Ազատ բեմ

Դաշնակցությունը Պետք Է Հայերին, Բայց Հայաստանի Հանրապետությունը Նրա Ծաղրանկարի Կարիքը Չունի (Մաս III)

Հետևաբար, XX-րդ Ընդհանուր Ժողովը սերունդների և ծրագրերի փոփոխման շրջադարձային կետ է, որը Ռուբենի ժառանգությունը փոխակերպում է ներսից՝ մինչև դաշնակցական մեսիականությունը վերակենդանանա: ՀՅԴ-ի պատմագրությունը մեծ տեղ է հատկացնում կուսակցական մեքենային և նրա տարբեր մասերին, բազմապատկվում են «հոմո դաշնակուսի» մասին հրապարակումները։ Կրկին երևան է գալիս Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ ՀՅԴ-ի մասին» կարմիր գրքույկը, վերահրատարակվում են Ռուբենի հուշերը յոթ հատորով։

Կայծ Մինասյան

Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1981) (III)


Ռուբենի բռնապետությունից հետո ՀՅԴ-ն վերակառուցելն իսկական սխրանք էր: Այն մարտահրավերը, որը ծառացել է Հայաստանից հեռու, սփյուռքի մի անկյունում ծնված Դաշնակցական առաջնորդների նոր սերնդի առջև, համազոր է Ռուբենի բռնապետական ​​ժառանգությանը։ Շա՜տ ուսանելի է։ Բաբկեն Փափազյանի, Հրայր Մարուխյանի, Հրաչ Տասնապետյանի և Սարգիս Զեյթլյանի նման երիտասարդ ղեկավարները, էլ չասենք՝ նրանք, ովքեր կոչված են ապահովելու այդ գործընթացը (Ադուր Քաբաքյան, Արամ Սահակյան, Պերճ Մեսերլյան, Ցոլակ Թութլյանի, Անդրանիկ Ուրֆալյան), պետք է հաշվի նստեն հմուտ գործիչների, և ի թիվս այլոց՝ Մովսես Տեր-Գալուստյանի, Հայկ Պալյանի, Կարո Սասունիի, Հակոբ Աշճյանի, Լևոն Ճարոյանի, Գուրգեն Մխիթարյանի և հատկապես Ռուբենի «վրացական կլանից» մնացած Ռուբեն Դարբինյանի հետ, որոնք հավատարիմ են Դաշնակցության քողարկված, ամբողջատիրական սկզբունքներին։ Հետևաբար, պետք է ենթադրել, որ գործը վտանգավոր ընթացք կստանա նրանց համար, ովքեր մեծ դեր կխաղան 1960-1970-ական թվականներին, եթե հայտնի է, որ Ռուբեն-Վահան զույգը պատկառելի ժառանգություն է թողել, և որի ամբողջատիրական գործունեությունն ընկած է ռուբենիստական կառույցի հիմքում՝ որպես մի տեսակ շրջված ստալինականություն։

Բայց եկել է Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության թուլացման ժամանակը, և աշխարհի ոչ մի քաղաքական ուժ ապահովագրված չէ այս նոր քամուց, որը փչում է միջազգային հարաբերությունների կողմը, ներառյալ դրանցից առավել անթափանցների վրա, ինչպիսին է ՀՅԴ-ն, որի կենտրոնակայանը Կահիրեից տեղափոխվեց Բեյրութ, որպես՝ Ռուբենի դաշնակցականության «բրիտանական հակակոմունիստական ​​ժամանակահատվածի» ավարտի նշան՝ հօգուտ հետռուբենյան սերնդի «ոչ արևելք, ոչ արևմուտք» հիբրիդային ժամանակահատվածի։ Այդ ժամանակաշրջանը, հետևաբար, նոր է։ Անդրանիկ Ծառուկյանը, անշուշտ, ճանապարհ է հարթել, և նրա գաղափարներն աստիճանաբար տարածվում են կուսակցության շարքերում։ Որպես երրորդ ուղու կամ Երրորդ աշխարհի փոխակերպված կուսակցություն, այն ուղղություն է վերցրել դեպի այն երկրները, որոնք հրաժարվում են երկու բլոկներից որևէ մեկին միանալ։ Լարվածության թուլացման այս մթնոլորտը կնպաստի դաշնակցական առաջնորդների նոր սերնդի աճին և կստիպի հին մարտիկներին հաշվի առնել նոր իրողությունները․ շարունակվող ապաստալինականացումը ԽՍՀՄ-ում, 1957 թվականի սիրիա-թուրքական ճգնաժամը, 1958 թվականի լիբանանյան ճգնաժամը, 1956 թվականից Սիրիայի խորհրդամետ քաղաքականությունը և 1961 թվականի դաշնակցական ցանցի ապամոնտաժումը, 1962 թվականի Կուբայի ճգնաժամը և ազդեցությունը Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև հարաբերությունների վրա, ապա 1963-1964 թվականների Կիպրոսի ճգնաժամը և թուրք-խորհրդային մերձեցումը և վերջապես 1965 թվականին Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի շրջադարձային հիշատակումը։

Դա առավել դժվար է նոր սերնդի համար, քանի որ ՀՅԴ-ն չունի «վերջնահաշվի ձևակերպման», գույքագրման իրավունքի, այլ կերպ ասած՝ հաշվետու լինելու ավանդույթ: Դա հեռու է դաշնակցական գործելաոճից։ Ճիշտ է, Ընդհանուր Ժողովը՝ որպես ՀՅԴ-ի բարձրագույն մարմին, չորս տարին մեկ որոշում է ընդունում մանդատային ժամկետն ավարտած Բյուրոյի գործունեության մասին: Բայց բոլորը գիտեն, որ եթե հեռացող Բյուրոն վերահսկում է ՀՅԴ-ի ապարատը, ապա նրա քառամյա գործողության մասին որոշումը քաղցր-մեղցր է, մեղմ ու չափավոր, որպեսզի ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրի և ոչ ոք դասեր չքաղի իր անցած փորձություններից: Կոշտ ու գաղտնի գործունեությամբ թրծված կազմակերպությունների հին փորձառություն է, որտեղ ամենափոքր առարկությունն անգամ կասկածելի է որակվում՝ նախքան մեկուսացվելը, հետո քայքայիչ, ապա կուսակցության գծից շեղվող և ի վերջո հակադաշնակցական։ Այս քողարկված սկզբունքը առնվազն անհարմար վիճակի մեջ է դնում դաշնակցականներին՝ նրանց կանգնեցնելով այլընտրանքի առջև․ կա՛մ ստիպված են լինում քննադատել հեռացող մոդելը՝ առանց բացահայտորեն պատասխանատու անձին մատնանշելու, որպեսզի չվիրավորեն կամ չմեղադրվեն անհավատարմության կամ սուտ ցուցմունքի մեջ, կա՛մ պետք է հեռու մնան նախկին ղեկավարներից՝ դա բացահայտորեն ցույց չտալով։ Այս երկընտրանքի առջև են կանգնած 1959-ի (XVII-րդ), 1963-ի (XVIII-րդ), 1967-ի (XIX-րդ) Ընդհանուր Ժողովների պատվիրակները, որոնք երեքն էլ տեղի են ունեցել Բեյրութում՝ Լիբանանում՝ Արևելքի Շվեյցարիայում: Առանց գույքագրման իրավունքի այս անցումային շրջանը, որի մասին դեռ կարելի է գուշակություն անել՝ արդյոք ուժի՞, թե՞ թուլության նշան է, մեծ տեղ չի թողնում խոշոր շրջադարձերի համար, հետևաբար, փոխակերպումը ռուբենիզմի մեջ պետք է տեղի ունենա։ Այսուհանդերձ, Դաշնակցության փրկության ճանապարհը նշյալ բռնապետական ​​գործելակերպից դուրս պիտի հայտնվեր:

Ռուբենիստական կառույցի ներսում սկսված փոխակերպումը զարգացման տարբեր ծրագրեր է մատնանշում։

Առաջին, ՀՅԴ-ի պաշտոնական կարգախոսը 1919 թվականից ի վեր, այն է՝ «ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» ստեղծումը, շարունակում է պահանջված մնալ, բայց հանուն լարվածության թուլացման, ՀՅԴ-ն Խորհրդային Հայաստանը խարանելուց անցնում է ատլանտիստական ​​Թուրքիային խարանելուն։ Այսպիսով, մի բևեռացումից մյուսին անցնելով, ՀՅԴ-ն «ժողովուրդների իրավունքից» անցում է կատարում «տարածքային իրավունքին», իսկ ավելի ճիշտ՝ «ազատ և անկախ Հայաստանի» համար պայքարից՝ «միացյալ Հայաստանի» համար պայքարին։ Սա դաշնակցական շարժման հիմնական աշխարհաքաղաքական զարգացումն է, որը միաժամանակ ծխածածկ վարագույր է սովորական դիտորդների համար, քանի որ ՀՅԴ-ն շարունակում է հանդես գալ «ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» ստեղծման օգտին, միայն թե՝ թիրախներն ու ածականակազմ մակդիրներն են փոխվել։ Ուստի դաշնակցության տեսադաշտում առաջին հերթին Թուրքիայի հայկական տարածքների ազատագրումն է, ոչ թե Խորհրդային Հայաստանի անկախությունը։ Իսկ թուրքական Հայաստանի հիշյալ ազատագրումը հիմնված է հայկական տարածքների միավորման վրա, որը կհանգեցնի Հայաստանի անկախությանը։

Երկրորդ, «միացյալ Հայաստանի» գերակայությունը հիմնվում է մարդու իրավունքի նկատմամբ տարածքային կամ հողի իրավունքի գերակայության վրա։ Հայկական իրրեդենտիզմը /այլ պետության տարածքի բռնակցումն արդարացնող դիրքորոշում/ կամ դաշնակցական խոսույթում՝ «տարածքային պահանջատիրությունը» (հողային պահանջ) դառնում է այն կառուցվածքային դիտվածքը, որի միջով պետք է իրագործվի Դաշնակցության վերածնունդը։ Որպես դեպի Երրորդ աշխարհ ՀՅԴ-ի ակնհայտ շրջադարձի գործոն, որն այս կամ այն չափով ոգեշնչվում է այլ ազատագրական շարժումներով, ինչպիսին է պաղեստինցիների ազատագրական պայքարը, այս տարածքային պահանջը հիմնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջնահերթության վրա: Ցեղասպանության ճանաչումը կապելով Թուրքիայի հայկական տարածքների վերադարձի հետ՝ ՀՅԴ-ն ինքնության վերակերտմանը համահունչ կտավ է ստեղծում՝ Սփյուռքի և Խորհրդային Հայաստանի միջև մերձեցմանը զուգահեռ, Սառը պատերազմի ֆոնին՝ Թուրքիան դարձնելով համահայկական ռազմավարության թիրախ։ Այսուհետ ցեղասպանության ճանաչումը և թուրքական Հայաստանի ազատագրումը կապված են միմյանց, և ոչինչ չի կարող կամ չպետք է խախտի այս միասնությունը։ Այստեղից էլ բխում է Հայ Դատի հիշատակային, պատմական, քաղաքական, գաղափարախոսական և իրավական մոտեցումը, որը նոր թափ է ստանում մի կողմից՝ Արևելքի և Արևմուտքի (Սփյուռք – Խորհրդային ​​Հայաստան), և մյուս կողմից՝ հյուսիսի և հարավի (Արևմտյան սփյուռք և Մերձավոր Արևելյան սփյուռք) միջև սահմաններից այն կողմ:

Որպես երրորդ ուղի պետք է դիտարկել այն ժամանակաշրջանը, որն սկսվեց 1959-ին ընտրված «Թույլ Բյուրոյով», երբ ՀՅԴ-ի ղեկին երկրորդ պլանի այնպիսի դերակատարներ էին, ինչպիսիք են Հովիկ Եղիազարյանը կամ Արամ Սահակյանը, Դաշնակցական Նոր Կրթության շրջանն է, որը նպաստեց կուսակցության ակունքներին վերադարձին. հեղափոխական ռոմանտիզմին (1890-1908)՝ պնդելով հրատարակել հին առանցքային աշխատություններ կամ հայ ազատագրական էպիկական պայքարի հայտնի գործիչների հուշագրությունները։ Նոր Կրթությունը լայն թափ ստացավ Հայդատական Մշակութային Յեղափոխության շնորհիվ, որը սկիզբ առավ 1972 թվականին, երբ Մարուխյանների, Փափազյանների, Զեյթլյանների և Տասնապետյանների սերունդն ամբողջությամբ իր ձեռքն առավ կուսակցության ղեկը՝ նույն թվականին Վիեննայում՝ Ավստրիայում, XX-րդ Ընդհանուր Ժողովում նոր ռիթմ պարտադրելով Հայ Դատի և Դաշնակցության վերածննդին։ Այս համաժողովը դաշնակցական համակարգի վերածննդի հիմնաքարն է՝ հետռուբենիստական ​​տարբերակով։ Եվ տարբեր ձևերով այն բնութագրում է դաշնակցական մոդելի ամրապնդումը, հավատարմությունը Ռուբենին։ Նախ, XX-րդ Ընդհանուր Ժողովը նշում է 1959 թվականին սկսված անցումային շրջանի ավարտը, երբ «քառասնամյա այրերը»՝ Հրայր Մարուխյանը (44 տարեկան), Սարգիս Զեյթլյանը (42 տարեկան), Հրաչ Տասնապետյանը (44 տարեկան), Բաբկեն Փափազյանի (57 տարեկան) գլխավորությամբ, ով «կնքահոր» նման ճանապարհ է բացում նրանց համար, ստանձնեցին ՀՅԴ-ի ղեկը։ Հրայր Մարուխյանը Իրանից է՝ առավելապաշտներ Հովնան Դավթյանի և Ռուբենի սիրելի երկիրը։ Սարգիս Զեյթլյանը Մուսա լեռից է և սովորել է Եգիպտոսի՝ Ռուբենի «հավատարիմ» Վահան Նավասարդյանի դպրոցում։ Այս Ընդհանուր Ժողովը խորհրդանշում է նաև հավասարակշռությունը տարբեր հասարակագիտական մոտեցումների միջև, որոնք ներկայացված են ուժեղ բնավորություն ունեցող անձնավորություններով․ Եկեղեցուն հարող թևը գլխավորում է հոգևորական Բաբկեն Փափազյանը, բարոյախոս Սարգիս Զեյթլյանը կապ է ստեղծում էթիկայի և արժեքների հետ, գրականագետ Հրաչ Տասնապետյանը համախմբում է մշակութասերներին։ Ինչ վերաբերում է տեխնիկական կրթություն ունեցող Հրայր Մարուխյանին, ապա այս պատրաստված ինժեները միավորում է նրանց, ովքեր ձգտում են դրսևորվել ուժերի քաղաքական հավասարակշռության մեջ։

XX-րդ Ընդհանուր Ժողովը կարևոր է նաև նրանով, որ կենտրոնացնում է ՀՅԴ-ի բոլոր հիմնական միտումները. ավանդապաշտ Բաբկեն Փափազյանը գլխավորում է սիրիա-լիբանանյան թևը, ժողովրդահաճ Սարգիս Զեյթլյանը համադրում է կոմունիզմին թշնամաբար տրամադրված Մերձավոր Արևելքն ու Արևմուտքը, ազատատենչ ​​Հրաչ Տասնապետյանը սևեռված է մշակութային յեղափոխության վրա՝ կապ հաստատելով Սփյուռքի և Խորհրդային Հայաստանի միջև, սոցիալիստ Հրայր Մարուխյանը ապահովում է դաշնակցական պատգամի համընդհանուր կիրառումը տարածության և սերունդների միջև: Բյուրոյի մյուս երեք անդամներից Կարո Մեյհյանը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման դիվանագիտական ​​կողմն է ապահովում, իսկ Հրաչ Աբրահամյանն ու Վաչիկ Ղարաբեկյանը՝ տնտեսական:

Նշյալ Ընդհանուր Ժողովը Դաշնակցության վերագտնված միասնությունը կապում է հեղափոխական շարժման պատմության հետ, կարծես թե՝ ձգտելով IV-րդ Ընդհանուր Ժողովի ճշգրիտ պատճենը լինել, որը նույնպես գումարվել էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 1907 թվականին և, անկասկած, համարվում է Դաշնակցության առանձնահատկության ամենախորհրդանշական Ընդհանուր Ժողովը։ Այս պատմական շարժումը ոչ միայն աշխարհագրական է, այլև ծրագրային: Իսկապես, եթե 1907-ին ՀՅԴ-ն սոցիալիզմն ընդունեց որպես իր պաշտոնական հայեցակերպ, 1972-ին որոշեց նորից ընդգրկել սոցիալիզմն իր ապագա ծրագրում և դրա վավերացման համար գրեթե տասը տարի պահանջվեց։ Այն վավերացվեց 1981 թվականին տեղի ունեցած XXII-րդ Ընդհանուր Ժողովում Ֆրանսուա Միտերանի սոցիալիստական ​​Ֆրանսիայում, որի հետ Հրայր Մարուխյանը լուրջ կապեր էր հաստատել 1970-ականների սկզբից՝ ՀՅԴ-ն Սոցիալիստական ​​Ինտերնացիոնալի մեջ վերստին ընդգրկելու նպատակով։ Այսպիսով, ինչպես հետքրիստոնեական ՀՅԴ-ում սոցիալիզմի ընկալումն է բազմակարծիք, ապա այն, ինչի մասին Դաշնակցությունը սկսում է մտորել Վիեննայի 1972 թվականի Ընդհանուր Ժողովի ավարտին, զարմացնում է հետքրիստափորյան սոցիալիզմի հայրերի նկատմամբ հավատարմությամբ և արաբական աշխարհի սոցիալիզմի հանդեպ հարմարվողականությամբ։

Ասում ենք՝ հավատարմություն, որովհետև ՀՅԴ-ն նույնանում է Սարգիս Զեյթլյանի հետ, որպես՝ Սիմոն Զավարյանի ազգային և հումանիստական ​​սոցիալիզմի հետևորդ, Կարո Մեյհյանի հետ, որպես՝ Միքայել Վարանդյանի դեմոկրատական ​​սոցիալիզմի ժառանգորդ, Հրայր Մարուխյանի հետ, որը Ռոստոմի միջազգային սոցիալիզմի ջատագովն է, Հրաչ Տասնապետյանի հետ, որպես՝ Ռուբեն Զարդարյանի սոցիալ-ազատականության ներկայացուցիչ, և Սիմոն Վրացյանի մարքսիստական ​​հասարակական թևը ներկայացնող Հրաչ Աբրահամյանի հետ: Միայն երկու հին հոսանքներ դեռևս չեն ներկայացված կուսակցության ղեկին՝ Հովնան Դավթյանի առավելապաշտությունը և Կոնստանտին Խատիսյանի ամբոխահաճ քաղաքականությունը։ Բայց ժամանակ առ ժամանակ երիտասարդ գործիչներ են մտնում գաղափարական բանավեճի մեջ և փորձում են զբաղեցնել առավելապաշտության թափուր տեղը․ Խաժակ Տեր-Գրիգորյան, Նազարեթ Բերբերյան և Վարանդ Փափազյան: Իսկ ինչ վերաբերում է ամբոխահաճներին, «խորհրդային այլախոհ» Էդիկ Հովհաննիսյանն է աստիճանաբար իր տեղն  ամրապնդում Դաշնակցության շախմատային տախտակին, առանց կուսակցության շարքերում ու նրա ղեկավարների շրջանում չափազանց շատ մտահոգություններ առաջացնելու։ Վերջերս Թունիսով Մոսկվայից ժամանելով՝ նա միացավ ՀՅԴ-ին և Մյունխենում ստանձնեց  «Ազատություն» (Radio Liberty) ռադիոկայանի հայկական բաժնի ղեկավարի պաշտոնը։ Այս ռադիոկայանը ԿՀՎ-ինն է, որն իր հաղորդումները հիմնականում հեռարձակում էր ԽՍՀՄ-ում: Այսպիսով գաղափարախոսական ապարատն ամբողջական է դառնում …

Ասում ենք նաև՝ հարմարվողականություն արաբական սոցիալիզմի հանդեպ, քանի որ ՀՅԴ-ի հիմնական մասնաճյուղերը գտնվում են Մերձավոր Արևելքում, հիմնականում՝ Լիբանանում և Սիրիայում, որոնք 1960-70-ական թվականներից ի վեր դաշնակցական միջավայրում ինքնության առանձին մոդելի աճի և արտահանման յուրօրինակ ճգնաժամ են ապրում: Անհանգիստ արաբական աշխարհում Նասերի եգիպտական հեղափոխությունից հետո, որը պնդում էր, որ ոչ արևելամետ է, ոչ էլ արևմտամետ, մի մայրաքաղաքից մյուսը հախուռն ներգրավվածության յուրօրինակ ձև է դրսևորվում: Բաասիզմի հիմքի վրա ստեղծվում է համախմբող և առաջադեմ համաարաբական շարժում, որը տարածվում է խռովված արաբական աշխարհում՝ սոցիալիզմի, ազգայնականության և հեղափոխականության համադրությամբ։ Եվ երբ ՀՅԴ-ն սոցիալիզմն ընդունում է որպես իր ուսմունքի նպատակ, նա ոգեշնչվում է ոչ միայն սեփական պատմությամբ, այլև գաղափարական հենքով բաասական մոդելով, որն այլ կերպ ասած՝ սոցիալիզմի և ազգայնականության խառնուրդ է՝ ներծծված համամարդկային միասնական բարոյականության և ավանդույթի մեջ կիսով չափ թաթախված հռետորաբանությամբ, մի կողմից՝ կրոնից բավական հեռու, խարսխվելով աշխարհիկ համաարաբական շարժմանը, մյուս կողմից՝ կրոնին բավական մոտ, առանց կտրվելու արաբական հասարակությունից: Նույն բանը տեղի է ունենում ՀՅԴ-ի հետ. այսպես՝ երբ Դաշնակցությունը Ռուբենի սերնդից անցնում է հետռուբենյան սերնդին, կարծես թե դաշնակցական մոդելը «խորհրդային կուսակցական ​​մոդելից» անցում է կատարում «Բաաս կուսակցության մոդելին», որն առաջընթացի և ավանդույթի, սոցիալիզմի և ազգայնականության խառնուրդ է՝ համահայդատական քաղաքական հեռանկարով։

Որովհետև անցյալի հանդեպ հավատարմությունը և արաբական մոդելի նկատմամբ հարմարվողականությունը ծառայում են վերջնական մեկ նպատակի՝ երիտասարդության քաղաքականացմանը, որպես ՀՅԴ-ի XX-րդ Ընդհանուր Ժողովի դավանանք, որը, ըստ էության, գաղափարական բնույթ է կրում: Այսինքն, «երիտասարդության քաղաքականացում» ասելով՝ դաշնակցական առաջնորդները նկատի ունեն կուսակցական շարքերի և նոր սերունդների «գաղափարականացումը»։ Այսպիսով, ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր հետքրիստափորյան մոդելին, որը կապերը խզում է որպես տեխնիկա հանդես եկող Դաշնակցությունից՝ իր տեղը զիջելով որպես գաղափարախոսություն հանդես եկող Դաշնակցությանը, բայց դա այլևս Դաշնություն չէ, այլ Կուսակցություն է: Իսկ կուսակցության քարոզը դյուրին է դառնում դաշնակցական նորալեզվի (novlangue) շնորհիվ։ Այս մեթոդի էությունն է՝ կուսակցական խոսքը ծանրաբեռնել հարասույթների, խրթին արտահայտությունների, խոսքի հնարների հաստ շերտով, որտեղ հաղորդվող միտքը վերծանելու, ՀՅԴ-ի կտրուկ շրջադարձերը, կարճ դադարները, արագացումներն ու երկատումները հասկանալու համար անհրաժեշտ է ապակոդավորիչ։ Այն հարուստ է օրինակներով, բայց անդյուրամարս է՝ ընթերցելիս։ Երկարաժամկետ հեռանկարում բարդ է, բայց իմաստի առումով՝ դատարկ: Բայց դա ապահովում է Դաշնակցության միասնությունը, որտեղ գաղափարն այնքան է բյուրոկրատացվում, որ ապարատչիկը, լինի գործադիր, թե գործիչ, մտավորականի խղճուկ տարազ է հագնում։ Քրիստափորի մահից հետո ստեղծված Դաշնակցական նորալեզուն նոր ոսկե դար ապրեց 1970-ականներին մամուլի երկար հրապարակումներով, հանդարտացնող հայտարարություններով և նույնիսկ Ընդհանուր Ժողովի ընդունած բանաձևերով, որոնք անընթեռնելի էին աշխարհիկ մարդկանց համար և վերապահված էին բացառապես Հայատիսդի Մշակութային Յեղափոխության նվիրյալներին:

Հետևաբար, XX-րդ Ընդհանուր Ժողովը սերունդների և ծրագրերի փոփոխման շրջադարձային կետ է, որը Ռուբենի ժառանգությունը փոխակերպում է ներսից՝ մինչև դաշնակցական մեսիականությունը վերակենդանանա: ՀՅԴ-ի պատմագրությունը մեծ տեղ է հատկացնում կուսակցական մեքենային և նրա տարբեր մասերին, բազմապատկվում են «հոմո դաշնակուսի» (homo dachnakus) մասին հրապարակումները։ Կրկին երևան է գալիս Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ ՀՅԴ-ի մասին» կարմիր գրքույկը, վերահրատարակվում են Ռուբենի հուշերը յոթ հատորով։ Դրանք բաժանվում են կուսակցության անդամներին, որոնք պարտավոր են կարդալ այն՝ մուտք գործելու դաշնակցական տիեզերք, նրա էկոհամակարգը, որտեղ ժամանակն ու տարածությունն այլևս սահմաններ չունեն. անցյալը դառնում է ներկա, իսկ ներկան՝ ապագա։ Բայց հետո ի՞նչ է մնում ներկայից։ Ոչինչ, որովհետև ներկան չկա, մեսիականությունն է մնացել։ Դաշնակցականին այն աստիճան են ծանրաբեռնել գաղափարական հագուստներով, որ փուլ է գալիս անցյալի կոստյումների ծանրության տակ՝ ապագայից ավելի շատ երկյուղելով։ Բայց նա շարունակում է մնալ ռուբենիստական ​​առավելապաշտության և ծայրահեղության մեջ, Ռուբենին բնորոշ չափազանցության նորմի սահմաններում՝ անցնելով գործողության նոր մետաֆիզիկայի, որտեղ բարձրաստիճան ղեկավարի յուրաքանչյուր փոքր ժեստը կամ շարժումը Դաշնակցականության և Հայ Դատի կառուցման կարևոր ձեռնարկ է, որը գտնվում է Երկու դաշնակների հսկողության տակ՝ առանց, սակայն, նրանց կարծիքը հաշվի առնելու։ Այսպիսով ժողովուրդների իրավունքից անցնելով տարածքային իրավունքին (1965-1972թթ.), այնուհետև փուչ ծրագրից՝ սոցիալիստական ​​ծրագրին (1972-1981թթ.), կամ, որ նույնն է՝ պաշտպանական քաղաքական ռազմավարությունից ակտիվ դիմադրության կամ զինված պայքարի ռազմավարությանը (1972/ 1975-1985), ՀՅԴ-ն առավելապաշտության և ռուբենիզմի ազդեցության ծուղակն է ընկնում:

Դաշնակցության վերածննդի վերոնշյալ պատկերը թերի կլինի, եթե ի լրումն ռուբենիզմի ներսում այս փոխակերպման, հաշվի չառնենք Ռուբենի մեթոդից հեռու մնալու ցանկությունը։ Փրկության այս ճանապարհը կամ ԽՍՀՄ-ի նկատմամբ ռեալիզմի անվան տակ կուսակցության անդամներին հանդարտացնելու ցանկությունը, հայերի համախմբումն իրենց ընդունող հասարակության մեջ, ՀՅԴ-ի ծրագրում սոցիալիզմի վերադարձը, հայկական ահաբեկչության պոռթկումը Սառը պատերազմի տարիներին՝ այլ առաջադեմ պատճառների կողքին, մի խոսքով, այս ամենը նշանավորում է Դաշնակցության քաղաքականության շրջադարձը դեպի Արևելք, ինչը ինչ-որ կերպ հավասարազոր է Ռուբենի ժառանգությունից հրաժարվելուն, որը թշնամաբար էր վերաբերում Խորհրդային Միության հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ռուբենից հեռացումը, որը ենթադրում է ՀՅԴ-ին Կուսակցության շրջանակներից դուրս բերելը՝ Դաշնակցության հետ ավելի սերտորեն վերամիավորվելու համար, կարելի է դիտարկել մի քանի դինամիկայի միջոցով: Նախ, Բյուրոյի անդամների կենտրոնացումը Բեյրութում 1963թ.-ից խախտեց մի քանի երկրների վրա կառավարման բաժանման սկզբունքը, ինչպես Ռուբենի և նրա փորձառու ղեկավարների (Օհանջանյան, Աղբալյան, Նավասարդյան և Դարբինյան) ժամանակներում էր: Կենտրոնական կոմիտեներն այսուհետ մի քիչ ավելի ազատ են շնչում Բյուրոյի անդամների Կավդինյան նվաստացուցիչ եղաններից հեռու (նույնիսկ եթե այդ հանգիստը երկար չտևի)։ Այնուհետև «Դրօշակի» վերահրատարակումը սկզբում «Ազդակ» շաբաթաթերթի հավելվածի տեսքով, այնուհետև որպես շրջանային հրատարակություններից բարձր կենտրոնական օրգան, վերացրեց ժամանակին գլխավոր թերթերի վրա /Ռուբեն Դարբինյանի «Հայրենիք» և Վահան Նավասարդյանի «Յուսաբեր»/ իշխող գրաքննիչների ռուբենիստական ​​աշխատաոճը: Սա վկայում է ՀՅԴ-ի՝ անցյալի հետ վերամիավորվելու ցանկության և «Դրօշակն» ավելի տեսանելի դարձնելու պաշտոնական ուղերձի մասին (նույնիսկ եթե այս լրացումը ցույց է տալիս, որ մեծացել է նաև Լիբանանի ազդեցությունը Դաշնակցության վրա)։ 1970-ականների բազմակարծությունը, որը շրջանառվում էր թերթի մի սյունակից մյուսը, կոտրեց 1940-ականների և 1950-ականների ռուբենիստական հաճոյակատար ​​մամուլի հանդարտացնող և անփոփոխ ուղերձը: Այսուհետ խմբագրականները, վերլուծությունները, հարցազրույցներն ու ելույթները արտահայտում են տեսակետների բազմազանությունը։ Հիշենք հռետորական բանավեճերն ավանդապաշտ Բաբկեն Փափազյանի և Հարություն Քյուրքչյանի կողմնակից ձախ երիտասարդների միջև կամ սադրիչ Էդիկ Հովհաննիսյանի և ենթարկվող Հրաչ Տասնապետյանի միջև, կամ էլ նույնիսկ այն բանավեճերը, որոնք հակադրում էին դաշնակցական երկու սյուները՝ Հրայր Մարուխյանին և Սարգիս Զեյթլյանին։ «Դրօշակի» սյունակներում տեղ գտած այս բազմակարծությունն ու հակադրությունները թույլ տվեցին տարածել այն միտքը, որ դաշնակցական մամուլը շնչում է, և որ «Դրօշակը» ոչ թե որևէ ղեկավարի, այլ Դաշնակցության օրգանն է՝ առանց նշանակված ղեկավարի։

Եվ երրորդ դինամիկան կուսակցական փորձություններում թրծված և Դաշնակցության նպատակները քաջ գիտակցող երկու տղամարդկանց խորամանկությունն է։ Ռուբենից հեռավորություն պահելու այս ձեռնարկը իսկապես հնարավոր եղավ միայն Մարուխյան-Զեյթլյան տանդեմի շնորհիվ։ Ինչպես Ռոստոմ-Զավարյան զույգը Քրիստափորի մահվանից հետո ապահովեց ՀՅԴ-ի միասնությունը՝ շարժվելով յեղափոխական շարժման ուղղությամբ, Մարուխյան-Զեյթլյան տանդեմն էլ ամրապնդում է ՀՅԴ-ի վերածնունդը՝ փորձելով վերամիավորվել Դաշնակցության հետ՝ ի վնաս Կուսակցության: Միայն նրանց՝ ընկերներ Հրայրի և Սարգիսի ուսերին է  կուսակցության միասնության և հավասարակշռության ապահովումը։ Միայն նրանք՝ ընկերներ Հրայրն ու Սարգիսն են մարմնավորում Դաշնակցության դիալեկտիկան։ Ձախերը բավարարված են Հրայր Մարուխյանի առաջադեմ, սոցիալիստական ​​և ինտերնացիոնալիստական ​​գաղափարներով։ Աջերն իրենց երջանկությունը գտնում են Սարգիս Զեյթլյանի ազգայնական ու պահպանողական գաղափարների մեջ։ Երկու ընկերները ցանկանում են պահել կուսակցության ղեկը և թույլ չտալ, որ առավելապաշտները, ինչպիսիք են Խաժակ Տեր-Գրիգորյանը, Նազարեթ Բերբերյանը կամ Բաբկեն Փափազյանը և նրա որդին՝ Վարանտ Փափազյանը, ավելի մեծ տեղ զբաղեցնեն որոշումների կայացման գործընթացում և ՀՅԴ-ի պաշտոնական ուղերձի մշակման մեջ, այնպես որ ի վերջո ձևավորվել է յուրօրինակ, բայց ներդաշնակ մի մեխանիզմ. միայն Հրայր Մարուխյանը կարող է քննադատել Սարգիս Զեյթլյանին և հակառակը, բայց վա՜յ Մարուխյան-Զեյթլյան տանդեմից դուրս գտնվող այն մեկին, ով փորձում է ապակայունացնել այդ մեխանիզմը՝ համարձակվելով հարձակվել երկուսից մեկի վրա: Անմիջապես ընկեր Հրայրը կմիջամտի ընկեր Սարգիսին պաշտպանելու համար, ում անարդարացիորեն վիրավորել էին, և հակառակը, ընկեր Սարգիսը կպաշտպանի անարդարացիորեն մեղադրված ընկեր Հրայրին: Ահա թե ինչպես է ՀՅԴ-ն գործել 1970-ականներին, և քանի դեռ այս տանդեմը հարթում էր բանավեճերը և կարգի բերում ՀՅԴ-ն, Դաշնակցության միասնությունը երաշխավորված էր։ Եվ այս ամենը հարթ ընթացավ մինչև 1981 թվականը, երբ սկսվեց Սառը պատերազմի նոր շրջադարձը Արևելք-Արևմուտք լարվածության ժամանակաշրջանով, որը դաշնակցական աշխարհում արտացոլվեց Փարիզում տեղի ունեցած XXII-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ։

Ի՞նչ նպատակ է հետապնդում միջդաշնակցական լարվածությունը։ Ո՞ւմ է այն ձեռնտու։ Դա լիովին հասկանալու համար պետք է վերադառնանք 1965-1972 թվականների ներքին ճգնաժամի ակունքներին, որն այն ժամանակ դիտորդների համար անտեսանելի էր, քանի որ եկել էր Հայ Դատի վերածննդի և աշխուժացման ժամանակաշրջանը: Նոր Դաշնակցական Կրթությունը (1963-1972թթ.), որին հաջորդեց Հայատիսդի Մշակութային Յեղափոխությունը (1972-1991թթ.) ուղղակի մոռացության մատնեցին էականը. հայերը մարդ արարածներ են, և հնարավոր չէ նրանց վերահսկել, նրանց դարձնել մեքենայացած և կարծրատիպային վարքագծով մեխանիզմի մասեր։ Որքան ՀՅԴ-ն ցանկանում էր արագացնել իր նոր հավաքական էպոսի զարգացման տեմպերը, այնքան ավելի էր փոքրանում Դաշնակցության լուսապատկերը։ Որքան շատ էր խոչընդոտների հանդիպում ՀՅԴ-ն իր ճանապարհին, այնքան ավելի արմատական էր դարձնում իր խոսույթը՝ առավելապաշտների խաղը խաղալով և այդպիսով կտրվելով իրականությունից: Այսկերպ, հայերը վարժվեցին սփյուռքի բարեկեցիկ և ապահով կյանքին, մինչդեռ Մերձավոր Արևելքը (Լիբանան, Իրան, Իսրայել-Եգիպտոս և Սիրիա) պատերազմների և հեղափոխության ծանր ժամանակաշրջան էր ապրում։

Մինչ Հայդատյան ​​Մշակութային Յեղափոխությունը հենվում է Մերձավոր Արևելքի հայերի բազմամարդ ներկայության վրա, որպեսզի նրանց վերաբնակեցնի ապագա ազատագրված թուրքական Հայաստանում, արտագաղթողների հոսանքը գնում է հակառակ ուղղությամբ․ «բոլորը՝ դեպի Լոս Անջելես և Փարիզ»: Որքան շատ է ՀՅԴ-ն խոսում ազատագրված Հայաստան հնարավոր վերադարձի մասին, այնքան հայերը լքում են Մերձավոր Արևելքի իրենց երկրները՝ Արևմուտքի ճոխ հասարակություններին հասնելու համար: Եվ ոչ ոք չի ցանկանում առերեսվել այս իրականության հետ ո՛չ ՀՅԴ-ում, ո՛չ էլ դաշնակցական միևնույն կաղապարի մեջ ձուլված, «եղող և դաղող» քաղաքականություն որդեգրած կազմակերպություններում։ Որքան ներհայկական գաղթական հոսանքներն ամրացնում են եվրոպական և ամերիկյան սփյուռքը՝ Կանադայի նման նոր գաղութներ ամրապնդելով, այնքան ավելի է խորանում կուսակցության լիբանանացումը, որովհետև արևմուտք գաղթող դաշնակցականները՝ չնայած Լիբանանում, Սիրիայում և Իրանում մնալու Բյուրոյի խիստ հրահանգներին, դառնում են դաշնակցական ավանդույթի ազդեցության փոխանցողներն ու բարոյական վարքագծի երաշխավորները: Սփյուռքի ցանկացած քաղաքականացմանը հատուկ մի երևույթ. որքան մարդն ավելի հեռու է իր ծննդավայրից, այնքան ավելի հաստատակամություն և անվտանգություն է դրսևորում և, հետևաբար, անզիջում դիրք է գրավում այն ​​ամենի նկատմամբ, որը կարող է նմանվել իր կուսակցության փոփոխություններին: Այսպիսով, շատ հաճախ դաշնակցականը, որը ծագումով Լիբանանից, Սիրիայից կամ Իրանից է, բայց այժմ հաստատված է Եվրոպայում կամ Ամերիկայում, ավելի հաստատակամ է լինում, քան նա, ով մնացել է Մերձավոր Արևելքում… Ի՞նչ է դա նշանակում Մարուխյան-Զեյթլյան զույգի համար: Պարզապես նրանց ազդեցության հիմնական լծակի ամրապնդում։

Իսկապես, Հրայր Մարուխյանը մեծացնում է իր ազդեցությունը ՀՅԴ-ում` թիրախավորելով ողջ աշխարհի երիտասարդությանը, մինչդեռ Սարգիս Զեյթլյանը ամրապնդում է հեղինակությունը` ապավինելով Լիբանանի և Սիրիայի հայերին: Այսուհանդերձ, դեպի Արևմուտք արտագաղթի շարունակական ալիքներն այսպիսով ցույց են տալիս, որ երկու առաջնորդների ազդեցության ցանցերը տարածվել են ՀՅԴ-ի տարբեր ճյուղերի կենտրոնական կոմիտեների (Ֆրանսիա, ԱՄՆ, Արգենտինա, Կանադա, Ավստրալիա) վերահսկողության համար պայքարի միջոցով: Քանի որ Լիբանանից հայերի ժամանումն ապակայունացնում է արևմտյան համայնքներում ընդունված կարգը, Դաշնակցության եվրաամերիկյան մասնաճյուղերը նույնպես ցնցված են մշակութային այս ցնցումից: Իսկ հարվածային ալիքը հակադրում է Հայդատյան​​Մշակութային Յեղափոխության կամ ավելի ճիշտ՝ արևմտյան հողի վրա կուսակցության լիբանանացման կողմնակիցներին ՀՅԴ-ի ազգային մասնաճյուղերի ինքնավարության պաշտպաններին։ Այնպես, որ Սարգիս Զեյթլյանի լիբանանամետ մոտեցումը, որ պայմանավորված է ՀՅԴ-ի համաշխարհային մասշտաբով լիբանանացմամբ, հակադրվում է Հրայր Մարուխյանի համընդհանուր մոտեցմանը, ով մերժում է ՀՅԴ-ի լիբանանացումը։ Բայց քանի որ Հրայր Մարուխյանը ապավինում է երիտասարդ դաշնակցականներին, անկախ այն երկրից, որտեղից եկել են, նա պետք է հաշտվի Լիբանանից սերող նոր սերնդի հետ՝ չխրախուսելով նրանց ստանձնել ազգային մասնաճյուղերի ղեկավարությունը եվրաամերիկյան տարածքում, այլապես նա խաղում է Սարգիս Զեյթլյանի խաղը, որը, ընդհակառակը, պետք է խաղադրույք կատարի ղեկավարների լիբանանացման վրա՝ իր հեղինակությունը հաստատելու համար։ Այլ խոսքով՝ որտեղ Հրայր Մարուխյանը ազդեցութուն ձեռք բերելու համար ապավինում է երիտասարդության լծակին, Սարգիս Զեյթլյանն ապավինում է էթնիկ լծակին՝ սեփական ուժերն ամրապնդելու համար…

Ինչ վերաբերում է եվրաամերիկյան մասնաճյուղերի ղեկավարներին, ովքեր շվարած հետևում են առաջնորդների այս վեճին, ապա նրանք ընտրություն ունեն երկու տարբերակի միջև. կա՛մ իրենք իրենց «պապից ավելի պապական» են ցույց տալիս՝ երաշխավորը լինելով այն ամենի, ինչը մնում է Հայդատական ​​Մշակութային Յեղափոխության տարածումից, միայն թե՝ խուսափելով լիբանանացման այս գործընթացից՝ նրանք նպաստում են արմատականության ամրապնդմանը ՀՅԴ-ում, կա՛մ դիմադրություն են ցույց տալիս Հայդատական ​​Մշակութային Յեղափոխությանը և ընկնում այլախոհության գիրկը՝ նախքան Դաշնակցությունից հեռացվելը («Յառաջ» շարժումը Ֆրանսիայում և անհամաձայնության շարժումը ԱՄՆ-ում): Այսպիսով, երկու կառուցվածքային երևույթների մեկտեղումը, այլ կերպ ասած՝ սփյուռքում հայության կողմից օտար մշակույթի յուրացումը և սիրիա-լիբանանյան ժողովրդագրական աճը, կշեղի Նոր Դաշնակցական Կրթությունը և Հայ Դատի Մշակութային Յեղափոխությունն իրենց սկզբնական իմաստից և կառաջացնի սրանց փլուզումն ու ձախողումը:

Այս հիասթափությունն ազդում է, ինչպես տեսանք, Մարուխյան-Զեյթլյան հավասարակշռության վրա ներքին, սոցիալական և ընտանեկան առումով, սակայն արտաքին, ռազմավարական և միջազգային հարթությունն է, որ վերջնականապես կխախտի փոխհամաձայնությունը ՀՅԴ-ի ներսում: Իրոք, 1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որին աջակցում էր ԱՄՆ-ը և նույն տարում Իրաքի կողմից Իրանի դեմ պատերազմ հայտարարելը, դարձյալ Արևմուտքի աջակցությամբ, փոխեցին իրավիճակը։ Ամերիկյան ռազմավարությունը նպատակ ունի հակակշիռ լինել Իրանի Իսլամական հեղափոխությանը և թույլ տալ Վաշինգտոնին վերականգնել վերահսկողությունը Մերձավոր Արևելքում, մինչդեռ թուրք-խորհրդային հարաբերությունները կանոնավոր զարգացում են ունեցել 1960-ական թվականներից ի վեր: Արևելքի և արևմուտքի միջև լարվածության մեծացումը, 1980-ական թվականների շրջադարձային ժամանակաշրջանում նոր իմաստ է հաղորդում ԽՍՀՄ-ի անազատ ժողովուրդների անկախության համար մղվող պայքարին և Սարգիս Զեյթլյանին ավելի մեծ հնարավորություն է տալիս մանևրելու ՀՅԴ-ի շրջանակում: Սակայն Սառը պատերազմի այս վերածնունդը նպաստեց նաև ժողովրդավարական սոցիալիզմի առաջացմանը Եվրոպայում (Ֆրանսիա, Հունաստան) և Լատինական Ամերիկայում (Արգենտինա), երեք պետություններ, որտեղ շատ սիրիա-լիբանանյան տարրեր չկան, ուստի դրանից կօգտվի սոցիալիստ Հրայր Մարուխյանը, ով 1981-1988 թվականներին ՀՅԴ-ի ղեկավարությունից թույլտվություն կորզեց առ այն, որ երեք Ընդհանուր Ժողովներն անցկացվեն Փարիզում և Աթենքում, այսկերպ դուրս գալով դաշնակցական մեծ ընտանիքի բեյրության քառամյա հանդիպումների շարքից (1959, 1963, 1967, 1977), լիբանանյան քաղաքացիական պատերազմից հեռու։

Այս բոլոր գործոնները, այսպիսով, ի մի են բերվել XXII-րդ Ընդհանուր Ժողովում, որը տեղի է ունեցել հասարակական առաջընթացի գաղափարներով ներշնչված Ֆրանսիայում: Իսկ Մարուխյանի և Զեյթլյանի միջև փոխզիջման բացակայության դեպքում շահեկան դիրքում են հայտնվում առավելապաշտները՝ Վարանդ Փափազյանը, Խաժակ Տեր-Գրիգորյանը, Նազարեթ Բերբերյանը և Էդիկ Հովհաննիսյանը: Զինված ռուբենիստական ​​ժառանգությամբ և իրենց նոր գործիքով՝ Հայդատական ​​Մշակութային Յեղափոխությամբ, նրանք միջնորդություն են առաջարկում Հրայր Մարուխյանի և Սարգիս Զեյթլյանի միջև՝ ավանդապաշտ Բաբկեն Փափազյանին դարձնելով ներքին հակամարտության իրավարար, սակայն առանց հաշվի առնելու Մարուխյան-Զեյթլյան զույգի ռեսուրսները, որոնք ազատատենչ ​​Հրաչ Տասնապետյանի հետ հրահրված հեղաշրջման արդյունքում ազատվեցին Բաբկեն Փափազյանից՝ զրկելով նրան Բյուրոյում ընտրվելու վերջին հույսից։ Միասնության վերջնական պոռթկումով Մարուխյան-Զեյթլյան զույգը մտածում է ապագայի մասին և ծագումով լիբանանցի երիտասարդ ճարտարապետ Սարգիս Սարգսյանի մեջ է տեսնում ՀՅԴ-ում աջ և ձախ հոսանքների համադրման խորհրդանիշը՝ առավելապաշտների դեմ համախմբվելու համար: Բայց դա բավարար չէ ՀՅԴ-ում հավասարակշռությունը պահպանելու համար, առավելապաշտները թաղվել են ներքին ճգնաժամի մեջ։ Խաժակ Տեր-Գրիգորյանն ընտրվում է Բյուրոյի անդամ, իսկ Բաբկեն Փափազյանը բորբոքում է վրեժը Հրայր Մարուխյանի դեմ, ով հաղթանակ տանելով XXII Ընդհանուր Ժողովում, տեսնում է, որ խնդիրները ժամանակի հետ բազմապատկվում են…

Ի՞նչ է բաց թողել ՀՅԴ-ն երկու տասնամյակ շարունակ (1981-1998) (IV)
ՀՅԴ-ն Հայաստանում. դատարկ խեցի (1998-2022) (V)
ԱՄՆ-ում ՀՅԴ-ի ճգնաժամը դաշնակցական ճգնաժամի ախտանիշն է, ոչ թե պատճառը (VI)
ՀՅԴ-ի 34-րդ համագումարը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (VII)
Ինչու՞ ավելի շատ հարձակվել ՀՅԴ-ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերադարձնել շարքերին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (Մաս I)


Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (Մաս II)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *