Հայաստանը պետք է փոխի իր ընկալումը՝ դառնալով որակյալ, զարգացած և գրավիչ երկիր։ Նրա խոսքով՝ դա կարևոր է թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումների և թե՛ սփյուռքի ներգրավման համար։
Ալբերտ Գրիգորյան
1inTV‑ն զրուցել է սփյուռքահայ փորձագետ Ալբերտ Գրիգորյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև սպասվող ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը, որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է որակական նոր՝ ինստիտուցիոնալ մակարդակի: Փորձագետ Ալբերտ Գրիգորյանի հետ զրույցի միջոցով վերլուծվում է, թե ինչպես է այս փաստաթուղթը դառնալու տնտեսական և ռազմական զարգացման լոկոմոտիվ՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի դերը որպես կամուրջ Եվրոպայի, Իրանի և Կենտրոնական Ասիայի միջև։
Ալբերտ Գրիգորյանը նախ նշեց, որ մինչև հիմնական հարցին անդրադառնալը ցանկանում է բոլորին շնորհավորել հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր հատվածի բացման առթիվ՝ դա դիտարկելով որպես տարածաշրջանային և ռազմավարական նշանակության խոշոր ձեռքբերում Հայաստանի համար։ Նա ընդգծեց, որ նախագիծը դեռ ավարտված չէ, բայց արդեն իսկ կարևոր փուլ է անցել և կարող է էական ազդեցություն ունենալ երկրի զարգացման վրա։
Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համաձայնագրին՝ Գրիգորյանը նշեց, որ նման պայմանագրերը հարաբերությունները բարձրացնում են ինստիտուցիոնալ մակարդակի։ Նրա խոսքով՝ սա նշանակում է պետություն-պետություն ավելի համակարգված համագործակցություն, ոլորտային աշխատանքային խմբերի ձևավորում և ծրագրավորված զարգացում տարբեր ուղղություններով։ Նա կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները լրջորեն մոտենան այս գործընթացին, ապա այն կարող է բացել լայն հնարավորություններ և զգալիորեն խորացնել երկկողմ հարաբերությունները։

Գրիգորյանը նաև դիտարկեց, որ մինչ այժմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, բայց տնտեսական համագործակցությունը հետ է մնացել։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս փուլը հնարավորություն է տալիս այդ բացը լրացնել, հատկապես հաշվի առնելով խաղաղության օրակարգը, որը Հայաստանը դարձնում է ավելի գրավիչ արտաքին ներդրողների համար։ Նա ընդգծեց, որ մեծ ծրագրերը կարող են դառնալ «լոկոմոտիվ», որոնք իրենց հետ կբերեն նաև փոքր և միջին բիզնեսի զարգացում։
Ալբերտ Գրիգորյանը նաև նշեց, որ ընթացիկ գործընթացները շարունակական բնույթ ունեն՝ կապված նախորդ ամիսների տնտեսական և գործարար շփումների ակտիվացման հետ։ Նրա խոսքով՝ առաջիկա բարձր մակարդակի հանդիպումները պետք է դիտարկել որպես այդ շղթայի տրամաբանական շարունակություն։
Խոսելով տարածաշրջանային համատեքստից՝ Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով կարող է դառնալ կարևոր հանգույց, եթե հաջողվի վերջնականապես ամրապնդել խաղաղությունը հարևանների հետ։ Նա նշեց, որ դա կբացի հնարավորություններ դեպի Միջին Ասիա, Պարսից ծոցի երկրներ և ավելի լայն շուկաներ։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ և տնտեսական միջանցք՝ արտահանելով էլեկտրաէներգիա, շինանյութ և այլ ռեսուրսներ։
Նա նաև կարծում է, որ Ֆրանսիայի ներկայությունը Հայաստանում կարող է դառնալ կամուրջ դեպի այլ տարածաշրջաններ, ներառյալ Եվրասիան և Միջին Ասիան։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաջարկներով է Հայաստանը ներկայանում միջազգային գործընկերներին։
Պաշտպանական ոլորտի վերաբերյալ Գրիգորյանը նշեց, որ Ֆրանսիան ունի լուրջ տեխնոլոգիական և ռազմական պոտենցիալ։ Նա ընդգծեց, որ այդ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացմանը։ Նրա կարծիքով՝ արդեն կա կամք և գործընթաց, որը կարող է կոնկրետ արդյունքներ տալ, ներառյալ զինտեխնիկայի մատակարարումները և մասնագիտական աջակցությունը։
Գրիգորյանը նաև անդրադարձավ Ֆրանսիայի դերին Եվրոպայում՝ նշելով, որ այն ունի ինքնուրույն քաղաքականություն և կարևոր ազդեցություն։ Նրա համոզմամբ՝ Ֆրանսիայի աջակցությունը կարող է փոխել Հայաստանի նկատմամբ ընդհանուր եվրոպական վերաբերմունքը և խթանել նոր համագործակցություններ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների։
Տնտեսական հնարավորությունների համատեքստում նա օրինակ բերեց էներգետիկ նախագծերը՝ ընդգծելով, որ Եվրոպան ունի պահանջարկ, իսկ Հայաստանը կարող է դառնալ մատակարար՝ համապատասխան ենթակառուցվածքների զարգացման դեպքում։ Նա նաև նշեց տուրիզմի ոլորտը՝ որպես մեծ ներուժ ունեցող ուղղություն, հատկապես տարածաշրջանային փոփոխությունների ֆոնին։
Սփյուռքի վերաբերյալ Ալբերտ Գրիգորյանը արտահայտեց ավելի լայն գաղափարական մոտեցում։ Նա նշեց, որ ժամանակն է վերանայել հայկական ինքնության բովանդակությունը և հարմարվել նոր իրականությանը՝ անկախ պետականության պայմաններում։ Նրա կարծիքով՝ պետք է կենտրոնանալ տարածաշրջանային ինտեգրման, լեգիտիմության և գործնական զարգացման վրա։
Գրիգորյանը նաև շեշտեց մշակութային քաղաքականության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը պետք է ստեղծի համաշխարհային մակարդակի մշակութային արտադրանք՝ ֆիլմեր, պատմություններ, որոնք կներկայացնեն հայկական պատմությունն ու ինքնությունը ժամանակակից լեզվով։ Նա օրինակ բերեց Սասունցի Դավթի, քրիստոնեության ընդունման և այբուբենի ստեղծման թեմաները՝ որպես գլոբալ հետաքրքրություն ներկայացնող սյուժեներ։
Վերջում նա ընդգծեց նաև հոգեբանական գործոնը՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր ընկալումը՝ դառնալով որակյալ, զարգացած և գրավիչ երկիր։ Նրա խոսքով՝ դա կարևոր է թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումների և թե՛ սփյուռքի ներգրավման համար։
