Սահմանադրության բովանդակությունը պետք է լինի լայն հանրային քննարկման արդյունք, ոչ թե միայն քաղաքական ուժի ներսում որոշված փաստաթուղթ։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում Աթանեսյանը վերլուծում է արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված քաղաքական շահարկումները և Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները։ Աթանեսյանը պնդում է, որ որոշ ուժեր օգտագործում են Արցախի թեման բացառապես նախընտրական քարոզչության և քվեներ ստանալու համար, մինչդեռ իրականում Արցախի քաղաքական էլիտան տարիներ շարունակ թույլ է տվել ինստիտուցիոնալ դեգրադացիա և սուբյեկտայնության կորուստ։ Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և «Արցախը Հայաստան է և վերջ» դրույթից հրաժարվելը դիտարկվում են որպես անվտանգային անհրաժեշտություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և նոր պատերազմից խուսափելու համար։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Արցախի թեմայի ակտիվացումը պայմանավորված է նախընտրական շրջանով։ Նրա խոսքով՝ փորձ է արվում բռնատեղահանված բնակչությանը պահել այն խոսույթի ներքո, թե Արցախի հարցը փակված չէ և կարող է լուծում ստանալ, եթե փոխվի իշխանությունը։ Աթանեսյանը կարծում է, որ սա քարոզչական գործիք է՝ լրացուցիչ ձայներ ստանալու նպատակով։ Նա ընդգծեց, որ արցախցիների ընկալումները միանշանակ չեն և հաճախ չեն համընկնում այն պատկերացման հետ, որը ներկայացվում է հանրային դաշտում։ Վահրամ Աթանեսյանի դիտարկմամբ՝ Արցախի քաղաքական էլիտայի որոշ հայտարարություններում պատասխանատվությունը հիմնականում վերագրվում է Հայաստանի գործող իշխանություններին՝ հատկապես 2018-ից հետո տեղի ունեցած գործընթացների համար։
Արցախում տարբեր ժամանակահատվածներում ձևավորված իշխանությունները տարբեր բնույթ են ունեցել։ Նրա խոսքով՝ 1992–2007 թվականներին գործել է ռազմաքաղաքական ղեկավարություն, իսկ 2007-ից հետո ձևավորվել է համակարգ, որտեղ, ըստ նրա, աստիճանաբար վերացել է քաղաքական մրցակցությունը։ Նա հավելեց, որ այդ գործընթացը խորացել է մինչև 2017 թվականը և հետագա զարգացումները բերել են կառավարման համակարգի դեգրադացիայի։ Նրա կարծիքով՝ Արցախի հարցի փակումը սկսվել է դեռևս ավելի վաղ, քան 2020 թվականի պատերազմը, և այն պայմանավորված է ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ու ինստիտուցիոնալ խնդիրներով։ Աթանեսյանը դիտարկում է, որ եթե նախկին ղեկավարությունը չի կիսում պատասխանատվությունը, ապա հարց է առաջանում այդ ղեկավարության գոյության հիմնավորման վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը կարող է հայտարարել հարցը փակված, սակայն չի կարող յուրաքանչյուր արցախցու համար այդպիսի որոշում ընդունել․ դա, նրա խոսքով, անհատական ընտրության հարց է՝կապված ապագա կյանքի, բնակության ևքաղաքացիության հետ։
Վահրամ Աթանեսյանը նաև անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ մասնավորապես սահմանադրական փոփոխություններին։ Նա կարծում է, որ սահմանադրության բովանդակությունը պետք է լինի լայն հանրային քննարկման արդյունք, ոչ թե միայն քաղաքական ուժի ներսում որոշված փաստաթուղթ։ Նրա դիտարկմամբ՝ բևեռացվածությունը հասարակության մեջ շարունակում է խորանալ։

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ Աթանեսյանը նշեց, որ միջազգային քաղաքական օրակարգը անկանխատեսելի է։ Նրա կարծիքով՝ եթե Իրանը կարողանա արժանապատիվ կերպով դուրս գալ պատերազմական իրավիճակից, ապա կարող է դառնալ ավելի ազդեցիկ դերակատար ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Թուրքիան ցուցաբերում է զգուշավորություն և փորձում է հեռու պահել հակամարտությունները իր սահմաններից։ Նրա գնահատմամբ՝ մեծ դերակատարները հաճախ սպասողական դիրք են զբաղեցնում՝ ավելի նպաստավոր պահի միջամտելու համար։
Վերջում Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի ազգային շահերի պահպանմանը՝ խուսափելով հակադրվել որևէ խոշոր ուժի և փորձելով ձևավորել այնպիսի միջավայր, որը տեսանելի ապագայում սպառնալիք չի դառնա երկրի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
