Երբ խոսք էր գնում Եվրոպական միության դիտորդական առաքելության մասին, ռուսական կողմը դա ներկայացնում էր որպես միջամտություն, մինչդեռ այժմ ինքն է հայտարարում ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքի մասին։
Էդգար Առաքելյան
1inTV‑ն զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կենտրոնանալով Կրեմլից հնչող տնտեսական ու լոգիստիկ սպառնալիքների և դրանց հայկական արձագանքների վրա։ Հիմնական շեշտադրումը կատարվում է Եվրամիության հետ մերձեցման հնարավոր հետևանքների վրա, ներառյալ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը և առևտրաշրջանառության կտրուկ նվազումը։ Անդրադարձ է արվում է ներքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ իշխող ուժի ընտրական նախապատրաստություններին և Մոսկվայի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու բացահայտ միջամտության փորձերին, ինչպես նաև մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությանը, որն էլ ավելի է բարդացնում տարածաշրջանային անվտանգային պատկերը։
Էդգար Առաքելյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը էական ազդեցություն չի կարող ունենալ քաղաքական գործընթացների վրա։ Նրա համոզմամբ, եթե այդ ուժը իրական ազդեցություն ունենար և վստահ լիներ նվազագույն շեմը հաղթահարելու հարցում, անպայման կմասնակցեր ընտրություններին։ Առաքելյանը կարծում է, որ մեծ հաշվով կարևոր չէ, թե ում կսատարի Հանրապետականը, քանի որ այդ աջակցությունը որոշիչ դեր չի խաղալու քաղաքական դաշտում։
Էդգար Առաքելյանը անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին՝ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրումը եղել է թափանցիկ և ժողովրդավարական գործընթաց։ Նա ընդգծեց, որ նախորդիվ անցկացվել են նաև ներկուսակցական ընտրություններ, որոնք, ըստ քաղաքագետի, բացառիկ երևույթ են հայկական քաղաքական մշակույթում։ Առաքելյանի դիտարկմամբ, կուսակցության ակտիվը ընտրել է ոչ միայն վարչապետի թեկնածուին, այլև համամասնական ցուցակը, և համագումարը պարզապես հաստատել է այդ արդյունքները։
Քաղաքագետը անդրադարձավ նաև Ռուսաստանի արձագանքներին՝ նշելով, որ Մոսկվայի հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ կարելի է դիտարկել որպես դիսկոմֆորտ նախկին քաղաքական հարաբերությունների փոփոխության պայմաններում։ Նրա խոսքով՝ նախկինում Ռուսաստանի դիրքորոշումները Հայաստանում առանց դիմադրության ընդունվում էին, մինչդեռ այժմ Երևանը հակադարձում է և շտկում որոշ ձևակերպումներ։ Առաքելյանը կարծում է, որ այդ փոփոխությունը Մոսկվայում ընկալվում է անհարմարությամբ, ինչի արդյունքում հնչում են հայտարարություններ Հայաստանի ընտրությունների մասին։
Ռուսաստանից հնչող խոսքերը Հայաստանի ներքին գործերին միջամտության դրսևորում են։ Նա նշեց, որ երբ խոսք էր գնում Եվրոպական միության դիտորդական առաքելության մասին, ռուսական կողմը դա ներկայացնում էր որպես միջամտություն, մինչդեռ այժմ ինքն է հայտարարում ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքի մասին։ Առաքելյանը դիտարկում է, որ այս հակասությունը ցույց է տալիս երկակի մոտեցում։

Քաղաքագետը նաև անդրադարձավ հիբրիդային սպառնալիքներին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից աջակցություն առաջարկելը իրեն հիշեցնում է իրավիճակ, երբ հենց վտանգի աղբյուրն էառաջարկում պաշտպանություն։ Առաքելյանի խոսքով՝ ընտրություններին ընդառաջ հնարավոր է կեղծ տեղեկատվության և տեղեկատվական հարձակումների ակտիվացում, ինչի մասին արդեն վկայում են վերջին օրերի զարգացումները։
Էդգար Առաքելյանը պնդեց, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան ուժեր, որոնք, նրա կարծիքով, ունեն արտաքին քաղաքական հովանավորություն։ Նա նշեց Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի անունները՝ պնդելով, որ նրանք ներկայացվում են որպես Ռուսաստանի համար ցանկալի դերակատարներ։ Առաքելյանը կարծում է, որ այս հանգամանքը խոսում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա արտաքին ազդեցության փորձերի մասին և մինչև ընտրությունները այդ պայքարը կարող է սրվել։
Հնարավոր է արտերկրից ընտրողների կազմակերպված ներգրավման փորձեր լինեն։ Նրա խոսքով՝ նման գործընթացների մասին արդեն տեղեկություններ կան, և որոշ քաղաքացիներ կարող են վերադառնալ՝ մասնակցելու ընտրություններին։ Առաքելյանը կոչ արեց արտերկրում ապրող քաղաքացիներին չդառնալ քաղաքական գործիք և հիշել, որ ընտրությունները վերաբերում են Հայաստանի պետականության պահպանմանը։
Անդրադառնալով Արցախի թեմային՝ Էդգար Առաքելյանը նշեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել դեռևս 2022 թվականին ստորագրված համաձայնագրով։ Նրա դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթը ենթադրում էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացին։ Առաքելյանը կարծում է, որ հետագայում Հայաստանի հասցեին մեղադրանքները մանիպուլյացիա են, քանի որ նախապես արդեն ձևավորված էին համապատասխան քաղաքական պարտավորությունները։
Էդգար Առաքելյանը եզրափակեց, որ ներկայիս իրավիճակում Հայաստանի իշխանությունը փորձում է պաշտպանել պետական շահերը՝ անկախ արտաքին ճնշումներից։ Նրա խոսքով՝ նախորդ տարիների համեմատ Հայաստանը այժմ ավելի ինքնուրույն դիրքորոշում է ցուցաբերում, և դա էլ հանգեցնում է արտաքին դժգոհությունների։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
