Իլհամ Ալիեւն ինչու՞ է անհանգստացած Պաղեստինի պետության կայացմամբ: Նա զգուշանում է, որ Գազայի բնակչության բռնատեղահանության կանխումը եւ անկլավի նկատմամբ պաղեստինյան իրավազորության լեգիտիմացումը կարող է անդրադառնալ ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի հարցի միջազգային ակտուալացմանը:
Վահրամ Աթանեսյան
Իսրայելական մամուլը հրապարակել է Գազայի կարգավորման ամերիկյան վերջին առաջարկությունը, որ բաղկացած է 21 կետից:
Եթե մանրամասնությունները թողնենք մի կողմ, ապա որպես քաղաքական «արդյունք» կունենանք հետեւյալը. այդ ծրագիրն ընդունվելու դեպքում կանխվում է Գազայի բնակչության բռնատեղահանությունը, անկլավը ճանաչվում է Պաղեստինի ազգային վարչակազմի ենթակայության տարածք, ԱՄՆ-ը պարտավորվում է թույլ չտալ Հորդանանի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների իսրայելական անեքսիան:
Փաստացի Միացյալ Նահանգներն ընդունում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «երկու պետություն սկզբունքով» կարգավորելու՝ ՄԱԿ-ի ԱԽ 1947թ. բանաձեւով սահմանված հայեցակարգը: Վաշինգտոնն ինչի՞ դիմաց է փոխում դիրքորոշումը: Չէ՞ որ պաշտոնամուտի ելույթում Դոնալդ Թրամփը պարզորոշ հայտարարել է, որ պաղեստինցիները «միայն ավերում են, իսկ իսրայելցիներն անապատը դարձել են ծաղկուն երկիր»՝ պարզորոշ հասկացնելով, որ Պաղեստին պետությունը չի կայացել եւ չի կարող կայանալ: Իսրայելա-պաղեստինյան կարգավորման ամերիկյան ծրագրով ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, ընդ որում՝ արաբական երկրների կոալիցիայի պատասխանատվությամբ, նրա ղեկավարներին ներում շնորհվի՝ պայմանով, որ հեռանում են Գազայից:
Պաղեստինի պետականության ճանաչումը պայմանավորել ՀԱՄԱՍ-ի հանդեպ համաարաբական, գուցե թե՝ նաեւ համաիսլամական անհանդուրժողականությամբ, նշանակում է հետագա անխուսափելի բարդությունների պատասխանատվությունը հասցեագրել արաբա-իսլամական աշխարհին:
Այս առումով բավական ուշագրավ է Բաքվի մամուլի արձագանքը: Գրեթե բոլոր իշխանական լրատվամիջոցները խորապես կասկածում են Պաղեստինի անկախ պետության կայացմանը: Իլհամ Ալիեւն ինչու՞ է անհանգստացած Պաղեստինի պետության կայացմամբ: Նա զգուշանում է, որ Գազայի բնակչության բռնատեղահանության կանխումը եւ անկլավի նկատմամբ պաղեստինյան իրավազորության լեգիտիմացումը կարող է անդրադառնալ ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի հարցի միջազգային ակտուալացմանը:
Վահրամ Աթանեսյան
