Հայաստանը հնարավորություն ունի նման խոշոր նախագծերի իրականացման՝ հատկապես միջազգային կապերի և տեղական տեխնոլոգիական համայնքի շնորհիվ։
Արտավազդ Մինասյան
Լուրերը զրուցել է «Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացնում է Հայաստանի հավակնոտ նպատակը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ շեշտադրելով հատկապես գերհզոր տվյալների կենտրոնի ստեղծումը: Որպես հիմնական ուղղություններ առանձնացվում են ձայնային տեխնոլոգիաների զարգացումը, տնտեսության ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և մարդկային կապիտալի հզորացումը: Զրույցի ընթացքում ընդգծվում է, որ ԱԲ գործիքների կիրառումը դառնում է անխուսափելի պայման մրցունակության համար, քանի որ դրանք տասնապատիկ արագացնում են աշխատանքային գործընթացները, օրինակ՝ ծրագրավորման կամ բժշկության մեջ: Չնայած ԱՄՆ‑ի և Չինաստանի գլոբալ առաջատարությանը, Հայաստանն ունի ուրույն ներուժ և Սիլիկոնյան հովտի հետ ամուր կապեր, որոնք թույլ կտան իրականացնել խոշոր ներդրումային ծրագրեր
Արտավազդ Մինասյանը նշեց, որ Երևանում անցկացված արհեստական բանականության համաժողովը բազմակողմանի էր․քննարկումներըներառում էին տվյալների կենտրոնի ստեղծումը, գիտության զարգացումը, պետական կառավարմանհամակարգում արհեստական բանականության ներդրումը, հետազոտությունները և ստարտափների հնարավորությունները։ Նա ընդգծեց, որ հատկապես կարևոր ուղղություններից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է, որի նախաձեռնությունն արդեն մեկնարկել է։
Նա կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ արհեստական բանականության կենտրոն, սակայն ոչ բոլոր ուղղություններով։ Արտավազդ Մինասյանի խոսքով՝ եթե ընտրվեն մի քանի ռազմավարական ուղղություններ, ապա այդ ոլորտներում հնարավոր է դառնալ առաջատար։ Նա դիտարկում է, որ նման ուղղություններից են տվյալների կենտրոնների ստեղծումը, գիտական որոշ նեղ մասնագիտացված ոլորտների զարգացումը, մասնավորապես ձայնային տեխնոլոգիաները, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության և պետական կառավարման մեջ։

Մինասյանը նշեց, որ համաշխարհային մակարդակով մրցակցել ԱՄՆ‑ի և Չինաստանի հետ չափազանց բարդ է, սակայն տարածաշրջանային մակարդակում առաջատար դիրք զբաղեցնելը լիովին իրատեսական է։ Նա հավելեց, որ օգտագործման տեսանկյունից արհեստական բանականությունը «դեմոկրատական» տեխնոլոգիա է․ այն հասանելի է բոլորին, սակայն ստեղծման առումով առաջատար է ԱՄՆ‑ը, իսկ Չինաստանը փորձում է հասնել նրան։
Արտավազդ Մինասյանը նշեց, որ արհեստական բանականության կիրառումը անխուսափելի է և մոտ ապագայում յուրաքանչյուր մասնագետ կունենա իր «AI օգնականը»։ Նրա խոսքով՝ դա կբերի արտադրողականության կտրուկ աճի, ծառայությունների և ապրանքների էժանացման և ընդհանուր տնտեսական զարգացման։ Նա նաև նշեց, որ նախատեսվող մեծածավալ ներդրումները կարող են էապես բարձրացնել Հայաստանի համախառն ներքին արդյունքը և պետական բյուջեի եկամուտները։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն դարձրեց ռիսկերին՝ հատկապես տվյալների անվտանգության և ապատեղեկատվության տարածման խնդրին։ Նրա դիտարկմամբ՝ մարդիկ պետք է զգուշորեն վերաբերվեն այն տեղեկատվությանը, որը վստահում են արհեստական բանականությանը, քանի որ այն կարող է փոխանցել նաև սխալ կամ մանիպուլյատիվ տվյալներ։ Արտավազդ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանում հիմնական սահմանափակող գործոնը ոչ թե գիտակցության պակասն է, այլ գործընթացների արագության հարցը։ Նա նշեց, որ շուկան ինքնին ստիպելու է ընկերություններին արագ ներդնել արհեստական բանականությունը, քանի որ մրցակցությունը կպահանջի ավելի բարձր արդյունավետություն։
Նա ընդգծեց, որ առաջիկա 5–10 տարիներին ոլորտը կզարգանա աննախադեպ արագությամբ։ Մինասյանը օրինակ բերեց ծրագրավորման ոլորտը՝ նշելով, որ այսօր լավագույն ծրագրավորողները հաճախ արդեն ոչ թե կոդ են գրում, այլ աշխատում են արհեստական բանականության հետ՝ հրահանգների միջոցով։
Արտավազդ Մինասյանը կարծում է, որ կարճաժամկետում աշխատաշուկայում կրճատումներ չեն լինի, հակառակը՝ արդյունավետության աճը կբերի պահանջարկի մեծացման։ Սակայն երկարաժամկետում որոշ մասնագիտությունների դեպքում հնարավոր է պահանջարկի նվազում։ Նա բացատրեց, որ GPU-ները այն հաշվարկային համակարգիչներն են, որոնց վրա աշխատում է արհեստական բանականությունը, և դրանց մեծ քանակը հնարավորություն է տալիս ստեղծել հզոր տվյալների կենտրոններ։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող այս նախագիծը կարող է դառնալ խոշոր տնտեսական և տեխնոլոգիական շարժիչ։
Մինասյանը նշեց, որ առաջիկա երկու տարիներին նախատեսվում է մեծածավալ հաշվարկային հզորությունների տեղադրում, ինչը արագ արդյունք կտա։ Նա նաև ընդգծեց, որ ուսանողները կարող են օգտվել գերհամակարգիչներից՝ գիտական հետազոտությունների համար։
Արտավազդ Մինասյանը դիտարկում է, որ նոր մասնագիտություններ անպայման առաջանալու են, սակայն առավել կարևոր փոփոխությունն այն է, որ արդեն գոյություն ունեցող մասնագիտությունները դառնում են ավելի հասանելի և հեշտ։ Նա համեմատություն արեց լուսանկարչության հետ՝ նշելով, որ ինչպես սմարթֆոնները դարձրեցին բոլորին «լուսանկարիչ», այնպես էլ արհեստական բանականությունը դարձնում է ծրագրավորումը հասանելի շատերին։ Նա ընդգծեց, որ արհեստական բանականության կիրառումը չունի այլընտրանք․ ով չի օգտագործի այն, կկորցնի մրցունակությունը։ Մինասյանի խոսքով՝ դա դառնում է պարտադիր գործիք յուրաքանչյուր մասնագիտության համար։Արտավազդ Մինասյանը նշեց, որ աշխարհում ոլորտի աճը աննախադեպ արագ է, և ներդրումները հասնում են տրիլիոնավոր դոլարների։ Նա հավելեց, որ հիմնական ներդրողները ԱՄՆ‑ն, Չինաստանը և Եվրոպական միությունն են։
Նա կարծում է, որ Հայաստանը հնարավորություն ունի նման խոշոր նախագծերի իրականացման՝ հատկապես միջազգային կապերի և տեղական տեխնոլոգիական համայնքի շնորհիվ։
Արտավազդ Մինասյանը նշեց, որ ստարտափների համար հնարավորությունները շատ մեծ են, քանի որ նոր գործիքները թույլ են տալիս կարճ ժամանակում ձեռք բերել գիտելիքներ և ստեղծել արտադրանք։ Նա օրինակ բերեց ընկերություններ, որոնք նվազագույն աշխատուժով հասնում են մեծ շրջանառության։
Վերջում նա անդրադարձավ պետական կառավարման և տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառմանը՝ նշելով, որ այն կարող է բարձրացնել ծառայությունների որակը, արագացնել որոշումների կայացումը և մեծացնել համակարգերի արդյունավետությունը։ Նա օրինակ բերեց առողջապահության ոլորտը, որտեղ բժիշկները կարող են արագ ստանալ վերլուծված տվյալներ և սպասարկել ավելի շատ պացիենտների։
Արտավազդ Մինասյանը նաև ընդգծեց, որ արհեստական բանականության տրամադրած տեղեկատվությունը միշտ պետք է ստուգել, քանի որ այն կարող է հիմնվել սխալ աղբյուրների վրա և ներկայացնել ոչ ամբողջովին ճշգրիտ պատասխաններ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
