Մայիսի 28-ը մեկ օր չէ, այլ վայրկյան, որը տևում է հավերժ։ Սա մեկ օր չէ, սա պատգամ է ու պահանջ։ Սա ճշմարտություն է, որ երբեք չի խամրում, անկախ նրանից թե ով ինչ կուսակցական դրոշ է պահում։ Սա օր է, երբ հայի հոգին բոցավառվում է, աչքերը լցվում են փառքով, երբ օդը նույնիսկ շնչվում է ուրիշ կերպ։ Սա օր է, երբ յուրաքանչյուր հայ պետք է բարձրանա ոտքի՝ ոչ թե որպես ընտրող, ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ժառանգորդ՝ մեկ ազգի, որն ապացուցել է, որ կարող է կերտել իր ճակատագիրը նույնիսկ գերեզմանի եզրին կանգնած։
Մեր Ուղին
Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ աստղին ման վառվող ու երբեք չմարող լույս է՝ հպարտության, ոգու ուժի, պետականության վերածննդի և պատմական արդարության լիակատար մարմնացում։ Դա ոչ թե սովորական տարեթիվ է, այլ հիշողությունների ու հույսի միաձուլման ու իրականացման անթառամ գագաթ, երբ մի ամբողջ ժողովուրդ հառնում է դարերի մթությունից, վերականգնում իր կորցրած իրավունքը, քանդում ստրկության պատնեշները և առանց ներողություն խնդրելու աշխարհին հայտարարում՝ Հայ ժողովուրդն ազատ է, անկախ է։
1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Բայց դա նվեր չէր։ Դա հրաշք էր, բայց ոչ վեհաշուք հրաշք, այլ արյունով, սովով, փախստականներով, սրի բերանն ընկած ու անցած ողջ ազգի պայքարով ձեռք բերված հրաշք։ Այն ծնվեց Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ոգով, երբ ամեն ինչ ավարտված էր թվում, բայց հայը չհանձնվեց։ Պետություն ստեղծվեց ոչ թե այն պատճառով, որ պայմանները բարենպաստ էին, այլ այն պատճառով, որ ազգը որոշեց ապրել որպես տեր, ոչ թե որպես մնացորդ։ Ոչ թե որպես ռուսական կայսրության գաղութային թերմացք, ինչպես, որ երբեմն մտածել են ու նույնիսկ այսօր որոշները փորձում են մտածել։ Ու հենց այդ ժամանակ հայերը նախ իրենք իրենց, և ապա մյուսներին ցույց տվեցին, որ հայերը սրա-նրա կցորդը չեն, օժանդակ գործիք չեն, այլ լիակատար ու համապարփակ, ինքնաբավ երևույթ։
Սա հայ ժողովրդի ամենամաքուր հաղթանակն էր, որտեղ չկային գաղտնի համաձայնագրեր, ստվերային կուլիսային խաղեր կամ օտար ճնշումներ։ Այս հաղթանակը չհանգեց պարտադրանքից, այլ ծնվեց համազգային համախմբումից, երբ զենքը ձեռքին խարույկ դարձած ժողովուրդը մի պահ վերածվեց լեռան՝ անխորտակելի ու հպարտ։ Իրադրությունն այնպիսին էր, որ կամ ապրում ես, կամ՝ մեռնում։ Միջինը չկա։ Թուրքերը դադարեցրել էին Բաթումում բոլոր տեսակի բանակցություններն ու 50 հազար հոգանոց «Կարս» զորաբանակը հրեշի պես սողում էր դեպի Արարատյան դաշտում ծվարած հայության վերջին միջնաբերդը՝ այն ոչնչացնելու և իսպառ ջնջելու իր կոկորդում խրված սեպը։ Մայիսյան եռամարտերից հետո թուրքերն իրենք ընդունեցին հայոց պետության գոյությունը։ Բաթումում կոտրվեց դարերի ստրկության շղթան, մայիսյան հերոսամարտերի ընթացքում ծնված Մայիսի 28-ը ոչ միայն վերականգնեց դարեր առաջ կորցված պետականությունը, այլև բոլորին ապացուցեց, որ հայերը ավարտված չեն, հայերը վերջացած չեն, հայերը կան ու կա նաև Հայաստան պետություն։
Եվ ահա այսպիսի վերելքից ավելի քան հարյուր տարի անց մեր աչքերի առջև ծավալվում է անհնարին մի խայտառակություն՝ սեփական ձեռքով իր իսկ կերտած սրբազան օրվա ժխտում։Այն ուժը, որը 1918-ին արյան գնով կերտեց ղեկավարեց, կառավարեց, պայքարեց, կերտեց անկախությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այսօր կանգնած է մի գաղափարի ետևում, որն իր էությամբ հակասում է մայիսի 28-ի ամբողջ բանաձևին։ Մեր առաջին անկախության կուսակցությունը այսօր կողմ է միութենական հանրապետության գաղափարին, այսինքն՝ նոր ստրկության, նոր դաշնային կառույցի, որտեղ Հայաստանը վերածվելու է նոր սովետական մարզի, ոչ թե անկախ պետության։ Սա սրբապղծություն է։Սա բացարձակ անբարոյականություն է։ Սա մեր նահատակների հիշատակին ուղղված ամենադաժան ապտակն է։ Դաշնակցությունը, որը ոչ միայն ղեկավարեց անկախացման դաժան պայքարը, այլև իր ուսերին վերցրեց նորատեղծ պետության կառավարման բարդությունը, չվախեցավ խնդրահարույց քննարկումներից, լրջություն ունեցավ հենց նույն ցեղասպան թուրքերի հետ «բարեկամության և հաշտության» դաշնագիր ստորագրելու, մեր օրերում հրապարակում է «004» շրջաբերականը, որտեղ կասկածի տակ է առնում անկախությունը, ենթադրում, որ գուցե լինի պահ, որ այն ամենամեծ արաժեքը չհամարվի։ Ու ա փորձ է արվում որպես «ռեալ պոլիտիկ» ներկայացնել։ Փորձ է արվում նայել հայելուն ու այլ բան տեսնել։ Ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն, որ ծնվել է հայության ազատագրման պայքարելու համար, երբ անձամբ է տեսել գաղութային ռեժիմի սարսափը, քայքայիչ տենդը։ Ինչպե՞ս կարող է այժմ ՀՅԴ-ն անգամ մտքի ծայրով անցկացնել անկախության քննարկումը, ինչպե՞ս կարող է առհասարակ դաշնակցականը նման բան մտածել, երբ իր կուսակցական ավագ սերունդներն են անկախությունը կերտել, պայքարել և՛ թուրքերի, և՛ ռուսների դեմ։ Ինչպե՞ս ՀՅԴ-ն հասավ այն բանին, որ սկսեց պայքարել թուրքի դեմ՝ ռուսական դոզայով։Ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն այսօր մանկական պատճառաբանություններով հանդես գալ ու բոլորին մեղադրել թրքասիրության մեջ, երբ իր պատմության մեջ ունի բավարար չափով քաղաքական հեռատեսության պաշար, երբ չի խորշել երիտթուրքերի հետ պայմանավորվելու, երբ չի խորշել թուրքերի հետ պայմանագիր կնքելու։ Եվ դա արել է, որովհետև այլ ելք չի եղել ու դա միակն էր, որ կարելի էր ու հնարավոր էր անել։ Արդյո՞ք ՀՅԴ-ում իրենք իրենց հարցրել են, թե ի՞նչ կլիներ հայ ժողովրդի ճակատագիրը, եթե 1918թ․ մայիսյան հերոսամարտերից հետո նրանք գնային Բաթում և իրենց պահեին այնպես, ինչպես հիմա։ Ինչպե՞ս կարող է նման քաղաքական հսկան այսքան փոքրանալ։
Ինչպե՞ս կարող է սա առհասարակ իրականություն լինել։
Մայիսի 28-ը մեկ օր չէ, այլ վայրկյան, որը տևում է հավերժ։ Սա մեկ օր չէ, սա պատգամ է ու պահանջ։ Սա ճշմարտություն է, որ երբեք չի խամրում, անկախ նրանից թե ով ինչ կուսակցական դրոշ է պահում։ Սա օր է, երբ հայի հոգին բոցավառվում է, աչքերը լցվում են փառքով, երբ օդը նույնիսկ շնչվում է ուրիշ կերպ։ Սա օր է, երբ յուրաքանչյուր հայ պետք է բարձրանա ոտքի՝ ոչ թե որպես ընտրող, ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ժառանգորդ՝ մեկ ազգի, որն ապացուցել է, որ կարող է կերտել իր ճակատագիրը նույնիսկ գերեզմանի եզրին կանգնած։
Ո՛չ պատմությունը, ո՛չ սերունդները չեն ների նոր ստրկության կոչողներին։ Բայց Մայիսի 28-ը կմնա, կբխի նորից ու նորից, ինչպես Արարատն է մնում՝ միշտ, հպարտ, անսասան։
Ողջո՜ւյն Մայիսի 28։ Դու մեր թթվածինն ես, մեր արդարության և ինքնության ապաստանը։
Եվ մենք, քո ժառանգորդներս, թույլ չենք տալու, որ այդ սրբությունը փոխարինվի ստրկամտությամբ։
Անկախ Հայաստան՝ այսօր, միշտ, և հավերժ։
