2021 թվականին Ռուսաստանը վճռական որոշում չուներ իշխանափոխության հարցում և հույս ուներ ճնշումների միջոցով հասնել իր նպատակներին՝ մասնավորապես «միջանցքի» վերահսկողությանը։
Հովսեփ Խուրշուդյան
Zarkerak‑ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում վերջինս վերլուծում է Հայաստանի ներքաղաքական լարվածությունն և դրա վրա ազդող աշխարհաքաղաքական գործոնները ։ Խուրշուդյանը շեշտում է, որ Ռուսաստանը, ձգտելով կանխել Հայաստանի արևմտամետ շրջադարձը, ակտիվորեն աջակցում է նախկին իշխանավորներին և «դրածո» օլիգարխներին՝ նպատակ ունենալով իրականացնել իշխանափոխություն: Ըստ Խուրշուդյանի՝ ընտրությունները վճռորոշ են երկրի ինքնիշխանության պաշտպանության համար, քանի որ Կրեմլը պատրաստ է օգտագործել հետընտրական անկայունությունը՝ ռազմական միջամտությունն արդարացնելու նպատակով։
Հովսեփ Խուշուդյանը կարծում է, որ այս ընտրությունների շուրջ ձևավորված լարվածությունը պայմանավորված է ոչ միայն իշխանափոխության հարցով, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական խաղադրույքով։ Նրա գնահատմամբ՝ 2021 թվականին Ռուսաստանը վճռական որոշում չուներ իշխանափոխության հարցում և հույս ուներ ճնշումների միջոցով հասնել իր նպատակներին՝ մասնավորապես «միջանցքի» վերահսկողությանը։ Նա նշեց, որ հետագայում, Արցախի հայաթափումից և անվտանգային պայմանավորվածությունների խախտումից հետո, Հայաստանի իշխանությունները սկսել են արտաքին քաղաքական շրջադարձ դեպի Արևմուտք, ինչը, ըստ Խուշուդյանի, Ռուսաստանին մղել է ակտիվորեն միջամտել ներքաղաքական գործընթացներին և աջակցել իշխանափոխությանը։
«Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը դիտարկում է, որ նախընտրական գործընթացները վաղուց են սկսվել, ներառյալ ընտրողների հավաքագրումը և ֆինանսական ազդեցության մեխանիզմները։ Նա կարծում է, որ պայքարում են ինչպես նախկին իշխանությունների հետ կապ ունեցող ուժերը, այնպես էլ Ռուսաստանից աջակցվող օլիգարխիկ շրջանակները։ Խուշուդյանը նշեց նաև, որ կարճ նախընտրական ժամկետը լրացուցիչ դժվարություն է ստեղծում նոր ուժերի համար՝ հաղթահարելու ընտրական շեմը։
Հովսեփ Խուշուդյանը արտաքին քաղաքական ֆոնի մասին խոսելիս անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմի և էներգետիկ շուկաների ազդեցությանը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը, նավթի գների տատանումները և լոգիստիկ խնդիրները սահմանափակում են Մոսկվայի հնարավորությունները տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ պատերազմի ավարտը կարող է փոխել նաև Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների տրամաբանությունը։
Խուշուդյանի համոզմամբ՝ ընտրությունները Հայաստանի համար ինքնիշխանության հարց են։ Նա նշեց, որ եթե իշխանությունը պահպանեն եվրոպական ինտեգրման կողմնակից ուժերը, ապա, իր խոսքով, «կփակվի Ռուսաստանի կողմից գաղութացման թեման»։ Հովսեփ Խուշուդյանը նաև կարծիք հայտնեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է փոխել քաղաքական դաշտը և ստեղծել գաղափարական մրցակցություն։

Անդրադառնալով «երաշխավորների» թեմային՝ Հովսեփ Խուշուդյանը նշեց, որ Ռուսաստանը արդեն եղել է անվտանգության երաշխավոր տարբեր պայմանագրերով, սակայն, նրա գնահատմամբ, այդ պարտավորությունները չեն իրականացվել։ Նա պնդեց, որ Ռուսաստանը սեփական շահերի համար գործարքների մեջ է մտել տարածաշրջանային դերակատարների հետ, և այդ պատճառով, ըստ նրա, ներկայացնել Մոսկվային որպես նոր երաշխավոր՝ անիրատեսական է։ Խուշուդյանը նաև պնդեց, որ ընտրությունների վրա հնարավոր է ֆինանսական ազդեցություն և քարոզչական ներգործություն։ Ռուսաստանը կարող է փորձել ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական ապակայունացման մեխանիզմներ կիրառել։ Նրա դիտարկմամբ՝ եթե ընտրությունների արդյունքները չլինեն վճռական, կարող են հետընտրական լարվածություններ առաջանալ, որոնք կօգտագործվեն արտաքին միջամտության համար։ Նա նշեց, որ նման սցենարի դեպքում հնարավոր է ներքաղաքական ճգնաժամ և բախումներ։
Խուշուդյանի կարծիքով՝ Ազգային ժողովի կազմը կարող է փոխվել, եթե հասարակությունը ընտրությանը մոտենա ոչ թե էմոցիոնալ, այլ պետականության և ինքնիշխանության տեսանկյունից։ Նա ընդգծեց, որ պրոռուսական ուժերի հաղթանակը, իր գնահատմամբ, կարող է վտանգել պետականությունը։
Անդրադառնալով Եվրամիության հիբրիդային արագ արձագանքման խմբի թեմային՝ Հովսեփ Խուշուդյանը նշեց, որ հստակ պատկերացում չունի այդ խմբի մանդատի մասին և ընդգծեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բավարար հաղորդակցություն չի եղել։
Սահմանադրական փոփոխությունների հարցում Հովսեփ Խուշուդյանը նշեց, որ սահմանադրության փոփոխության գործընթացը նախատեսվում էր դեռ հեղափոխությունից հետո։ Նա կարծում է, որ գործող սահմանադրությունը չունի բավարար լեգիտիմություն, քանի որ ընդունվել է վիճարկվող հանրաքվեներով։ Խուշուդյանը պատմական անդրադարձ կատարեց՝ նշելով, որ տարբեր փուլերում սահմանադրական փոփոխությունները կապված են եղել իշխանությունների քաղաքական նպատակների հետ։
Խուշուդյանը ընդգծեց, որ նոր սահմանադրությունը, իր կարծիքով, պետք է լինի ավելի հավասարակշռված և լեգիտիմ՝ ընտրված ժողովրդի կողմից։ Նա նաև նշեց, որ սահմանադրության նախաբանի վերաբերյալ քննարկումները քաղաքականացված են, և այն ներկայացնել որպես բացառապես արտաքին պահանջ՝ սխալ է։ Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի պետական համակարգի հավասարակշռումն ու լեգիտիմության ապահովումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
