Համակարգի ուժը գալիս է ոչ թե նրա ճշմարտությունից, այլ նրանից, որ բոլորը պատրաստ են ձևացնել, թե այն ճշմարիտ է։ Իսկ նրա փխրունությունն էլ գալիս է նույն տեղից։ Երբ նույնիսկ մեկ մարդ դադարում է խաղալ այդ դերը, երբ կանաչեղեն վաճառողը հանում է ցուցանակը, պատրանքը սկսում է ճաքել։
Մարկ Քարնի
Մեր Խոսքը՝
Այս ելույթը ժամանակակից միջազգային հարաբերությունների խորքային ճգնաժամի մասին է։ Այն խոսում է մի աշխարհի մասին, որտեղ կանոնների վրա հիմնված կարգը աստիճանաբար զիջում է տեղը մեծ տերությունների մերկ մրցակցությանը, իսկ ինտեգրումը, որը երկար տարիներ ներկայացվում էր որպես փոխադարձ բարգավաճման աղբյուր, աստիճանաբար վերածվում է ճնշման և ենթարկեցման գործիքի։ Ելույթը հարց է բարձրացնում հնազանդության և հարմարավետ լռության գնի մասին ու պնդում է, որ միջին տերությունները կանգնած են ընտրության առաջ՝ շարունակել ապրել ձևականությունների մեջ, թե համարձակվել ընդունել իրականությունը և կառուցել նոր, ավելի ազնիվ ու դիմակայուն համագործակցություն։ Սա կոչ է ոչ թե վերհուշի, այլ պատասխանատվության, ուժի և համատեղ գործողության։
Մեր Ուղին
Ստորև ներկայացնում ենք Կանադայի վարչապետ, տնտեսագետ Մարկ Քարնիի՝ Դավոսում ելույթի հայերեն թարգմանությունը.
Կանադական իրականությունը բավականին դաժան է։ Մասնավորապես՝ եթե նայենք Կանադայի զարգացման ուղուն, ամեն օր մեզ հիշեցվում է, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը մարում է, և որ ուժեղը կարող է անել այն, ինչ ցանկանում է, իսկ թույլը պետք է տանի այն, ինչի դատապարտված է։ Այս՝ Թուկիդիդեսին վերագրվող աֆորիզմը ներկայացվում է որպես անխուսափելի ճշմարտություն, որպես միջազգային հարաբերությունների բնական տրամաբանության վերականգնում։
Եվ այս տրամաբանության առջև կանգնած՝ երկրները հաճախ ընտրում են «համակերպվելու» ճանապարհը՝ հույս ունենալով, որ հնազանդությունըկգնի անվտանգություն։ Բայց դա չի աշխատում։
1978 թվականին չեխ այլախոհ, հետագայում՝ Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը, գրել է «Անզորների ուժը» հայտնի էսսեն։ Այնտեղ նա տալիսէ պարզ հարց․ ինչպե՞ս էր կոմունիստական համակարգը պահպանվում։ Նրա պատասխանը սկսվում է մի կանաչեղեն վաճառողի օրինակից։ Ամեն առավոտ նա խանութի պատուհանում փակցնում է մի ցուցանակ՝ «Բոլոր երկրների աշխատավորներ, միացե՛ք»։ Նա դրան չի հավատում, ոչ ոք չի հավատում, բայց փակցնում է՝ խնդիրներից խուսափելու, հնազանդություն ցուցադրելու, «համակերպվելու» համար։ Եվ քանի որ ամեն փողոցի ամեն խանութում նույնն է տեղի ունենում, համակարգը պահպանվում է ոչ միայն բռնության, այլ սովորական մարդկանց մասնակցության շնորհիվ այն ծեսերին, որոնց կեղծ լինելը նրանք ներքուստ գիտեն։
Հավելը սա անվանեց «ապրել ստի մեջ»։Համակարգի ուժը գալիս է ոչ թե նրա ճշմարտությունից, այլ նրանից, որ բոլորը պատրաստեն ձևացնել, թե այն ճշմարիտ է։ Իսկ նրա փխրունությունն էլ գալիս է նույն տեղից։ Երբ նույնիսկ մեկ մարդ դադարում է խաղալ այդ դերը, երբ կանաչեղեն վաճառողը հանում է ցուցանակը, պատրանքը սկսում է ճաքել։
Ընկերնե՛ր, ժամանակն է, որ ընկերություններն ու երկրները նույնպես հանեն իրենց ցուցանակները։
Տասնամյակներ շարունակ Կանադայի նման երկրները բարգավաճում էին այն բանի շնորհիվ, ինչ մենք կոչում էինք կանոնների վրա հիմնված միջազգային կարգ։ Մենք միացանք նրա ինստիտուտներին, գովաբանեցինք նրա սկզբունքները, օգտվեցինք նրա կանխատեսելիությունից և դրա պաշտպանությամբ կարողացանք վարել արժեքահեն արտաքին քաղաքականություն։ Մենք գիտեինք, որ այս պատմությունը մասամբ կեղծ է․ ուժեղները հաճախ ազատվում են կանոններից, առևտրի կանոնները կիրառվում են անհավասար, իսկ միջազգային իրավունքը տարբեր խստությամբ է կիրառվում՝ կախված մեղադրյալի կամ զոհի ինքնությունից։ Բայց այս հորինվածքը օգտակար էր։
Ամերիկյան հեգեմոնիան, մասնավորապես, ապահովում էր հանրային բարիքներ՝ բաց ծովային ուղիներ, կայուն ֆինանսական համակարգ, հավաքական անվտանգություն, վեճերի լուծման մեխանիզմներ։ Եվ մենք տեղադրեցինք ցուցանակը պատուհանում՝ մասնակցելով ծեսերին և հիմնականում լռելով խոսքի ու իրականության միջև եղած բացերի մասին։
Այս գործարքն այլևս չի աշխատում։
Պարզ ասեմ՝ մենք ապրում ենք ոչ թե անցման, այլ խզման շրջանում։ Վերջին երկու տասնամյակների ֆինանսական, առողջապահական, էներգետիկ ու աշխարհաքաղաքական ճգնաժամերը բացահայտել են ծայրահեղ գլոբալ ինտեգրման ռիսկերը։ Իսկ այսօր մեծ տերությունները ինտեգրումն օգտագործում են որպես զենք․ մաքսատուրքեր՝ճնշման համար, ֆինանսական ենթակառուցվածքներ՝ հարկադրանքի, մատակարարման շղթաներ՝ խոցելիությունների շահարկման համար։
Դուք չեք կարող ապրել «փոխադարձ օգուտի» ստի մեջ, երբ ինտեգրումը դառնում է ձեր ենթարկեցման աղբյուրը։
Այն բազմակողմ հաստատությունները, որոնց վրա հենվում էին միջին տերությունները՝ ԱՀԿ‑ն, ՄԱԿ‑ը, ԿԿՀ‑ը, համատեղ խնդիրների լուծման ամբողջ ճարտարապետությունը, այսօր վտանգված են։ Արդյունքում շատ երկրներ գալիս են նույն եզրակացությանը․անհրաժեշտ է մեծացնել ռազմավարական ինքնավարությունը՝էներգետիկայում, սննդի ապահովման, կարևոր հանքանյութերի, ֆինանսների ու մատակարարման շղթաների ոլորտներում։
Երկիրը, որը չի կարող կերակրել, վառելիքով ապահովել կամ պաշտպանել իրեն, քիչ ընտրություն ունի, երբ կանոնները նրան այլևս չեն պաշտպանում։ Այդ դեպքում դու պետք է պաշտպանես քեզ ինքդ։
Բայց եկեք պարզ տեսնենք՝ սա ուր է տանում։ Բերդերի աշխարհը լինելու է ավելի աղքատ, ավելի փխրուն և ավելի անկայուն։
Կա նաև մեկ այլ ճշմարտություն․ եթե մեծ տերությունները հրաժարվում են անգամ կանոնների ու արժեքների ձևականությունից և անցնում են մերկ ուժի ու շահերի հետապնդմանը, ապա գործարքայնության օգուտները նույնպես կսպառվեն։ Հեգեմոնները չեն կարող անվերջ դրամայնացնել իրենց հարաբերությունները։ Դաշնակիցները կսկսեն դիվերսիֆիկացնել, ապահովագրել իրենց, վերականգնել ինքնիշխանությունը, որը երբեմն հիմնված էր կանոնների վրա, իսկ այժմ ավելի ու ավելի հիմնվելու է ճնշմանը դիմակայելու կարողության վրա։
Սա դասական ռիսկերի կառավարում է։ Այն թանկ արժե, բայց այդ գինը կարելի է կիսել։ Համատեղ դիմակայունության ներդրումները ավելի էժան են, քան երբ բոլորը կառուցում են իրենց սեփական բերդերը։ Համատեղ ստանդարտները նվազեցնում են մասնատվածությունը։
Եվ հարցը միջին տերությունների համար, ինչպիսին Կանադան է, ոչ թե այն է՝ հարմարվե՞լ նոր իրականությանը, այլ ինչպես։ Կառուցե՞լ ավելի բարձր պատեր, թե՞ փորձել ավելի հավակնոտ բան։
Կանադան առաջիններից էր, որ զգաց արթնացման զանգը և արմատապես փոխեց իր ռազմավարական դիրքավորումը։ Մենք գիտենք, որ հին հարմարավետ ենթադրությունները՝ թե աշխարհագրությունը և դաշինքները ինքնաբերաբար ապահովում են անվտանգություն ու բարգավաճում, այլևս ուժ չունեն։
Մեր նոր մոտեցումը հիմնված է այն բանի վրա, ինչ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչում է «արժեքահեն ռեալիզմ»․ լինել և՛ սկզբունքային, և՛ պրագմատիկ։
Սկզբունքային՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների նկատմամբ, և պրագմատիկ՝ հասկանալով, որ առաջընթացը հաճախ աստիճանական է, որ շահերը տարբեր են, և ոչ բոլոր գործընկերներն են կիսում մեր արժեքները։
Մենք աշխարհին նայում ենք բաց աչքերով՝ աշխատելով նրա հետ այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե սպասելով այն աշխարհին, որը կցանկանայինք ունենալ։
Մենք հանում ենք ցուցանակը պատուհանից։ Մենք գիտենք, որ հին կարգը չի վերադառնալու։ Չպետք է սգանք այն․ վերհուշը ռազմավարություն չէ։ Բայց մենք հավատում ենք, որ ճեղքից կարող ենք կառուցել մի բան ավելի մեծ, ավելի ուժեղ և ավելի արդար։
Սա է միջին տերությունների խնդիրը։ Ուժեղներն ունեն իրենց ուժը։ Մենք էլ ունենք մերը՝ իրականությունը կոչելու, մեր ներքին ուժը կառուցելու և միասին գործելու կարողությունը։
Սա է Կանադայի ճանապարհը։ Մենք ընտրում ենք այն բաց ու վստահ։ Եվ այս ճանապարհը բաց է յուրաքանչյուր երկրի համար, որը պատրաստ է քայլել մեզ հետ։
Շնորհակալություն։
Տեսանյութն ամբողջությամբ՝
