Մաս 43
Ակնհայտ դարձավ, որ ոչ նախագահը, ոչ Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում քննարկումների պատրաստակամություն չունի: Համենայն դեպս, այդ մասին որեւէ հրապարակային տեսակետ այդպես էլ չհրապարակվեց:
Վահրամ Աթանեսյան
Չափազանց արտառոց էր, որ զինադադարի հաստատումից հետո Արայիկ Հարությունյանը պատերազմի պատճառների, ընթացքի, ստեղծված արտակարգ իրավիճակի մասին հրապարակային որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ: Չգումարվեց նաեւ Ազգային ժողովի նիստ: Առհասարակ այնպիսի տպավորություն էր, կարծես մարտական գործողությունների պատճառով խաղաղ բնակչությունը հեռացել էր, Ռուսաստանի զորախմբի աջակցությամբ վերադառնում է, եւ ամեն ինչ կվերադառնա նախկին հուն:
Քաղաքական շրջանակներում, սակայն, այն գաղափարն էր շրջանառվել, որ Արայիկ Հարությունյանը «չի տիրապետում իրավիճակին, ճգնաժամային իրավիճակը պահանջում է ունենալ խիստ կենտրոնացված կառավարում»: Հանրային ընկալմամբ՝ խոսքը վերաբերում էր առաջին պատերազմի օրինակով Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելուն: Թե ինչու՞ նման կառույց ստեղծելու եւ «ռազմական դիկտատուրա» հաստատելու ծրագիր չէր առաջադրվել պատերազմի հենց առաջին օրերին՝ մնում է անհասկանալի:
Զինադադարի հաջորդ օրը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Երեւանում հայտարարեց, որ հրաժարվում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ Արցախի հերոսի բարձրագույն կոչումից: Ստեփանակերտում ամենատարածված խոսակցությունն այն մասին էր, որ Բաբայանը «կազմակերպել է Ջեբրայիլի վերագրավման ռազմագործողությունը, որ ավարտվել է ՊԲ լավագույն զորամասերից մեկի կատարյալ անհաջողությամբ»:
Իրականում ի՞նչ է ծրագրվել 2020 թվականի հոկտեմբերի 7‑ին եւ ինչու՞ ՊԲ նշված զորամասի զրահատեխնիկան նշանկաված վայր չի հասել՝ առայսօր բացահայտված չէ: Կենցաղային մակարդակում դեռեւս խոսում են, որ զորամասի «հրամանատարը կրակել է ոտքին, վճռական պահին սանիտարական մեքենայով լքել մարտադաշտը»:
Նոյեմբերի երկրորդ եւ երրորդ տասնօրյակները չափազանց ծանր էին. հակառակորդի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում փրկարար ծառայությունն իրականացնում էր զոհվածների աճյունների որոնում եւ տարհանում: Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության դիարանի մոտ հարյուրավոր մարդիկ օրերով սպասում էին զոհված հարազատների աճյուններն ստանալուն:
Ստեփանակերտում, Արցախի բոլոր բնակավայրերում ամեն օր կատարվում էին հուղարկավորության արարողություններ: Հոգեբանական այդ փորձությունը հաղթահարելու համար իշխանությունները ձգտում էին ամենուր ներկա գտնվել, սփոփել, բարոյապես եւ այլ միջոցներով աջակցել հարազատին կորցրած ընտանիքներին:
Այդ իրավիճակին որոշակի դրական ազդակ հաղորդեց պաշտոնական տեղեկատվությունը, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մուրադովը նախագահական նստավայրում հանդիպել է Արայիկ Հարությունյանին: Այդ հանդիպման մանրամասնությունները հայտնի չեն, բայց փաստը քաղաքական առումով կարեւոր էր:
Հանրային որոշակի շրջանակներ, սակայն, շտապեցին ռուս խաղաղապահների հետ շփման իրենց կապերը հաստատել: Իշխանությունը, ցավոք, իր բարձրության վրա չգտնվեց, չպահպանեց խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ կապի այն ձեւաչափը, որ գեներալ Մուրադովն էր սահմանել:
Ըստ երեւույթին, քաղաքական պատասխանատվությունից խուսափելու մի ձեւ էր, երբ Արայիկ Հարությունյանը խաղաղապահների հետ կապի կոորդինացիան վերապահեց Անվտանգության խորհրդի քարտուղար վերանշանակված Վիտալի Բալասանյանին:
Ակնհայտ դարձավ, որ ոչ նախագահը, ոչ Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում քննարկումների պատրաստակամություն չունի: Համենայն դեպս, այդ մասին որեւէ հրապարակային տեսակետ այդպես էլ չհրապարակվեց:
Իսկ այն, ինչ ոչ հրապարակային է, մշտապես կասկածամտության տեղիք է տալիս: Արդեն 2020 թվականի տարեվերջին քաղաքական եւ հանրային որոշակի շրջանակներից տեղեկություններ տարածվեցին, որ «Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը գաղտնի հանդիպումներ են ունենում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ»:
Զինադադարին հաջորդած առաջին ամիսների ամենակարեւոր իրադարձությունը Շուշի Իլհամ Ալիեւի առաջին այցն էր, որ տեղի ունեցավ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ նրա եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից երեք օր անց՝ 2021 թվականի հունվարի 15-ին: Ըստ պաշտոնապես չհերքված տեղեկությունների՝ Ալիեւը Շուշի մուտք է գործել Կարմիր շուկա-Ստեփանակերտ երթուղով, եւ նրա շարասյան անվտանգությունն ապահովել են նաեւ ԼՂՀ ԱԱԾ աշխատակիցները: Մինչ այդ համառ լուրեր էին տարածվել, որ Ադրբեջանը «պահանջում է հանձնել Կարմիր շուկա ավանը եւ ավտոճանապարհի հսկողությունը»: Որքանո՞վ են հավաստի այդ խոսակցությունները՝ երեւի այդպես էլ կմնա գաղտնիք:
(Շարունակելի)
