Ֆրանսիայի հետ համագործակցությունը գնալով ավելի է ընդգծվելու հատկապես ռազմական ոլորտում, ներառյալ ոչ միայն սպառազինության գնումը, այլև հնարավոր համատեղ արտադրությունը և գիտահետազոտական ծրագրերը։
Դավիթ Պետրոսյան
1inTV‑ը զրուցել է Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի հետազոտող Դավիթ Պետրոսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նշանակությունը, որը դիտարկվում է որպես Հայաստանի անկախության պատմության ամենամասշտաբային միջազգային իրադարձությունը: Ընդգծվում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը, ինչը փաստացի հերքում է այն թեզը, թե երկիրը միջազգային մեկուսացման մեջ է: Հիմնական շեշտադրումները կատարվում են Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության, անվտանգային նոր կարողությունների ձևավորման և Եվրամիության հետ վիզաների ազատականացման հեռանկարների վրա: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանօրինակ բարձր մակարդակի հանդիպումները ամրապնդում են Հայաստանի ինքնիշխանությունը և ստեղծում են նոր հարթակներ տարածաշրջանային մարտահրավերների ու տնտեսական զարգացման շուրջ երկխոսության համար:
Դավիթ Պետրոսյան նշեց, որ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանի համար միանշանակ դրական և բազմաշերտ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Նրա գնահատմամբ՝ այն կարելի է դիտարկել երեք հիմնական մակարդակներում՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և ներքաղաքական։

Աշխարհաքաղաքական առումով կարևոր է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում Եվրոպան․նրա դիտարկմամբ՝ Եվրոպական միությունը աստիճանաբար տնտեսական գերտերությունից վերածվում է նաև ռազմական ազդեցիկ կենտրոնի, հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ‑ն նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Այս համատեքստում, նրա խոսքով, Եվրոպայի դերակատարության աճը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է, քանի որ աշխարհագրական և քաղաքական առումներով համագործակցությունջ կարող է դառնալ ավելի խորքային և ազդեցիկ։
Տարածաշրջանային մակարդակում, ըստ Դավիթ Պետրոսյանի, Հայաստանի առաջնահերթությունները կապված են սեփական կարողությունների զարգացման, պաշտպանունակության բարձրացման և արտաքին կախվածությունների նվազեցման հետ։ Նա ընդգծեց, որ այդ գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունեն ռազմական և տնտեսական ուղղությունները։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի հետ համագործակցությունը գնալով ավելի է ընդգծվելու հատկապես ռազմական ոլորտում, ներառյալ ոչ միայն սպառազինության գնումը, այլև հնարավոր համատեղ արտադրությունը և գիտահետազոտական ծրագրերը։
Տնտեսական ուղղության վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ այստեղ դեռ մեծ չօգտագործված ներուժ կա։ Նա կարծում է, որ նման հարթակները հնարավորություն են տալիս վերանայել արդեն գոյություն ունեցող համագործակցությունները, բացել նոր շուկաներ հայկական արտադրողների համար և Հայաստանը դարձնել ավելի գրավիչ եվրոպական ներդրողների համար։
Անդրադառնալով Հայաստան–Ֆրանսիա հարաբերություններին՝ Պետրոսյանը նկատեց, որ ռազմավարական համագործակցության խորացումը կարող է ունենալ կոնկրետ կիրառական արդյունքներ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ոլորտներում։ Նրա խոսքով՝ նման համագործակցությունները պարզապես քաղաքական հայտարարություններ չեն, այլ կոնկրետ ծրագրերի տեսքով իրականացվող գործընթացներ, որոնք ուղղված են Հայաստանի թույլ կողմերի ամրապնդմանը և առավելությունների զարգացմանը։
Ներքաղաքական ազդեցության վերաբերյալ Դավիթ Պետրոսյանը դիտարկում է, որ այս գագաթնաժողովը նաև ուղերձ է այն պնդումներին, թե Հայաստանը միջազգային դերակատարների համար հետաքրքիր չէ։ Նրա խոսքով՝ նման լայնամասշտաբ մասնակցությունը ցույց է տալիս հակառակը՝ Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր, հատկապես որպես տարածաշրջանում ժողովրդավարական համակարգ ունեցող պետություն։ Այս իրադարձությունը, ամենայն հավանականությամբ, դրական ազդեցություն կունենա գործող իշխանության վարկանիշի վրա և միաժամանակ կթուլացնի այն քաղաքական ուժերի դիրքերը, որոնք կասկածի տակ են դնում արևմտյան ուղղությամբ համագործակցության արդյունավետությունը։
Անդրադառնալով հայ գերիների հարցին՝ Պետրոսյանը նշեց, որ միջազգային գործընկերների կողմից հնչող հայտարարություններն ու բանակցությունները կարող են ժամանակի ընթացքում որոշակի ազդեցություն ունենալ, սակայն կոնկրետ արդյունքների վերաբերյալ կանխատեսումները դժվար են։ Նրա խոսքով՝ այդ հարցը Ադրբեջանի համար կարևոր բանակցային լծակ է, և դրա լուծումը կախված է ավելի լայն քաղաքական գործընթացներից։
Գագաթնաժողովի միջազգային արձագանքի վերաբերյալ նա նշեց, որ ընդհանուր տպավորությունները դրական են։ Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքական ակտիվությունն ու բազմակողմ հարաբերությունների խորացումը արդեն նկատելի են միջազգային մակարդակում, և այս միջոցառումը այդ գործընթացի կարևոր ամրագրումներից մեկն է։
Պետրոսյանը կարևորեց նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը՝ ընդգծելով, որ նման հարթակները հնարավորություն են տալիս Հայաստանին դուրս գալ նախկին «սատելիտ պետության» ընկալումից և ներկայացնել իրեն որպես ինքնուրույն դերակատար։
Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում նա նշեց, որ նման հանդիպումները կարևոր են երկխոսության պահպանման և գործընթացների առաջմղման համար։ Նրա կարծիքով՝ սահմանազատման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ցանկացած շփում արդեն իսկ դրական քայլ է, քանի որ նպաստում է կայունության պահպանմանը։
Անդրադառնալով միջազգային հարաբերությունների տրամաբանությանը՝ Դավիթ Պետրոսյանը ընդգծեց, որ պետությունները գնահատվում են ոչ թե համակրանքի, այլ իրենց ուժի, կարողությունների և առաջարկների հիման վրա։ Նրա խոսքով՝ որքան Հայաստանը կարողանա ամրապնդել իր դիրքերը, այնքան կբարձրանա նրա արժեքը նաև մյուս երկրների համար։ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը բնական և տրամաբանական գործընթաց է․երկիրըշարունակում է պահպանել հարաբերություններըավանդական գործընկերների հետ, սակայնմիաժամանակ փորձում է գտնել նոր հնարավորություններ՝ հատկապես անվտանգային և տնտեսական ոլորտներում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
