Միջազգային

Ռուս-Արբեջանական Գործարք՝ Ընդդեմ Երևանի

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ինձ համար ռեալ չէ, չեմ էլ կարծում, որ նույնիսկ դրա ստորագրումից հետո պետք է այդ հայցերը հետ կանչել, որովհետև դա շատ քիչ է։ Մինչև Ադրբեջանի հետ մեր խնդիրները վերջնականապես չլուծվեն, իսկ դա առաջին հերթին սահմանն է, իրավունք չունենք որևէ նման քայլ անել։

Դավիթ Ստեփանյան

Ռուսաստանն ու Ադրբեջանը գործում են սինքրոն․ Ալիևի հարցազրույցը Ռուսաստանի պատվերն էր. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ձևաչափով պատասխանել է Իլհամ Ալիևի՝ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին ու պահանջներին։ Հայկական կողմի պատասխաններն ինչպե՞ս եք գնահատում։ Ո՞ր կետերը կառանձնացնեիք:

– Եթե մենք ընդունենք, որ այս հարցազրույցը որպես պատասխան հնչել է հանրայնացված, այսինքն՝ բաց, ես կարծում եմ, որ բավականին հաջող պատասխան էր, որովհետև վարչապետն այնտեղ կետ առ կետ պատասխանել է ալիևյան հարցադրումներին ու պահանջներին։

Ես ամենաշատն ուշադրություն կդարձնեի այն կետին, որում նա ասում է, որ եթե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, ապա էսկալացիայի հավանականությունը զրո է։ Սա շատ կարևոր թեզ է, որովհետև Ալիևն անընդհատ փորձում է իր ապագա ագրեսիան արդարացնել Հայաստանի կողմից ինչ-որ պրովոկացիաներով։

Ես կարծում եմ, որ այստեղ կա շատ կարևոր մի կետ. ես տեղեկություն չունեմ՝ երբ բանակցում են փակ ձևաչափով, այդ հարցերը բարձրաձայնվո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե բարձրաձայնվում են, օրինակ՝ 300 հազար չգոյություն ունեցող ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ապա մենք կարող ենք բարձրաձայնել 160 հազար ռեալ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտված մարդկանց վերադարձի իրավունքը:

Ես չգիտեմ՝ այս մասին խոսվո՞ւմ է բանակցությունների ընթացքում։ Եթե խոսվում է, ապա այս բաց պատասխանում այդ մասին խոսելու կարիք չկար այս պահին, բայց եթե դա տեղի չի ունենում, եթե մենք ընդհանրապես որևէ ձևով չենք ասում, ապա պետք էր այդ մասին բաց խոսել։ Այսինքն՝ այս հարցում ես տեղեկատվության պակաս ունեմ, բայց այդ հարցի մասին պետք է բարձրաձայնել ցանկացած դեպքում՝ որպես հակակշիռ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մնացած դրույթներին. կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է։ Ամենահետաքրքիրը, որի վրա կուզեի կենտրոնանալ, հետևյալն է․ իրականում այս պահին հայ-ադրբեջանական բանակցային օրակարգը բավականին կոնստրուկտիվ է ընթանում, ու Ալիևի հարցազրույցը, որը նա տվել է ռուսներին, կոնկրետ իմ մեջ շատ մեծ տարակուսանք է առաջացնում, որովհետև նրա ընդհանուր տոնայնությունն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական իրական օրակարգի հետ որևէ աղերս չունեն։

Խնդիրն այստեղ է, ու ես ենթադրում եմ հետևյալը, որ այս հարցազրույցն իրականում եղել է Ռուսաստանի պատվերով, ու այն, որ դա վարել է Դմիտրի Կիսելյովը՝ Պուտինի անձնական օգտագործման պրոպագանդիստը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանից եղել է հարցազրույցի պատվեր, որպեսզի Ալիևը վերահաստատի իր հավատարմությունը Պուտինին, ինչը և Ալիևն արեց։

Այսինքն՝ այն բոլոր հայտարարությունները, որ Ալիևն արեց, որի մի մասն էլ ողջունվեց Մարիա Զախարովայի կողմից, իսկ նա ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն է, խոսում է այն մասին, որ այստեղ կա սինքրոն գործելաոճ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, ու այս ամենը 2022-ի երկկողմ պայմանավորվածությունների արդյունք է։ Ալիևը փորձում է արդարանալ, թուրքական բազայի մասին ինչո՞ւ ասաց, որ Ադրբեջանի տարածքում բազաներ չկան, դա էլ է արդարացման ձև։ Բոլորն էլ գիտեն, որ ոչ թե բազաներ կան, այլ թուրքական բանակն է գտնվում Ադրբեջանում ու ղեկավարում է ադրբեջանական բանակը՝ առնվազն բարձրաստիճան սպաների մակարդակով, խոսքն այս մասին է։

– Ըստ ձեզ՝ այդ հարցազրույցի կազմակերպման միակ նպատակը, ինչպես ասում եք, եղել է Պուտինին հավատարմություն հայտնե՞լը, թե՞ նաև Հայաստանին ինչ-որ բաներ հասկացնելը։

– Խնդիրն այն է, որ այդ երկու նպատակը սինքրոնացված են, գտնվում են մեկ տիրույթում, երկուսն էլ իրար հետ շատ լավ շաղկապված են, որովհետև այստեղ կա ընդհանուր ռուս-ադրբեջանական շահ, որովհետև այսօր մեր տարածաշրջանում կա երկու ռեալ դաշնակից՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը։

– Պարո՛ն Ստեփանյան, երբ հայկական կողմը հայտնում է միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու պատրաստակամության մասին, միջազգային իրավունքի մասնագետները, օրինակ՝ ասում են, որ դա առավել շատ վնասելու է Հայաստանին, քան Ադրբեջանին, եթե իհարկե նա էլ հրաժարվի իր հայցերից, որոնք ավելի քիչ են։ Ձեր գնահատմամբ՝ ճի՞շտ է այն, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ մասով։

– Իմ անձնական կարծիքը հետևյալն է․ Հայաստանը կարող է հրաժարվել այդ հայցերից մեկ դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինի 100 տոկոսով դելիմիտացված ու դեմարկացված սահման, միայն այդ դեպքում։ Մնացած դեպքերում՝ խաղաղության պայմանագիր և այլն, դրանք ուղղակի կողքից կցորդներ են։

Ինձ համար կարևորը խաղաղության պայմանագիրը չէ, մինչև սահմանը դելիմիտացված, դեմարկացված չլինի, երկու կողմից սահմանապահներ չլինեն, մենք իրավունք չունենք այդպիսի քայլերի գնալ։ Սա է միակ պայմանը, որովհետև այդ դեպքում պատերազմի հավանականությունը տասնյակ անգամներով նվազելու է, երբեք չի կարելի բացառել հավանականությունը, բայց տասնյակ անգամներով նվազելու է:

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ինձ համար ռեալ չէ, չեմ էլ կարծում, որ նույնիսկ դրա ստորագրումից հետո պետք է այդ հայցերը հետ կանչել, որովհետև դա շատ քիչ է։ Մինչև Ադրբեջանի հետ մեր խնդիրները վերջնականապես չլուծվեն, իսկ դա առաջին հերթին սահմանն է, իրավունք չունենք որևէ նման քայլ անել։

– Ադրբեջանական կողմը պատրա՞ստ է սահմանների հստակեցմանը։

– Ադրբեջանական կողմը Հայաստանի հետ համատեղ աշխատանք է տանում այդ ուղղությամբ, դա փաստ է, բանակցություններն ու աշխատանքները դեռ շարունակվում են, ու ես հույս ունեմ, որ օրերից մի օր այդ գործընթացը կավարտվի: Դա շատ երկար գործընթաց է, բայց եթե այն ավարտվում է, մենք կարող ենք փաստել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խնդիրը լուծվում է։

– Իսկ Ալիևի նշած 300 հազար ադրբեջանցու վերադարձի օրակարգը որքանո՞վ եք իրատեսական համարում, որքանո՞վ է հավանական, որ Ալիևը մինչև վերջ կգնա այս կեղծ օրակարգի իրականացմանը։

– Այս պահին այդ թեզի իրատեսականությունը, մեր մասով, վստահ եմ, որ նույնիսկ Ադրբեջանում ոչ մեկը չի հավատում դրան, նույնիսկ Ալիևը։ Բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա․ մենք գիտենք, որ երբ օվերտոնի պատուհանը բացում ես, ու այդ սկզբունքը սկսում է աշխատել, կարող է և տասը տարի անցնել, Ադրբեջանում մեծանա նոր սերունդ, նրանք էլ հավատան, որ իրենց ապուպապերը ծնվել են Հայաստանի տարածքում, ու դա իրենց հայրենիքն է, ու իրենք պարտավոր են վերադառնալ։ Սա վտանգ է, ու մենք իրավունք չունենք դա հաշվի չառնել որպես հեռանկար։

Այստեղից առաջնահերթություն է գալիս, որ մենք այդ միֆը պետք է ցրենք ու խոսենք իրականության մասին, ու, այո՛, հարկ եղած դեպքում, եթե սա շարունակվի, ապա Ալիևին պետք է զգուշացվի նախապես, որ եթե ինքը շարունակում է այս թեզը զարգացնել, ապա Հայաստանը պաշտոնական մակարդակով մեղադրելու է Ադրբեջանին տարածքային նկրտումների համար։ Ու դա կարող է լինել, ինչու ոչ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցը բարձրաձայնել՝ Ֆրանսիայի միջոցով։

Այսինքն՝ սա շատ լուրջ մեղադրանք է, ու մենք պետք է տեսնենք, թե դրանից հետո Ալիևն ինչ է անում։ Ալիևին պետք է զգուշացնել, որ հրաժարվի այս թեզից, եթե չի հրաժարվում, ապա պետք է մեր կողմից պատասխան տրվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *