Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 7

Տարիներ անց Զորի Բալայանը Վալերի Գրիգորյանի սպանության մեջ ուղղակի մեղադրել է Ստեփանակերտում ադրբեջանական Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյին: Նրա ներկայացմամբ՝ ԼՂ պատվիրակության Բաքու այցից հետո Պոլյանիչկոն մի քանի անգամ հրապարակային դրվատել է Վալերի Գրիգորյանին՝ ակնհայտորեն հույս ունենալով, որ «իրական գործը կանեն հայ վրիժառուները»:

Վահրամ Աթանեսյան

1991թ. օգոստոսի 10-ին Ստեփանակերտում սպանվեց Վալերի Գրիգորյանը: Դա ցուցադրական հաշվեհարդար էր. Վալերի Գրիգորյանը «Կալաշնիկով» ավտոմատի կրակահերթի զոհ դարձավ աշխատավայրից տունդարձի ճանապարհին՝ իր բնակարանից ընդամենը երկու-երեք հարյուր մետր հեռավորության վրա:
Ծնունդով ԼՂ Հարդրութի շրջանի Խծաբերդ գյուղից, Վալերի Գրիգորյանը գյուղական մտավորականից հասել էր նախ կոմերիտական, ապա կուսակցական աշխատանքներում պաշտոնեական լուրջ առաջխաղացման: Ղարաբաղյան Շարժման արշալույսին նա կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի բաժնի վարիչ էր: Գրեթե նույն կարգավիճակով Վալերի Գրիգորյանը պաշտոնավարել է նաեւ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեում: Ժամանակակիցների վկայությամբ՝ այդ պաշտոնում նա վայելել է Մոսկվայից Ստեփանակերտ գործուղված Արկադի Վոլսկու վստահությունը: Որոշ տեղեկություններով՝ 1988-ի փետրվարին քննարկվել է Վալերի Գրիգորյանին կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար նշանակելու հարցը, բայց վերջնական եզրակացություն չի կայացվել:
Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, այդ պաշտոնում Հենրիկ Պողոսյանի ընտրությունը միջանկյալ որոշում էր: Նրան պետք է փոխարիներ կամ կուսակցության Ադրբեջանի Կենտկոմի հրահանգիչ Վալերի Աթաջանյանը, կամ Բաքու քաղաքի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար Վալերի Ներսիսյանը: Վերջինս համարվում էր մարզկոմի առաջին քարտուղարի ամենահավանական թեկնածու: Նախկինում նա պաշտոնավարել է կոմերիտմիության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար: Նրա մայրն էթնիկ ադրբեջանուհի էր, հանգամանք, որ էական նշանակություն պիտի ունենար նրան Լեռնային Ղարաբաղի փաստացի առաջնորդ նշանակելու հարցում: Հետագայում, սակայն, կապված Ստեփանակերտում տիրող մթնոլորտի հետ, Հենրիկ Պողոսյանին փոխարինող գտնելու որոնումները դադարեցվել են. մարզի էլիտան Բաքվից երաշխավորված որեւէ մարդու հանդուրժել չէր կարող:
Ի՞նչ դերակատարություն է ունեցել Վալերի Գրիգորյանը Բաքվում ԼՂ ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ բանակցություններում՝ փաստական վկայումներ չկան: Չափազանց կարեւոր է, որ Վալերի Գրիգորյանը սպանվել է օգոստոսի 10-ին՝ Սեւրի պայմանագրի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ու անկախ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման օրը: Որեւէ առարկայական փաստ չկա՝ այդ սպանությունը Սեւրի պայմանագրի հերթական տարելիցի հետ կապելու համար:
Տարիներ անց Զորի Բալայանը Վալերի Գրիգորյանի սպանության մեջ ուղղակի մեղադրել է Ստեփանակերտում ադրբեջանական Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյին: Նրա ներկայացմամբ՝ ԼՂ պատվիրակության Բաքու այցից հետո Պոլյանիչկոն մի քանի անգամ հրապարակային դրվատել է Վալերի Գրիգորյանին՝ ակնհայտորեն հույս ունենալով, որ «իրական գործը կանեն հայ վրիժառուները»:
Ըստ էության, Զորի Բալայանը խոստովանել է, որ Բաքու մեկնած պատվիրակության անդամներից Ադրբեջանի իշխանությունների համար ամենաընդունելի դեմքը Վալերի Գրիգորյանն էր, ում հետ Մութալիբովը եւ Մոսկվան կարող էին ԼՂ-ում սահմանադրական կարգի վերականգնման, այսինքն՝ ինքնավար մարզն Ադրբեջանի ենթակայությանը վերադարձնելու հարց քննարկել: Բալայանի ակնարկից հասկացվում է, որ Վալերի Գրիգորյանի այդ «կարգավիճակը» Շարժման եւ նրա «ընդհատակի» համար, մեղմ ասած, խնդրահարույց էր: Բազմիցս եւ հրապարակային դրվատելով Վալերի Գրիգորյանին՝ Վիկտոր Պոլյանիչկոն, ըստ Զորի Բալայանի, պարզապես «դավագրգռել է» ղարաբաղյան Շարժման ընդհատակին, որպեսզի վերջինս, ինչպես հայկական ավանդույթն է պահանջում, «ազգային դավաճանի նկատմամբ հաշվեհարդար տեսնի»: Բացառված չէ, որ այդ սպանությունը լիովին համապատասխանում էր նաեւ Բաքվի շահերին: Մեկնաբանությունը միայն մեկը կարող էր լինել.«Ահա մենք ընադռաջում ենք առճակատումից երկխոսության անցնելու քաղաքականությանը, Բաքվում ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, քննարկում մարզխորհրդի եւ նրա գործկոմի լիազորությունների վերականգնման, նոր ընտրությունների անցկացման հարցերը, իսկ ծայրահեղականներն Ստեփանակերտում հրապարակային հաշվեհարդար են տեսնում հաշտության ուղեգծի կողմնակիցների հետ»:
Վալերի Գրիգորյանի սպանությունից տարիներ անց ղարաբաղյան Շարժման դեմքերից մեկն ասել է, որ եթե նա ապրեր, պայքարը բոլորովին այլ ընթացք կունենար: Եթե այս միտքն ապակոդավորենք, ապա կստացվի, որ Վալերի Գրիգորյանն սպանվել է, որպեսզի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ձախողվի, իրավիճակի քաղաքական կարգավորման վերջին հնարավորությունը սպառվի:
Ահավոր է, բայց՝ փաստ. Ղարաբաղյան Շարժման հայտնի դեմքերից Ժաննա Գալստյանը 1999 թվականին ասել է, որ «ով էլ Ադրբեջանի հետ հաշտության փաստաթուղթ ստորագրեր, կնքելու էր սեփական մահախոսականը, եթե անգամ մեր ամենամտերիմ ընկերը լիներ»:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *