Ազատ բեմ

Դաշնակցությունը Պետք Է Հայերին, Բայց Հայաստանի Հանրապետությունը Նրա Ծաղրանկարի Կարիքը Չունի (Մաս IV)

Հիշյալ երկու ժամանակաշրջաններում էլ պատմությունը մոլորեցրեց ՀՅԴ-ին։ Երբ վերջինս հավատում էր, որ խորհրդային համակարգը փլուզվելու է, այն կանգուն էր, և երբ հավատում էր, որ գոյատևելու է, փլուզվեց:

Կայծ Մինասյան

Մարուխյանական և հետմարուխյանական տասնամյակները (1981-1998)

Դաշնակցությունն առանձին էկոհամակարգ է, բնականորեն կառուցված միջավայր։ Եվ ինչպես որևէ համակարգի դեպքում, կենտրոնին դիպչելիս, այն կորցնում է հավասարակշռությունը։ Նույնկերպ, 1981-1982 թվականներին, ՀՅԴ-ի ծանրության կենտրոնը կրկնակի խոցվեց. Մարուխյան-Զեյթլյան զույգի տրոհումը XXII-րդ Ընդհանուր Ժողովում և Աբո Աշչյանի առևանգումը 1982 թվականի դեկտեմբերի վերջին, շարքից հանեցին համակարգը: Սառը պատերազմի վերսկսումը և Իսրայելի «Խաղաղություն Գալիլեայում» գործողությունը Լիբանանում խաթարեցին ՀՅԴ Բյուրոյի շարքերը: Անկայունությունն անվստահություն է առաջացնում կուսակցության ներսում, և դա ձեռնտու է առավելապաշտներին, ովքեր Բաբկեն Փափազյանի՝ Դաշնակցության ղեկին մնալու անհաջող փորձից հետո, չէին սպասում, որ այդքան կընդլայնեն իրենց լսարանը, կտեղավորվեն ՀՅԴ ապարատում և կթողնեն, որ կասկած տարածվի այն ամենի նկատմամբ, ինչը տարբեր է իրենցից: 1983թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում տեղի ունեցած հարձակումն այս առումով Դաշնակցության ներքին ճգնաժամերի, բայց և առավելապաշտների չափազանցության հայելին է։ 17-ից 21 տարեկան հինգ հայ երիտասարդների զոհաբերությունից հետո, ՀՅԴ-ում «Լիսաբոն» բառն արտասանելու համար խիզախել էր պետք, քանի որ դրանից հանկարծ միտքը սառչում է՝ այն ​​աստիճան, որ նույնիսկ ամենաչնչին այլախոհները նախընտրում են իրենք իրենց մեջ ամփոփվել և փակ դռների հետևում վրդովվել Լիսաբոնի անմտածվածությունից, ոչ թե դժգոհել, որն անխուսափելիորեն ցույց կտա նրանց մեկուսացման, այնուհետև կուսակցության գծից շեղվելու և վերջապես հեռացման ճանապարհը: Միայն մի բառ՝ «Լիսաբոն», և ազատության ոգին անմիտ սխալներ է գործում՝ մարտիրոսությամբ ամեն ինչ սրբելով իր ճանապարհին… Բայց ոչ ոք պաշտոնապես դրան ուշադրություն չի դարձնում, որովհետև կուսակցական ամբարտավանությունը և նահատակության խոսույթը իրենց կատաղի ռիթմն ու հիվանդագին երաժշտականությունն են պարտադրում ֆիդայու պաշտամունքով և հեղափոխական երգերի երկար՝ ձանձրալի երգեցողությամբ դաստիարակված կուսակցականին, ով դրանք առավելապես արտասանում է՝ ինչպես մանկական բանաստեղծությունները՝ ճշգրտությամբ չվերարտադրելով…

Իրոք, 1970-ականներից, բայց առավել ևս 1981-ի շրջադարձից և ՀՅԴ-ում առավելապաշտների հաղթանակից հետո, կուսակցական մեսիականությունը պարտադրեց իր պատմությունը, իր ռիթմը, ուստի տեմպերը պետք է չթուլանան. ամեն ինչ պետք է արվի բացառիկ կարգով՝ սկսելով իրականության դեմ պայքարից, քանի որ առավելապաշտներին դուր չի գալիս շրջապատող իրականությունը։ Նրանք ցանկանում են փոխել այն, որպեսզի համապատասխանեցնեն իրենց նախագծին, իրենց պատկերացմամբ իդեալական կուսակցական հասարակությանը։ Քանի որ ՀՅԴ-ն այլևս դաշնություն չէ, այլ կուսակցություն, քանի որ առավելապաշտները պահանջում են բոլոր կուսակցականների համախմբումն իրենց հոսանքի մեջ, կուսակցական կաղապարն արդյունաբերականացվում է ամբողջ աշխարհում և բազմազանեցվում՝ առանց հաշվի առնելու ապակենտրոնացման և դաշնային ոգու հատուկ պայմանները: ՀՅԴ-ն ապրում է «գաղափարական կենտրոնամետության» ռիթմով, կանոնադրական սկզբունքով, որը ոչ այլ ինչ է, քան կտրվածություն շրջապատող իրականությունից և ապակենտրոնացման խախտում ամբողջ աշխարհի ընկերների համար, կարծես Ֆրանսիան այժմ մի քիչ դարձել է Լիբանան կամ կարծես թե ԱՄՆ-ը այսուհետ վերածվել է Սիրիայի կամ նույնիսկ, կարծես, տարածքային իրավունքը գերակայում է միջազգային իրավունքի նկատմամբ։

Առավելապաշտությունը տարածքայնության (տարածքային իրավունքի), առասպելական սոցիալիզմի և անվստահության համադրություն է այն ամենի հանդեպ, ինչը նման չէ իրեն՝ դժոխային ռիթմով և ռոմանտիկ պատմությամբ, որը լի է բռնությամբ, բայց և հերոսական արարքներով կամ հրաշքներով: Ընդ որում արդյունքը կարևոր չէ, որովհետև առավելապաշտների համար, եթե ՀՅԴ-ն վազում է Պատմության հետևից, ապա կուսակցականը վազում է ժամանակի հետևից, որպեսզի իրականությունը համապատասխանեցնի իր պատմությանը: Այս մշտական մրցավազքից ամենափոքր շեղումն անգամ խոչընդոտ է իդեալական հասարակության ի հայտ գալուն: Դանդաղելը թուլության ու կուսակցական  գործի դիտավորյալ վիժեցման նշան է։ Առավելապաշտ լինելը ուժի և մեծության նշան է, չնայած կարող է սրտի կաթված առաջացնել։ Իրականում սրտի անբավարարությունից մահն ապաշխարողին տանում է դեպի դաշնակցական դրախտ, իսկ մյուսներն արդեն Ելիսեյան դաշտերում են, որովհետև նրանք գրեթե մահացած են, քանի որ 1930-ականների ռուբենա-վահանյան ռևիզիոնիստական  շրջադարձից հետո ​​(ռևիզիոնիզմը հեղափոխական մարքսիզմի հիմունքները վերանայող գաղափարական-քաղաքական հոսանք է) «կյանքի գնով»  ՀՅԴ-ին անդամակցելը նշանակում է ինքն իրեն նվիրաբերել, հերոսների ու մահացածների սուրբ հողին ոտք դնել։

Այսպիսին է Կուսակցական մեծ գերդաստանի պատկերը, ինչպիսին, որ հանդես է եկել տասնամյակներ շարունակ՝ շատ հեռանալով Քրիստափորի Դաշնակցությունից, որի համար կյանքը միշտ պետք է հաղթի մահին, իսկ ժողովրդավարությունը՝ ամբողջատիրությանը։ Երբեք, ա՜խ, երբեք, երեկվա կուսակցականներն այնքան հեռու չգնացին, որ իրենք իրենց զոհաբերեն, ինչպես արեցին Լիսաբոնի հինգ տղաները, այն դեպքում, երբ Կայսրությունների ժամանակաշրջանում կենսապայմանները շատ ավելի սարսափելի էին, քան այսօր: Ո՛չ Օսմանյան Բանկի (1896թ.), ո՛չ Խանասորի (1897թ.), ո՛չ էլ Սասունի ապստամբության (1904թ.) և նույնիսկ 1905թ.-ին սուլթանի դեմ մահափորձի հերոսները չեն հատել Բանականության սահմանը, որպեսզի հայտնվեն հին հույների մահվան աստված Թանատոսի գրկում: Նույնիսկ ֆիդային, պատրաստ լինելով իր անձը զոհելու, կարող էր ազատություն ձեռք բերել Բյուրոյի հրահանգով։ Այդ առումով, մենք բոլորս հիշում ենք (թեպետ այդ մասին նա հպանցիկ է անդրադարձել իր «Հուշերում»), որ 1915թ.-ին Ռուբենը փախել էր Սասունից, երբ ղեկավարությունը հրամայել էր, որ անկախ ամեն ինչից, մնա Էրգրում: Սիմոն Վրացյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես Ռուբենը չկարողացավ խուսափել այն ապտակից, որ Ռոստոմը նրան հասցրեց, երբ ֆիդայի Արմեն Գարոյի ուղեկցությամբ Թբիլիսիում հանդիպեց նրան։ Վերջինս, ծագումով էրզրումցի լինելով, Ռուբենից հետաքրքրվում է Կարինում մնացած իր ընտանիքի ճակատագրով, ի պատասխան որի Ռուբենը պատասխանում է. «Վերջ, բոլորը մահացել են»։ Այնժամ Ռոստոմն ասում է նրան. «Բայց դու այստեղ ի՞նչ ես անում։ Արդյոք չպետք է՞ սասունցի ֆիդայինների հետ մնայիր, ինչ էլ որ լիներ»։ Կաշկանդված՝ Ռուբենը լռում է։ Եվ առանց հապաղելու, Ռոստոմը թափով ապտակում է նրան… Սա Սիմոն Վրացյանին կարժանացնի ռուբենիստների քննադատությանը, որոնք վրդովված էին այն նվաստացումից, որ 1918 թվականի Հանրապետության վերջին վարչապետը փորձում էր պատճառել «Ռուբեն փաշային»՝ հիշեցնելով նշյալ տեսարանը դաշնակցական «Հայրենիք Ամսագիր» հիանալի պարբերականում։

Բայց թողենք՝ Ռուբենն ուշքի գա, նա, ով ժամանակն անցկացրեց՝ ժամանակակիցներին նվաստացնելով, և վերադառնանք 1980-ականներ, այն տասնամյակը, երբ կուսակցությանը տիրացան առավելապաշտները, ովքեր օգտվելով Մարուխյան-Զեյթլյան զույգի պառակտումից՝ իսկական «մտքի ոստիկանություն» ստեղծեցին կուսակցության ազգային մասնաճյուղերում։ Այսուհանդերձ, հետմղում էլ եղավ՝ ի պատասխան ՀՅԴ-ի տենդի նոպայի։ Նրա անունը Սարգիս Սարգսյան էր, ով երիտասարդ ճարտարապետ էր՝ խելացի, կրթված, բաց, բոլորի հանդեպ ուշադիր և հայտնի իր վճռականությամբ, բայց և չափի զգացումով, առավելապաշտներից հեռու: Ծագումով Լիբանանից լինելով և սիրելով ճամփորդել՝ նա ստացել էր Սարգիս Զեյթլյանի և Հրայր Մարուխյանի անմնացորդ աջակցությունը, քանզի երկուսն էլ գիտակցում էին, որ իրենց անհամաձայնությունը կարող է ավերածություններ առաջացնել կուսակցության մեջ, եթե համակարծիք չլինեն մեկ անվան շուրջ։ Այն ժամանակ առաջ քաշվեց «Սաքո» մականվամբ Սարգիս Սարգսյանի անունը։ Նա, ով 1981 թվականին XXII-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ արժանացել էր Բաբկեն Փափազյանի կլանի՝ «Զավթիչ Սաքոյի» դեմ տածած զայրույթին, հաջողության հասավ՝ գնալով անմիջապես Սարգիս Զեյթլյանին տեսակցելու Անջարի իր տանը՝ Բեքաայում, ինչպես նաև Հրայր Մարուխյանին՝  Արևմտյան Բեյրութում և Դաշնակցության ապագա «մայրաքաղաք» Աթենքում՝ նրանց օրհնությունը ստանալու համար։ Ի վերջո, «Սաքոն» ընտրվում է բարձրացված ձեռքերի քանակով՝ պարտության մատնելով առավելապաշտ և լիբանանակենտրոն Բաբկեն Փափազյանին։

V.H. Apelian's Blog: Lest We Forget: Unger SAKO SARKISSIAN (1945-1984)

Բայց գործը վատ ընթացք է ստանում, Բաբկեն Փափազյանը ամոթանք է տալիս՝ թիրախավորելով Հրայր Մարուխյանին, ում համարում է անարդարության, վիրավորանքի մարմնացում, նրան, ով ինքն իրեն հռչակել է «նոր սերնդի ուղեցույց» և նա, ով 1963 թվականից անընդմեջ եղել է Բյուրոյի անդամ և Ընդհանուր Ժողովի պատվիրակ, և նույնիսկ դրանից շատ առաջ և Հրայր Մարուխյանից անբաժան՝ Ընդհանուր Ժողովի բոլոր լուսանկարներում, որպեսզի ավելի շատ հովանավորի նրան կամ ավելի լավ վերահսկի… Ինչևէ, Բաբկեն Փափազյանը ձախողվեց, և «Սաքո» Սարգսյանի ընտրությունը մարմնավորող սերնդային թռիչքը ցույց է տալիս, որ ժամանակները փոխվել են, և որ Բաբկենների սերունդը պետք է ջահը փոխանցի նոր սերնդին։ Միայն թե, սպասվածին հակառակ, Սարգիս Սարգսյանը մահանում է 1984 թվականին, 39 տարեկան հասակում, սրտի կաթվածից և դաշնակցական երիտասարդության կենտրոնական օրգան «Կայծերի» զինակից եղբայրներին՝ Կարո Հովհաննիսյանին, Գրիգոր Աշեկյանին, Հրաչ Սիմոնյանին, Հարութ Գալայճյանին և Հակոբ Յափուջյանին, թողնում է բոլորովին թևաթափ։ Նրանք, ովքեր ցանկանում են ՀՅԴ-ին դուրս բերել առավելապաշտների ճիրաններից, հիասթափված են։ Մարուխյան-Զեյթլյան զույգի հույսերը մարել են, երկու ընկերները սգի մեջ են, ամեն ինչ պետք է նորից սկսել, բայց արդեն ուշ է։

1985-ի մարտին, երբ Միխայիլ Գորբաչովը խորհրդային իշխանության ղեկն իր ձեռքը վերցրեց, Սարգիս Զեյթլյանին առևանգեցին Բեյրութում, ապա հայտարարություն տարածվեց, որ նա մահացել է։ ՀՅԴ-ում իսկական իրարանցում է, կրքերը շիկանում են, հոգիները խռովված են… Ո՞վ է պատասխանատու դաշնակցական առաջնորդի մահվան համար, մինչդեռ ամռանը XXIII-րդ Ընդհանուր Ժողովի անցկացման առիթով արդեն հրավերներ են արված։ Զեյթլյանի մերձավոր Փափազյանի կողմնակիցների համար պատասխանատուն արդեն հայտնի է․ Հրայր Մարուխյան։ Իրականում ամեն ինչ ավելի բարդ է. ԱՄՆ և ԽՍՀՄ մերձեցման ֆոնին Վաշինգտոնն այլևս Խորհրդային Հանրապետությունների անկախությունն իր պայքարի առաջնահերթությունը չի համարում, նոր խորհրդային իրավիճակը ստիպում է ամերիկացիներին ողջունել ազատականացման գործընթացը, որը հայտարարվել է միջուկային տերության մայրաքաղաք Մոսկվայում, և գերադասել այդ խաղաղ անցումը՝ ի վնաս իրենց օրակարգի համար երկրորդական դարձած անջատողական նպատակների։ Այդ ժամանակվանից Սարգիս Զեյթլյանի անջատողականությունն այլևս ամերիկացիներին դուր չէր գալիս, և Վաշինգտոնն իր պաշտպանիչ հովանոցը հեռացրել էր Լիբանանի դաշնակցական առաջնորդի գլխավերևից: Ճիշտ է, որ ամերիկացիները 1984 թվականին նրան առաջարկել էին ընտանիքի հետ հաստատվել ԱՄՆ-ում, բայց Սարգիս Զեյթլյանը համառ է և մտադիր է ռումբերի տակ մնալ Բեյրութում գտնվող իր ընկերների հետ։ Արդյունքն այն է, որ զրկվելով ամերիկյան հովանավորությունից, նա հեշտ թիրախ է դառնում Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ-КГБ) և Լիբանանի նրա միջնորդների համար (Սիրիա, Վալիտ Ճոմբլաթ, ԱՍԱԼԱ):

Ինչ վերաբերում է Հրայր Մարուխյանին, քանի որ նա ներկայացնում է Մոսկվայի հետ առնչակից մնացած դաշնակցականներին, ՀՅԴ-ում իրեն մեղադրողները մատնացույց են անում նրան և թաքնվում դասական դարձած հարցի հետևում. ո՞ւմ էր ձեռնտու Սարգիս Զեյթլյանի մահը: Այսպես, Աբո Աշչյանի առևանգումից (1982թ.), ՀՅԴ-ի զինված թևի գլխավորությամբ նրա իրավահաջորդի՝ Սարգիս Ազնավուրյանի մահից և 1985 թվականին Սարգիս Զեյթլյանի սպանությունից հետո, ՀՅԴ-ն ապակայունացվեց և նրա միասնությունը սասանվեց։ Եվ հակառակ նրան, ինչ մտածում են Փափազյանի և Զեյթլյանի կողմնակիցները, ազգայնական առաջնորդ Դաշնակցականի սպանությունը ոչ թե ուժեղացնում է Հրայր Մարուխյանին, այլ թուլացնում է նրան, քանի որ այսուհետ նրան քննադատողներն ընդլայնում են իրենց ազդեցությունը. Բաբկեն Փափազյանի կլանից հակամարուխյանական ճակատը տարածվում է Լիբանանի ՀՅԴ-ի վրա և երկրի սահմաններից դուրս՝ Դաշնակցության աջ թևի վրա, որոնք լավագույն դեպքում վերահսկում են նրան, վատագույն դեպքում լուռ վիժեցնում են նրա գործողությունները: Այնուամենայնիվ, Բյուրոյի Հերթապահը միամիտ չէ: Նա գիտակցում է, որ Սարգիս Զեյթլյանի մահն ապակայունացնում է իրեն և մղում առաջին պլան՝ որպես դաշնակցական ժառանգության երաշխավոր։ Ներսում նա կպաշտպանի իր շահերը՝ դրանք վստահելով զեյթլյանների առաջին շրջանակին՝ Արա Դեմիրճյան, Երվանդ Մոնոֆորյան, որոնց նա առանցքային պաշտոններ է շնորհում (Բյուրոյի աշխատակազմի ղեկավար՝ առաջինի համար) կամ ամրապնդում է նրանց հեղինակությունը (կուսակցության լիբանանյան շրջանի ղեկավար՝ երկրորդի համար):

Բաց լինելու ևս մեկ ժեստ՝ նա կոչում է շնորհում ֆրանս-լիբանանցի ազատատենչ ​​Հրաչ Տասնապետյանին՝ 1985-ին նրան տալով Սարգիս Զեյթլյանի տեղը դաշնակցական վերնախավում, Տասնապետյան-Մարուխյան նոր տանդեմի շրջանակներում՝ համաձայն հին սկզբունքի, ըստ որի Դաշնակցության մեջ մեկ ղեկավար չկա։ Բայց Հրաչ Տասնապետյանը ձախողում է, քանի որ «այդ կոստյումն» իր հագին չափազանց մեծ է: Ինչ վերաբերում է արտաքին պլանին, 1985թ. օգոստոսին Աթենքում տեղի ունեցած XXIII-րդ Ընդհանուր Ժողովն առաջարկեց զինված պայքարի սառեցման մեկամյա ժամանակաշրջան, որը ձեռք բերվեց Հրաչ Տասնապետյանի, ամերիկացիների, բայց ամենից առաջ Խորհրդային Միության ճնշման ներքո: Իսկապես, Լիսաբոնի հարձակումից ի վեր, որի ժամանակ հինգ հայ երիտասարդների զոհաբերությունը ցույց տվեց ՀՅԴ խիզախությունն ու վճռականությունը, Մոսկվան, որը մինչ այդ կասկածանքով էր վերաբերում Դաշնակցության կամքի ուժին, այժմ համոզված էր, որ այս հեղափոխական կուսակցությունն ի վիճակի է նոր առաքելություն ստանձնել Կովկասում (Ղարաբաղում)՝ կասկածի տակ չդնելով Խորհրդային Միության Կոմունիստական ​​կուսակցության (մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցությունների) կայունությունը։ Աշխարհաքաղաքական այս շրջադարձն ի հայտ է գալիս XXIII-րդ Ընդհանուր Ժողովի բանաձևերում՝ Ղարաբաղի, Նախիջևանի և Ախալքալաքի միացումը Հայկական ԽՍՀ-ին պահանջող բանաձևի տեսքով։ Բայց այս շրջադարձը, որն ընդունում են պատգամավորները, անցնում է երկու նախապայմանով՝ դադարեցնել զինված պայքարը և հրաժարվել Հայաստանի անկախությունից։

Առաջին կետով XXIII-րդ Ընդհանուր Ժողովի կողմից վավերացված մորատորիումը (պայմանավորվածություն՝ որևէ գործողությունից որոշակի ժամանակով ձեռնպահ մնալու մասին) երեք տեղում տրոհելու է ՀՅԴ-ն. առաջին պառակտումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հրաչ Տասնապետյանը ստանում է ողջ աջ թևի աջակցությունը, հավաքում է հակամարուխյանական ճակատի բոլոր ձայները և ընտրվում ավելի շատ ձայներով, քան Հերթապահը, որին չի հաջողվում ընտրել տալ նախկին ձախակողմյան, այժմ սոցիալ-դեմոկրատ դարձած Հարություն Քյուրքջյանին։ Նրան հաղթում է Հրաչ Տասնապետյանի մերձավոր վարանդական Լևոն Տեր-Մինասյանը, երկրորդ պառակտումը առավելապաշտների և Հրայր Մարուխյանի միջև է, իսկ երրորդ խզումը՝ հենց առավելապաշտների միջև: Բայց եթե Նազարեթ Բերբերյանը հակադրվում է այս մորատորիումին՝ ի աջակցություն երկու միասնական ճակատներում պայքարի (ահաբեկչությունը Թուրքիայի դեմ, պարտիզանական պատերազմը Ադրբեջանի դեմ), Խաժակ Տեր-Գրիգորյանը ընդունում է այն, քանի որ արդեն մտածում է Ղարաբաղում մոտակա առաքելության մասին, այն է՝ հայ քաղաքակրթության բնօրրանի ազատագրումը։ Երկուսին էլ շնորհակալություն կհայտնի Հրայր Մարուխյանը. առաջինը, ով դարձել է Բյուրոյի խոչընդոտող պաշտոնյան, կամրապնդվի «Դրօշակ»-ի գլխավոր խմբագրի իր պաշտոնում, որի խմբագրակազմը տեղափոխվում է Աթենք՝ դառնալով կուսակցության նոր շտաբը։ Իսկ ի՞նչ կա դրանից ավելի լավ, քան մնալ Հրայր Մարուխյանի քթի տակ, որ իրեն հսկեն… Մյուս առավելապաշտը (վեր)ընտրվելու է Բյուրոյում, և Խաժակ Տեր-Գրիգորյանն արդեն մտածում է «Ղարաբաղի» մասին, որին միացել է ըստ հանգամանքի երիտասարդ և առավելապաշտ Հրանտ Մարգարյանը, ով մի քանի ամիս առաջ փախել էր Պակիստանով Իրանից։ Աթենքում նա ղեկավարում է Դաշնակցության Մամլո դիվանը։ Ոչ մի ուրիշ բան։ Որովհետև, եթե Հրայր Մարուխյանը գնահատում է իր նվիրվածությունը կուսակցությանը, նա գիտի այս կոպիտ առավելապաշտի սահմանները, որին նույնպես պետք է անպայման հետևել:

Ինչ վերաբերում է երկրորդ կետին, ռոստոմական կամ դաշնային Հրայր Մարուխյանը խորհրդային ​​և ամերիկյան ուժգին ճնշումների է ենթարկվել կուսակցական ժողովներից դուրս, որպեսզի մեղմի ՀՅԴ անկախության խոսույթը, մինչդեռ Լիբանանում շարունակվում էին դաշնակցական ղեկավարների (բացառապես աջերի) սպանությունները։ Նա գիտի, որ պետք է հաշվի առնի այդ ճնշումները Կովկասում ՀՅԴ ներգրավման իր նոր ռազմավարության մեջ։ Եվ 1987 թվականի մայիսի 27-ին՝ 1918 թվականի Հանրապետության տարեդարձին, նա հայտարարեց, որ «պետք է փայփայել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հեռանկարը»։ Այս երկիմաստ նախադասությամբ ամեն ինչ ասված է։ Եթե ​​մի կողմից նա պահպանում է անկախության իդեալը ներկայում, մյուս կողմից դրա մասին խոսում է միայն երկարաժամկետ «հեռանկարի» տեսքով, իսկ քիչ անց ավելացնում, որ «Հայաստանի անկախությունը պետք է լինի հայ ժողովրդի պայքարի վերջին փուլը»։ Հրայր Մարուխյանը կողմ է արտահայտվել ՀՅԴ վերադարձին Խորհրդային Կովկաս՝ ի վնաս հանրապետության անկախության, սակայն հավելել է, որ չի կարող ընդունել անընդունելին. անկախությունն «արգելված պտուղ» չէ։ Վաղ թե ուշ անկախության հարցը նորից ջրի երես դուրս կգա, և հայերը կհամտեսեն այդ պտուղը, երբ հասունանա, առանց կռանալու այն վերցնելու:

1985-ին ՄԱԿ-ում և 1987-ին Եվրախորհրդարանում այս իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իր հանդարտացման ռազմավարության պտուղները քաղելիս՝ Հրայր Մարուխյանը տեսավ, որ անախորժությունների ցանկը մեծանում է. հակամարուխյանական ճակատն ընդլայնվում է Զեյնալյաններից մինչև առավելապաշտները (Բաբկեն Փափազյան, Նազարեթ Բերբերյան) և նոր ազդակ է ստանում 1988 թվականից՝ Ղարաբաղյան ընդվզման ժամանակ՝ պահանջելով վերջինիս կցումը Խորհրդային Հայաստանին։

«Լինելով ռոմանտիկ երբ կարող է և իրատեսական՝ երբ անհրաժեշտ է», այսպիսին կարող էր լինել Հրայր Մարուխյանի կարգախոսը, ով Ղարաբաղյան շարժման մեջ տեսնում է Էրգրի կանչը, բայց և դաշնակցական իրատեսոււթյան դավանանքը՝ նորից իր ձեռքը վերցնելով վերահսկողությունը։ Նա գիտի, որ ՀՅԴ վերամիավորումը Կովկասում իրեն ստիպում է հանդարտացնել կուսակցության շարքերը, քանի որ անկախությունն այլևս իր խոսույթի առանցքային բառը չէ, և որովհետև Մոսկվան միայն այս պայմանով է նրան Երևան վերադառնալու իրավունք տվել։ Մի խոսքով, ՀՅԴ-ի ԽՍՀՄ մուտքի անձնագրում «անկախություն» բառն իսկապես ջնջված է։ Իսկ Հրայր Մարուխյանի ողջ ռազմավարությունը՝ սկսած 1987-1988 թթ. ղարաբաղյան ապստամբությունից մինչև 1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզումը, նպատակ ունի խնայել Մոսկվան և նրա ղեկավարներին, մասնավորապես Գորբաչովի կողմնակից, Հայատանի Կոմունիստական Կուսակցության գլխավոր քարտուղար Սուրեն Հարությունյանին՝ Ղարաբաղի դիմադրության կազմակերպումը հեշտացնելու համար։  ՀՅԴ այս իրատեսական շրջադարձը, որը հակամարուխյանական ճակատը դիտում է որպես դաշնակցության իդեալներից հրաժարում, նոր ցնցումներ է առաջացնում ՀՅԴ-ում, այս անգամ կուսակցության ֆրանսիական և ամերիկյան շրջաններն են ապստամբում՝ վրդովված 1988-ին Աթենքում կազմակերպված XXIV-րդ Ընդհանուր Ժողովում ընդունված բանաձևերից: Եվ այնուամենայնիվ, համագումարի ժամանակ Հրանտ Մարգարյանը ֆիզիկապես սպառնացել էր ցանկացած պատվիրակի, ով կընդդիմանար Խորհրդային Հայաստան վերադառնալու այս ռազմավարությանը։ Ֆրանսիայում Անահիդե Տեր-Մինասյանը զայրացած թափահարում է Ընդհանուր Ժողովի որոշումները և դրանք որակում որպես «դավաճանություն»: Նույնն է անում նրա ամուսինը՝ Լևոն Տեր-Մինասյանը՝ Ռուբենի որդին, և Հրայր Մարուխյանին մեղադրում է բոլոր չարիքների և խոսքերի մեջ, և ի պատասխան՝ ՀՅԴ-ն վտարում է Տեր-Մինասյան զույգին, բայց կուսակցության ֆրանսիական շրջանը, որն ապաքինվել էր 1930-ականների («Մարտկոց»), ապա 1970-ականների («Յառաջ») ճգնաժամից, չի վերականգնվի այս վերջին զտումից։

Միացյալ Նահանգներում կուսակցության առաջնորդ Ժիրայր Լիպարիտյանը նույնն է անում և նույն արդյունքն է ստանում: Լևոն Տեր-Մինասյանը և Ժիրայր Լիպարիտյանը միասին անցնում են «Ղարաբաղ» կոմիտեի կողմը, այն ժամանակ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ)՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, հակամարուխյանական ճակատն այժմ ընդլայնվում է՝ ներառելով ազատատենչներին և ժողովրդավար սոցիալիստներին՝ ավելի մեկուսացնելով Հրայր Մարուխյանին դաշնակցական խաղատախտակին, որն արմատական էր դառնալու՝ իրեն շրջապատելով բացառապես նվիրյալ առավելապաշտներով՝ Խաժակ Տեր-Գրիգորյանով և Էդիկ Հովհաննիսյանով։ Ընդ որում ՀՅԴ խորհրդայնամետ մարտավարությունը նպաստեց վերջինիս գործերի կարգավորմանը։ Այդ պատճառով չէ՞, որ նա միացավ ՀՅԴ-ին՝ Դաշնակցությանը մղելով Խորհրդային Ռուսաստանի գիրկը և կանգնելով Կոնստանտին Խատիսյանի, Գարեգին Նժդեհի, Վահան Նավասարդյանի նման ամբոխահաճների շարքում։ «Հակակոմունի՞ստ էր՝ գուցե՛, հակառուսակա՞ն՝ երբե՛ք»:

Մինչ ՀՅԴ-ն իր պաշտոնական ներկայությունն է հայտարարում Խորհրդային Հայաստանում 1990-ին, և դաշնակցական առաջին ջոկատները անձնվիրաբար ծառայում են Արցախում, ՀՅԴ-ն դեռևս ապավինում է «տարածքային կամ հողի իրավունքին» և հետևաբար «միացյալ Հայաստանի» գաղափարին՝ ի վնաս «միջազգային իրավունքի» և ուրեմն «անկախ Հայաստանի»։ Եվ ոչ անհիմն։ ՀՅԴ-ն չի հավատում ԽՍՀՄ-ի անկմանը 1991 թվականին: Ո՞վ կարող էր հավատալ, որ միջուկային առաջին հզոր տերությունը փլուզվելու էր Գորբաչովի իշխանության վեց տարիների ընթացքում։ Ոչ ոք դրան չէր հավատում։ Եթե ​​1991-ին Հրայր Մարուխյանն ու իր զինակիցները դրան չէին հավատում, ապա նրա շատ հին ղեկավարությունը 1920-ականներին հաստատապես հավատում էր դրան. «Դա անխուսափելի է», – գրում էին Վրացյանները, Ջամալյանները և ուրիշներ։ ԽՍՀՄ-ը փլուզվելու էր թղթե ամրոցի նման։ Ուստի անիմաստ էր զենքի միջոցով արագացնել խորհրդային համակարգի փլուզումը, ինչպես ցանկանում էին վրացի և ուկրաինացի ազգայնականները՝ որպես բոլշևիկների դեմ անթաքույց պատերազմի կողմնակիցներ: Հիշյալ երկու ժամանակաշրջաններում էլ պատմությունը մոլորեցրեց ՀՅԴ-ին։ Երբ վերջինս հավատում էր, որ խորհրդային համակարգը փլուզվելու է, այն կանգուն էր, և երբ հավատում էր, որ գոյատևելու է, փլուզվեց: Համոզված լինելով ԽՍՀՄ երկարակեցության մեջ՝ Հրայր Մարուխյանը, ով ավելի ու ավելի էր խորհրդանշում ՀՅԴ-ն, 1991թ․ Միության համաձայնագրում (Ինքնիշխան Հանրապետությունների Միություն (ԻՀՄ) ստեղծման մասին համաձայնագիր) բացահայտեց ՀՀՇ-ից հեռու մնալու հնարավորությունը, քանի որ պետք էր շարժվել «տարածքային կամ հողի իրավունքի» գերակայության և Ղարաբաղի ազատագրման ուղղությամբ, որովհետև «միջազգային իրավունքը» կամ Հայաստանի անկախությունը դարձել էին երկրորդական նպատակ։

1991 թվականը բեկումնային տարի էր ընդհանրապես հայության և հատկապես ՀՅԴ-ի համար։ Դաշնակցությունը երկու գործ է ավարտում՝ Սոցինտերնին (Սոցիալիստական ինտերնացիոնալ՝ սոցիալ-դեմոկրատական կամ ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների միջազգային միավորում) աստիճանական անդամակցումը և Լիբանանում պատերազմի ավարտը, որի ընթացքում ՀՅԴ-ն չմասնակցեց մարտերին՝ հանուն «դրական չեզոքության» խորհրդային-արաբական սկզբունքի, անկասկած, Դաշնակցության ամենահամարձակ և հաջողված դիրքորոշումն էր ժամանակակից սփյուռքի ողջ պատմության մեջ։ Ավելին, Թաիֆի համաձայնագիրը վերջ դրեց լիբանանյան քաղաքացիական պատերազմին, որի արդյունքում Լիբանանն անցավ Սաուդյան Արաբիայի խնամակալության տակ՝ պայքարելով Իրանի դեմ, որը հենվում է հզոր Հեզբոլլահ շարժման վրա, բոլոր բանակցողները՝ լինեն լիբանանցի, արաբ, թե օտարերկրացի, ողջունում են Լիբանանի հայերի, մասնավորապես ՀՅԴ համարժեք, պատասխանատու և կայուն դիրքորոշումը…

Միջազգային այս հաղթանակներից ոգևորված՝ ՀՅԴ-ն գաղտնի թափանցում է Ղարաբաղ՝ զինված աշխարհազորայինի կերպարանքով և ինքնապաշտպանության կազմակերպումը վստահում առավելապաշտներ Հրանտ Մարգարյանին և Վահան Հովհաննիսյանին, իսկ երկու այլ փոքր-ինչ տարեց առավելապաշտներ՝ Խաժակ Տեր-Գրիգորյանը և Էդիկ Հովհաննիսյանը ստանձնում են հետխորհրդային Հայաստանում ՀՅԴ-ի վերականգնման գործը։ Առաջինը դառնում է Բյուրոյի ներկայացուցիչը Երևանում, երկրորդը՝ ՀՅԴ-ի շրջիկ «գործիչը» Մոսկվայի և Երևանի միջև։

Պատմությունն արագ տեմպերով առաջ է ընթանում, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը և պատմության մեջ առաջին անգամ համընդհանուր ընտրությամբ նախագահ է ընտրում՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, որը նախքան քվեարկությունն արդեն ընտրված էր: ՀՅԴ-ն Սոս Սարգսյանի և Վահան Հովհաննիսյանի՝ համապատասխանաբար նախագահի և փոխնախագահի թեկնածուներով, հազիվ 4 տոկոսի շեմն անցավ։ Երկրաշա՞րժ տեղի ունեցավ կուսակցությունում։ Արտակարգ Ընդհանուր Ժողով գումարվե՞ց։ Ամենևին, առավելապաշտները, սակայն, խաբեցին ՀՅԴ անդամներին՝ պնդելով, որ Սոս Սարգսյանը հաղթելու է առաջին փուլում։ Եվ նրանք սկսում են նախ ստել իրենց անմիջական ղեկավարությանը և գլխավորապես Հրայր Մարուխյանին, ով վստահելով իր «միսի դոմինիսիին» (Տիրոջ դեսպանորդներին) կամ 1930-1940-ական թվականների «Ռուբեն-Վահան» հին զույգին փոխարինող «Խաժակ-Էդիկ-Հրանտ-Վահան» մեկնոցների քառյակին, չցանկացավ տեսնել էականը. եթե ՀՅԴ-ին հաջողվեց զենքով վերահաստատվել Ղարաբաղում, ապա Հայաստանում այդպիսի «պատվաստումն» անհնար է: Լավագույն դեպքում Դաշնակցության շարքերի վերականգնումը երկար կտևի, վատագույն դեպքում այն երբեք տեղի չի ունենա…

Սակայն, ՀՅԴ խոշոր հաղթանակը Ղարաբաղի առաջին օրենսդրական ընտրություններում 1991 թվականի վերջին և ԱՄՆ Կոնգրեսում 1992 թվականին Ադրբեջանին ամերիկյան օգնության դեմ ուղղված 907 բանաձևի ընդունումը սքողեցին Դաշնակցության տապալումը Հայաստանում: Եվ ամեն ինչ հուշում էր, որ ուժերի հավասարակշռման գիտակ Հրայր Մարուխյանը կփոխի մարտավարությունը՝ նախաձեռնելով իշխանամետ շրջադարձ Հայաստանում։ Դա արվեց 1992 թվականի մարտին՝ հանդիպելով Հայաստանի առաջին նախագահի հետ և ընդունելով, որ ՀՅԴ-ն մասնակցում է Հայկական Հիմնադրամի ստեղծմանը, որը սփյուռքից Հայաստանի համար դրամական նվիրատվությունները համախմբող մարդասիրական հասարակական կազմակերպություն պիտի լինի: Բայց այս գործողությունները, որքան էլ որ խորհրդանշական թվան, չեն արտացոլում ՀՅԴ-ի ղեկավարի և նրան խանգարող առավելապաշտների միջև պառակտումը: Ընդամենը կարճ դադար է առավելապաշտների հրահանգով Հայաստանում դաշնակցական մասնաճյուղի ստեղծման գործում։

Եվ այնուամենայնիվ, ճգնաժամը կա, և դժգոհությունը հասունանում է կուսակցության շարքերում, քանի որ բոլորը հիշում են Հրայր Մարուխյանի ճնշումները Հայաստանի երիտասարդ իշխանության վրա կամ դաշնակցական մամուլի համակարգված հարձակումները Ղարաբաղի շահերը դավաճանելու մեջ մեղադրվող Հայաստանի ղեկավարության դեմ։ Բացի այդ, XXV-րդ Ընդհանուր Ժողովից մի քանի շաբաթ առաջ, որի նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել էին Երևանում, 1992 թվականի ապրիլին Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունը և նույն տարիների ամռանը Շահումյանում և Մարտակերտում հայկական ռազմական պարտություններն ապակայունացնում են իրավիճակը։ Տեր-Պետրոսյանի թուլակամ վարչակարգը որոշում է կայացնում հանրապետությունում պետական ​​հեղաշրջում հրահրելու մեջ մեղադրվող Հրայր Մարուխյանին Հայաստանից հեռացնելու մասին։ Վախով համակված նախագահի ամբողջովին անհեթեթ և պարանոյիկ զառանցանք… Բայց ՀՅԴ շարքերում, որն իր առաջնորդի արտաքսման նույն երեկոյան գումարում է Ընդհանուր Ժողովի երդմնակալության պատմական նիստը Երևանում, Հրայր Մարուխյանի և առավելապաշտների պառակտման պահն էր..․ Վերջիններս նրան խնդրում են մնալ Հայաստանում, քանի որ ցանկանում են նրան օգնել թաքուն տեղափոխվելու շրջափակված Ղարաբաղ։ Բայց, թեև հուսահատված, Հրայր Մարուխյանը չկորցրեց իր խելամտությունը և, գիտակցելով, որ այս վարկածը Հայաստանին ստիպում է քաղաքացիական պատերազմի վտանգի առջև կանգնել Բաքվի դեմ հակամարտության պայմաններում, մերժեց վրդովված առավելապաշտների այս արկածախնդիր առաջարկը և աքսորի ճանապարհը բռնեց….

Նա կարեկցանք է ակնկալում 1992 թվականի հոկտեմբերին ֆրանսիական Տուր քաղաքում շտապ հավաքված իր ընկերներից՝ որպես XXV-րդ Ընդհանուր Ժողովի շարունակություն։ Բայց մահացու հարված է ստանալու։ Նա կորցնում է Ընդհանուր Ժողովի նկատմամբ վերահսկողությունը։ Անկախ պետականության ամրապնդման  ժամանակն է, և ՀՅԴ առավելապաշտությունը նվաստացման, կարելի է ասել՝ վտարման ենթարկեց ՀՅԴ Հերթապահին 1992 թվականի հունիսի 29-ին Հայաստանի անկախության խորհրդանիշը հանդիսացող այդ կազմակերպությունից։ Նա գիտի, որ Ընդհանուր Ժողովի մեծամասնությունը դեմ է իրեն և հուսահատ սպասում է Մոսկվայում գտնվող ութ առավելապաշտների, մասնավորապես՝ Հրանտ Մարգարյանի, Խաժակ Տեր-Գրիգորյանի ժամանմանը, որպեսզի հավասարակշռություն ստեղծվի և բանավեճերի ժամանակ ավելի հաշտարար երևա։ Բայց առավելապաշտները չեն գա… Հրայր Մարուխյանը ապշած է. նոր Բյուրոյի ընտրությունը տեղի է ունենում առանց նրա, նա չի ընտրվում առաջին փուլում, այլ միայն երկրորդում։ Նոր ղեկավարությունն ունի 13 անդամ՝ շատ հեռու լինելով 5 անդամից բաղկացած ղեկավարությունից (1988-1992 թթ.), և ծայրահեղ նվաստացումներից խուսափելու համար նոր ղեկավարները՝ չորսը Լիբանանում, մեկը Հունաստանում, վեցը՝ Հայաստանում, մեկը՝ Իրանում և մեկը Կանադայում՝ նրան թողնելով «Բյուրոյի Հերթապահ» տիտղոսը, այսուհանդերձ ստիպում են նրան հավանություն տալ Ընդհանուր Ժողովի կողմից ընդունված Լևոն Տեր-Պետրոսյանին ձեռք մեկնելու ռազմավարությանը, որին նա գրեթե չի հավատում: Մի խոսքով, գործն անում է, ինչպես ասում են, բայց առանց համոզմունքի ու կրքի։

Այս Ընդհանուր Ժողովը հետմարուխյանական անցման համագումար է, և դա նա ճիշտ հասկացավ: Մեկուսացված, լուռ, հարվածներից կապտուկներ վաստակած՝ նա ծնկեց, բայց չհանձնվեց։ Նա շատ մտածեց։ Շատ մտորեց այն ​​փորձության մասին, որի միջով հենց նոր էր անցել, և մտավոր մարզանքի մեջ, որի ձևը գիտեր, նա վերանայում էր իր կյանքի վերջին տարիների կինոժապավենը, որպեսզի ավելի լավ հասկանա այն մղձավանջը, որը հետապնդում էր իրեն օր ու գիշեր իր վտարումից հետո: Նրա գաղափարախոսության հենքը դաշնակցական երկու նախկին առաջնորդներից Հովհաննես Քաջազնունու և Խոսրով Թութունջյանի հայեցակարգերն են, որոնք հայտնի են իրենց ռեալիզմով և խիստ քննադատաբար են վերաբերում առավելապաշտներին: Հզորացած այս հիշատակումներով, որոնք այժմ նրան ապրեցնում են, Հրայր Մարուխյանը վերջնականապես կապերը խզում է առավելապաշտների հետ: Նա հեռանում է բոլոր նրանցից, ում օգնել է բարձրանալ, հովանավորել է, և նրանցից, ում պաշտպանել է տարիներ շարունակ: Նա Երրորդ աշխարհի կողմնորոշում ունեցող մարդուց վերածվում է համաշխարհայնացման կողմնորոշում ունեցող մարդու՝ թողնելով հաստատութենականը Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ կազմակերպականը՝ ՀՅԴ մասնատված, պառակտված ղեկավարությանը: Բայց «սա Մեկ տեղ է Երկու մարդու համար», ուրեմն մեկն ավելորդ է. այս դասը Մարուխյանը պետք է հնազանդորեն քաղեր հայացքների բախումից, որը տեղի էր ունենում մինչև ԽՍՀՄ փլուզումը, մի կողմից՝ համաշխարհային տերությունների (սովետներ, ամերիկացիներ, արաբներ, եվրոպացիներ) խոսակիցը հանդիսացող Հրայր Մարուխյանի և, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, որպես աշխարհի կարգով ապրող մի պետության ղեկավար, որը դարձել էր այս աշխարհի հզորների նոր խոսակիցը… Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց…

ՀՅԴ-ում սկսվել է հետմարուխյանականությունը, տարբեր խմբակցությունները կարող են իրար բզկտել։ Այսուհետ Հրայր Մարուխյանն այլևս միջնորդ չէ մի կողմից՝ չափավորականների, ովքեր որոշել են ՀՅԴ-ն ներգրավել պետության մեջ՝ այն դարձնելով կառավարական կուսակցություն, և մյուս կողմից՝ առավելապաշտների միջև, ովքեր հրաժարվում են ՀՅԴ-ն ներգրավել պետության մեջ, քանի որ դաշնակցական գաղափարախոսությունը բարձր է հաստատություններից և պետք է մնա պետությունից վեր կանգնած կուսակցության շարժիչ ուժը։ Ավելի քիչ զբաղվելով կուսակցական գործերով՝ իշխանությունների հետ երկխոսության ընթացքում Հրայր Մարուխյանն անում է ամեն անհրաժեշտը՝ Դաշնակցության ուղերձը փոխանցելու համար։ Բայց առավելապաշտները հենց այնպես չեն հնազանդվել, պարզապես կորցրել են Հերթապահի պաշտպանությունը, որը փորձում է լեզու գտնել չափավորականների հետ։ Բայց նրա համար եկել է ՀՅԴ-ն հզորացնելու ժամանակը, ի վերջո, Բյուրոյի ներսում նոր մեծամասնությունը պետք է համոզի արդիականացնել քաղաքական գիծը, ինչը նա անկեղծորեն չի պաշտպանում։ Ղարաբաղում ռազմական հաղթանակի ժամանակաշրջանն է. Հայաստանը հաղթել է և այժմ կարող է բուժել վերքերը և մտածել ապագայի մասին՝ սգից ու պատերազմից հեռու։

Երիտասարդ Հայաստանի տնտեսության վերականգնումն առաջնահերթ նպատակ է։ Բայց առավելապաշտները, համոզված լինելով, որ 1994 թվականի ռազմական հաղթանակը «տարածքային կամ հողի իրավունքի» գերակայությունն է «միջազգային իրավունքի» նկատմամբ, շարունակում են հակադաշնակցության և Ղարաբաղի հարցից հրաժարվելու մեջ մեղադրվող Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմը նսեմացնել։ Սակայն նոր անակնկալ. 1994թ. հուլիսի 17-ին, զինադադարի ստորագրումից մի քանի ամիս անց, Հրայր Մարուխյանը ուշագնաց եղավ Աթենքի արվարձանում գտնվող Վարկիզայի լողափում։ Ընկղմվելով խորը կոմայի մեջ՝ նա չի ապաքինվի և կմահանա 1998թ. դեկտեմբերի 21-ին՝ Աթենքի իր տանը, ավելի քան չորս տարի անկողնում գամված մնալուց հետո՝ ծննդյան 70-ամյակից երկու օր անց: Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ Երևանում, քանի որ ժամանակներն արդեն փոխվել էին։ 1998 թվականի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ նրա իրավահաջորդ Ռոբերտ Քոչարյանն սկսեց համագործակցել ՀՅԴ-ի հետ: Բայց եկեք վերադառնանք մի քանի տարի առաջ՝ 1994-1995 թթ.։ Եթե նույնիսկ Հրայր Մարուխյանի մահվան հանգամանքները մնում են անհասկանալի, ՀՅԴ-ն արագ հետաքննությունից հետո եզրակացրեց 1995 թվականին Լիբանանում տեղի ունեցած XXVI-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, որ այդ վիճակում հնարավոր չէր նրա մահվան պատճառ համարել այլ բան, քան ուղեղի կաթվածը։ Ինչ էլ որ լինի, կասկածը մնում է, իսկ ՀՅԴ-ն որբ է: Նա երբեք չի ամոքվի այս գրավիչ և պայծառամիտ, մարգարեական և խարիզմատիկ ղեկավարի՝ «իսկական առաջնորդի» կորստից, ով ուներ ուժերի հավասարակշռության բնածին զգացողություն, բայց ով բավականաչափ զգուշավոր չէր առավելապաշտներից, ովքեր իրենց ժամանակը ծախսում էին նրան հաճոյանալու համար, և իրականությունը տեսնում էին այնպես, ինչպես ուզում էին, և ոչ այնպես, ինչպես կար:

Հրայր Մարուխյանի մահը դեմ առ դեմ է հանում կուսակցության տարբեր թևերին, որոնք կպատառոտեն միմյանց։ Եթե Հրաչ Տասնապետյանը հաջորդի նրան Հերթապահի պաշտոնում, ապա Դաշնակցության քաղաքական ներկայացուցիչը ժամանակավորապես դառնում է առավելապաշտ Վահան Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է Հրանտ Մարգարյանին, ապա նա համատեղում է Հայաստանի դաշնակցական մասնաճյուղի ղեկավարի և Հայաստանում ՀՅԴ-ի ռազմական գործերով հանձնակատարի պաշտոնները։ Մեկ տարվա ընթացքում՝ 1994 թվականի հուլիսից մինչև 1995 թվականի հուլիսը, առավելապաշտները կգլխատվեն, իսկ ՀՅԴ-ն ամբողջովին կապակայունանա։ Երևանի քաղաքապետ Համբարձում Գալուստյանի սպանության հաջորդ օրը՝ 1994 թվականի դեկտեմբերի 8-ին, իշխանությունները վերացնում են ՀՅԴ-ի հետ առնչակից «Դրո» ահաբեկչական և հանցավոր ցանցը։ Ըստ նախնական հետաքննության՝ Հրանտ Մարգարյանը ենթադրյալ մեղավոր է։ Նա ձերբակալվում է, իսկ ՀՅԴ-ն արգելվում է Հայաստանում իր պաշտոնական ներկայությունը Հայրենիքում հայտարարելուց չորս տարի անց։ Վեց ամիս անց՝ 1995 թվականի հուլիսին, հերթը հասավ նրա «ալտեր էգոյին» (մյուս ԵՍ-ին)՝ Վահան Հովհաննիսյանին, որը ձերբակալվեց պետական ռեժիմի դեմ հեղաշրջում հրահրելու մեջ մեղադրվող մոտ երեսուն անձանց հետ։ Շուրջկալը տեղի է ունենում Դաշնակցության լիբանանյան կենտրոնում, XXVI-րդ Ընդհանուր Ժողովից մի քանի ամիս առաջ, որն արգելքի մասին որոշում է կայացնում:

Զրկվելով Հրայր Մարուխյանի աջակցությունից և ազատվելով առավելապաշտ առաջնորդներից, որոնք տանջվում են բանտում՝ սպասելով իրենց դատին (Հրանտ Մարգարյան և Վահան Հովհաննիսյան), պատգամավորները գիտակցում են, որ այժմ պետք էր կենտրոնանալ Տեր-Պետրոսյանի վարչակարգին դիմակայելու հնարավորության վրա։ Կուսակցականները, ընդդիմանալով ՀՀՇ-ի ձեռքում գտնվող «Հանրապետություն» ​​դաշինքի կառավարության հակադաշնակցական քաղաքականությանը, զգուշանում են Հայաստանի իշխանությունների հետ փոխզիջման պատրաստ ամենաչափավորական դաշնակցական ղեկավարներից։  XXVI-րդ Ընդհանուր Ժողովից հաղթանակած ելած նոր ղեկավարությունը որոշակի առումով Լևոնին հարմարվող է, բայց չունի մեծ ընտրություն, քանի որ խուսանավելու հնարավորությունը սահմանափակ է: Այն պետք է հավատարմություն ցուցաբերի ընդդիմության ռազմավարությանը և Երևանի հետ բանակցի Հայաստանում Դաշնակցության արգելքի վերացման շուրջ՝ Հանրապետության իրավական և հաստատութենական խաղի մեջ ներգրավվելու դիմաց։ Բյուրոն նորացվել է 70%-ով, հեռացած 13 անդամներից միայն 4-ն են վերընտրվել, «երկրաշարժ» է ՀՅԴ-ում։ Այդ անդամներն են՝ «Հերթապահ» Բենո Թոնդյանը (Լիբանան), Աբո Պողիկյանը (ԱՄՆ-Հայաստան), Մասիս Բաղդասարյանը (Հայաստան), Վիգեն Հովսեփյանը (Կանադա)։

Սկսվում է նոր դարաշրջան՝ Հայաստանում Դաշնակցության կարգավորման որոնման ժամանակաշրջանը, և գործընթացը կրկին բախվում է Պատմության ռիթմի արագացմանը. այն պահին, երբ ի հայտ են գալիս ՀՅԴ հեղինակության վերականգնման առաջին նշանները, Լևոն Տեր-Պետրոսյանը կորցնում է հեղինակությունը Հանրապետությունում, Ելցինը շուտափույթ հրաժարական է տալիս Մոսկվայում, Բյուրոն՝ մեղադրվելով ռեժիմի հետ չափազանց հաշտարար լինելու մեջ, իր հերթին կորցնում է վստահությունը կուսակցության շարքերում: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս 1998 թվականի փետրվարի 3-ին: Կառավարության անդամների մեծամասնությունը, որոնց մեջ են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը, երես է թեքում նրանից և մերժում է Ադրբեջանի հետ նրա խաղաղ փոխզիջման ծրագիրը: Նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը բանտից ազատ է արձակում Հրանտ Մարգարյանին և Վահան Հովհաննիսյանին, առանց ներում շնորհելու․ հիմնականում այսպիսին է խորհրդային արդարադատությունը։ Խնդիրները սկսվում են Լևոնին հարմարվող Բյուրոյի համար. «Օգնությու՜ն, առավելապաշտները վերադառնում են…»

ՀՅԴ-ն Հայաստանում. դատարկ խեցի (1998-2022) (V)
ԱՄՆ-ում ՀՅԴ-ի ճգնաժամը դաշնակցական ճգնաժամի ախտանիշն է, ոչ թե պատճառը (VI)
ՀՅԴ-ի 34-րդ համագումարը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (VII)
Ինչու՞ ավելի շատ հարձակվել ՀՅԴ-ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերադարձնել շարքերին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (Մաս I)


Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (Մաս II)


Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1981) (Մաս III)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *