Ամէն ինչի հետ մէկտեղ, չպէտք է մոռանալ, որ Ռուսաստանն անելու է ամէն ինչ, որպէսզի հայ-թուրքական ուղղակի երկխօսութիւնը յանկարծ չկայանայ:
Վլատիմիր Յարութիւնեան
Այդ կապակցությեամբ շատ է խօսւում թուրքական նախապայմանների մասին: Թուրքական նախապայմանները, դրանք, ըստ էութեան և առաջին հերթին, Ռուսաստանի նախապայմաններն են‘ չխօսել և չբարձրաձայնել 1920 թ. Հայաստանի բոլշևիկեան օկուպացիայի, 1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերի մասին: Ինչպէս որ դա եղաւ 1990‑ի օգոստոսին‘ մեր հերթական անկախութիւնը հռչակելու ժամանակ:
Թէ Մոսկուան, թէ Անկարան մեզանից պահանջում են չխօսել այդ մասին: Եւ չխօսել այնպէս, որ եթէ նոյնիսկ աշխարհն յանկարծ սկսի խօսել, մենք գոռանք, որ նման բան , նման խնդիր չկայ: Մեզ թոյլ է տրուած‘ ռուսի բարեհաճութեամբ, խօսել միայն Ցեղասպանութիւնից: Այն էլ սահմանափակուելով միայն թուրքական գազանութիւնների յիշատակմամբ ու դրանց նկարագրումով: Առանց իրաւունքի և թոյլտուութեան խորանալու հարցի մէջ և այդ նոյն Ցեղասպանութեան քաղաքական պատճառները պարզելու, վեր հանելու և հանրայնացնելու: Դրա համար էլ երկու յանցակիցներ մեզ քշում են դէպի արնահորը, որպէսզի մէջներս գործի միայն և ամ՝ն գնով փրկուելու անասնական բնազդը:
Բայց… միաժամանակ այս ամէնը, ընդամէնը «констатация факта»: Իսկ հերթական արնահորում չյայտնուելու և ապրել շարունակելու համար պէտք է գործել: Մենք պէտք է հասկանանք, որ մենք չենք կարող աշխարհի երեսից վերացնել այսօրուայ Թուրքիան, կամ էլ յոյս դնել, որ մեր «խաթեր» ինչ-որ մէկը կը վերացնի նրան և մեզ կը մատուցի Արևմտեան Հայաստանը: Վիճակն իրականում այնպիսին է, որ, ինչպէս կ“ասէր ռուսը‘ «не до жиру, быть бы живу»: Իսկ նման իրավիճակներում ողջ մնալու միակ հնարաւորութիւնը‘ դա բանակցելն է:
Ամէն ինչի հետ մէկտեղ, չպէտք է մոռանալ, որ Ռուսաստանն անելու է ամէն ինչ, որպէսզի հայ-թուրքական ուղղակի երկխօսութիւնը յանկարծ չկայանայ: Հայ-թուրքական բանակցութիւններ‘ խնդրեմ, բայց միայն ռուսական հովանու ներքոյ և միայն ռուսական կողմի ձևաւորած օրակարգով: Այսինքն‘ նորից հայկական կոտորած:
Բացի դրանից, հասկանալի է, որ ցանկացած բանակցութեան կայանալու համար, նրա պահանջը պէտք է հասունանայ: Հայ-թուրքական ուղղակի երկխօսութեան անհրաժեշտութիւնն այսօր ակնյայտ է: Սակայն…Լինենք իրատես: Այդ զրոյցն ինքնուրոյն վարելու համար, պատկերաւոր ասած առանց «Լաւրովի զապիսկաների» օժանդակութեան, չունենք ոչ միայն ուժեղ ոգով ու հզօր աշխարհընկալումով համապատասխան անձինք, այլ, ինչն ամէնացաւալին է, համապատասխան կրթական ցենզ ու նրա բովանդակութիւնն ապահովող անձինք: Բայց միևնոյնն է‘ հայ-թուրքական ուղղակի երկխօսութեանն այլընտրանք չկայ:
Անհրաժեշտ է գտնել ու գործի մէջ դնել այն բարեկամ երկրներին, որոնք գոնէ կը հասկանան ու կը հաւատան, որ մենք արդէն իրօք դուրս ենք եկել «Իստանբուլը պիտի դառնայ արեան ծով» և «ռուսը չլինի թուրքը մեզ կ’ուտի» կենսափիլիսոփայական կարծրատիպերից: Եւ ամէնակարևորը‘ թուրքը պէտք է տեսնի, որ իր դիմաց նստած է ոչ թէ պրիմիտիւ ու միատակ պահանջատէր, այլ պատմութեանն ու դիւանագիտական ու քաղաքական խնդիրներին տիրապետող գրագէտ պետական այր:
