Եթե քաղաքական ուժերը գան իշխանության և իրականացնեն իրենց հայտարարած քաղաքականությունը՝ վերանայել տարածքային ամբողջականության ճանաչումը, ապաշրջափակման պայմանավորվածությունները և խաղաղության պայմանագիրը, ապա դա, նրա կարծիքով, կնշանակի հրաժարում գործող խաղաղությունից, ինչը «շատ արագ բերելու է պատերազմի։
Ռուբեն Ռուբինյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Զրույցի ընթացքում Ռուբինյանը ներկայացնում է ներկայիս կառավարության խաղաղության օրակարգը՝ այն հակադրելով ընդդիմադիր ուժերի առաջարկած մոտեցումներին։ Նա պնդում է, որ գործող իշխանության քաղաքականությունը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արդեն իսկ ապահովել է սահմանային հարաբերական կայունություն։ Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմության կողմից խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների վիճարկումը և «նոր երաշխավորների» ներգրավման ձգտումը կարող են վերացնել առկա ձեռքբերումները և երկիրը տանել դեպի նոր պատերազմ։
Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ իշխանությունը երբեք չի հայտարարել, թե ցանկացած այլ ուժի գալու դեպքում անխուսափելիորեն պատերազմ կլինի․նրա խոսքով խոսքը վերաբերում է կոնկրետ այնքաղաքական ուժերին, որոնք, ըստ նրա, մերժում ենգործող խաղաղության հիմքերը։ Ռուբինյանը նշեց, որ այդ ուժերը հայտարարում են դիրքորոշումներ, որոնք ենթադրում են վերանայել ներկայիս պայմանավորվածությունները, և եթե դրանք կյանքի կոչվեն, «չի լինելու խաղաղություն և ամենայն հավանականությամբ լինելու է պատերազմ»։
Նրա խոսքով՝ ներկայիս խաղաղությունը հիմնված է մի քանի հիմնական կառուցակարգերի վրա, առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ռուբինյանը դիտարկում է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը կամ չեն ընդունում այդ մոտեցումը, կամ կասկածի տակ են դնում սահմանների հստակեցումը, ինչն, ըստ նրա, նշանակում է չճանաչել գոյություն ունեցող կառուցակարգը։ Նա ընդգծեց, որ հենց այդ սկզբունքի շնորհիվ արդեն ավելի քան երկու տարի սահմանին զոհեր չեն գրանցվել։

Ռուբինյանը նշեց նաև սահմանազատման գործընթացը՝ որպես երկրորդ կարևոր հիմք։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը նույնպես հիմնված է Ալմաթայի հռչակագրի վրա, սակայն ընդդիմությունը դրան դեմ է քվեարկել և առաջարկում է այլ սկզբունքներ, այդ թվում՝ «դեմոգրաֆիական» մոտեցում, որը, նրա գնահատմամբ, հստակեցված չէ։
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ երրորդ կառուցակարգը տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններն են։ Նա ասաց, որ ընդդիմությունը հայտարարում է, թե աջակցում է գործընթացին, սակայն առաջարկում է նոր դերակատարների ներգրավում, ինչը, ըստ Ռուբինյանի, փաստացի նշանակում է վերանայել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ այն նախաստորագրված է երկկողմ ձևաչափով, մինչդեռ ընդդիմադիր ուժերը խոսում են նոր երաշխավորների անհրաժեշտության մասին։ Նրա դիտարկմամբ՝ դա ենթադրում է փաստացի վերաբանակցել ամբողջ տեքստը։ Ռուբինյանը կարծում է, որ երբ վիճարկվում են խաղաղության ճարտարապետության բոլոր բաղադրիչները՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, ապաշրջափակումը, սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը, դա նշանակում է հրաժարվել գործող խաղաղությունից։
Ռուբինյանի խոսքով՝ «երաշխավորների» գաղափարը նախկինում նույնպես չի ապահովել կայունություն։ Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը, ինչպես նաև այլ միջազգային օրինակներ և նշեց, որ դրանք չեն կանխել հակամարտությունները։ Նրա գնահատմամբ՝ նոր երաշխավորների պահանջը գործնականում վերաբերում է մեկ կոնկրետ դերակատարի ներգրավմանը, ինչը, ըստ նրա, արդյունավետ չի եղել նախկինում։
Ռուբինյանը նշեց, որ ներկայումս գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ, որը բնութագրվում է սահմանին զոհերի բացակայությամբ։ Նա ընդգծեց, որ այդ պայմաններում խաղաղությունը պահպանելու համար, իր խոսքով, անհրաժեշտ է պարզապես չհրաժարվել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններից։
ԱԺ նախագահի տեղակալը նաև անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունները զիջումներ են անում։ Ռուբինյանը ասաց, որ, օրինակ, 2025 թվականին հակառակորդի կրակոցից զոհ չի գրանցվել և, ըստ նրա, որևէ իրական զիջում չի եղել։ Նա նշեց, որ ընդդիմությունը կարող է տարբեր հայտարարություններ անել, սակայն փաստացի օրինակներ, իր խոսքով, չի ներկայացնում։
Ռուբեն Ռուբինյանը եզրափակեց, որ եթե քաղաքական ուժերը գան իշխանության և իրականացնեն իրենց հայտարարած քաղաքականությունը՝ վերանայել տարածքային ամբողջականության ճանաչումը, ապաշրջափակման պայմանավորվածությունները և խաղաղության պայմանագիրը, ապա դա, նրա կարծիքով, կնշանակի հրաժարում գործող խաղաղությունից, ինչը «շատ արագ բերելու է պատերազմի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
