Եթե Տոկիոն և Սեուլը գնան այդ ճանապարհով, նրանց կարող են հետևել Ֆիլիպինները, Վիետնամը, Մալազիան և նույնիսկ Սինգապուրը։
Bloomberg
Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg-ի համար․ ԱՄՆ-ը աշխարհը ավելի վտանգավոր է դարձնում։
Մինչ Դոնալդ Թրամփը մշակում է իր անկանխատեսելի և պառակտող արտաքին քաղաքականությունը, դաշնակիցները սարսափած են, իսկ Չինաստանը և Ռուսաստանը՝ հիացած։
Հեղինակ՝ Ջեյմս Ստավրիդիս, ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Եվրոպայում։
Տասը տարի առաջ, այսպես կոչված «հավերժական պատերազմների» գագաթնակետին, ես սարսափով էի սպասում առավոտներին՝ վախենալով Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերից եկող վատ նորություններից։ Որպես ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար՝ ես պատասխանատու էի ավելի քան 150,000 ամերիկացի և միջազգային զինծառայողների համար, ովքեր ամեն օր մասնակցում էին մարտական գործողություններին։ Իմ ծառայության այդ չորս տարիների ընթացքում մենք կորցրինք մոտ 2000 երիտասարդ տղամարդկանց և կանանց, և դրա հիմնական պատճառը, նորից ու նորից, ինքնաշեն պայթուցիկ սարքերն էին։ «ՍՊՍ» հապավումը (անգլ.՝ IED — *Improvised Explosive Device*) մինչև այսօր ինձ հետապնդում է մղձավանջներում։
Թրամփի կառավարման առաջին ամիսներին հետևելիս՝ այդ մահաբեր հապավումը նորից հիշեցի։ Նոր ձևավորվող «Թրամփի դոկտրինան» կարելի է նկարագրել մեկ այլ «IED»-ով՝ այլաբանական իմաստով։
«I» — *isolation* — «մեկուսացում»։ Թրամփը, առաջնորդվելով իր «Նախևառաջ Ամերիկան» ծրագրով, ձգտում է նվազեցնել կամ դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ ՄԱԿ-ի հետ կապված կառույցներին։
Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ը կարող է ամբողջովին ինքնաբավ լինել. ըստ էության՝ «մենք կարող ենք ամեն ինչ աճեցնել այստեղ, արդյունահանել այստեղ, արտադրել այստեղ, կրթել այստեղ, նորարարել այստեղ։ Մեզ պաշտպանում են գեղեցիկ, մեծ օվկիանոսները։ Եկեք մի կողմ քաշվենք»։
Սա նոր երևույթ չէ ամերիկյան պատմության մեջ։ Ավելի քան երկու դար առաջ Ջորջ Վաշինգտոնն ու Թոմաս Ջեֆերսոնը զգուշացնում էին օտար «խճճված դաշինքներից»։ 1930-ականներին մեկուսացումը գերիշխող դիրք ուներ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, և մենք դրա համար մեծ գին վճարեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Այսօր իրավիճակն այլ է. տեսնում ենք ՆԱՏՕ-ից, ՄԱԿ-ից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրից դուրս գալու սպառնալիք և Ուկրաինայի գոյապայքարի հանդեպ անվստահություն։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել այն հետպատերազմյան միջազգային կարգից, որը հենց ինքն է կառուցել և որի շնորհիվ ստացել են հսկայական օգուտներ։ Մեկուսացման ներքին հակասությունները հասկանալու համար բավական է նայել «Ամերիկան՝ նորից մեծ» շարժման ներսում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ Իսրայելի նկատմամբ աջակցության ծավալների հարցում։
«E» — *erratic* — «անկանխատեսելի»։ Միջազգային համակարգերը՝ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, ռազմական, կարող են դիմանալ որոշակի անակնկալներին և ցնցումներին։
Բայց Թրամփի դոկտրինան զգալիորեն ընդլայնում է այդ տատանումների շրջանակը՝ Նիքսոնի «խենթի տեսության» ոճով։ Թրամփի վարչակազմը կարծես միտումնավոր ցանկանում է ստեղծել այնպիսի տպավորություն, որ իր անկանխատեսելիությունից պետք է վախենալ և իրեն պետք է զիջումներ անել, ինչը կօգնի առավելություններ ստանալ։ Բայց որոշումների կայացման քմահաճ բնույթը հասել է այն մակարդակի, երբ համակարգը այլևս չի կարող դա հանդուրժել։
Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությունը դրա ակնառու օրինակն է. հակասական որոշումների շղթան սկսում է հակառակ արդյունք տալ։ Նույնիսկ նրա հիմնական ձեռքբերումը՝ Մեծ Բրիտանիայի հետ առևտրային համաձայնագիրը՝ սահմանափակ է և մինչ այժմ լիովին չի իրականացել։
Լայնածավալ առևտրային պատժամիջոցների կիրառում դաշնակիցների, ընկերների, գործընկերների և մրցակիցների դեմ, և դրանց հետագա չեղարկումը կամ կասեցումը՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, ներքաղաքական ճնշումներից կամ ընդհանուր խառնաշփոթից, ստիպում են Ամերիկայի հակառակորդներին սպասել մեր հանդարտվելուն, իսկ դաշնակիցներին՝ փնտրել այլընտրանքներ։
Եվ սա մեզ բերում է երրորդ տառին՝ «D» — *divisive* — «պառակտող»։ Ես խորապես անհանգստացած եմ մեկուսացման և անկանխատեսելի որոշումների հետևանքներով, բայց դրանք, տեսականորեն, հնարավոր է հետ շրջել։
Ցավոք, այն ճեղքվածքը, որն առաջացել է ԱՄՆ-ի և իր երբեմնի ամենամոտ դաշնակիցների ու ընկերների միջև, կարող է անշրջելի լինել։ Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Վարշավայում և եվրոպական այլ մայրաքաղաքներում քաղաքական գործիչներն այսօր տեսնում են, թե ինչպես է տրանսատլանտյան կամուրջը փլուզվում՝ սուզվելով սառը և անողոք օվկիանոսի մեջ։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ, կարող է դառնալ շրջադարձային պահ։
Կկարողանա՞ արդյոք Եվրամիությունը շուտով որոշել լուծարել ՆԱՏՕ-ն՝ Թրամփից շուտ, և ստեղծել եվրոպական անվտանգության մայրցամաքային դաշինք՝ առանց ԱՄՆ-ի։ Կարող են՞ նրանք հրավիրել Կանադային և Մեքսիկային միանալու նոր տրանսատլանտյան անվտանգության և ազատ առևտրի գոտուն։ Այո, դա հնարավոր է։
Եվրոպացիները արդեն զգալիորեն ավելացնում են իրենց պաշտպանական ծախսերը և զարգացնում սեփական արդյունաբերական բազան։ Այո, եկել է ժամանակը, որ եվրոպացիները ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն իրենց անվտանգության համար։
Բայց եթե նրանք դա անեն ինքնուրույն, սեփական եվրոպական արտադրողների օգնությամբ, ապա դա ծանր հարված կլինի ամերիկյան հիմնական պաշտպանական դոնորներին, ովքեր ներկայում մատակարարում են այդ երկրներին առաջադեմ զինտեխնիկայի մեծ մասը։
Ասիայում՝ Ճապոնիան և Կորեան իրենց հզոր տնտեսություններով և ուժեղ զինված ուժերով կարո՞ղ են Պեկինի հետ նոր կապեր հաստատել։ Չինաստանի հսկայական տնտեսության հետ համագործակցությունը կարո՞ղ է ավելի գրավիչ դառնալ, քան Վաշինգտոնի հետ «ծնկաչոք» պայմանավորվելը։ Եթե Տոկիոն և Սեուլը գնան այդ ճանապարհով, նրանց կարող են հետևել Ֆիլիպինները, Վիետնամը, Մալազիան և նույնիսկ Սինգապուրը։
Իսկ ի՞նչ կասեք Խաղաղ օվկիանոսի ազատ առևտրի ընդարձակ գոտու մասին՝ առանց ԱՄՆ-ի։ Թրամփի շնորհիվ նման՝ ավելի համեստ միություն արդեն գոյություն ունի. դա Տրանսխաղաղօվկիանոսյան համապարփակ և առաջադեմ գործընկերության համաձայնագիրն է, որը ստորագրված է 11 երկրների կողմից։ Կարո՞ղ է Չինաստանը դառնալ 12-րդ անդամը։ Դա կարող է անհավանական թվալ, բայց եթե ԱՄՆ-ն չփոխի իր ուղեգիծը, նման բան կարող է տեղի ունենալ։
Եվ այսպես, հիմա, երբ մենք վերլուծեցինք «պայթուցիկ սարքը»՝ Թրամփի քաղաքականությունը, ի՞նչ կարելի է անել դրա հետ։
Մեկուսացման հարցում, լուծման մեծ մասն իրականում գտնվում է արտերկրում։ Դաշնակից և բարեկամ երկրների ղեկավարները պարզապես պետք է հասկանան, որ Թրամփի՝ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում աշխարհը դարձել է այնպիսին, որտեղ առաջնայինը ուժն է, ապա՝ քծնանքը, իսկ սկզբունքները՝ ցավոք, քիչ դեր ունեն։
Թրամփը հանդիպել է մի շարք եվրոպական առաջնորդների հետ, և չնայած նրա վերևից նայող վերաբերմունքին, որոշ դրական արդյունքներ արձանագրվել են, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի հետ կնքված առևտրային համաձայնագիրը։
Հաջորդ շաբաթ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և, անկասկած, իրեն կվերագրի դաշնակիցներին պաշտպանական ծախսերը ավելացնելու դրդելու վաստակը — եվրոպացիներն էլ կծափահարեն։
Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայք Ուոլթցը դեռ համարվում է ԱՄՆ-ի ներկայացուցչի թեկնածու ՄԱԿ-ում։ Առաջիկա Օլիմպիական խաղերը Լոս Անջելեսում և Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող են օգնել ԱՄՆ-ին վերադարձնել դիրքերը միջազգային հարթակներում։
Սակայն ամերիկյան անկանխատեսելի վարքագծի դեմ գրեթե ոչինչ հնարավոր չէ անել։ Դա պայմանավորված է Թրամփի յուրահատուկ որոշումներ կայացնելու ոճով, և մնացած աշխարհը պետք է ընդունի, որ հանկարծակի, դինամիկ փոփոխությունները այս վարչակազմի բնույթն են։
Այստեղ միշտ հաղթում է մարտավարությունը, ոչ թե ռազմավարությունը։ Պետք է համբերություն դրսևորել, և չափազանց կտրուկ արձագանքելը առաջին քայլերին՝ սխալ կլինի։ Միգուցե աշխարհի այն առաջնորդը, ով լավագույնս է կարողացել գործ ունենալ Թրամփի հետ, Մեքսիկայի նոր նախագահ Կլաուդիա Շեյնբաումն է։ Նա կարողացել է հաջողությամբ համատեղել համբերությունը, հմայքը և ուժը, այդ թվում՝ ամերիկյան զորքերի մուտքն արգելակելու հարցում՝ ընդդեմ նարկոկարտելների։
Ի վերջո, ամենաբարդ մարտահրավերը պառակտումն է, որ Թրամփն առաջացնում է։ Մարդկային բնույթը խառնվում է միջազգային հարաբերություններին, և երբ մարդիկ զգում են իրենց նվաստացած և անպատված, նույնիսկ հզոր պետությունների ղեկավարները— դա կարող է բերել հարաբերությունների անդառնալի խզման։
Հնարավոր է, որ Կոնգրեսը — կամ նույնիսկ նախագահին մոտ կանգնած որոշ խորհրդականներ — կարողանան համոզել նրան խուսափել անպետք բախումներից և անհարկի վիրավորանքներից։
Աղբյուրը`
