Գաղութային մտածողությունն արտահայտվում է այն դեպքում, երբ առաջնահերթ է դառնում ազգապահպանության հռետորաբանությունը՝ պետության ինստիտուտների զարգացման փոխարեն։ Իրական պետությունը ինքն է ապահովում ազգային ինքնությունը, մինչդեռ գաղութը մշտապես փնտրում է արտաքին երաշխավոր։
Ռուբեն Բաբայան
Armtimes‑ը զրուցել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում Բաբայանը վերլուծում է Հայաստանի առջև ծառացած քաղաքակրթական ընտրությունը, որը սահմանվում է որպես անցում գաղութային մտածողությունից դեպի ինքնիշխան պետականակերտում: Բաբայանը շեշտում է, որ իրական անկախության համար անհրաժեշտ է ապասովետականացում և հստակ տարանջատում հուզական ազգայնականության ու գործնական պետական շահի միջև։ Զրույցի առանցքային թեմաներից են ինքնուրույն պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը և «հավերժական բարեկամների» ու «թշնամիների» վտանգավոր թեզերից հրաժարվելը։ Բաբայանը կոչ է անում հասարակությանը ձևավորել բարոյական արժեքների վրա հիմնված ներքին միասնություն, որտեղ հայրենիքը ընկալվում է ոչ թե որպես վերացական երազանք, այլ որպես իրական պարտավորությունների և իրավական գիտակցության միջավայր:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ Հայաստանում նախընտրական շրջանը փաստացի երբեք չի դադարել․ ընտրություններից հետո էլ սկսվում է նույնտրամաբանությունը՝ փոխադարձ մեղադրանքներ, անձերի սևացում և ոչ թե գաղափարներիքննարկում։ Նրա խոսքով՝ այս ընտրությունները, ի տարբերություն նախորդների, ավելի շատ քաղաքակրթական բնույթի են, որովհետև հասարակության առաջ կանգնած է ընտրություն՝ պետությո՞ւն կառուցել, թե՞ պահպանել գաղութային մտածողությունը։
Բաբայանը կարծում է, որ գաղութային մտածողությունն արտահայտվում է այն դեպքում, երբ առաջնահերթ է դառնում ազգապահպանության հռետորաբանությունը՝ պետության ինստիտուտների զարգացման փոխարեն։ Նա ընդգծեց, որ իրական պետությունը ինքն է ապահովում ազգային ինքնությունը, մինչդեռ գաղութը մշտապես փնտրում է արտաքին երաշխավոր։ Ռուբեն Բաբայանը դիտարկում է, որ Հայաստանում երկար ժամանակ բավարարվել են պետական խորհրդանիշներով՝ դրոշով, օրհներգով, զինանշանով, բայց չեն կառուցել ինքնուրույն սահմանների պաշտպանություն, տնտեսական ու ռազմավարական ենթակառուցվածքներ։ Նրա համոզմամբ՝ պետություն կառուցելու համար կարևոր են սեփական սահմանապահ համակարգը, էներգետիկ ռեսուրսների վերահսկումը, ճանապարհների կառուցման ռազմավարությունը, տարածքային հավասարակշռությունը և անվտանգային մտածողությունը։
Հայ հասարակությունը պետականության փորձ չունի և հաճախ գայթակղվում է «կիսապետության», բայց սոցիալական ապահովության խոստումներով։ Նրա խոսքով՝ Խորհրդային Միության նկատմամբ նոստալգիան կապված է նաև այն հանգամանքի հետ, որ չի իրականացվել դեկոմունիզացիա և դեսովետիզացիա, չի տրվել բարոյական գնահատական նախկին համակարգին։ Բաբայանը օրինակ բերեց խորհրդային գործիչների անուններով փողոցների պահպանությունը և նշեց, որ նման մանրուքները ձևավորում են հանրային մտածողությունը։ Նա ընդգծեց նաև լյուստրացիայի կարևորությունը՝ որպես հասարակության պաշտպանություն գաղտնի ազդեցություններից, սակայն նկատեց, որ Հայաստանի ԿԳԲ‑ի արխիվների փոխանցումը Ռուսաստանին դժվարացնում է նման գործընթացը։
Ռուբեն Բաբայանը անդրադարձավ նաև խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին՝ նշելով, որ պատերազմը հաճախ գաղափարախոսության արդյունք է։ Նրա համոզմամբ՝ «հավերժ թշնամու» և «հավերժ բարեկամի» գաղափարը վտանգավոր է, որովհետև դա անխուսափելիորեն բերում է կոնֆլիկտի։ Նա կարծում է, որ պետությունը պետք է ձգտի հավասարակշռված հարաբերությունների բոլոր երկրների հետ և չկապի իր անվտանգությունը մեկ ուժի հետ։ Բաբայանը նշեց, որ երբ մի պետություն հայտարարում է, թե ուժեղանալուց հետո կվերադարձնի կորցրած տարածքները, հակառակորդը տրամաբանորեն փորձում է կանխել այդ ուժեղացումը, ինչը մեծացնում է պատերազմի ռիսկը։ Նա համեմատություն անցկացրեց Գերմանիայի ընտրության հետ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո՝ նշելով, որ ռևանշի ճանապարհը բերեց նոր աղետի, իսկ զարգացման ճանապարհը՝ ուժեղ պետության։ Բաբայանի կարծիքով՝ Հայաստանի առաջ նույնպես նման ընտրություն է՝ ռևանշի՞, թե՞ զարգացման։ Նա ընդգծեց, որ պարտությունից հետո ատելության աճը թուլության նշան է, և հաղթանակը պետք է փնտրել մարդու արժեքի, ազատության և պետության համընդհանուր պատասխանատվության համակարգում։

Հասարակության մեջ տարածված է անձերով առաջնորդվելու մոտեցումը՝ «դուր է գալիս՝ ամեն ինչ լավ է, դուր չի գալիս՝ ամեն ինչ վատ է» տրամաբանությունը, ինչը վտանգավոր է պետական մտածողության համար։ Նրա խոսքով՝ սխալների պատասխանատվությունը պետք է ընդունել նաև անձնական մակարդակում, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր է չկրկնել դրանք։ Նա ընդգծեց, որ պարտություններից հետո հասարակությունը պետք է ավելի իմաստուն դառնա, այլ ոչ թե շարունակի նույն գաղափարախոսությունը՝ մշտական թշնամու և մշտական բարեկամի։
Ամփոփելով՝ Բաբայանը ասաց, որ առաջիկա ընտրությունները պետք է լինեն քաղաքակրթական ընտրություն՝ ոչ թե անձերի, այլ պետության մոդելի շուրջ։ Նրա համոզմամբ՝ առանցքային հարցը հետևյալն է՝ մարդիկ ցանկանում են իրենց ապագան կապել այս պետության հետ, թե ոչ։ Նա ընդգծեց նաև հայրենիքի ընկալման կարևորությունը՝ նշելով, որ հայրենիքը այն տարածքն է, որը դու պաշտպանում ես և որը պաշտպանում է քեզ, որի նկատմամբ ունես պարտավորություններ՝ հարկեր վճարելուց մինչև օրենքներին ենթարկվելը։ Ռուբեն Բաբայանը եզրափակեց, որ ներքին ատելությունը քանդում է պետությունը, և հասարակությունը պետք է սովորի տարաձայնությունները լուծել ընտրություններով՝ պահպանելով համակեցության կամուրջները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
