Նույնիսկ այն երկրները, որտեղ տեղակայված են գերտերությունների ռազմաբազաներ, լիարժեք անվտանգություն չունեն։
Արսեն Խառատյան
Նոյան Տապանը զրուցել է արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղությունը, TRIPP‑ի ճակատագիրը, դրա վրա ազդող մի շարք գործոններ, ինչպես նաև կողմերի աշխատանքի քաղաքական նպատակահարմարությունը։
Արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը նշեց, որ Հայաստանում խաղաղությունը մի քանի գործոններից է կախված։ Նա նախ ընդգծեց ընտրությունների կարևորությունը՝ հիշեցնելով, որ քաղաքական հայտարարություններում հաճախ կապ է դրվում ընտրության արդյունքների և պատերազմի կամ խաղաղության միջև։ Խառատյանը նաև դիտարկում է, որ «TRIPP»-ի շուրջ պայմանավորվածությունները ներկայացվում են որպես երկարաժամկետ կայունության երաշխիք, սակայն դրանց ապագան լի է անորոշություններով։
Արսեն Խառատյանը կարծում է, որ «TRIPP»-ի ճակատագիրը կախված է նաև լայն տարածաշրջանային գործընթացներից, մասնավորապես՝ Իրան–ԱՄՆ հակամարտությունից։ Նրա խոսքով՝ այս լարվածությունը կարող է էապես ազդել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության վրա։ Նա հավելեց, որ նման մասշտաբի էսկալացիա նախկինում չի եղել, և դրա հետևանքները դեռ երկար են զգացվելու։

Խառատյանը նշեց, որ վերջին զարգացումների ֆոնին քննարկվում է նաև, թե արդյոք «TRIPP»-ը կպահպանի իր կարևորությունը։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ‑ի համար Հարավային Կովկասում այն շարունակում է մնալ առաջնահերթություն, հատկապես հաշվի առնելով, որ Իրանի տարածքով այլընտրանքային ուղիներ չեն դիտարկվում։ Նա կարծում է, որ այս պայմաններում նույնիսկ կարող է մեծանալ այդ նախագծի նշանակությունը և արագանալ իրականություն դառնալը։
Ազգագրագետն ընդգծեց, որ խաղաղությունը, իր կարծիքով, առավելապես կախված է հենց Հայաստանից և Ադրբեջանից։ Նա ասաց, որ կարևոր է քաղաքական նպատակահարմարությունը և երկու կողմերի պատրաստակամությունը համագործակցության՝ նույնիսկ առկա տարաձայնությունների պայմաններում։ Խառատյանը հավելեց, որ խաղաղության արտաքին «երաշխավոր» իրականում չկա, և երկրներն իրենք պետք է լինեն դրա հիմնական ապահովողները։
Արսեն Խառատյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային օրինակներին՝ նշելով, որ նույնիսկ այն երկրները, որտեղ տեղակայված են գերտերությունների ռազմաբազաներ, լիարժեք անվտանգություն չունեն։ Նա այս համատեքստում հիշեցրեց, որ բախումների ընթացքում այդ բազաները չեն կարողացել կանխել հարվածները, ինչը, նրա կարծիքով, ցույց է տալիս արտաքին ուժերի սահմանափակ հնարավորությունները։

Խոսելով Ռուսաստանի հայտարարությունների մասին՝ Խառատյանը նշեց, որ դրանք հիշեցնում են առկա լծակների մասին, որոնք Մոսկվան կարող է կիրառել։ Նրա խոսքով՝ վերջին հանդիպումներից հետո նման հռետորաբանությունը նկատելիորեն ակտիվացել է, և առաջիկա քաղաքական զարգացումների ֆոնին կարևոր է հասկանալ, թե ինչ քայլերի կդիմի ռուսական կողմը։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
