
Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ օրերին ռուսական զորախումբն սկսել է վառելիք եւ պարենամթերք ստանալ Ադրբեջանից: Ստեփանակերտի շուրջ մահվան օղակը սեղմելու գործում որքանո՞վ էին համերաշխ Մոսկվան եւ Բաքուն կամ ունեի՞ն տարաձայնություններ՝ կարելի է միայն ենթադրություններ անել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 59
2023 թվականի հունիսի 15-ից հետո Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներկրումը մոտ երկու շաբաթ դադարեց: Այդուհետեւ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով երթեւեկության իրավունք ունեին միայն ռուսական զորախմբի եւ Կարմիր խաչի տրանսպորտային միջոցները: Ընդ որում, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը կարողանում էր ոչ միայն ծայրահեղ ծանր հիվանդներ տեղափոխել Երեւան, այլեւ սահմանափակ քանակի դեղորայք եւ բժշկական պարագաներ ներկրել եւ տրամադրել Արցախի մասնագիտացված բուժհաստատություններին: Իրավիճակը բոլորովին այլ էր պարենամթերքի մատակարարման հարցում: Կառավարությունը թեեւ հայտարարել էր, որ կենսապահովման նվազագույն կարիքները բավարարելու պարտավորությունն իր վրա է վերցնում եւ սահմանում մթերքների վաճառքի քարտային համակարգ, իրականում չէր կատարում խոստումը:
Ո՞վ էր ներկրումների պատվիարտուն, կառավարությու՞նը, թե՞ մասնավոր տնտեսվարողները՝ այդպես էլ մնում էր գաղտնիք: Ծայրահեղ ծանր իրավիճակում արդեն հուլիսիա ռաջին օրերին Ստեփանակերտի պարենային խանութները դատարկ էին, իսկ մթերքների վաճառք, այնուամենայնիվ, իրականացվում էր: Ապրանքների գները կտրուկ բարձրացել էին, կես կիլոգրամ կշռող մատնաքաշը կամ բոքոնը «սեւ շուկայում» արժեր հինգ-վեց հարյուր, մեկ տուփ ծխախոտը՝ երեք-չորս հազար դրամ: Արտառոց էր «սեւ շուկայում» իրանական արտադրության ծխախոտի հայտնվելը: Իրազեկ շրջանակներից լուրեր էին տարածվում, որ այն «մատակարարում են ադրբեջանցիները՝ ռուսական զորախմբի սպաների միջնորդությամբ»: Առասպելական էին բենզինի եւ դիզվառելիքի գները: Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտը կանգ էր առել, ֆորմալ չէին գործում նաեւ տաքսի ծառայությունները, բայց անհատական պատվերի դեպքում նրանք սպասարկում էին, իհարկե՝ տասնապատիկ բարձր ուղեվարձով: Այդ շրջանում Ստեփանակերտի ամենատարածված կասկածն այն էր, որ իշխանության ներկայացուցիչները «ռուս զինվորականների միջոցով իրենց անհատական կարիքների համար Երեւանից սննդամթերք են գնում եւ ոչ մի խնդիրչ ունեն»:
Կանայք եւ հերթերում ժամերով կանգնող թոշակառու տղամարդիկ ամենուր վկայում էին, որ ոչ մի պաշտոնյա գործող փռերից հաց չի ստանում: Նման խոսակցությունները պաշարված Արցախում մարդկանց հոգեկան ծանր ապրումներ էին պատճառում: Պետք է արժանին մատուցել Արցախի հանրության բարձր գիտակցությանը, որ գտնվելով պարզապես անտանելի դրության մեջ, երբեք չդիմեց ծայրահեղ քայլի՝ սեփական իշխանության դեմ սոցիալական ապստամբության չդիմեց: Եւ դա այն դեպքում, երբ իշխանությունը ոչ միայն ելքից լուծումներ առաջարկելու քաջություն չուներ, այլեւ փաստացի իրավիճակը չէր վերահսկում: Առանձին քննարկման թեմա է, թե սովի ճիրաններում հայտնված ժողովուրդն ինչպես էր վերջին պաշարների հաշվին կերակրում բոլոր համայնքներում ձեւավորված աշխարհազորային ջոկատների մարտիկներին:
Ո՞վ է աշխարհազոր ձեւավորելու ծրագրի հեղինակը՝ մեկնաբանությունները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այն կազմավորվել է նաեւ «ներքաղաքական նկատառումներում», բայց այդ միավորման ներդրումն անուրանալի է: Իշխանություն-ժողովուրդ անվստահությունը բացահայտ դրսեւորվեց բերքահավաքի շրջանում: Կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է գնել ցորենի ամբողջ բերքը: Ֆերմերները եւ անհատ գյուղացիները, սակայն, հրաժարվեցին հացի պաշարները վաճառել պետությանը, իսկ վերջին պահուստներն արդեն սպառվում էին:
Օգոստոսի վերջին օրերին Ադրբեջանը հայտարարեց, որ ալյուր բարձած երկու բեռնատար է ուղարկում՝ Կարմիր մահիկի կազմակերպության հովանու ներքո՝ որպես մարդասիրական օգնություն: Օգոստոսի 29-ին բեռնատարները հատեցին Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածը եւ կանգ առան ռուսական զորախմբի դիտակետից մի քանի մետր հեռավորության վրա: Բաքվի այդ քայլն առերեւույթ խորհրդանշանական էր. Ադրբեջանն, իբր, քաղաքական խնդիրները թողնում է մի կողմ եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերում հացի կարիք ունեցող արցախցիներին: Փաստացի դա Լաչինի միջանցքն արգելաբացելու ջանքերին հակակշիռ էր:
Արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ բեռնափոխադրումներ իրականացնելու հարկ չկա, քանի որ Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ լոգիստիկան ավելի հարմար է: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ օրերին ռուսական զորախումբն սկսել է վառելիք եւ պարենամթերք ստանալ Ադրբեջանից: Ստեփանակերտի շուրջ մահվան օղակը սեղմելու գործում որքանո՞վ էին համերաշխ Մոսկվան եւ Բաքուն կամ ունեի՞ ն տարաձայնություններ՝ կարելի է միայն ենթադրություններ անել:
(Շարունակելի)
