Եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմանը և նույնիսկ տեսնում են Եվրամիության անդամակցության հեռանկար՝ համապատասխան չափանիշների կատարման դեպքում։ Եվրոպական կողմը չի աջակցում կոնկրետ քաղաքական ուժերի, այլ աջակցում է ժողովրդավարական գործընթացներին։
Հովսեփ Խուրշուդյան
FreeNews Armenia‑ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վճռորոշ պահը, որտեղ երկիրը կանգնած է արևմտյան ինտեգրման և ռուսական ազդեցության պահպանման ընտրության առջև: Հովսեփ Խուրշուդյանը շեշտում է, որ սպասվող եվրոպական գագաթնաժողովները և Ֆրանսիայի նախագահի այցը խորհրդանշում են Հայաստանի ժողովրդավարությանն ուղղված արևմտյան լուրջ աջակցությունը: Միևնույն ժամանակ, նա զգուշացնում է Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների, ընտրակաշառքների և «հինգերորդ շարասյան» միջոցով պետականությունը քայքայելու փորձերի մասին: Զրույցի նպատակն է արժևորել ինքնիշխանության պաշտպանությունը և կոչ անել հասարակությանը՝ թույլ չտալ երկրի վերածումը օտարի կամակատար «գուբերնիայի»:
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վերաբերյալ քննարկումների հիմնական առանցքը առաջիկա ընտրություններն էին։ Նա ընդգծեց, որ եվրոպացի գործընկերները լավ տեղեկացված են Հայաստանի ներքաղաքական գործընթացներից և նկատում են զուգահեռներ Մոլդովայի ու Ռումինիայի ընտրությունների հետ։ Խուրշուդյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձելու է նույն գործիքակազմով միջամտել Հայաստանի ընտրություններին՝ օգտագործելով տեխնոլոգիական հարթակներ, կեղծ օգտահաշիվներ և ֆինանսական հոսքեր։
Նա դիտարկում է, որ Հայաստանում ամբողջությամբ չի չեզոքացվել «հինգերորդ շարասյան» ազդեցությունը, և չի իրականացվել լյուստրացիա, ինչի հետևանքով արտաքին ազդեցության գործակալները շարունակում են գործել։ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ սոցիալական ցանցերում լայնորեն կիրառվում են կեղծ հաշիվներ, իսկ ֆինանսական հոսքերի մասով արդեն առկա են տվյալներ ընտրակաշառքների վերաբերյալ՝ մինչև հազարավոր դոլարների չափով։
Խուրշուդյանը կարծում է, որ Ռուսաստանը նույնիսկ արևմտյան տեխնոլոգիաներն է օգտագործում՝ իր ազդեցությունն ուժեղացնելու համար, և անհրաժեշտ է, որ սոցիալական հարթակները՝ Facebook‑ը, YouTube‑ը, ավելի ակտիվորեն փակեն կեղծ հաշիվները։ Նա ընդգծեց նաև, որ նման գործընթացները շարունակական են, և հատկապես ընտրությունների նախաշեմին դրանց դեմ պայքարը պետք է ուժեղացվի։

Վերլուծաբանը նշեց, որ ընտրություններին միջամտությունը իրականացվում է ոչ միայն տեղեկատվական, այլև ֆինանսական մեխանիզմներով։ Նրա խոսքով՝ նախկինում արձանագրվել է շուրջ 600 միլիոն դոլարի հավելյալ շրջանառություն, որի զգալի մասը, ըստ նրա, կարող էր ուղղված լինել քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործադրելուն։ Նա հավելեց, որ այժմ ավելի հաճախ կիրառվում են կանխիկ գումարների տեղափոխման և կրիպտոարժույթների միջոցով ֆինանսավորման մեխանիզմներ։ Ընտրողների ներգրավման ուղղությամբ ևս իրականացվում են կազմակերպված քայլեր՝ հատկապես Ռուսաստանի տարածքում բնակվող քաղաքացիների շրջանում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացներում ներգրավվում են բիզնես շրջանակներ, իսկ որոշ դեպքերում մարդիկ հայտնվում են ճնշման տակ։
Խուրշուդյանը նշեց, որ Եվրոպական միությունն արդեն ձևավորում է արագ արձագանքման խմբեր՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար, սակայն դրանց արդյունավետությունը դեռ պետք է գնահատվի։ Նա ընդգծեց, որ կարևոր է ոչ միայն ֆինանսական հաշվետվողականությունը, այլև ծրագրերի իրական ազդեցությունը։ Ամենակարևոր գործոնը հասարակության գիտակցությունն է․քաղաքացիները պետք է մերժեն արտաքինմիջամտությունն ու ընտրակաշառքը։ Նա նշեց, որ նման երևույթները պետք է դիտարկվեն որպես «կարմիր գիծ»։
Հովսեփ Խուրշուդյանը համոզված է, որ Ռուսաստանի շահերը հակասում են Հայաստանի շահերին և հիշեցրեց, որ անցյալում այդ հակասությունները դրսևորվել են նաև անվտանգության հարցերում։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոնում, քանի որ տարածաշրջանում մյուս երկրներում իրավիճակն ավելի կանխատեսելի կամ փակ է արտաքին ազդեցությունների համար։
Հայաստանի շահերը ներկայումս առավելապես համընկնում են եվրոպական շահերի հետ, և Եվրոպայում Հայաստանը դիտարկվում է որպես ժողովրդավարական «կղզյակ» տարածաշրջանում։ Խուրշուդյանը նշեց, որ եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմանը և նույնիսկ տեսնում են Եվրամիության անդամակցության հեռանկար՝ համապատասխան չափանիշների կատարման դեպքում։ Վերլուծաբանը ընդգծեց, որ եվրոպական կողմը չի աջակցում կոնկրետ քաղաքական ուժերի, այլ աջակցում է ժողովրդավարական գործընթացներին։ Նա կարևորում է, որ Հայաստանի քաղաքական ուժերը հստակ ձևակերպեն եվրոպական ինտեգրման իրենց ծրագրերը։

Խուրշուդյանը նշեց, որ առաջիկա գագաթնաժողովները կարևոր են՝ որպես քաղաքական աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և որպես ազդակ արտաքին ուժերին։ Նա կարծում է, որ այդ իրադարձությունները նաև կարող են զսպող դեր ունենալ հնարավոր հետընտրական ապակայունացման փորձերի դեպքում։
Վերջում Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ հեղափոխությունը դեռ ամբողջությամբ չի հասել իր նպատակներին, քանի որ համակարգային խնդիրները, այդ թվում՝ դատական համակարգում, շարունակում են մնալ։ Նա կարծում է, որ անհրաժեշտ են ավելի խորքային բարեփոխումներ, այդ թվում՝ վեթինգ և ապօրինի գույքի վերադարձի գործընթացների արագացում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
