Ցավոք, Արցախի ներկայիս ընտրված կամ իրենց այդպիսին համարող ներկայացուցիչներն այլ պատկերացում ունեն: Ես նրանց լավատեսությունը չեմ կիսում, բայց տա Աստված՝ իրենք ճիշտ լինեն: Միայն մի բանից կուզենայի հեռու տեսնել նրանց. Հայաստանի ներքին կյանքին միջամտությունից:
Վահրամ Աթանեսյան
Մեր Ուղինը զրուցել է լրագրող, քաղաքական վերլուծաբան, Արցախի նախկին պատգամավոր, Մեր Ուղինի թղթակից Վահրամ Աթանեսյանի հետ
– Ի՞նչ է հիմա կատարվում Հայաստանում։ Ինչպե՞ս կբնորոշեք։ Որո՞նք են այն հիմնական պատճառները, որի հետևանքով Հայաստանում հասարակական- քաղաքական կյանքը գտնվում է նման անկայուն ու սթրեսային իրավիճակում։
-Բուն պատճառը Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է, մեզ համար դրա շատ ցավոտ հետեւանքները: Եւ անկայունությունը, ինչպես դուք եք ձեւակերպում՝ սթրեսը, կարծում եմ տեւելու են մինչեւ նոր ընտրություններ:
–Վերջին շաբաթներում իշխանություն-եկեղեցի սրված հարաբերությունները, արքեպիսկոպոսների ձերբակալությունը, կաթողիկոսի հասցեին ուղղված իշխանության մեղադրանքները, ԱԱԾ-ի կողմից Էջմիածին մտնելը կարո՞ղ են հասարակական ընկալումներում ինչ որ բաներ փոխել եկեղեցու ինստիտուտի վերաբերյալ։ Արդյո՞ք այս ամենը նոր խնդիրներ չի առաջացնելու, առանց այն էլ շատ բաների նկատմամբ հավատն ու վստահությունը խախտված հասարակության մոտ։
-Ես կուզենայի, որ մենք հստակություն մտցնեինք. մի քանի բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը չի նշանակում, թե իշխանությունը Եկեղեցու դեմ է գործում: Էջմիածինը քաղաք-պետություն չէ, Հայաստանի տարածքի անբաժանելի մասն է եւ այնտեղ իրավապահ մարմինների կամ հատուկ ծառայությունների մուտքը ոչ սահմանադրությամբ, ոչ որեւէ օրենքով արգելված չէ: Իհարկե, տգեղ է, երբ դիմակավորված զինված անձինք մուտք են գործում կրոնական սրբավայր, բայց մյուս կողմից ինչու՞ էր հենց այնտեղ ապաստանել Միքահել արքեպիսկոպոս Աջապահյանը: Բարեբախտաբար, իշխանությունը «կարմիր գիծ» չհատեց, հուսանք, որ չի էլ հատի:
–Ի՞նչպես կբնութագրեք հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ հաշվի առնելով անցած գործընթացներն ու աշխարհաքաղաքական բարդ դինամիկան։ Արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունները կարող են դառնալ երկկողմ փոխշահավետ։ Ի՞նչ պոնտենցիալ վտանգներ կան դրանցում հայկական կողմի համար։
-Հայ-թուրքական հարաբերությունների մասին վաղ է խոսել: Ինչ-որ հանգրվանի դրանք կարող են հասնել միայն եկող տարի, եթե Թուրքիայի նախագահը Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության խորհրդաժողովի շրջանակներում այցելի Երեւան: Մինչ այդ, երեւի, ընթանալու են հիմնական ոչ հրապարակային քննարկումներ: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա ամենամեծ սպառնալիքը Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորվածությունն է:
–Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններում ավելի ու ավելի հաճախ են «պայթյուններ» արձանագրվում։ Տարբեր հայտարարություններ, ոչ միանշանակ «ուղերձներ»։ Ի՞նչ սպասել առաջիկայում։ Այս ամենը հետևանք է ռուսական ազդեցության թուլացմա՞ն, թե էլի ինչ որ բաներ կան։ Ռուսաստանն ի վերջո ի՞նչ քայլերի կդիմի, եթե Մոսկվայում համոզվեն, որ գործուղղված «փրկիչների» մոդելը կամ եկեղեցու հեղինակությամբ պարտադրվող «բարեկամությունը» չի աշխատում։ Ո՞րն է այն «կարմիր գիծը», որը հատելուց հետո ռուսները ստիպված կլինեն դիմել կոպիտ քայլերի։ Կա՞ նման կարմիր գիծ։
-Մենք պարտավոր ենք հրաժարվել «հայ-ռուսական դարավոր եղբայրության» բարդույթից եւ կենտրոնանալ Հայաստան-Ռուսաստան փոխշահավետ հարաբերությունների կառուցման առաջնահերթության վրա: Եթե հաջողվի մեզ ինքնակազմակերպվել, կարծում եմ Ռուսաստանը միայն կողջունի, որովհետեւ իրեն էլ պետք է ոչ թե քնարական «բաժակակից», այլ՝ պրագմատիկ գործընկեր: Թող նրա, այսինքն՝ Հայաստանի, հնարավորությունները փոքր լինեն, բայց՝ առարկայական:
–2023թ․ Արցախի կորստից և Արցախի 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությունից հետո ի՞նչ իրական հնարավորություններ կան ՀՀ ձեռքում՝ առնվազն Արցախի հայերի իրավունքների պաշտպանության հարցով՝ քաղաքական, տնտեսական և այլն։ Ո՞րն է առաջնահերթությունը՝ թե՛ արտաքին դիվանագիտական, թե՛ ներքին ինտեգրման առումով։
-Ներքին ինտեգրացիայի լուրջ խնդիր չկա: Ավելի քան երեսուն տարի Հայաստանը արցախցիների տունն է եղել, շատերն այստեղ սեփականություն ունեն, մասնավոր բիզնես, հազարավոր ընտանիքներ կապված են խնամիությամբ, քավոր-սանիկությամբ: Արտաքին հնարավորությունը եղել եւ մնում է մեկը՝ երկխոսություն Բաքվի հետ: Ցավոք, Արցախի ներկայիս ընտրված կամ իրենց այդպիսին համարող ներկայացուցիչներն այլ պատկերացում ունեն: Ես նրանց լավատեսությունը չեմ կիսում, բայց տա Աստված՝ իրենք ճիշտ լինեն: Միայն մի բանից կուզենայի հեռու տեսնել նրանց. Հայաստանի ներքին կյանքին միջամտությունից:
–Ինչպե՞ս եք գնահատում 2026թ․ Երևանում նախատեսված ԵՄ 8-րդ համագումարի նշանակությունը։ Այն զուտ քաղաքական դեկլարատիվ նշանակությո՞ւն է ունենալու, թե՞ ավելի կոնկրետ արդյունքներ կամ գործընթացներ կլինեն։
-Հայաստանի եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի: Այլ բան է, թե Եվրոպան որքանո՞վ է պատրաստ դրան: Բայց այստեղ կարեւոր են եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Այդ համաժողովի անցկացումը Երեւանում՝ Հայաստանի եվրոպականության ճանաչում է: Սա արդեն ձեռքբերում է:
-Այս պահին որո՞նք են Խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտները։ Եվ առհասարակ այդ պայմանագիրը հնարավո՞ր է իրականություն դարձնել։ Եթե նույնիսկ Բաքուն ինչ որ պահի սկսի աշխատել այդ ուղղությամբ, ապա աշխարհաքաղաքական կենտրոնները ի՞նչ հնարավոր արձագանք կտան, հատկապես, եթե այդ կենտրոնների միջև առկա հակասությունն անընդմեջ սրվում է։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես ասած՝ սեպարատ հաշտության հնարավորությունը նվազ է, ուստի գլխավոր խոչընդոտը միջազգային ներկայիս կացությունն է: Կան, իհարկե, բացառապես հայ-ադրբեջանական բարդություններ, բայց գլխավոր սպառնալիքը, որ իրավիճակը կարող է կառավարելիությունից դուրս գալ, կարծում եմ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առկա հակամարտությունն է: Հարավային Կովկասում ընդհանուր խաղաղությունը կախված է Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի իրավիճակից:
–2026թ․ ԱԺ ընտրություններից հետո մենք նոր իշխանություն և նոր ընդդիմություն կունենա՞նք, նոր որակ և խոսք կարո՞ղ ենք ակնկալել։
-Չեմ կարծում, թե արմատական բարելավում կունենանք: Պետք է հնարավորինս անել, որ նոր խորհրդարանում «Եվրաքվեն» արժանի ներկայացուցչություն ունենա:
-Շատ է խոսվում այն մասին, որ ներկայիս իշխանությունների համար ընդդիմությունը պարզապես նվեր է, քանի որ նրանք իրենց «սև անցյալով» ու ներկայությամբ ապահովում են իշխանության վերարտադրումը։ Արդյո՞ք իշխանությունները կփորձեն «պահել ընդդիմությանը»։
-Չեն կարող, որովհետեւ իշխանությունն այսօր իրեն պահելու գերխնդիր ունի: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, կարծում եմ, որ ներկայիս ընդդիմությունն ինքնին կսպառվի:
–Ո՞րն է Հայաստանում Երրորդ ուժի բացակայության կամ թուլության գլխավոր պատճառը։ Խնդիրը միայն միայն մարդկային և ֆինանսական ռեսուրսն է, գաղափա՞րը, համընդհանուր հետպատերազմյան սթրե՞սը, թե տասնամյակներով ներքաղաքական լճացած-քարացած վիճակը։
-Հայաստանում, ցավոք, դասական իմաստով կուսակցություններ չկան: Ում հաջողվի ստեղծել իրոք ազատ քաղաքական հարթակ, ապագան նրանն է:
Մեր Ուղին
Մեր հետևորդների հատուկ ուշադրությունն ենք ուզում հրավիրել Մեր Ուղինի ֆեյսբուքյան նոր էջին՝
Մեր Ուղին- Mer Oughin
