ՄԵՐ ՈՒՂԻՆ

Եկեղեցին Գործիք Է Մոսկվայի Ձեռքում

Մեր հանրության գրեթե մեծամասնությունը չի վստահում և հավատում եկեղեցուն, վիճակը հասել է նրան, որ շատերը, լինելով հավատացյալ, եկեղեցին չեն ընդունում, սա ողբերգություն է մեզ համար: Եկեղեցու պարտքն է լինել իշխանության կողքին այն վիճակում, երբ երկրին սպառնում են տարբեր մարտահրավերներ:

Դավիթ Ստեփանյան

 

Եկեղեցու վերնախավը ծառայում է ՌԴ-ին. եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից. Դավիթ Ստեփանյան

«Եկեղեցին քաղաքական դաշտ է մտել ոչ միայն Բագրատի շարժումով, այլ մինչ այդ: Երբ երկրի կաթողիկոսը Ռուսաստանի դեսպանից ստանում է շքանշան և հնչում են հայտարարություններ՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, սա արդեն նշանակում է, որ եկեղեցին քաղաքականության մեջ է և սա ցավալի է: Մեր երկրում աշխարհիկ իշխանությունը և եկեղեցական հոգևոր իշխանությունը միշտ տարանջատ են եղել, և ես կարծում եմ՝ սխալ է, երբ  իշխանությունը խառնվում է եկեղեցու գործերի մեջ, իսկ եկեղեցին խառնվում է քաղաքականության մեջ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի կարծիքով՝ եկեղեցու ու քաղաքական իշխանության հակադրությունն իր մեջ որևէ դրական բան չի պարունակում. «Սա շատ վատ է և այստեղ կան տարբեր պատճառներ, խնդիրներ, կարծում եմ, որ եկեղեցին պետք է զբաղվի իր գործով, իսկ ինքն ակնհայտ կերպով իր գործով չի զբաղվում, իշխանությունն էլ իր գործով: Եկեղեցու վերնախավը ծառայում է Ռուսաստանին, ինքը չի կարող սեփական երկրի իշխանության հետ լինել նույն դիրքերում, երբ սպասարկում է այլ երկրի շահը: Այդ հակադրության արմատն այդտեղ է գտնվում: Այդ մարդիկ աշխատում են սեփական պետության դեմ, որովհետև նրանք խնդիր չեն տեսնում, որ այս պետությունը չլինի ինքնիշխան, անկախ, իրենց համար դա կարևոր չէ: Այս պահին եկեղեցին թույլ է, որովհետև ծառայում է ուրիշներին:  Եթե մեր եկեղեցին ուժեղ լիներ, ժողովրդի մեջ վայելեր հարգանք, Փաշինյանը ներքաղաքական դիսկուրսում երբեք իր սլաքները չէր ուղղի եկեղեցու դեմ, դա խոսում է այն մասին, որ եկեղեցու վերնախավը վարկաբեկել է եկեղեցին, իրենք են ստեղծել այդ վիճակը»:

Ըստ քաղաքագետի՝ եկեղեցին ունի իր պատասխանատվության բաժինը. «Եկեղեցին բարոյահոգեբանական առումով բավականին լուրջ ինստիտուտ է և այնպես չէ, որ պատասխանատվություն չի կրում հայ ժողովրդի, հայ հասարակության դաստիարակության, բարոյական արժեքների համար և այլն: Այն, որ մեր երկրում հիմա վխտում են տարբեր սեկտաներ, խոսում է այն մասին, որ եկեղեցին  մեղմ ասած իր դերակատարումն այնքան էլ պատշաճ կերպով չի իրականացնում: Լավ կլիներ, որ եկեղեցին զբաղվեր իր գործառույթներով և թույլ չտար, որ տարբեր աղանդներ Հայաստանում զբաղվեին հոգեորսությամբ»:

Դավիթ Ստեփանյանն ընդգծեց, որ հասարակության և եկեղեցու միջև խզման գործընթացը սկսվել է վաղուց. «Մեր հանրության գրեթե մեծամասնությունը չի վստահում և հավատում եկեղեցուն, վիճակը հասել է նրան, որ շատերը, լինելով հավատացյալ, եկեղեցին չեն ընդունում, սա ողբերգություն է մեզ համար: Եկեղեցու պարտքն է լինել իշխանության կողքին այն վիճակում, երբ երկրին սպառնում են տարբեր մարտահրավերներ: Կարևոր չէ՝ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, դա իրենց պարտքն է, որովհետև իրենք առաջին հերթին պետք է մտածեն հայրենիքի, ժողովրդի մասին: Նիկոլ Փաշինյանն այսօր կա, վաղը չի լինելու, բայց դու քո երկրի պետականության հիմքերը քանդես՝ լինելով այդ երկրի պետականության հիմքերում գտնվող ինստիտուտներից մեկը, որպեսզի ազատվես իշխանությունից՝ կարծում եմ հանցանք է»:

Խոսելով նաև այն քննարկումների մասին, որ եկեղեցում կան արատավոր բարքեր՝ Ստեփանյանն ասաց. «Եկեղեցում միշտ եղել են արատավոր բարքեր: Լուծելու ճանապարհը մեկն է՝ եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից, իրենք պետք է դա հասկանան: Իշխանությունը ոչ մի հարց այստեղ չի կարող լուծել: Եկեղեցու վերնախավը պետք է գիտակցի, որ եթե իրենք այսպես շարունակեն, վստահությունն իրենց նկատմամբ հասնելու է զրոյի, իսկ սա լինելու է կատաստրոֆա և լուրջ հարված կհասցվի մեր պետականության հիմքերին, որովհետև եկեղեցին միշտ եղել է այդ հիմքերից մեկը»:

Աղբյուրը՝ zarkerak.am

https://zarkerak.am/show/130004?fbclid=IwQ0xDSwKqroJleHRuA2FlbQIxMQABHlWlYuYFIDIir24YtselIUWp4dgTHksxxR6HcKsbwJ6JDDudnbjI4DbVLPrT_aem_IfnCtk_h4EdUW4Nw2K_dTQ
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *