Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Մոտ երեք տասնամյակ այն տեսակետն է իշխել, որ պաշտոնական Երեւանը, «հրաժարվելով Հայաստանի եւ Արցախի միավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, ԼՂ քաղաքական վերնախավին պարտադրել է ընտրել անկախության ճանապարհը»: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 14

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի ձախողումից ոչ ավելի, քան տասը օր հետո, Ստեփանակերտում կազմակերպվել է բոլոր մակարդակի պատգամավորների նստաշրջան, որին մասնակցել են նաեւ Շահումյանի շրջանի ներկայացուցիչները, ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» Հռչակագիր: Ըստ այդմ, նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքում կազմավորվել է ԼՂՀ: Ուշագրավ է, որ Հռչակագրում կազմավորվող ԼՂՀ-ի անկախության կամ Հայաստանի կազմում նրա ընդգրկման մասին ոչ մի ամրագրում չկա: Ընդհակառակը, կարեւորվում է, որ ԼՂՀ-ն կարող է հարաբերություններ ստեղծել «հանրապետությունների հետ», ինչից կարելի է ենթադրել, որ փաստաթղթի հեղինակները չեն բացառել Ադրբեջանի հետ առնվազն «հորիզոնական կապի» հաստատումը:

Պատմա-քաղաքական այդ իրադարձության շուրջ մոտ երեք տասնամյակ այն տեսակետն է իշխել, որ պաշտոնական Երեւանը, «հրաժարվելով Հայաստանի եւ Արցախի միավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, ԼՂ քաղաքական վերնախավին պարտադրել է ընտրել անկախության ճանապարհը»: Ֆորմալ առումով, իհարկե, Լեռնային Ղարաբաղի եւ Շահումյանի շրջանի տարածքով Հանրապետության հռչակումը կարելի է այդպես ընդունել: Բայց ու՞մ է պատկանում նախաձեռնությունը՝ խիստ վիճելի է:

Ամենասկզբից դիտարկել ենք, որ «Խռովահույզ ղարաբաղ» գրքի հեղինակը Ղարաբաղյան Շարժման Ստեփանակերտի երեք գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի, հետ հանդիպման մասին ասում է, որ իրեն զգում էր որպես նրանց, ուստի եւ՝ Արցախի հայ բնակչության, առջեւ «Ռուսաստանի ներկայացուցիչ»: ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետի կողմից արված այս «խոստովանությունից» պարզորոշ հասկացվում է, որ նա եւ առհասարակ խորհրդային ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներն Ստեփանակերտում փորձել են ներդնել քաղաքական նարատիվ, որ Ադրբեջանի ոտնձգություններից Լեռնային Ղարաբաղը «կարող է միայն Ռուսաստանը փրկել»:

Որքանո՞վ է դա հաջողվել՝ կարելի է բազմաթիվ վկայություններ բերել, երբ Ղարաբաղյան Շարժման Ստեփանակերտի գործիչները տարբեր տոնայնությամբ եւ հաճախականությամբ, բայց մշտապես բարձրացրել են ԼՂԻՄ-ը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու հարցը: «Եթե Հայաստանի հետ միավորումը չի ստացվում, ապա թող մարզը կառավարվի Մոսկվայից»,- այս մոտեցումը տարածված էր նաեւ Արցախի հանրային շրջանակներում: Կարելի է վստահաբար ասել, որ դա ՊԱԿ-ի ու ուժային մյուս կառույցների հատուկ ազդեցության արդյունք էր:

ԼՂՀ հռչակումը քաղաքական առումով ուղղակի ածանցվում  է Գորբաչովի իշխանության կտրուկ հեղինակազրկումից եւ Ելցինի միջազգային դերակատարության բարձրացումից: Հետեւաբար, գործընթացի նախաձեռնողները, հավանաբար, հրահանգավորված են եղել Ելցինի մերձավոր շրջապատի ազդեցիկ ներկայացուցիչներից, ըստ երեւույթին՝ Ռուսաստանի պետական քարտուղար Գենադի Բուրբուլիսից: Բացառված չէ, որ դեր է խաղացել նաեւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների այսպես կոչված՝ «ժողովրդավարների խմբակցությունը», որի առանցքային դեմքերից Գալինա Ստարովհովտովայի հետ Ստեփանակերտի քաղաքական գործիչները շոշափելի կապեր ունեին:

Այդուհանդերձ, առ այսօր չի դիտարկվել, որ Ստեփանակերտում ԼՂՀ հռչակման հարցով նստաշրջանի հաջորդ օրը՝ 1991թվականի սեպտեմբերի 3-ին, Նախիջեւանում գումարվում է ինքնավարության նորընտիր Գերագույն խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ քվեների ջախջախիչ մեծամասնությամբ նախագահ է ընտրվում Հեյդար Ալիեւը: Նույն օրը Նախիջեւանի ինքնավարության իշխանության բարձրագույն մարմինը վերանվանվում է «Գերագույն մաջլիս», իսկ Հեյդար Ալիեւը ստորագրում է ինքնավարության տարածքում Ադրբեջանի նախագահի ընտրություններ չանցկացնելու մասին հրամանագիր:

Հեյդար Ալիեւը, ըստ պաշտոնական վարկածի, Մոսկվայից 1990 թվականի գարնանը «գաղտնի տեղափոխվել է Բաքու»: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ, իբր, ապրում էր եղբոր բնակարանում, բայց վդտահելի մարդիկ հայտնել են իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին, որից հետո «որպես սովորական ուղեւոր ՅԱԿ-40 ինքնաթիռ» է նստել եւ թռել Նախիջեւան, որտեղ ապրել է քրոջ մասնավոր տանը: Մոսկվայից՝ Բաքու, այնտեղից՝ Նախիջեւան Հեյդար Ալիեւը կարող էր անվտանգ տեղաշարժվել միայն մի դեպքում. եթե ամեն ինչ կազմակերպած լիներ միութենական ՊԱԿ-ը: Իսկ այնտեղ նա վաղեմի ծանոթներ եւ մտերիմ ընկերներ ուներ:

Ի՞նչ կապ կա Նախիջեւանում Հեյդար Ալիեւի իշխանության գալու եւ Ստեփանակերտում ԼՂՀ հռչակելու միջեւ: Ակնհայտորեն դիտարկվում է, որ խորհրդային հատուկ ծառայությունները Հարավային Կովկասում իրավիճակ սրելու նպատակ են հետապնդել: Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի ձախողմամբ ԼՂ հայ բնակչության բռնատեղահանության խնդիրն առժամանակ օրակարգից դուրս է մնում. միայն իր միջոցներով Ադրբեջանը չէր կարող այդ հարցը լուծել, Մոսկվայում Ելցինի ազդեցության մեծացումը գրեթե խզում է ուժայինների եւ Վիկտոր Պոլյանիչկոյի կապը: Ստեփանակերտի ընդհատակը հիմնականում բացահայտվելու եւ ազատ գործելու հնարավորություն է ստանում: Հեյդար Ալիեւը պետք է լիներ ադրբեջանական ազգայնականության խորհրդանիշը՝ ի հակակշիռ հայկական ինքնության: ԽՍՀՄ փլուզման նախօրեին երկու բեւեռների ռազմական բախման «գծապատկերն» արդեն կար: Մնում էր ստեղծել «պայթյունի առիթ»:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *