Թրամփը պետք է հստակեցնի Ռուսաստանի համար, որ պատերազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէ։ Նա կարող էր մեծացնել ռազմական օգնությունը և խրախուսել Ուկրաինային՝ այդ օգնությունն ավելի ռիսկային եղանակներով օգտագործել, ինչպես նաև աշխատել դաշնակիցների հետ՝ սառեցված ռուսական ակտիվները զենքի մատակարարումների ապահովման համար օգտագործելու ուղղությամբ։
The New York Times
The New York Times. Թրամփը խոստովանում է, որ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները «կարող են արդյունք տալ, իսկ կարող են՝ ոչ»
Միայն 24 ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը սպառնաց Ռուսաստանին ֆինանսական պատժամիջոցներով, նա կարծես վստահ չէր այս ռազմավարության արդյունավետության հարցում։ «Air Force One» ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, 10 օրվա ընթացքում ստիպված կլինի սահմանել «մաքսատուրքեր և այլ բաներ»։
«Չգիտեմ՝ դա կազդի՞ Ռուսաստանի վրա, քանի որ նա՝ իհարկե, ուզում է շարունակել պատերազմը», — ասել է Թրամփը։ «Բայց մենք սահմանելու ենք մաքսատուրքեր և այլ քայլեր։ Դա կարող է ազդել նրանց վրա, իսկ կարող է՝ ոչ»։
Մի առիթով Թրամփն ակնարկեց, որ կարող է վերջ դնել ուկրաինական պատերազմին՝ Պուտինին դիմելով որպես տղամարդը՝ տղամարդու։ Նա փորձեց վերաշարադրել ռուսական ներխուժման պատմությունը՝ Ուկրաինային և նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներկայացնելով ոչ թե որպես զոհեր, այլ որպես չարագործներ։ Սակայն այժմ, երբ Թրամփի հիասթափությունը խորանում է, նրա սպառնալիքները հարցեր են առաջացնում՝ արդյո՞ք ԱՄՆ-ն իսկապես ազդեցություն ունի Մոսկվայի վրա, և արդյո՞ք Թրամփը պատրաստ է օգտվել այդ ազդեցությունից։
«Թրամփը կարծես հասկանում է այն, ինչ մենք շատերս վաղուց էինք նկատել — որ Զելենսկին խնդիրը չէ… Խնդիրը Ուկրաինան չէ։ Խնդիրը Պուտինն է», — ասել է Միջազգային քաղաքականության կենտրոնի գործադիր փոխնախագահ Մեթ Դասը։ «Թրամփը, կարծես, շատ էր հավատում իր գործարքներ կնքելու ունակությանը», — հավելել է Դասը, — «բայց իրականությունը, կարծես, սկսում է իրեն զգացնել»։
Թրամփը բազմիցս սպառնացել է պատժել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ հարձակումները սրելու համար, սակայն դեռևս չի կատարում իր խոստումները։ Իսկ նրա վերջին սպառնալիքը՝ ֆինանսական պատժամիջոցների տեսքով, ինչպես ինքն է խոստովանել, կարող է նաև չաշխատել։ Այն պատժամիջոցները, որոնք կխոցեն Ռուսաստանի էներգետիկ ոլորտը և նրա հաճախորդներին, ինչպես նախատեսված է Սենատի օրինագծում, Մոսկվային շատ ավելի լուրջ վնաս կհասցնեն, քան այն մաքսատուրքերը, որոնք ԱՄՆ-ն կարող է սահմանել Ռուսաստանից ներմուծվող քիչ քանակությամբ ապրանքների վրա։ Սակայն Հանրապետական կուսակցության առաջնորդները հրաժարվել են օրինագիծը քվեարկության դնել, երբ Թրամփը սպառնաց գործել միակողմանիորեն։
Քիչ բան է հուշում, թե Թրամփի վերջնագիրն ինչ-որ կերպ կփոխի Պուտինի կարծիքը պատերազմի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը ձեռնամուխ է եղել իր կարծիքով պատմական առաքելության՝ Ուկրաինան Կրեմլի վերահսկողության տակ վերադարձնելու։ Նա կարծում է, որ մարտի դաշտում ունի առավելություն՝ Կիևի պահուստները սպառվում են, իսկ Մոսկվան առաջընթաց է գրանցում։ Ռուսաստանի տեխնոկրատները ավելի քան երեք տարի ծախսել են մի տնտեսություն կառուցելու վրա, որը կկարողանա դիմակայել արևմտյան պատժամիջոցներին, իսկ Մոսկվայի առաջատար համալսարաններից մեկը նույնիսկ նոր մագիստրոսական ծրագիր է առաջարկում պատժամիջոցները շրջանցելու թեմայով։ Սակայն Ռուսաստանը դեռ կախված է նավթից և գազից, որոնք ապահովում են պետական եկամուտների մոտ մեկ երրորդը։ Թրամփի սպառնալիքը՝ երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնելու երկրների նկատմամբ, կարող է ազդեցություն ունենալ Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի վրա և սրել նրա գլոբալ առևտրային պատերազմը։
Խնդիրը, ինչպես նշում են ռուս վերլուծաբանները, այն է, որ նման քայլը կարող է բերում նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։ Արևմտյան քաղաքական գործիչները հետևել են Ռուսաստանի նկատմամբ «նավթի գնի սահմանափակման» ռազմավարությանը՝ փորձելով նվազեցնել Մոսկվայի եկամուտները նավթից՝ առանց շուկան ցնցելու։ Բայց այդ ռազմավարությունը հիմնականում ձախողվել է և չի կարողացել զսպել Պուտինին։ Երեքշաբթի օրը Թրամփն ասաց, որ չի անհանգստանում այն մասին, թե ինչպես գալիք տնտեսական պատժամիջոցները կազդեն նավթի շուկայի վրա։
Արտաքին քաղաքականության մասնագետներն ասում են, որ Թրամփն ունի այլ տնտեսական և ռազմական տարբերակներ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել պատերազմը։ Նրանց կարծիքով, թեև Ռուսաստանն իրեն որոշ չափով պաշտպանել է պատժամիջոցներից, նրա տնտեսությունն այնուամենայնիվ խոցելի է։ Նրանք կարծում են, որ Թրամփը դեռ կարող է հարվածել Ռուսաստանի բանկային համակարգի որոշ հատվածներին, սահմանափակել նավթի գները և իր ազդեցությունն օգտագործել արտաքին քաղաքականության և առևտրային համաձայնագրերի վրա՝ եվրոպացի դաշնակիցների հետ։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշված չէ՝ արդյոք Թրամփը դիտարկում է այլ տարբերակներ, սակայն այնտեղ ասվում է, որ նա «ցանկանում է կանգնեցնել սպանությունները, դրա համար էլ ամերիկյան զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին և սպառնում Պուտինին խիստ մաքսատուրքերով և պատժամիջոցներով»։
ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էվելին Ֆարկաշը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով, հայտարարել է, որ Թրամփը «թևի տակ դեռ շատ խաղաքարտեր ունի», ներառյալ Սենատի մի օրինագիծ, որը նախատեսում է առնվազն 500% պատժամիջոցներ՝ Ռուսաստանի կամ ռուսական ուրան կամ նավթամթերք գնող ցանկացած երկրի ներմուծման նկատմամբ։
Ֆարկաշի կարծիքով՝ Թրամփը պետք է հստակեցնի Ռուսաստանի համար, որ պատերազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէ։ Նա կարող էր մեծացնել ռազմական օգնությունը և խրախուսել Ուկրաինային՝ այդ օգնությունն ավելի ռիսկային եղանակներով օգտագործել, ինչպես նաև աշխատել դաշնակիցների հետ՝ սառեցված ռուսական ակտիվները զենքի մատակարարումների ապահովման համար օգտագործելու ուղղությամբ, նշում է Ֆարկաշը։
«Նա կարծում էր, թե ինքը և իր բանակցողները կկարողանան համոզել Ռուսաստանին գնալ որոշ փոխզիջման, սակայն Պուտինին փոխզիջումը չի հետաքրքրում… Եվ նա կշարունակի պայքարը, քանի դեռ չի գիտակցում, որ ռազմական ուժով չի կարող հասնել իր նպատակներին։ Վերջիվերջո պետք է համոզված լինի, որ պարտվում է, և նույն համոզվածությունը պետք է ունենա նրա շրջապատը», — ասում է Ֆարկաշը։
Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի վերլուծաբան և ԱՄՆ-ի նախկին բարձրաստիճան դիվանագետ Դենիել Ֆրիդը, որը բանակցել է Ռուսաստանի հետ, ասել է, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն ունի ուղղելու այն, ինչ Ֆրիդը կոչում է «սարսափելի և թանկ արժեցած սխալ» — այն է, երբ Թրամփը ի սկզբանե հստակ ցույց տվեց, որ Ամերիկան չի աջակցում Ուկրաինային։ Ֆրիդի կարծիքով՝ այդ վարքագիծը Ռուսաստանին հնարավորություն տվեց «խաղալ այս խաղը այնքան ժամանակ, որքան կարող են, ձգտելով լիակատար հաղթանակի»։
«Անվստահությունն ու դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը դժվարացնում են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը, քանի որ մեծացնում են հավանականությունը, որ Պուտինը պարզապես ձեռքերը կդնի կրծքին ու կսպասի… Թրամփի վերջին շաբաթների քայլերը ցույց են տալիս, որ նա, հնարավոր է, գիտակցում է դա և շարժվում է ավելի կոշտ ուղղությամբ», — ասել է Ֆրիդը։
աղբյուրը՝
