Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Անառարկելի է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԼՂԻՄ ուժային բոլոր կաոռւյցների ազգությամբ ռուս եւ ուղղակիորեն Մոսկվային ենթարկվող ղեկավարների սպանությունը կազմակերպվել է հատուկ ծառայության, ամենայն հավանականությամբ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 16 

1991 թվականի նոյեմբերի   20-ին, տեղական ժամանակով 14:30-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Կարաքենդ/ Բերդաշեն գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի  N 72 ՄԻ- 8 ուղղաթիռը ենթարկվել է աղետի: ՏԱՍՍ-ի տարածած նախնական տեղեկատվությամբ՝ «ամպամած եղանակի պատճառով օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով ուղղաթիռը բախվել է ժայռին»: Ժամեր անց Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ուղղաթիռը «խոցվել է հայկական ապօրինի զինված խմբավորումների կողմից»: 

Ըստ ԽՍՀՄ ՆԳՆ նախարար Տրուբինի՝ աղետի վայր հասած օպերատիվ-քննչական խումբը «պարզել է, որ մինչ այդ այնտեղ այլ մարդիկ են գտնվել»: Չճշտված, բայց եւ չհերքված տեղեկություններով՝ «կատարվել է դիակապտություն»: Ադրբեջանական կողմի տվյալներով՝ ուղղաթիռի աղետից զոհվել են փոխվարչապետ Զուլֆի Հաջիեւը, նախագահի խորհրդական, ՆԳ նախկին նախարար Մոհամեդ Ասադովը, գլխավոր դատախազ Իսմեթ Գայիբովը, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վագիֆ Ջաֆարովը, այլ պաշտոնյաներ: Ուղղաթիռում են գտնվել ԼՂԻՄ եւ հարակից տարածքների արտակարգ դրության շրջանի պարետ Ժինկինը, ՆԳ մարզային վարչության պետ Կովալյովը, ՊԱԿ-ի մարզային վարչության պետ Իվանովը, մարզային դատախազ Պլավսկին: Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը, ԼՂ ուժային կառույցների եւ ՊԱԿ-ի վարչության պետը պետք է մեկնեին Մարտունի քաղաք, որտեղ նախօրեին «ազգամիջյան հողի վրա հայ-ադրբեջանական բախում էր տեղի ունեցել»: Ուղղաթիռն օդ է բարձրացել Աղդամից: Այդ մասին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, բնականաբար, չէր կարող տեղյակ լինել: Ըստ ականատեսների, նույն ուղղաթիռում պետք է գտնվեր նաեւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Թամեռլան Գարաեւը, սակայն վերջին պահին «նրան Բաքվից զանգել եւ այլ հանձնարարություն են տվել»: 

Փաստացի ուղղաթիռի կործանմամբ գլխատվել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի թիմը: Պատահարից հետո հայտարարությամբ հանդես է եկել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը եւ սպառնացել, որ թույլ չի ուղղաթիռի «սեւ արկղը» տեղափոխել Մոսկվա, «հետաքննությունը պետք է իրականացվի միայն Բաքվում»: Ադրբեջանական բաց աղբյուրներում տեղեկություն կա, որ օդ բարձրանալուց հետո ուղղաթիռի ուղեւորների միջեւ «վեճ է ծագել, որի ընթացքում հրազեն է կիրառվել»: Վստահելի աղբյուրները վկայում են, որ տեղազննության ժամանակ «քրեագետները զոհվածների մարմինների վրա հայտնաբերել են հրազենային կրակոցների հետքեր»: Պաշտոնապես դա բացատրվել է նրանով, որ «ուղղաթիռը գետնից գնդակոծվել է խոշոր տրամաչափի գնդացիրից»: Այս մեկնաբանությունը հակասում է ադրբեջանական մեկ այլ պաշտոնական վարկածի, որ ուղղաթիռը խոցվել է «ամերիկյան արտադրության «Ստինգեր» շարժական զենիթա-հրթիռային կայանքից»: 

ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ Զորի Բալայանը, Վիկտոր Համբարձումյանը, Հենրիկ Իգիթյանը նույն օրը հայտարարություն են տարածել, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը խորհրդային ուղղաթիռի կործանման հետ ոչ մի առնչություն չունեն: Նրանք կատարվածի համար պատասխանատվությունն անուղղակիորեն հասցեագրել են ԼՂԻՄ ադրբեջանական Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյին: Ըստ ԽՍՀՄ ժողպատգամավորների՝ ուղղաթիռի աղետից կարճ ժամանակ անց «Պոլյանիչկոն գտնվել է դեպքի վայրում»: 

Անառարկելի է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԼՂԻՄ ուժային բոլոր կաոռւյցների ազգությամբ ռուս եւ ուղղակիորեն Մոսկվային ենթարկվող ղեկավարների սպանությունը կազմակերպվել է հատուկ ծառայության, ամենայն հավանականությամբ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից: Մնում է փորձել հասկանալ, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում դա: Իսկ դրա համար հարկ է առաջնորդվել իրավաբանության մեջ հնուց անտի ընդունված՝ «իսկ ու՞մ էր դա ձեռնտու» սկզբունքով: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *