Ինչ վերաբերվում է Նեթանյահուին, ապա վերջինս շահագրգռված է այս պատերազմը շարունակելով, քանի որ նաև իր իշխանության ամրապնդման հարցերն է լուծում։ Իրանի, Գազայի, Իսրայելի մեջ բանակցությունների հաստատումը ենթադրում է առաջին հերթին հրադադար, անհրաժեշտ է, որպեսզի զենքերը լռեն, որպեսզի մարդիկ խոսեն։
Շահան Գանտահարյան
1inAM-ը զրուցել է Լիբանանի Ազդակ օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրանա-իսրայելյան հարաբերությունների վատթարացումն ու ռազմական գործողությունների սկսումը։
Շահան Գանտահարյանը նշել է, որ սկզբնապես Լիբանանում շատ մեծ անհանգստություն կար, որ Հեզբոլլահը կարող է ներքաշվել այդ ամենի մեջ, որով և Լիբանանը կհայտնվեր իսրայելական նոր հարձակումների թիրախում։ Այդ վախը անհիմն չէր, հատկապես` հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմը, որի ընթացքում հրեական զորքերը նաև Լիբանանում մարտական գործողություններ կատարեցին` հարձակվելով երկրի հարավային շրջանների վրա։ Այս պահին Լիբանանում տրամադրվածությունը փոքր ինչ ավելի հանգիստ է, քանի որ կառավարությունը հայտարարել է, որ Հեզբոլլահին հրահանգ է իջեցվել չմասնակցել Լիբանանի հետ առնչություն չունեցող այդ պատերազմին։
Հարկ է նշել, որ Հեզբոլլահը ևս այն վիճակում չէ, ինչ որ առաջ։ Այնպես չէ, որ կազմակերպությունը ոչնչացված կամ զինաթափված է, բայց միաժամանակ նաև էապես թուլացրել է իր դիրքերը` որոշ շրջաններում հետ քաշվելով, թեև զենքը չի հանձնել։
Գանտահարյանը ուշադրություն հրավիրեց այն կարծիքի վրա, որ Իսրայելը միայնակ չէր կարող նման լայնամասշտաբ հարձակում իրականացնել առանց ԱՄՆ հավանության, թեև Միացյալ Նահանգներում հայտարարում են, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ, թեև իրենց իսկ խոսքերում հիշատակում կա այն մասին, որ իրենք Իրանին զգուշացրել էին հնարավոր հետևանքների մասին, բայց Թեհրանը իրենց լուրջ րի վերաբերվել։ Հիմա արդեն ռազմական գործողությունները սկսել են ու շատ կարևոր է, թե Իրանն ի՞նչ արձագանք կտա։ Իրանն արդեն իսկ ՄԱԿ Անվտանգության արտակարգ նիստ է հրավիրել։ Այնտեղ Ռուսաստանն ու Չինաստանը գուցե հայտարարության մակարդակով դատապարտեն Իսրայելի հարձակումը, բայց հազիվ թե գործնական դաշտում որևէ ռեալ փոփոխության հանգեցնեն։
Իրանը ևս ռազմական պատասխան է տվել։ Մոտավորապես այնպես, ինչպես, որ նախորդ դեպքերում էր, այսինքն անօդաչու սարքերի զանգվածային հարձակում։ Խնդիրն այն է, որ Հորդանանն օրինակ իր օդային տարածքը բացել է Իսրայելի համար, այնպես, որ իրանական անօդաչուների մեծ մասը կարող է ոչնչացվել մինչև Իսրայելի տարածք հասնելը։ Իսրայելին օժանդակում են ամերիկյան զորքերը` իրանական հարվածները կասեցնելու համար։
Արդյո՞ք Իրանը կկատարի իր այն խոստումը, որով սպառնում էր հարվածել Ծոցի վեց երկրներին, իսկ այնտեղ տեղակայված են նաև մոտ հիսուն հազար ամերիկյան զորքեր։ Գանտահարյանը չբացառեց, վայց համարեց, որ այդ սցենարը քիչ հավանական է, քանի որ դա արդեն կտանի լայնածավալ պատերազմի` անկանխատեսելի հետևանքով։ Ներկայումս Իսրայելն ու ԱՄՆ-ն ցանկանում են այս պատերազմով Իրանին ստիպելու միջուկային պայմանագիր ստորագրել ամերիկյան պահանջներով, իսկ Իսրայելը հայտարարում է, որ իրենք երկու շաբաթ է պետք Իրանի միջուկային օբյեկտների այնպիսի հարված հասցնելու համար որ վերջինս այլևս երբեք հնարավորություն չունենա նման ձեռնարկում սկսելու։
Ինչ վերաբերվում է Նեթանյահուին, ապա վերջինս շահագրգռված է այս պատերազմը շարունակելով, քանի որ նաև իր իշխանության ամրապնդման հարցերն է լուծում։ Իրանի, Գազայի, Իսրայելի մեջ բանակցությունների հաստատումը ենթադրում է առաջին հերթին հրադադար, անհրաժեշտ է, որպեսզի զենքերը լռեն, որպեսզի մարդիկ խոսեն։ Եթե Գազայի և Իսրայելի առումով դա ինչ որ չափով ստացվեց ու Գազայում նոր կառավարող մարմին նշանակվեց, ապա Իսրայելի դեպքում դա նշանակում է Նեթանյահուի փոփոխություն, ինչը Իսրայելի վարչապետն ամենաքիչն է ցանկանում։
Հարցազրույցն ամբողջությամբ`
