Միջազգային

Մոսկվան «Պահանջում Է Զսպել Կիեւին»

Ռուսաստանը չէր կարող թաքցնել, որ իր առնվազն չորս օդանավակայան ենթարկվել է դրոնային հարձակման, ինչի հետեւանքով ռազմավարական ավիացիայի մոտ չորս տասնյակ միավոր կամ ամբողջովին ոչնչացվել է, կամ հիմնովին վնասվել: Փաստերն, ինչպես ասում են՝ համառ են, առկա են արբանյակային հստակ լուսանկարներ:

Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանի Ռազմա-տիեզերական ուժերի մի քանի օդանավակայանների դեմ հունիսի 1-ին ուկրաինական հատուկ ծառայությունների իրականացրած «Սարդոստայն» գործողությունից ավելի քան տասը օր անց պաշտոնական Մոսկվան առաջին անգամ հաստատել է, որ կորուստներ է ունեցել:

Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, սակայն, հավաստիացրել է, որ երկրի «միջուկային զսպան ներուժը չի տուժել»: «Միացյալ Նահանգներին կամ ցանկացած այլ հավանական հակառակորդի միջուկային զսպման մեր ներուժն այդ հարձակումների հետեւանքով էական վնաս չի կրել, Կիեւն այդ հարձակման ծավալը եւ հետեւանքները գիտակցաբար ուռճացնում է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը:

Նա նաեւ հավաստիացրել է, որ «վնասված տեխնիկան վերականգնման ենթակա է եւ անպայման կվերականգնվի»: Ռյաբկովը միաժամանակ ասել է, որ վնասված ոչ բոլոր միջոցներն են մտնում միջուկային զսպան համակարգի մեջ: Նման դեպքերի համար լրագրողական հայտնի բնորոշում կա. «Այդ հերքումն ավելի շատ հաստատում է առկա տեղեկությունը»:

Արդի աշխարհում, երբ հակառակորդ կամ մրցակից երկրները միմյանց հետեւում են արբանյակային հետախուզության գերկատարելագործված միջոցներով, Ռուսաստանը չէր կարող թաքցնել, որ իր առնվազն չորս օդանավակայան ենթարկվել է դրոնային հարձակման, ինչի հետեւանքով ռազմավարական ավիացիայի մոտ չորս տասնյակ միավոր կամ ամբողջովին ոչնչացվել է, կամ հիմնովին վնասվել: Փաստերն, ինչպես ասում են՝ համառ են, առկա են արբանյակային հստակ լուսանկարներ:

Ռուսաստանն ուկրաինական հատուկ ծառայությունների իրականացրած հարձակման հովանավոր են հայտարարել Մեծ Բրիտանիային: ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության մեկնաբանը բաց տեքստով գրել է, որ Լոնդոնը «պետք է պատրաստ լինի, որ պատասխան հարված կստանա»: Կատարվածն, իրոք, Ռուսաստանի համար գրեթե էքզիստենցիալ նշանակություն ունի:

Ուկրաինական դրոնային հարձակման հետեւանքով շարքից դուրս են եկել այնպիսի ինքնաթիռներ, որ նախատեսված են միջուկային մարտագլխիկներով հրթիռներ արձակելու համար: Ընդ որում, այդ ինքնաթիռները կարող են հրթիռ արձակել՝ չմտնելով հակառակորդի օդային տարածք՝ գտնվելով ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա: Նման տեխնիկայի տասնյակ միավորների կորուստ ունենալ՝ նշանակում է ռազմավարական առումով թուլանալ, զրկվել ՆԱՏՕ-ի տարածքում տակտիկական միջուկային զենք կիրառելու հնարավորության մի զգալի մասից:

Ռուսաստանի այդ անհանգստությունը լիովին հասկանալի է դառնում փոխարտգործնախար Ռյաբկովի այն հայտարարությունից, որ Մոսկվան հիասթափված Կիեւին զսպելու մասին պահանջին Վաշինգտոնի եւ Լոնդոնի արձագանքի բացակայությունից: Ասվածից հասկացվում է, որ ուկրաինական հարձակումից հետո Ռուսաստանը դիմել է Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային, որպեսզի երաշխավորեն, որ Կիեւը նման հատուկ գործողություն այլեւս չի իրականացնի, բայց պատասխան չի ստացել:

Թե ինչու՞ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան շահագրգռված չպետք է լինեն, որ միջուկային զսպման Ռուսաստանի ներուժը թուլանա՝ մնում է անհասկանալի: Եթե, իհարկե, ՌԴ փոխարտգործնախարարը «խնդրում է», որ Վաշինգտոնը եւ Լոնդոնը «զսպեն Կիեւին»: Իսկ գուցե Մոսկվան սպառնու՞մ է: Ռյաբկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմավարական սպառազինությունների վերահսկման պայմանագրին մասնակցությունը: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Դարչիեւն անոնսավորել է, որ ամենամոտ ապագայում կողմերի պատվիրակությունները Մոսկվայում «կշարունակեն Ստամբուլում սկսված բանակցությունները»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Աղբյուրը՝ tiv1.am 

https://tiv1.am/253273.html?fbclid=IwY2xjawK2ZU1leHRuA2FlbQIxMQABHunjGDqgkn-oreVi2Vz2cejxXCVm32w9X1tncTAbGGGbANa-TLl3-f9n5xpL_aem_cir2rpKzvMUYeZX9h5iOdA
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *