Եթե իշխանության գան ռուսամետ ուժերը, կարող է փոխվել արտաքին քաղաքական հավասարակշռությունը, ինչը կազդի նաև զինված ուժերի վերազինման, եվրոպական համագործակցության և տարածաշրջանային բանակցությունների ընթացքի վրա։
Միքայել Զոլյան
FactorTV‑ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության բարդությունները՝ հիմնավորելով, որ վտանգավոր աշխարհակարգում հակամարտող կողմերի հետ միաժամանակյա երկխոսությունը պարադոքս չէ, այլ գոյատևման նուրբ դիվանագիտություն: Զոլյանը ընդգծում է ուժերի հավասարակշռման անհրաժեշտությունը և եվրոպական ինտեգրման երկարատև գործընթացը, որը պահանջում է զգուշավորություն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրումից խուսափելու համար: Զրույցի առանցքում է նաև ներքաղաքական պայքարը, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են պատերազմի և զիջումների վտանգների մեջ՝ օգտագործելով անվտանգային թեմաները որպես մոբիլիզացիոն գործիքներ:
Միքայել Զոլյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի շփումները հակասական չեն, քանի որ ներկայիս աշխարհում նույնիսկ հակառակորդ պետությունները կարող են միաժամանակ բանակցել և համագործակցել տարբեր հարցերում։ Նրա դիտարկմամբ՝ այսօր միջազգային հարաբերությունները չեն ենթարկվում «խաղաղ ժամանակվա» դասական կանոններին, և միևնույն պետության հետ հնարավոր է ունենալ թե՛ հակամարտություն, թե՛ համագործակցություն։ Զոլյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության գործառույթներից մեկն էլ հենց տարբեր պետությունների ղեկավարների հետ շփվելն է՝ նույնիսկ խնդիրներ ունեցող երկրների հետ։
Քաղաքագետը կարծում է, որ նման բազմակողմ դիվանագիտությունը փոքր պետությունների համար կենսական անհրաժեշտություն է։ Նրա գնահատմամբ՝ Եվրոպայում ևս հասկանում են, որ Հայաստանը պետք է բալանս պահի տարբեր կենտրոնների միջև, քանի որ աշխարհը գտնվում է խոր ճգնաժամային փուլում, իսկ միջին և փոքր պետությունները գոյատևելու համար ստիպված են նուրբ քաղաքականություն վարել։

Միքայել Զոլյանի կարծիքով՝ Եվրամիության անդամակցության թեման ավելի շատ երկարաժամկետ է, քան անմիջական քաղաքական օրակարգ։ Նա նշեց, որ եվրոպական ինտեգրումը տարիների գործընթաց է, որը պահանջում է օրենսդրական և ինստիտուցիոնալ մեծ փոփոխություններ։ Զոլյանը կարծում է, որ այստեղ շտապելը ճիշտ չէ, քանի որ նույնիսկ հայտ ներկայացնելու դեպքում անդամակցությունը կարող է տևել մեկ տասնամյակ կամ ավելի։ Վիզային ազատականացման հարցում նույնպես անհրաժեշտ է զգուշավորություն, քանի որ կտրուկ բացումը կարող է նոր արտագաղթի ռիսկեր ստեղծել։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը ներկայումս ունի ավելի հավասարակշռված միգրացիոն իրավիճակ, և որոշ մարդիկ կարող են առանց ծրագրի տեղափոխվել Եվրոպա՝ խնդիրներ ստեղծելով թե՛ իրենց, թե՛ պետության համար։
Խոսելով ներքաղաքական հայտարարությունների մասին՝ Զոլյանը նշեց, որ իշխանության կողմից պատերազմի հավանականության մասին կոշտ ձևակերպումները կարող են լինել չափազանցված՝ ընտրողների մոբիլիզացիայի նպատակով։ Նրա գնահատմամբ՝ նման ուղերձները կարող են հակառակ ազդեցություն ունենալ՝ վախեցնելով տատանվող ընտրողներին։ Միաժամանակ նա կարծում է, որ որոշ ուժերի իշխանության գալու դեպքում բախումների հավանականությունը կարող է աճել, սակայն պարտադիր չէ, որ դրա կանխման համար իշխանությունը ստանա սահմանադրական մեծամասնություն։
Անդրադառնալով Արցախի կորստի պատճառներին՝ քաղաքագետը դիտարկեց, որ 2020 թվականի պատերազմը միայն կոնկրետ իշխանությունների գործողությունների հետևանք չէր, այլ գլոբալ համակարգային ճգնաժամի արտահայտություն։ Զոլյանի խոսքով՝ նման հակամարտությունները ակտիվանում են այն տարածքներում, որտեղ կան սառեցված կոնֆլիկտներ, և Ղարաբաղը այդպիսի առաջին կետերից էր։ Նա նաև հիշեցրեց, որ դեռ 1990-ականների վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր հնարավոր կորուստների մասին, ինչը ցույց է տալիս, որ խնդրի արմատները ավելի վաղ շրջանից են։
Միքայել Զոլյանը նշեց նաև, որ իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքները՝ «պատերազմի կուսակցություն» և «զիջումների կուսակցություն», մեծապես քաղաքական տեխնոլոգիաներ են։ Նրա կարծիքով՝ հանրությունը պետք է գնահատի իրական գործընթացները՝ սահմանային հարաբերական հանգստությունը, արտաքին գործընկերների բազմազանացումը, եվրոպական և ամերիկյան ներկայության աճը, ինչպես նաև անվտանգության ոլորտում նոր համագործակցությունները։ Եթե իշխանության գան ռուսամետ ուժերը, կարող է փոխվել արտաքին քաղաքական հավասարակշռությունը, ինչը կազդի նաև զինված ուժերի վերազինման, եվրոպական համագործակցության և տարածաշրջանային բանակցությունների ընթացքի վրա։ Նա ենթադրեց, որ այդ դեպքում կարող են կրկին ակտիվանալ միջանցքի, անկլավների և այլ պահանջների շուրջ ճնշումները, ինչը կարող է հանգեցնել նոր լարվածության։
Զոլյանը նաև կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտում իրական հիմնական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա ունի կառավարման փորձ և հստակ քաղաքական իմիջ։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ մյուս դերակատարները կարող են աջակցել հենց այդ թեկնածությանը, իսկ նրանց քաղաքական ակտիվությունը դեռ չի ցույց տալիս պատրաստվածություն պետական կառավարման համար։
Վերջում քաղաքագետ Միքայել Զոլյանը ընդգծեց, որ տարբեր սցենարների շուրջ հնչող պնդումների մեծ մասը ենթադրություններ են, և քաղաքացիները պետք է գնահատեն կոնկրետ գործողությունները և ընթացիկ իրավիճակը՝ առանց քաղաքական վախերի կամ սպեկուլյացիաների ազդեցության։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
