Լարված իրավիճակը հանգուցալուծման գնաց, երբ տեղեկություն տարածվեց, որ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը կառավարության շենքի աստիճանահարթակների վրա ի տես բոլորի «ծեծել է» վարչապետ Անուշավան Դանիելյանին:
Վահրամ Աթանեսյան
Մաս 45-րդ
1999 թվականի դեկտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ ներքաղաքական իրավիճակը մտնում է վտանգավոր հուն: Նա մամուլի ներկայացուցիչների համար գաղտնազերծեց չափազանց ենթատեքստային տեղեկություն, որ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «հրամայել է տանկային զորամասի մի քանի զրահատեխնիկա բարձել համապատասխան տրանսպորտային միջոցների վրա, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք անմիջապես հասցվեն Երեւան»:
Այդ շրջանում տեղեկություններ էին տարածվել, որ Վազգեն Սարգսյանի համախոհները «վերջնագիր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի թողնի նախագահի պաշտոնը»: Արկադի Ղուկասյանի վերաբերյալ հայտարարությունը Ստեփանակերտում եւ առհասարակ ընկալվեց այնպես, որ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «պատրաստվում է զինված աջակցություն ցուցաբերել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»:
Այդ լարված իրավիճակին նախորդած երեք-չորս ամիսներին ԼՂՀ նախագահի աշխատակազմը, կառավարությունը, ՆԳ նախարարությունը, որի ղեկավար էր նշանակվել Մոսկվայից հատուկ այդ նպատակով ետ կանչված Բակո Սահակյանը եւ ԱԱ վարչությունը բավական նուրբ աշխատանքի շնորհիվ կարողացել էին ՊԲ շտաբում եւ զորամասերի հրամանատարների շրջապատում գտնել համախոհներ եւ նրանց աստիճանաբար դուրս բերել Սամվել Բաբայանի ազդեցությունից:
Առաջին վճռական քայլը կատարել էր Սեյրան Օհանյանը՝ համաձայնելով ստանձնել պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնը: Զինվորականության շրջապատում Սամվել Բաբայանի անառարկելի հեղինակության դեմ երկրորդ դեմարշը կատարել էր Վիտալի Բալասանյանը՝ ստանձնելով Սեյրան Օհանյանի տեղակալի պաշտոնը:
Այդ նշանակումներն, անկասկած, համաձայնեցվում էին Հայաստանի պաշտպանության նախարարի եւ քաղաքական ղեկավարության հետ, իսկ որքան սեղմվում էր Սամվել Բաբայանի շրջապատը, այնքան նա դիմում էր անհավասարակշիռ քայլերի: Պարզ հասկացվում էր, որ Բաբայանին որեւէ կտրուկ քայլի դրդելու քաղաքական որոշում կա, որի իրագործման համար գործի էին դրվել բացահայտ եւ կուլիսային հակաքարոզչության բոլոր միջոցները:
Այդ շրջանում քաղաքական իշխանության հաջողություններից մեկը ղարաբաղյան առաջին պատերազմի վետերանների միությանն այլընտրանքային կառույցի ձեւավորումն էր, որ ձեռք բերվեց մեծագույն դժվարությամբ: Այդ գործում իշխանությունների ամենալուրջ հենարան հանդիսացավ Վաչագան Իշխանյանը: Պատերազմի տարիներին նա Շուշիի գնդի հրամանատարն է եղել, անցել է մարտական մեծ ճանապարհ: Շուշիի զորամասը 1995 թվականի մայիսյան զորահանդեսին ընդառաջ կազմալուծվել էր: Ըստ երեւույթին, Բաբայանի դեմ գործելու համար Վաչագան Իշխանյանը, ինչպես նաեւ որոշ այլ նախկին զինվորականներ, ունեին նաեւ անձնական դրդապատճառներ:
Իշխանությունը Սամվել Բաբայանին քաղաքական առումով մեկուսացնելու նպատակով նախաձեռնեցին «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական շարժում, որի հիմնադիր համագումարն անցավ «վերջ բռանապետությանը» կարգախոսով: Շարժման համանախագահներ ընտրվեցին Ժաննա Գալստյանը, Էդվարդ Ղուկասյանը եւ Աշոտ Ղուլյանը: Վերջինս զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել էր որպես Գերագույն խորհրդի փորձագետ, ապա՝ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի օգնական:
1999 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին բավական յուրօրինակ դիրքորոշում ուներ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն: Նախապես տպավորություն կար, որ Դաշնակցությունը հարում է Սամվել Բաբայանին եւ լուրջ խնդիրներ ունի վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ: Ստեփանակերտի քաղաքական շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանը «մի քանի փակ հանդիպումներ է ունեցել Սամվել Բաբայանի հետ»: Այդ տեղեկությունները ոչ հաստատվել են, ոչ՝ հիմնավորապես հերքվել:
Լարված իրավիճակը հանգուցալուծման գնաց, երբ տեղեկություն տարածվեց, որ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը կառավարության շենքի աստիճանահարթակների վրա ի տես բոլորի «ծեծել է» վարչապետ Անուշավան Դանիելյանին: Սամվել Բաբայանը հետագայում այդ լուրը հաստատել է, բայց հիմնավորել, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ Անուշավան Դանիելյանը թույլ է տվել «էշ ղարաբաղցի» արտահայտություն, որի համար էլ «արժանին ստացել է»: 1999 թվականի դեկտեմբերի 14-ին Սամվել Բաբայանն ազատվեց նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Ըստ վստահության արժանի տեղեկության, ազատման հրամանը նրան անձամբ ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
(Շարունակելի)
