Խոշոր տնտեսական ռեսուրսներ ունեցող ուժերը շարունակում են գերակշռել ընդդիմադիր դաշտում և կարող են ձայներ կոնսոլիդացնել իրենց աշխատողների և այդ շրջանակների միջոցով։ Փոքր ընդդիմադիր ուժերի համար դաշտ մտնելը բարդ է ֆինանսական և կազմակերպչական սահմանափակումների պատճառով։
Գարիկ Միսկարյան
1inTV‑ն զրուցել է Ռեստարտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հրապարակած ցուցակները և ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները։ Քննարկվում է նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, նրա հնարավոր համագործակցությունները և ընդդիմադիր ուժերի միջև գաղափարական տարբերությունների հարցը։ Զրույցում անդրադարձ է կատարվում Ռուսաստանի ազդեցությանը, տնտեսական հնարավոր ճնշումներին և ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ Քննարկվում է նաև ընդդիմադիր դաշտում ֆինանսական ռեսուրսների անհավասարությունը և փոքր ուժերի մրցակցության դժվարությունները։ Անդրադարձ կա «Միասնության թևերի» և «Հայաքվեի» համագործակցության խզման պատճառների մասին, անդրադառնում են ընտրությունների հնարավոր արդյունքներին և իշխանության ու ընդդիմության բարձր սպասելիքներին։
Գարիկ Միսկարյանը, անդրադառնալով նախընտրական գործընթացներին, նշեց, որ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները հիշեցնում են ֆուտբոլային «տրանսֆերային պատուհան»․նրա խոսքով՝ընտրություններից առաջ տարբեր ուժերից գործիչների տեղափոխությունները բնական են, և բոլորն փորձում են տեղավորվել ընդդիմադիր ճամբարում՝ կախված իրավիճակից։ Նա կարծում է, որ ցուցակների կազմավորման տրամաբանությունը կանխատեսելի է, իսկ դասավորությունները՝ բավականին սպասելի։
Գագիկ Ծառուկյանի կողմից «հների» հետ չասոցացվելու փորձը լիովին համոզիչ չէ, քանի որ, ըստ նրա, Ծառուկյանն ինքն այդ քաղաքական մշակույթի ձևավորման առանցքային ներկայացուցիչներից է։ Միսկարյանը ընդգծեց, որ ոչ խոսույթում, ոչ էլ ցուցակներում էական փոփոխություն չի նկատվում, և ընդհանուր առմամբ նոր, ցնցող անուններ չկան։ Նա նաև նկատեց, որ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի ընդգրկումը նույն տրամաբանության մեջ է տեղավորվում, քանի որ արտաքին քաղաքական բլոկի ճգնաժամային իրավիճակում նրա հրաժարականը, Միսկարյանի գնահատմամբ, ևս նույն քաղաքական ուղղության մաս էր կազմում։
Նա կարծում է, որ տարբեր ընդդիմադիր ուժերի ցուցակներում առկա տարբերությունները հիմնականում ձևական են, իսկ բովանդակային առումով մեծ տարբերություն չկա։ Միսկարյանը նշում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման բոլոր քաղաքական դերակատարներն էլ դիտարկում են զգուշությամբ, քանի որ դա լուրջ տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել։ Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական մարտահրավերը տնտեսության ստանդարտացումն է և եվրոպական շուկաների հետ ապրանքաշրջանառության մեծացումը։ Միաժամանակ, նա դիտարկում է, որ Ռուսաստանի ազդեցության հիմնական գործիքը կարող է դառնալ տնտեսական ճնշումը՝ գազի գնի, ատոմակայանի, ԵԱՏՄ‑ի և այլ ուղղություններով։

Գարիկ Միսկարյանը նաև գնահատեց Գագիկ Ծառուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը բացառելու հայտարարությունը՝ այն կապելով Քոչարյանի բարձր հակառեյտինգի հետ։ Նրա կարծիքով՝ Ծառուկյանի թիմը փորձում է խուսափել այդ ասոցացումից, որպեսզի չկորցնի սեփական ընտրազանգվածի մի մասը։ Միաժամանակ, Միսկարյանը նշեց, որ խոշոր տնտեսական ռեսուրսներ ունեցող ուժերը շարունակում են գերակշռել ընդդիմադիր դաշտում և կարող են ձայներ կոնսոլիդացնել իրենց աշխատողների և այդ շրջանակների միջոցով։ Փոքր ընդդիմադիր ուժերի համար դաշտ մտնելը բարդ է ֆինանսական և կազմակերպչական սահմանափակումների պատճառով։ Միսկարյանը օրինակ բերեց Հայկ Մարությանին՝ նշելով, որ նրա հիմնական ռեսուրսը մեդիա ճանաչելիությունն է, ոչ թե ֆինանսական հնարավորությունները։ Նրա դիտարկմամբ՝ գրասենյակների, քարոզչության և կազմակերպչական աշխատանքի ծախսերը զգալի են, ինչը սահմանափակում է այլ ուժերի մրցունակությունը։
Գարիկ Միսկարյանը անդրադարձավ նաև «Միասնության թևերի» և «Հայաքվեի» համագործակցության դադարեցմանը՝ նշելով, որ դեռ հուշագրից հետո էլ ակնհայտ էր տարբեր ուղղություններով աշխատանքը։ Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ինչու էին միավորվել, եթե սկզբում չէին հստակեցրել գաղափարական կարմիր գծերը։ Միաժամանակ, նա նկատեց, որ այդ ուժերը որոշակի պոտենցիալ ունեն, հատկապես երիտասարդների շրջանում, և լավ կազմակերպվելու դեպքում կարող են հաղթահարել ընտրական շեմը։
Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին խոսելով՝ Միսկարյանը նշեց, որ վտանգները իրական են և խոսույթը կարող է սրվել։ Նա կարծում է, որ այս ընտրությունները առանձնահատուկ են, քանի որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը բացահայտ հետաքրքրություն են ցուցաբերում գործընթացների նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հիմնական գործիքները տնտեսական են՝ գազի գինը, ԵԱՏՄ‑ն, էներգետիկ ենթակառուցվածքները և ռազմական ներկայությունը։ Ռուսաստանի կողմից «ռուսամետ ուժերի» մասին հայտարարությունները ներքաղաքական լարվածություն են ստեղծում և ընտրողի համար ազդակ են։ Նրա կարծիքով՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի քաղաքացին՝ հաշվի առնելով արտաքին ազդեցությունների գործոնը։
Նա անդրադարձավ նաև երկաթուղու կառավարման շուրջ քննարկումներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է շատ զգույշ դիրքորոշում ցուցաբերի, քանի որ Ռուսաստանի ազդեցության լծակները մեծ են։ Միսկարյանը ենթադրեց, որ հնարավոր են փոխզիջումներ այլ ուղղություններով՝ այդ հարցում արդյունք ստանալու համար։ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հաջորդ հանդիպման ժամկետը պատահական չէ և կապված է ընտրությունների հետ։ Նրա դիտարկմամբ՝ ընտրություններից հետո նոր քաղաքական իրավիճակը կպահանջի վերադասավորումներ և հարաբերությունների վերաիմաստավորում։
Վերջում Միսկարյանը անդրադարձավ ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալու մասին հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես նախընտրական խոսույթ։ Նրա կարծիքով՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը չափազանցնում են սպասելիքները՝ ընտրազանգվածին վստահություն փոխանցելու նպատակով։ Նա նաև նշեց, որ Գյումրիի սցենարը համապետական ընտրություններում քիչ հավանական է, քանի որ այդ ընտրություններում գործում են այլ գործոններ և այլ տրամաբանություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
