվել:
2022թ, ապրիլի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է իջեցնել նշաձողը, որ թույլ կտա տեղաշրջանի հայ բնակչության իրավունքների հարցում հասնել միջազգային կոնսենսուսի: Երկու օր հետո Լեռնային Ղարաբաղում գումարվել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Ըստ վստահելի աղբյուրների, ԱԽ նիստին մասնակցել են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները, քննարկվել ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Անվտանգության խորհրդի անդամներից եւ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներից ոչ ոք Փաշինյանի տեսակետը չի պաշտպանել: Բոլորը միաձայն պնդել են, որ ԼՂ-ն պետք է հասնի անկախության միջազգային ճանաչման: Այդ մոտեցումը քաղաքական առումով հիմնավորելու համար մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն: Այն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով բանակցություններ վարելու լիազորությունից եւ միանշանակորեն պնդել, որ ԼՂ-ն չի կարող «անկախ Ադրբեջանի մաս կազմել»:
ԼՂ Ազգային ժողովը սահմանել է, որ Արցախի ժողովրդի համար միակ ընդունելի կարգավիճակը միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Այդ նպատակին հասնելու համար խորհրդարանականները դիմել են Հայաստանի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը՝ խնդրելով սատար կանգնել Արցախի անկախությանը, նրա անվտանգությանը: Այդ հայտարարությամբ Ստեփանակերտում փաստացի ձեւավորվել է իշխանության վերսահմանադրական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, որտեղ ներգրավվել են նաեւ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները, արտախորհրդարանական քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ: Իշխանության այդ փոխակերպումը հիմնավորվել է նրանով, որ Արայիկ Հարությունյանը «նիկոլական է, կատարում է նրա հրահանգները, ազգային-հայրենասիրական ուժերը ներգրավվել են, որպեսզի թույլ չտան, որ նա շեղվի ժողովրդի կողմից ընդունված դիմադրության քաղաքական ուղեգծից»:
(շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *