Հայաշխարհ

Թշնամիների Կոթողներ Երևանում…

«Առաջին լրատվական»-ի Հարցազրույցը Միքայել Հայրապետյանի Հետ

Իրականության մեջ չկա ՀԱՊԿ, այլ կա Պուտինի իմպերիական հավակնությունների դիրեկտիվ:

Ըստ Ձեզ՝ Ղազախստանում  տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը,  արյունալից բախմումները ի՞նչ արտաքին և ներքին դրդապատճառներ ունեն։ Ղազախստանի նախագահ Տոկաևի մեկնաբանությամբ՝ սա դրսից ուղղորդվող ահաբեկչություն  է Ղազախստանի դեմ։ Ձեր կարծիքով՝  ի՞նչ արտաքին ուժեր են կանգնած այս  շարժման հետևում։

Տոկաև կոչվածը սովորական ռուսական և կրիմինալ խրտվիլակ է, որի որևէ ասած չի կարելի ընդունել որպես ճշմարտություն: Եթե արտաքին գործոն կա, ապա դա միայն ռուսական գործոնն է: Այս ամենը Ռուսաստանը հրահրեց, որպեսզի կարողանա «լեգիտիմ» իրավունքով զորքեր տեղաբաշխել Ղազախստանում: Վաղը նույն Շոյգուն կասի. «Նազարբաևի հետ մենք նուրբ օպերացիա իրականացրինք Ղազախստանում», ինչպես ասաց Արցախի պարագայում, երբ «լեգիտիմ» իրավունքով ռուսական զորքեր տեղակայեց Ադրբեջանում:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կառավարության որոշումը՝ Ղազախստան ուղարկվելիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում նաև հայ զինծառայողներին ընդգրկելու մասին։Ինչքանո՞վ է այս որոշումն արդարացված՝ հաշվի առնելով ՀԱՊԿ–ի վերաբերմունքը, երբ մեր տարածք ներխուժեցին ադրբեջանական Զինված ուժեր,որոնք մինչ օրս գտնվում են մեր սուվերեն տարածքում։ Մի՞թե հնարավոր չէր այլընտրանքային որոշում կայացնել: Չե՞ք կարծում,որ մենք մեծ գին ենք վճարում ՝միանալով ավտորիտար պետություններին և դառնալով  գործիք գերտերության շահերի համար։ Չե՞ք կարծում, որ սա հնարավորություն էր ՀԱՊԿ–ի սնանկությունը վերջնականապես ջրի երես հանելու և դուրս գալու այդ կառույցից։ Ի՞նչ վտանգներ և հնարավորություններ եք(եթե կան)  տեսնում Հայաստանի  համար:

Աներկբայորեն սա չափազանց վատ որոշում էր. Հայաստանը որոշ արդարացված պատճառաբանումներ կարող էր գտնել ՀԱՊԿ հակաքաղաքակրթական կառույցի կազմում չմասնակցելու ռուսական խարդավանքին՝ միևնույն ժամանակ չհայտնվելով ռուսական ցասման թիրախի դերում: Մեզ ընդհանրապես վաղուց էր պետք ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել, սակայն միանգամայն դեմ եմ, թե հենց մենք պետք է մեզ վրա վերցնենք ՀԱՊԿ-ի՝ Ձեր ասած սնանկությունն ու անգործությունը ջրի երես հանելու առաջապահությունը: Այդպես մենք ժամանակին ջրի երես ենք հանել սուլթանի և երիտթուրքերի իրական դեմքը, որը մեզ արժեցել է չափազանց մեծ գին՝ ջարդերից մինչև ցեղասպանություն ու հայրենազրկում. մենք պետք է հրաժարվենք որևէ ուժային կենտրոնի հարվածային առաջապահը լինելու 200-ամյա տխմարի գործառույթից:

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ ուսումնասիրում են ՀԱՊԿ կազմում հայկական դեսանտա-գրոհային զորախմբի գործողությունները: Հայտնի է,որ ԱՄՆ-ն այս մասին հաղորդել է  Վաշինգտոնում հայկական դեսպանատան ներկայացուցչությանը: Այսինքն՝ Վաշինգտոնը նախանձախնդիր է՝ պարզելու Ղազախստանում ՀԱՊԿ հովանու ներքո հայկական զորախումբը ստրատեգիական օբյեկտների պահպանությա՞մբ է զբաղվում, թե՞  ուրիշ գործառույթ է իրականացնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ և ընդհանրապես արևմտյան այլ երկրների արձագանքը և ի՞նչ  հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Միանգամայն ընկալելի է Վաշինգտոնի անհանգստությունը, որ իր կողմից ժողովրդավարական ընկալվող Հայաստանը մասնակից է դառնում ՀԱՊԿ անվան տակ ռուսական պատժիչ-օկուպացիոն ծրագրին. երախտապարտ ենք այդ անհանգստության համար, պարտավոր ենք հուսախաբ չանել: Ամերիկյան կտրուկ անհանգստությունը լրացուցիչ մի զգուշացում է մեր իշխանություններին, որ գոնե փոքր-ինչ ինքնուրույնություն, սեփական երկրի հեռահար շահի գիտակցում ցուցաբերեն: Ո՛չ ես, ո՛չ Դուք խորքային տեղեկույթի չենք տիրապետում, ուստի վստահաբար չենք կարող ասել՝ ԱՄՆ-ն և Ազատ աշխարհն ըմբռնումո՞վ կմոտենան անելանելիությունից բխող մեր իշխանության խայտառակ վարքին, թե՞ իրենց տրամադրության տակ եղած փակ տեղեկատվության հիման վրա կեզրակացնեն, որ հրաժարման հնարավորություն ունեցել ենք, սակայն գերադասել ենք ռուսական ագրեսիայի մասնակիցը դառնալ: Եթե երկրորդ տարբերակն է, ապա Հայաստանն իսպառ կզրկվի արևմտյան այն աջակցությունից, որի շնորհիվ պահպանում է իր գոնե դե-յուրե ինքնիշխանությունը: Առավելագույնը, ինչ մենք՝ քաղաքացիներս, կարող ենք անել, այն է, որ արշավ սկսենք իշխանության դեմ՝ պահանջելով մեր խաղապահների լիակատար ու անհապաղ դուրսբերումը Ղազախստանից:

Ինչո՞վ եք պայմանավորում  մեր նախագահության ներքո գտնվող ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի այսպիսիօպերատիվ  արձագանքը այն դեպքում, երբ 2021-ի մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ուժերին մեր տարածքից դուրս մղելու կոչերը, մեղմ ասած, անտեսվեցին։ Մեր նախագահությունը  ի՞նչ դեր է խաղում: Ինչու՞, ըստ Ձեզ, Ղազախստանի նախագահ Տոկաևը դիմեց ՀԱՊԿ-ին և արդյոք հիմնավո՞ր էր այդ քայլը։

Բոլորն են հասկանում, որ իրականության մեջ չկա ՀԱՊԿ, այլ կա Պուտինի իմպերիական հավակնությունների դիրեկտիվ: Չկա նաև ինչ-որ Տոկաև – նրան հրահանգվել է ձևական կողմը պահպանելու համար դիմել ՀԱՊԿ-ին, որի նախագահողն այս պահին իբրև մեր երկիրն է, իսկ մեր երկրի ղեկավարին էլ հրահանգվել է անմիջապես և առանց ստորակետ փոխելու տալ այն պատասխանը, որի տեքստը Պուտինն է գրել, ինչպես գրել էր 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստը (ինքը բառացի ասաց):

Պարո´ն Հայրապետյան, ՀՀ վարչապետի աշխատակազմը Երևանի քաղաքապետարանին հաղորդել է, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում: Ավագանու անդամներից մեկը որոշել է հրապարակային քննարկման դնել նախագիծը՝ երևանցիներից պարզելու՝ արժե՞ այդ վայրում և այդպիսի արձան տեղադրել և արդեն արժանացել  է  բացասական ևիրարամերժ արձագանքների:  Որպես երևանցի ևՀՀ քաղաքացի՝ինչպիսի՞ վերաբերմունք ունեքԻ՞նչ քաղաքական խնդիրներ է լուծում։ Ըստ Ձեզ՝ սա Երևանի՞ թե՞ Ռուսաստանի  նախաձեռնությու՞նն է, և արդյոք  կա՞ այդպիսի արձան տեղադրելու անհրաժեշտություն։

Գոնե հիմա այս երևույթը պարզ դարձրե՞ց, որ երեք տարի շարունակ մեր քաղաքական վերնախավը լկտի ստում էր մեր ժողովրդին, թե սա սորոսական, արևմտական, հակառուսական իշխանություն է: Նույնքան  ստախոսություն էր, երբ թութակի նման կրկնում էին, որ 2018թ. գեղեցիկ իրադարձությունը հեղափոխություն էր: Դրա համար իրավունք ունե՞նք երբևէ պատասխան ակնկալելու երկու՝ իբրև թե տարբեր ճամբարների ստախոսներից, սեփական ժողովրդին մոլորեցնողներից: Իսկ արձանները՝ մանավանդ մեզ ոչ հոգեհարազատ, կարող են տեղադրվել էլ, գուրգուրվել էլ, ինչպես Երևանի զույգ խայտառակությունները, երբ Հայաստանի պետականությունը վերացրած ռուսական 11-րդ կարմիր օկուպացիոն բանակի հուշարձանները դեռ մեր քաղաքի կենտրոնում են: Հայաստանի ոչ մի իշխանություն մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այդ հուշարձանները չհանեց՝ մեկը Մանկական այգում, մյուսը՝ հենց Հանրապետության հրապարակի մոտ՝ Շահումյանի արձանի թիկունքում: Որպես երևանցի, իհարկե, նողկանք կզգամ այդպիսի մի նոր արձանի տեղադրման համար. նողկանք կզգամ նաև ռուսական այն գործակալների հանդեպ, ովքեր շրջանառել են այդ «առմյաշկայական» ծրագիրը: Բայց և հիվանդագին ընդունել պետք չէ: Համաշխարհային մասշտաբով «ժողովրդավար» համարվող Սաակաշվիլին, որ քանդեց Վրաստանում Ստալինի վերջին արձանը, Թիֆլիսի կենտրոնում բացեց ոչ պակաս Ստալին ու ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիևի արձանը (ի դեպ, դա «ժողովրդավարական» Վրաստանում կանգուն կմնա այնքան, որքան Իլհամը կլինի իշխանության. վրաց ժողովուրդն այն աղբանոց կնետի Ադրբեջանում կլանափոխության առաջին իսկ վայրկյանին): Այնպես որ, պետական շահի համար երբեմն նման բաներ անում են: Մերոնք, վստահաբար, պետական շահի գիտակցումից չէ, որ իրենց ճղում էին Անաստաս Միկոյանի արձանը, հիմա էլ՝ ինչ-որ հայ-ռուսական բարեկամության արձան սարքելու համար. նրանք պարզապես ողորմելի «առմյաշկաներ» են: Մի օր Հայաստանը կազատագրվի. և այդ ժամանակ էլ կլինի մեր քաղաքի և պետության ազատագրումը մեր պետության թշնամիների կոթողներից: Պարզապես մոտեցնել է պետք այդ օրը, սակայն առանց ավելորդ արկածախնդրությունների:

1in.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *