Հայաստան

Խորացնել Հայ-Ամերիկյան Հարաբերությունները

Հայաստանում գտնվող ամերիկյան զինվորների ներկայությունը ավելի կարևոր հետևանք է թողնում, քան ռուսական ռազմաբազայի առկայությունը, որն ավելի շուտ տրոյական ձիու ազդեցություն ունի ու այդ ռազմաբազան մեր դեմ  է աշխատում։ Այդ ռազմաբազան, որ անգամ ադրբեջանական հարձակումների ժամանակ որևէ բան չարեց ու անգործության էր մատնված, ի՞նչ պիտի անի թուրքական հարձակման դեպքում։ Ոչ մի բան։ Ամենաշատը, որ կանի, դա Հայաստանի քաղաքական ընդիմությանն աջակցելն է, եթե վերջիններս փորձեն ինչ որ գործողությունների դիմել։

Հովսեփ Խուրշուդյան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ հարցեր։

Հովսեփ Խուրշուդյանը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշ այրելը համարել է անիմաստ զբաղմունք, որը ոչ մի գործնական օգուտ չի տալիս Հայաստանին ու չի նպաստում հայոց Ցեղասպանության ճանաչմանը։ Ավելին, այն կարող է սադրանք ընկալվել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը արձագանքել է դրոշն այրելու հարցին և բացասական արձագանք տվել, Խուրշուդյանը նշեց, որ Փաշինյանն այլ կերպ չէր էլ կարող վարվել։ Բաքուն ամեն առիթն օգտագործում է հակահայկական իր արշավների համար։ Եթե Փաշինյանը ոչինչ չասեր, Բաքուն այդ ամենը կարող էր ներկայացնել, որ Հայաստանում իրոք ռևանշիստական ուժերը պատրաստվում են պատերազմի ու դա այն դեպքում, երբ Հայաստանը չի կարող հիմա պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, ոչ էլ կարող է Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնել։ Այս դեպքում ո՞րն է դրոշներ այրելու իմաստն ու նպատակը։ Եթե այդքան հայրենասեր են, թող գնան սահմանին կանգնեն, դա ավելի լավ ակցիա կլինի, քան ՀՀ հրապարակում թատրոն խաղալը։ Նույնիսկ ռևանշիզմը պետք է խելքով անել, ոչ թե գոռգոռալով։ Ռևանշի պատրաստվում են երկար աշխատանքով, լուռ, առանց ցուցադրությունների, բալանսավորման քաղաքականությամբ։ Իսկ երբ Հայաստանը պատրաստ կլինի, այդ ժամանակ էլ թող ժողովուրդն ինքը որոշի, թե ի՞նչ գործողությունների է դիմում՝ պատերա՞զմ է սկսում, քաղաքականությա՞մբ է շարունակում, թե՞ տնտեսական սանկցիաների է դիմում։

Խուրշուդյանը քննարկեց վարչապետ Փաշինյանի ուղերձը՝ Ցեղասպանության մասին։ Լրագրողի այդ դիտարկմանը, որ Փաշինյանը միայն մեկ անգամ է օգտագործել «Ցեղասպանություն» բառը և մյուս դեպքերում կիրառել է «Մեծ Եղեռն»-ը, Խուրշուդյանը հարց ուղղեց, թե ի՞նչ իմաստ ունի դա քննարկելը։ Եթե Փաշինյանը մի անգամի փոխարեն երկու անգամ օգտագործեր «Ցեղասպանություն» եզրույթը, դա ինչ որ լրացուցիչ օգո՞ւտ էր տալու։ Նա արդե իսկ Ցեղասպանությունը կոչել է Ցեղասպանություն։ Ո՞րն է մի քանի անգամ կրկնելու իմաստը։ Նույն կերպ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այդ բառն օգտագործել-չօգտագործելու հարցը։ Ասենք թե Թրամփը կրկնեց այդ բառը, դա ի՞նչ օգուտ է տալու։ Մենք շունչներս պահած սպասել ենք, որ ԱՄՆ-ը ընդունի Ցեղասպանությունը։ Ընդունեց։ Հետո՞։ Ի՞նչ փոխվեց դրանից հետո։ Փոխհատուցում եղա՞վ, հողեր վերադարձվեցի՞ն։ Ոչ։ Ավելի կարևոր էր, ոչ թե Թրամփի կողմից «Ցեղասպանություն» բառի արտասանումը, այլ այն, որ վերջինս ասել էր, որ անհամբերությամբ սպպասում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության զարգացմանը։ Դա արդեն լուրջ է ու գործնական։ Նման հարցերի վրա է պետք շեշտը դնել, որ իրական ու էական հետևանք են թոողնում, ոչ թե պարզապես բառերի արտասանություն, որոնք բացի դատարկ էմոցիայից, ոչ մի այլ հետևանք չունեն։

Խուրշուդյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գտնվող ամերիկյան զինվորների ներկայությունը ավելի կարևոր հետևանք է թողնում, քան ռուսական ռազմաբազայի առկայությունը, որն ավելի շուտ տրոյական ձիու ազդեցություն ունի ու այդ ռազմաբազան մեր դեմ  է աշխատում։ Այդ ռազմաբազան, որ անգամ ադրբեջանական հարձակումների ժամանակ որևէ բան չարեց ու անգործության էր մատնված, ի՞նչ պիտի անի թուրքական հարձակման դեպքում։ Ոչ մի բան։ Ամենաշատը, որ կանի, դա Հայաստանի քաղաքական ընդիմությանն աջակցելն է, եթե վերջիններս փորձեն ինչ որ գործողությունների դիմել։ Իսկ ամերիկյան կողմնորոշմամբ պետք է շարունակել այդ ամենը։ Պետք է այնպես անել, որ օգոստոսին հենց ավարտվեն հայ-ամերիկյան զորավարժությունները, հինգ օր չանցած նորը կազմակերպվի։

Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց ՀՀ ներքին իրադրությունից, իշխանությունների կատարած աշխատանքից։ Ըստ նրա՝ իշխանություններն ընդհանուր առմամբ ճիշտ ներքին ու արտաքին քաղաքականություն են իրականցնում և ժողովուրդը եկող տարի իր գնահատականը կտա 2026-ի ընտրությունների ժամանակ։ Իշխանությունը բնականաբար ունի նաև թերություններ ու  հավանաբար ամենածանրը կադրային շատ վատ քաղաքականությունն էր։ Հեղափոխությունից հետո իշխանությունն այդպես էլ չկարողացավ ճիշտ կադրային քաղաքականություն մշակել։ Շատ պատասխանատու պաշտոններում նշանակվեցին նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներ, որոնք սաբոտաժ էին անում ու տապալում առաջադրանքները։ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր ձեռքում գտնվող հսկայական լիազորությունները ճիշտ կերպով իրացնել, չկարողացավ պետական համակարգը մաքրել անպատասխանատու, ոչ կոմպետենտ ու նախկինների թեկնածուներից։ Դատական համակարգը չմաքրվեց, վեթինգ չիրականացավ, որն էլ հնարավորություն չտվեց ամբողջապես թափ տալ Հայաստանի թալանչիներին, իսկ դա շատ է պետք մեզ։ Հայաստանն ունի նրանց կողմից գողացված գումարների կարիքը։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *