Ընտրական պայքարի հիմնական խնդիրներից մեկը բովանդակային քննարկումների բացակայությունն է։ Փոխադարձ մեղադրանքներից բացի քիչ են իրատեսական ծրագրային առաջարկները, և սա արդեն մի քանի ընտրությունների ընթացքում կրկնվող խնդիր է։
Բորիս Նավասարդյան
1inTV‑ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարադյանի հետ։ Զրույցի ընթացքում խոսել են հիբրիդային տեղեկատվական հարձակումների, ընտրությունների ապալեգիտիմացման վտանգների, իշխող ուժի քարոզարշավի խնդիրների և պատերազմով վախեցնելու քաղաքականության մասին՝ նշելով, որ լայնամասշտաբ պատերազմ քիչ հավանական է, բայց լարվածություններ հնարավոր են, իսկ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդել ապատեղեկատվությունն ու բովանդակային քննարկումների բացակայությունը։
Բորիս Նավասարդյանը նշեց, որ անկախ նրանից՝ հիբրիդային հարձակումների աղբյուրի հարցում հնչեցվում է Ռուսաստանի անունը, թե ոչ, Մոսկվայում դա արդեն ընկալվել է որպես իրենց ուղղված քննադատություն, և տարբեր մակարդակներով արձագանքներ եղել են։ Նա կարևոր համարեց հասկանալ, որ հիբրիդային հարձակումները հիմնականում տեղեկատվական հոսքեր են, որոնք կարող են ձևավորել ոչ ադեկվատ պատկերացում քաղաքական զարգացումների և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Վերլուծաբանը կարծում է, որ սխալ պատկերացումները կարող են անմիջապես անվտանգային մարտահրավերներ ստեղծել Հայաստանի համար։
Նավասարդյանը դիտարկեց նաև ընտրությունների ապալեգիտիմացման վտանգը՝ նշելով, որ կարող են տարածվել տեղեկություններ, որոնք կասկածի տակ կդնեն ընտրական գործընթացը։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ոչ պակաս վտանգավոր են իրական խախտումները, որոնք արդեն դիտարկվում են իշխող ուժի քարոզարշավում։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացը ակնհայտորեն նախընտրական բնույթ ունի, թեև ներկայացվում է որպես ներկուսակցական, իսկ ծախսվող ռեսուրսները դուրս են օրենքով սահմանված նախընտրական հիմնադրամի սահմաններից, ինչը, ըստ նրա, կարող է ընտրությունների ապալեգիտիմացման պատճառ դառնալ։
Բորիս Նավասարդյանը անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերին արտաքին կենտրոնների հետ կապելու մեղադրանքներին՝ նշելով, որ նման մեղադրանքները սուր նախընտրական պայքարում լեգիտիմ մարտավարություն են։ Նա ընդգծեց, որ նույն կերպ ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է այլ երկրների օրակարգ սպասարկելու մեջ, և այդպիսի փոխադարձ մեղադրանքները ընդունելի են քաղաքական պայքարում։ Սակայն, ըստ նրա, վախի գործոնի օգտագործումը և ընտրողներին պատերազմով սպառնալը նորմայից դուրս է և չի համապատասխանում պարկեշտ նախընտրական արշավի սկզբունքներին։
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ իշխանափոխությունը ներկայիս հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող է սրել իրավիճակը, քանի որ դժվարությամբ ձևավորված վստահությունը բանակցային գործընթացում կխախտվի, և դրա վերականգնումը ժամանակ կպահանջի։ Նա չի կարծում, որ ընտրություններից հետո հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ, սակայն չի բացառում առանձին միջադեպեր և լարվածություններ, որոնք կարող են առաջանալ բանակցային գործընթացի ձգձգման պայմաններում։
Նավասարդյանը նաև նշեց, որ սահմանադրական մեծամասնություն ստանալը բարդ խնդիր է, սակայն սոցիոլոգիական գնահատականներով իշխող ուժի պարտության լուրջ վտանգ չի երևում։ Նա դիտարկեց, որ մեծ թվով ընտրողներ կարող են քվեարկել փոքր կուսակցությունների օգտին, որոնք չեն հաղթահարի շեմը, և այդ ձայների մեծ մասը կվերաբաշխվի ավելի մեծ ուժերի միջև, ինչը կարող է նպաստել իշխող ուժի մեծամասնության ձևավորմանը։

Բորիս Նավասարդյանը շեշտեց, որ ընտրական պայքարի հիմնական խնդիրներից մեկը բովանդակային քննարկումների բացակայությունն է։ Նրա կարծիքով՝ փոխադարձ մեղադրանքներից բացի քիչ են իրատեսական ծրագրային առաջարկները, և սա արդեն մի քանի ընտրությունների ընթացքում կրկնվող խնդիր է։ Նա նաև նկատեց, որ ապատեղեկատվությունը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, եթե վերջին պահին տարածվի այնպիսի կեղծ տեղեկություն, որը չի հասցվի հերքել։ Այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի արդյունավետ պայքար ապատեղեկատվության դեմ՝ հատկապես անկախ լրատվամիջոցների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ։
Հարցազրույն ամբողջությամբ՝
