Ադրբեջանը նշում է մեզ մոտ կայանալիք ընտրությունները, սպասում են, որ ընտրությունները տեղի ունենան, ու հասկանան, թե ինչպե՛ս գործեն: Բայց ես նորից եմ ասում, սա ընդամենը պատճառ է, իրականում իրենք հաշվարկներ են անում, որպեսզի հասկանան, թե տարածաշրջանում ի՛նչ իրավիճակ է լինելու՝ ԹՐԻՓՓ‑ը իրագործվելո՞ւ է, թե՞ ոչ, Հյուսիս-հարավը Ադրբեջանո՞վ է լինելու, թե՞ ոչ:
Դավիթ Ստեփանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ եթե նոր Սահմանադրության մեջ հղում եղավ Անկախության հռչակագրին, ապա դա կնշանակի, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Համակարծի՞ք եք Փաշինյանի այս պնդմանը:
– Մեծ հաշվով Փաշինյանը որևէ նոր բան չի ասել, որքան ես եմ հասկանում, այդ որոշումը վաղուց է ընդունվել, ու, որքան գիտեմ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հենց դրանով է զբաղված, թեև Սահմանադրության վերջնական տեքստը դեռ չի ներկայացվել հանրությանը, բայց այդ հղումն այնտեղ չի լինելու: Քաղաքական մակարդակով այս որոշումը շատ վաղուց է կայացվել, ինչ խոսք, ես չեմ կարծում, որ այդ հղումն այդքան վտանգավոր է, որքան ներկայացվում է, ու այդ հղումը չէ, որ պետք է վտանգ ներկայացնի Ադրբեջանի համար՝ կապված Ղարաբաղի հետ, որովհետև մենք ունենք խաղաղության պայմանագիր, որը նախաստորագրված է:
Իսկ այնտեղ հստակ նշվում է, որ այնտեղ որևէ երկրի՝ Ադրբեջանի կամ Հայաստանի ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգավորումներն ու փաստաթղթերը չեն կարող ունենալ ավելի մեծ նշանակություն, քան այդ պայմանագիրն է, այսինք՝ այդ փաստաթուղթը փակում է այդ խնդիրը: Սա իրական խոչընդոտ չէ, ընդամենը պատճառ է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտը ոչ թե Սահմանադրությունն է, այլ շատ ավելի խորքային գործընթացները:

– Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետն ամեն գնով փորձում ազատվել Անկախության հռչակագրից:
– Հռչակագիրն արդեն ռուդիմենտ է (ձևական, ազդեցություն չունեցող), որովհետև եթե մեր Կառավարությունը որոշել է Ղարաբաղի էջը փակել, ինչպես Փաշինյանն է անընդհատ ասում, ապա այդ Հռչակագիրը Սահմանադրության մեջ պահելը որևէ իմաստ ու նպատակադրում չունի, այսինքն՝ հանենք-չհանենք դրանով ոչինչ չի որոշվում, բայց որ դա մնա էլ՝ չպետք է ինքնանպատակ լինի: Պատկերացնենք, որ 10 տարի հետո որոշում ենք Ղարաբաղի մասով ինչ-որ իրավունքներ առաջ քաշել, ապա այդ չէ, որ մեզ օգնելու է, իրավական մասով դա ոչինչ է: Ինչո՞ւ է ուզում հանել, ուզում է Ադրբեջանի հերթական պահանջը չեզոքացնել, որպեսզի տեսնենք՝ դրանից հետո ինչ են ասում:
– Պարո՛ն Ստեփանյան, իսկ այդ խորքային խնդիրները, որ ասում եք, որո՞նք են:
– Ընդհանուր տարածաշրջանը գտնվում է շատ անկայուն փուլում. Ադրբեջանում չեն կարողանում վերջնականապես հաշվարկել, թե ինչ է լինելու Իրանում, ոչ ոք չի կարող հաշվարկել, և Իրանի հետ կապված զարգացումներից կախված կլինի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը:
Կարող է լինել իրավիճակ, որ Ռուսաստանի ազդեցությունը նորից սկսի աճել, այդ թվում նաև՝ Ադրբեջանում: Սա վարկածներից մեկն է, ու Ադրբեջանում այդ ամենը հաշվարկում են, դրա համար էլ իրենք այս պահին փաստացի դադար են վերցրել, և չնայած գործընթացը շարունակվում է, կան հանդիպումներ, բայց խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ գործընթացը դադար է վերցրել այս պահին, առաջ չի գնում:

Ու որպես պատճառ Ադրբեջանը նշում է մեզ մոտ կայանալիք ընտրությունները, սպասում են, որ ընտրությունները տեղի ունենան, ու հասկանան, թե ինչպե՛ս գործեն: Բայց ես նորից եմ ասում, սա ընդամենը պատճառ է, իրականում իրենք հաշվարկներ են անում, որպեսզի հասկանան, թե տարածաշրջանում ի՛նչ իրավիճակ է լինելու՝ ԹՐԻՓՓ‑ը իրագործվելո՞ւ է, թե՞ ոչ, Հյուսիս-հարավը Ադրբեջանո՞վ է լինելու, թե՞ ոչ:
– Քանի որ Սահմանադրության ընդունումը ենթադրում է հանրաքվե, ըստ ձեզ, նոր Սահմանադրությունը բավարար չափով ձայներ կհավաքի՞, եթե այնտեղ չլինի Անկախության հռչակագրին հղումը:
– Ես այդ հարցի պատասխանը չունեմ, կարծում եմ, իշխանությունն էլ չունի այդ հարցի պատասխանը: Շատ դժվար է փորձել կանխատեսել, թե մարդիկ ինչպես կքվեարկեն, վերջիվերջո, Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ոչ միայն այդ կետից է բաղկացած, այլ նաև ուրիշ կետեր կան: Որպես քաղաքացի՝ ինքս չունեմ այսօր որոշում, որովհետև պետք է ամբողջ տեքստը տեսնեմ, քանի որ այնտեղ կարող են այնպիսի փոփոխություններ լինել, որ ես ընդհանրապես դեմ քվեարկեմ:
Աղբյուրը՝ https://medialab.am/315268/
