Իշխանությունը, որի գլուխ էր կարգվել Ազգային անվտանգության ծառայության գեներալ-մայոր Սամվել Շահրամանյանը, կամ բացարձակապես ոչ պիտանի էր, անձեռնհաս եւ քաղաքականապես անմեղսունակ, կամ փորձում է իրենից թոթափել Արցախի ռազմական պարտության, կապիտուլյացիայի ստորագրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման իրավա-քաղաքական եւ պատմական-բարոյական պատասխանատվությունը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 65
Տարածված տեսակետ կա, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունն Ադրբեջանի կողմից ահաբեկչական պատերազմ սկսելու մասին տեղեկացվել է հարձակումից րոպեներ առաջ, այն էլ՝ ռուսական զորախմբի մի ցածրաստիճան սպայի կողմից: Ըստ այդմ, ռուս սպան մոտալուտ հրետակոծության եւ հրթիռային հարվածների մասին ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, երբ վերջինս գտնվել է Շուշի տանող ճանապարհին մերձակա ռուսական դիտակետում: Կարելի է ենթադրել, որ Շահրամանյանը պետք է Շուշիում հանդիպեր Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ, բայց ռուսական զորախմբի հրամանատարությունը վերջին պահին հրաժարվել է նրան ուղեկցել, իսկ դիտակետի սպաներից մեկն ասել է, որ մի քանի րոպեից Ադրբեջանը կսկսի հարձակումը:
Թե այդ տեղեկությունն ստանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել Սամվել Շահրամանյանը՝ որեւէ փաստական տեղեկություն չկա: Ականատեսները վկայում են, որ պետական հիմնարկները, ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ նախադպրոցական հիմնարկները, բուժհաստատությունները եւ Ստեփանակերտի ու մյուս բոլոր բնակավայրերի խաղաղ բնակիչները չեն նախազգուշացվել: Ստույգ տեղեկություն կա, որ այդ օրն Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը խորհրդարանի «Դաշնակցություն», «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններից պատգամավորների հետ այցելել է Ասկերան եւ հանդիպել շրջանային վարչակազմի ղեկավար, նրա տեղակալի, ուժային կառույցների ղեկավարների եւ մի խումբ հանրային գործիչների հետ:
Հարցին, թե ի՞նչ է սպասվում Արցախին եւ նրա խաղաղ բնակչությանը, եթե Լաչինի միջանցքը չի բացվում, պարենի վերջին պաշարներն սպառվում են, իսկ մի քանի օրից Սարսանգի հիդրոէլեկտրակայանը ջրի սպառման պատճառով այլեւս էլեկտրականություն չի արտադրի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հավաստիացրել է, որ «ռուսները երբեք չեն լքի Լեռնային Ղարաբաղը, խոստացել են, որ ադրբեջանական հարձակում թույլ չեն տա»: Ականատեսի վկայությամբ, Դավիթ Իշխանյանը դեռ չէր ավարտել խոսքը, երբ Ասկերանը ենթարկվել է հրթիռա-հրետանային հուժկու հարձակման, եւ Ազգային ժողովի նախագահն ու նրան ուղեկցող պատգամավորները հապշտապ վերադարձել են Ստեփանակերտ: Նույն անակնկալին են ենթարկվել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ եւ Ճարտար քաղաքները, Արցախի մեծ ու փոքր բոլոր բնակավայրերը, որտեղ սեպտեմբերի 20-ի ժամը 13:15-ի դրությամբ երեխաները դեռեւս դպրոցում եւ մանկապարտեզում էին, նրանց ծնողներն՝ աշխատանքի կամ մարտական հերթապահության դիրքերում:
Վարկածը, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունն Ադրբեջանի ահաբեկչական հարձակման մասին իմացել է վերջին պահին, թույլ է տալիս երկու եզրակացություն անել. այդ իշխանությունը, որի գլուխ էր կարգվել Ազգային անվտանգության ծառայության գեներալ-մայոր Սամվել Շահրամանյանը, կամ բացարձակապես ոչ պիտանի էր, անձեռնհաս եւ քաղաքականապես անմեղսունակ, կամ փորձում է իրենից թոթափել Արցախի ռազմական պարտության, կապիտուլյացիայի ստորագրման եւ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության լուծարման իրավա-քաղաքական եւ պատմական-բարոյական պատասխանատվությունը: Որքան էլ մեծ լինի Սամվել Շահրամանյանին, մանավանդ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանին, ԼՂՀ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին պատմականորեն արդարացնելու մղումը, քանի որ խոսքը վերաբերում է հայրենազրկությանը եւ հարյուր քսան հազար մարդու բռնագաղթին, շուրջ հինգ հարյուր մարդկային կորուստներին, ճշմարտության դեմ մեղանչել չենք կարող:
Նախագահի ընտրություն կազմակերպելու դեպքում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին Ադրբեջանի վերջնագիրը Ստեփանակերտում ստացվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի հրապարակման օրը: Այդ փաստը ոչ ոք հերքել չի կարող: Ավելի ուշ, երբ Սամվել Շահրամանյանն արդեն Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնել էր Արցախի նախագահի պաշտոնը, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական խմբագրության Կովկասի հարցերով Վադիմ Դուբնովը հեղինակային հաղորդմամբ Բաքվից էքսկլյուզիվ տեղեկություն է փոխանցել,- այդ հաղորդումը եթեր է հեռարձակվել սեպտմեբերի 10-ին, որ Ադրբեջանը «սահմանափակ ռազմագործողություն է նախապատրաստում, որպեսզի Մարտակերտի շրջանը կտրի ԼեռնայինՂարաբաղում հայաբնակ մնացած մյուս տարածքներից»: Ըստ Դուբնովի՝ Բաքուն Ստեփանակերտից պահանջել է «առանց մարտական գործողությունների զիջել Սարսանգի հէկ-ը, ջրամբարը, Դրմբոնի ոսկու եւ Կաշենի բազմամետաղային հանքավայրը, դատարկել Մարտակերտ քաղաքը եւ հարակից բոլոր գյուղերը, ապահովել Թարթառ-Քելբաջար ազատ երթեւեկությունը»: Հակառակ դեպքում «հատուկ ռազմական գործողությունը» պետք է սկսվեր սեպտեմբերի 13-ին, բայց արդեն՝ ԼեռնայինՂարաբաղի բոլոր հայաբնակ մնացած տարածքների եւ հատկապես՝ Ստեփանակերտի դեմ:
Ստացվե՞լ է նման առաջարկություն, քննարկվե՞լ է, ի՞նչ կոմունիկացիա է ունեցել Արցախի ղեկավարությունը Բաքվի ներկայացուցիչների հետ՝ հայտնի չէ: Վստահություն ներշնչող իրազեկ աղբյուրները վկայում են, որ այդ օրերին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին արդեն Շուշիից տեղափոխվել եւ հաստատվել էր ԼՂՀ կառավարության ընդունելությունների տանը:
(Շարունակելի)
