Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 9

Ադրբեջանում «անկախության հռչակագրի» ընդունումից երկու օր անց, 1991թ. սեպտեմբերի 2-ին, սակայն, Ստեփանակերտում գումարվեց ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը, որին մասնակցում էին նաեւ ԼՂ-ից Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ:

Վահրամ Աթանեսյան

Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի տապալումից տասը օր անց, երբ այլեւս ակնհայտ դարձավ, որ խորհրդային զորքերի միջոցով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանման ծրագրի իրականացումը դադարեցվում է, Ստեփանակերտի ադրբեջանական Կազմկոմիտեն կորցնում է մարզի տարածքում ուժային կառույցների նկատմամբ վերահսկողությունը, Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց «անկախության մասին» հռչակագիր: Ադրբեջանը չորս ամիս առաջ մասնակցել էր ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին: Բնակչության բացարձակ մեծամասնությունը «կողմ» էր քվեարկել Խորհրդային Միության պահպանմանը: Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած «անկախության հռչակագիրը» թե փաստացի, թե իրավական առումով հակասում էր նրա ժողովրդի կամարտահայտությանը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե չէր անցկացվել՝ հասկանալի պատճառներով. Բաքվում լուրջ մտավախություն ունեին, որ այն կվերածվի ինքնորոշման իրավունքի հանրաքվեի: Ստեփանակերտում Ադրբեջանի «անկախության հռչակագիրը» գնահատվեց որպես ԽՍՀՄ կազմից դուրս գալուն նախապատրաստվող իրավական քայլ: 1990թ. ապրիլի 3-ից ուժի մեջ էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին օրենքը: Այն սահմանում էր, որ միութենական հանրապետությունը ԽՍՀՄ կազմից կարող է դուրս գալ միայն մի դեպքում. եթե Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացնում է հանրաքվե: Օրենքը միութենական հանրապետությունների կազմում գտնվող ինքնավարություններին իրավունք էր տալիս նման դեպքում ինքնուրույն որոշել իր կարգավիճակի հարցը՝ անցկացնելով հանրաքվե:
Ադրբեջանում «անկախության հռչակագրի» ընդունումից երկու օր անց, 1991թ. սեպտեմբերի 2-ին, սակայն, Ստեփանակերտում գումարվեց ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը, որին մասնակցում էին նաեւ ԼՂ-ից Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ: Նստաշրջանը որոշեց ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքում հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այդ որոշումը իրավիճակի հետագա փոփոխության դեպքում քաղաքական մանեւրի տեղ էր թողնում: Հիմնական ուղերձն, այնուամենայնիվ, մեկն էր. Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ եթե վերջինս դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, ապա ԼՂ-ն մնում է Խորհրդային Միության մաս:
Տասնամյակներ շարունակ ոչ մի քաղաքական գործիչ եւ վերլուծաբան ուշադրություն չի դարձրել կամ, գուցե, միտումնավոր մոռացության է մատնել մի շատ կարեւոր փաստ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հաջորդ օրը՝ 1991թ. սեպտեմբերի 3-ին Նախիջեւանում բացվում է նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որտեղ ԳԽ նախագահ է ընտրվում Հեյդար Ալիեւը: Նրա առաջարկությամբ ինքնավարության իշխանության բարձրագույն մարմինը վերանվանվում է «Գերագույն մաջլիս», իսկ առաջին որոշմամբ՝ կասեցվում Ադրբեջանի նախագահի ընտրությունները, որ նշանակված էին սեպտեմբերի 8-ին: Ընտրությունների համար ստացված 170 հազար քվեաթերթիկներն ինքնաթիռով ետ ուղարկվում են Բաքու:
Այդ առթիվ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, որի հատուկ թղթակիցը Մոսկվայից գործուղվել էր Նախիջեւան, գրել է. «Ադրբեջանի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությանը չեն մասնակցել Նախիջեւանը, ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանը»: Լրատվամիջոցն ակնհայտորեն քաղաքական ընդհանրություն է արձանագրել ԼՂՀ հռչակման եւ Նախիջեւանում Հեյդար Ալիեւի իշխանության գալու միջեւ: Արդյոք Հեյդար Ալիեւը Մոսկվային խոստացե՞լ էր, որ Նախիջեւանի ինքնավարությունը չի ճանաչի Ադրբեջանի «անկախության հռչակագիրը»՝ կարելի է միայն ենթադրություն անել: Նա «Կոմերսանտի» թղթակցին ասել է, որ Գերագույն մաջլիսի նախագահ ընտրվելու կապակցությամբ միակ պաշտոնական շնորհավորանքն ստացել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից:
Ալիեւի ներկայացմամբ՝ Տեր-Պետրոսյանը 1991թ. սեպտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել իր հետ, իրենք պայմանավորվել են «հասնել բարիդրացիական հարաբերությունների»: Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ ծայրահեղ լարված, գրեթե թշնամական հարաբերությունների պայմաններում Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցն, անկասկած, աջակցություն էր Հեյդար Ալիեւին: Դա, անշուշտ, փոխադարձ էր, որովհետեւ Նախիջեւանի հետ սահմանին հարաբերական կայունությունն էլ Հայաստանի իշխանություններին հնարավորություն էր տալիս ունեցած ռեսուրսների առյուծի բաժինն ուղղել Լեռնային Ղարաբաղ, որտեղ արդեն պատերազմ էր:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *