Ընտրությունների գլխավոր հարցը խաղաղությունն է։ Միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և զարգացում, և նա համոզված է, որ քաղաքացիները ընտրությամբ կպահպանեն այդ ուղղությունը։
Հայկ Կոնջոյան
Shant News‑ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Զրույցի ընթացքում Հայկ Կոնջորյանը ներկայացնում է իշխող քաղաքական ուժի տեսլականը՝ շեշտադրելով խաղաղության օրակարգի անփոխարինելիությունը Հայաստանի ինքնիշխանության և զարգացման համար։ Նա հակադրվում է ընդդիմության մոտեցումներին՝ որակելով դրանք որպես էսկալացիայի և պատերազմի վտանգ պարունակող հավակնություններ, որոնք կարող են կործանել երկրի կայունությունը։ Խոսելով նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ պատգամավորը պարզաբանում է, որ Անկախության հռչակագրին հղում չկատարելը նպատակ ունի հեռացնել կոնֆլիկտածին տարրերը և ամրագրել պետության լեգիտիմ սահմանները։
Հայկ Կոնջորյանը նշեց, որ իշխանության և ընդդիմության միջև սրվող հռետորաբանությունը պայմանավորված է անվտանգային և խաղաղության օրակարգերի շուրջ արմատական տարբերություններով։ Նրա խոսքով՝ իրենք փաստերի հիման վրա են եզրակացնում, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում մեծանում է պատերազմի վտանգը։ Կոնջորյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ Հայաստանը չպետք է բավարարվի 29,743 քառակուսի կիլոմետրով, ինչը, ըստ նրա, տարածքային հավակնությունների ուղերձ է նաև արտաքին դերակատարների համար։ Նա դիտարկեց, որ նման հայտարարությունները կարող են ընկալվել որպես այլ երկրների նկատմամբ հավակնությունների ազդակ և այդպիսով մեծացնել ռազմական էսկալացիայի հավանականությունը։
Ընդդիմադիր ուժերը խոսում են խաղաղության պայմանագրի վերաբանակցման, «TRIPP» նախաձեռնության վերափոխման և նոր դերակատարների ներգրավման մասին, ինչը, նրա գնահատմամբ, կարող է քանդել ձևավորվող խաղաղության ճարտարապետությունը։ Նա հավելեց, որ նույն ուժերը նախկինում դեմ են եղել սահմանազատման գործընթացին և փորձել են այն վիժեցնել՝ առաջ քաշելով Ղարաբաղ վերադառնալու գաղափարը։ Կոնջորյանը հիշեցրեց նաև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները՝ նշելով, որ Ղարաբաղում իշխանության փոփոխությունից հետո սկսվեցին ռազմական գործողություններ և կարճ ժամանակ անց ստորագրվեց լուծարման փաստաթուղթը։ Նրա կարծիքով՝ այդ փորձը ցույց է տալիս, թե ինչ հետևանքների կարող է բերել նման քաղաքականությունը։
Վերջին երկու տարիներին հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներից զոհեր չեն եղել, ինչը նա համարեց խաղաղության արդյունք։ Նա կարծում է, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում այդ մթնոլորտը կփլուզվի, սահմանազատման գործընթացը կմտնի փակուղի, իսկ տարածաշրջանում կաճեն էսկալացիայի ռիսկերը։ Կոնջորյանը հավելեց, որ ընդդիմադիր ուժերը աջակցել են նաև Տավուշից սկսված շարժմանը, որն ըստ նրա նպատակ ուներ խոչընդոտել սահմանազատումը։
Հայկ Կոնջորյանը անդրադարձավ նաև «արժանապատիվ խաղաղության» մասին ընդդիմության թեզին՝ նշելով, որ արժանապատիվ խաղաղությունն այն է, երբ սահմանին զոհեր չկան, սահմանամերձ բնակավայրերում կառուցվում են նոր տներ, քաղաքացիները հանգիստ են իրենց երկրում, և պետությունը կարողանում է ռեսուրսներ ուղղել սոցիալական ծրագրերին։ Նա ընդգծեց, որ խաղաղության պայմաններում հնարավոր է ընդլայնել առողջապահական ապահովագրությունը, բարձրացնել սոցիալական ծախսերը և կենտրոնանալ զարգացման վրա, ոչ թե գոյատևման։

Կոնջորյանը նաև արձագանքեց ընդդիմության մեղադրանքներին, թե սոցիալական ծրագրերը նախընտրական քայլեր են։ Նրա գնահատմամբ՝ նման հայտարարությունները ընդդիմության անօգնականության դրսևորում են, քանի որ նույն տրամաբանությամբ նրանք նույնիսկ միջազգային այցերն ու ներդրումային ծրագրերն են ներկայացնում որպես քարոզչություն։ Նա կարծում է, որ նման իրավիճակում քաղաքացին կարող է եզրակացնել, որ կառավարությունն ունի բավարար միջազգային վստահություն և ռեսուրս։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Հայկ Կոնջորյանը նշեց, որ նոր սահմանադրություն ունենալու գաղափարը բացառապես ներքին օրակարգ է, որի մասին վարչապետը խոսել է դեռ 2020 թվականին։ Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ նոր սահմանադրությունը ունենա անառարկելի լեգիտիմություն։ Կոնջորյանը նաև նշեց, որ իրենք նպատակահարմար են համարում նոր սահմանադրությունում չհղվել Անկախության հռչակագրին՝ այն բնութագրելով որպես կոնֆլիկտային տրամաբանություն պարունակող պատմական փաստաթուղթ։ Նա կարծում է, որ այդ հղումը կարող է արտաքին աշխարհում ընկալվել որպես տարածքային հավակնությունների ազդակ։
Քաղաքական գործիչը նաև անդրադարձավ միութենական պետության գաղափարին աջակցող հայտարարություններին՝ նշելով, որ նման դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու քաղաքականություն է։ Նրա գնահատմամբ՝ այդ ուժերը պատրաստ են զիջել պետականությունը արտաքին դերակատարներին, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների և ծանր հետևանքների։
Վերջում Հայկ Կոնջորյանը ընդգծեց, որ ընտրությունների գլխավոր հարցը խաղաղությունն է։ Նրա խոսքով՝ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և զարգացում, և նա համոզված է, որ քաղաքացիները ընտրությամբ կպահպանեն այդ ուղղությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
