Այս համատեքստում ձևավորվում է ոչ թե «արևմտամետ ընդդեմ ռուսամետ» պարզ հակադրություն, այլ «դիվերսիֆիկացիա ընդդեմ միակողմանի կախվածության» ընտրություն։
Միքայել Զոլյան
1inTV‑ն զրուցել է քաղաքագետ
Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի նախընտրական գործընթացները և արտաքին աշխարհաքաղաքական ազդեցությունների փոխգործակցության վերաբերյալ տեսակետներ։ Զոլյանը զուգահեռներ է անցկացնում Հունգարիայի և այլ երկրների ընտրությունների հետ՝ ընդգծելով, թե ինչպես են տարբեր ուժեր օգտագործում խաղաղության կարգախոսը ընտրողներին մանիպուլացնելու համար: Զոլյանը նախազգուշացնում է ռուսամետ ուժերի կողմից իրականացվող հիբրիդային սպառնալիքների և կեղծ քարոզչության մասին, որոնք նպատակ ունեն սրել հակամարտությունները տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու համար: Քննարկվում է նաև երիտասարդ ընտրողների թիրախավորումը և նոր սերնդի քաղաքական գործիչների կողմից կիրառվող անկեղծության ու թափանցիկության նոր ձևաչափերը:

Միքայել Զոլյանը նշեց, որ ընտրական գործընթացները պետք է դիտարկել ոչ միայն ներքին, այլև համաեվրոպական և համաշխարհային համատեքստում։ Նրա խոսքով՝ այսօր խաղաղությունը դարձել է «պահանջված ապրանք», և տարբեր քաղաքական ուժեր այն օգտագործում են որպես հռետորաբանություն՝ անկախ իրական մտադրություններից։ Նա դիտարկում է, որ նույն երևույթը նկատելի է տարբեր երկրներում, որտեղ բոլոր կողմերը հայտարարում են խաղաղության մասին, բայց դրանց բովանդակությունը տարբեր է։
Զոլյանը կարծում է, որ Հայաստանում ևս տեղի է ունեցել հռետորաբանության փոփոխություն․ նախկինում պատերազմական և ռևանշիստական շեշտադրումներով հանդես եկող ուժերը այժմ ևս խոսում են խաղաղությունից՝ ներկայացնելով այն որպես «ուժեղ» և «երաշխավորված»։ Նրա կարծիքով՝ սա կարող է լինել ընտրողին մոլորեցնելու փորձ, քանի որ նույն ուժերը նախկինում այլ դիրքորոշում ունեին, իսկ նրանց առաջարկած մոդելը իրականում կարող է չբերել կայուն խաղաղության։
Քաղաքագետը շեշտեց, որ եթե Հայաստանը կրկին ամբողջությամբ ներգրավվի Ռուսաստանի կողմից կառավարվող միջնորդական գործընթացներում, ապա հակամարտությունը չի լուծվի, այլ կպահպանվի որպես ազդեցության լծակ։ Նա ընդգծեց, որ նման մոտեցումը ենթադրում է հակասությունների մշտական սրում, քանի որ դա բխում է Մոսկվայի քաղաքական շահերից։ Զոլյանի դիտարկմամբ՝ այս տրամաբանությունը բնորոշ է հատկապես ներկա ռուսական քաղաքականությանը, որտեղ հակամարտությունները օգտագործվում են որպես ազդեցության գործիք։

Նա նաև նշեց, որ ընտրությունները աստիճանաբար ձեռք են բերում աշխարհաքաղաքական բաղադրիչ, թեև շարունակում են մնալ ներքին հարցերի շուրջ պայքար։ Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրությունը միաժամանակ վերաբերում է թե՛ ներքին կառավարման խնդիրներին, թե՛ արտաքին քաղաքական ուղղությանը։ Զոլյանը դիտարկում է, որ այս համատեքստում ձևավորվում է ոչ թե «արևմտամետ ընդդեմ ռուսամետ» պարզ հակադրություն, այլ «դիվերսիֆիկացիա ընդդեմ միակողմանի կախվածության» ընտրություն։
Զոլյանի կարծիքով՝ արտաքին դերակատարները արդեն բացահայտ ձևով արտահայտում են իրենց նախընտրությունները, ինչը, նրա գնահատմամբ, որոշ չափով ավելի թափանցիկ է դարձնում գործընթացը։ Նա կարծում է, որ ընտրողները պետք է իմանան, թե որ ուժը որ արտաքին կենտրոնի աջակցությունն ունի, քանի որ դա կարող է ազդել նրանց որոշման վրա։ Միևնույն ժամանակ նա զգուշացնում է, որ ավելի վտանգավոր է այն, երբ քաղաքական ուժերը թաքցնում են իրենց իրական կողմնորոշումը։
Քաղաքագետը առանձնացրեց նաև հիբրիդային ազդեցությունների վտանգը՝ ընդգծելով, որ կեղծ տեղեկատվությունը, բոտերի ակտիվությունը և հոգեբանական ճնշման մեխանիզմները արդեն անվտանգային խնդիր են, ոչ թե պարզապես քաղաքական մրցակցության մաս։ Նրա խոսքով՝ նման գործիքները հատկապես վտանգավոր են փոքր երկրների համար, որոնք չունեն բավարար ռեսուրսներ դրանց հակազդելու համար։
Զոլյանը անդրադարձավ նաև երիտասարդ ընտրողների խնդրին՝ նշելով, որ նրանք մի կողմից ավելի լավ են կողմնորոշվում թվային միջավայրում, սակայն մյուս կողմից հաճախ չունեն պատմական հիշողություն և կարող են ենթարկվել գաղափարական մանիպուլյացիաների։ Նա կարծում է, որ կրթական և մշակութային միջավայրում ձևավորված կարծրատիպերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ նրանց քաղաքական ընկալումների վրա։
Նրա դիտարկմամբ՝ ժամանակակից քաղաքականության մեջ մեծ դեր է խաղում նաև քաղաքական գործչի «անկեղծության» ընկալումը։ Զոլյանը նշեց, որ ընտրողները, հատկապես երիտասարդները, ավելի շատ ուշադրություն են դարձնում քաղաքական գործիչների անձնական վարքին, կենսակերպին և «իրական» կերպարին, քան պաշտոնական հայտարարություններին։ Նրա կարծիքով՝ սա պայմանավորում է այն, որ ժամանակակից քաղաքականությունում հաջողում են այն գործիչները, ովքեր ներկայանում են որպես ավելի բաց, անմիջական և «ինքնատիպ»։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
