Միջազգային

Լրտես Բարեկամը

ԴԱԾ-ի փաստաթուղթը ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները շատ ավելի բարդ են, քան Սիի և Պուտինի հայտարարած «առանց սահմանների» գործընկերությունը։ 

The New York Times

The New York Times. Չինաստանը հաքերներին ուղղորդել է իր դաշնակից Ռուսաստանի դեմ՝ ռազմական գաղտնիքներ որոնելու նպատակով։ 

Թվային վերուծաբանների տվյալներով՝ Ուկրաինայի պատերազմից ի վեր, Չինաստանի կառավարությանը կապ ունեցող խմբերը մի քանի անգամ կոտրել են ռուսական ընկերություններ և պետական կառույցներ՝ ռազմական գաղտնիքներ գտնելու համար։ Հարձակումները ակտիվացել են 2022 թվականի մայիսին՝ կոնֆլիկտի սկսվելուց ընդամենը մի քանի ամիս անց, և շարունակվում են մինչ օրս։ Չինացի հաքերները ներթափանցում են ռուսական համակարգեր՝ նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հրապարակայնորեն հայտարարել են համագործակցության և բարեկամության նոր դարաշրջանի մասին։

Այս հաքերային արշավը ցույց է տալիս, որ չնայած գործընկերությանը և տարիներով տևած փոխադարձ չհարձակվելու խոստումներին, Չինաստանը Ռուսաստանին ընկալում է որպես խոցելի թիրախ։

2023 թվականին Sanyo անունով հայտնի խմբերից մեկը կեղծել է ռուսական խոշոր ինժեներական ընկերության էլ․ փոստի հասցեները՝ ատոմային սուզանավերի վերաբերյալ տեղեկություն հավաքելու նպատակով։ Այդ մասին հայտնել է թայվանական TeamT5 կիբեր անվտանգության ընկերությունը, որը հայտնաբերել է հարձակումը նախորդ տարի և այն կապել է չինական կառավարության հետ։

Չինաստանը շատ ավելի հարուստ է, քան Ռուսաստանը և ունի զարգացած գիտական ու ռազմական փորձ, սակայն չինացի ռազմական փորձագետները հաճախ բողոքում են՝ նշելով, որ ՉԺՀ բանակը չունի բավարար մարտական փորձ։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը Չինաստանի համար հնարավորություն է՝ տեղեկություն հավաքելու ժամանակակից մարտավարության, արևմտյան զինատեսակների և հակազդման մեթոդների մասին։

«Հավանաբար, Չինաստանը փորձում է հետախուզական տեղեկություններ հավաքել Ռուսաստանի գործողությունների, այդ թվում՝ Ուկրաինայի ռազմական օպերացիայի, պաշտպանության ոլորտի մշակումների և այլ աշխարհաքաղաքական քայլերի վերաբերյալ», — ասում է TeamT5 ընկերության հետազոտող Չե Չանգը։Անհասկանալի է, թե որքանով են հաջողված եղել այդ փորձերը, մասնավորապես այն պատճառով, որ ռուս պաշտոնյաները երբեք հրապարակայնորեն չեն ընդունել նման ներխուժումները։ Սակայն ԴԱԾ-ի գաղտնի փաստաթուղթը հստակ ցույց է տալիս, որ ռուսական հետախուզությունը լրջորեն անհանգստացած է։

The New York Times-ի ձեռք բերած փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը ձգտում է ձեռք բերել Ռուսաստանի ռազմական փորձն ու տեխնոլոգիաները և փորձում է յուրացնել նրա փորձը Ուկրաինայի պատերազմի դաշտում։ Փաստաթղթում Չինաստանը կոչվում է «թշնամի»։

ԴԱԾ-ի փաստաթուղթը ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները շատ ավելի բարդ են, քան Սիի և Պուտինի հայտարարած «առանց սահմանների» գործընկերությունը։

Չնայած հայտնի է, որ դաշնակիցները երբեմն լրտեսում են միմյանց, Չինաստանի հաքերային հարձակումների ծավալը Ռուսաստանի դեմ վկայում է թե՛ փոխադարձ անվստահության բարձր մակարդակի, և թե՛ Կրեմլի՝ Ուկրաինայի ճակատում ձեռք բերված ողջ տեղեկատվությունը Չինաստանի հետ կիսվելու դժկամության մասին։

Ըստ փաստաթղթի՝ Չինաստանին հատկապես հետաքրքրում են անօդաչու թռչող սարքերը և ծրագրային ապահովումը։

«Ուկրաինայում պատերազմը արմատապես փոխել է երկու երկրների հետախուզական առաջնահերթությունները», — ասել է «Palo Alto Networks» կիբերանվտանգության ընկերության առաջատար հետազոտող Իթայ Կոենը, ով տարիներ շարունակ հետևում է չինական հաքերային խմբերին։

Փորձագետների խոսքով (ինչը հաստատվում է նաև փաստաթղթով), Չինաստանը ցանկանում է դասեր քաղել Ռուսաստանի ռազմական փորձից՝ իր պատրաստվածությունն ամրապնդելու համար ապագա հնարավոր հակամարտությունների պարագայում։ Հատկապես Թայվանը համարվում է Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության հիմնական կետերից մեկը։

«Palo Alto Networks»-ի տվյալներով՝ չինական կառավարության կողմից ֆինանսավորվող հաքերային խմբերից մեկը թիրախավորել է «Ռոստեխ» ռուսական խոշոր պետական ռազմական կոնգլոմերատը՝ փնտրելով արբանյակային կապի, ռադիոլոկացիոն համակարգերի և ռադիո էլեկտրոնային պայքարի միջոցների վերաբերյալ տեղեկություն։ Այլ խմբեր օգտագործել են վնասակար ֆայլեր, որոնք շահագործում են Microsoft Word-ի խոցելիությունները՝ռուսական ավիացիոն արդյունաբերության և պետական հաստատությունների համակարգեր ներթափանցելու համար։

Չինական բոլոր հաքերային խմբերը չեն գործում կառավարության ուղղակի հրահանգով, սակայն կիբեր անվտանգության մասնագետները հայտնաբերել են նման կապերի ապացույցներ։

Պետության կողմից հովանավորվող չինացի հաքերները հաճախ թիրախավորում են միջազգային ընկերություններ և պետական հաստատություններ՝ ներառյալ ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Սակայն 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, կարծես թե, այդ խմբերն աճող հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական թիրախների նկատմամբ։ Այդ խմբերից մեկն է եղել չինական ամենաակտիվ հաքերային խմբավորումներից մեկը՝ հայտնի որպես Mustang Panda։

Այս խմբի ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խոսքերով՝ քիչ բան է հայտնի Mustang Panda-ի ծագման և Չինաստանում գտնվելու վայրի մասին։ Sophos ընկերության սպառնալիքների վերլուծության բաժնի տնօրեն Ռաֆե Փիլինգի խոսքով՝ այդ խմբի գործունեությունը հաճախ ուղեկցել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» տնտեսական զարգացման նախաձեռնությունը։Նրա խոսքով՝ այն վայրերում, որտեղ Չինաստանը ներդրում էր անում՝ օրինակ՝ Արևմտյան Աֆրիկայում կամ Հարավարևելյան Ասիայում, քիչ անց արձանագրվում էին հաքերային ներխուժումներ։

Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո TeamT5-ը հաղորդել է, որ Mustang Panda-ն ընդլայնել է իր թիրախային շրջանակը և այժմ հարվածում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության պետական կառույցներին։

Այլ չինական խմբեր ևս սկսել են թիրախավորել Ռուսաստանը։ Օրինակ՝ Slime19 անունով խումբը մշտապես թիրախավորում է ռուսական կառավարական, էներգետիկ և պաշտպանական ոլորտները։

2009 և 2015 թվականների համաձայնագրերով Չինաստանն ու Ռուսաստանը պարտավորվել էին կիբեր հարձակումներ չիրականացնել միմյանց դեմ։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ վերլուծաբանները նշում էին, որ այդ հայտարարությունները հիմնականում խորհրդանշական բնույթ ունեն։

Աղբյուրը՝

https://www.nytimes.com/2025/06/19/world/europe/china-hackers-russia-war-ukraine.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *