Հայաստանը գնում է պատերազմի սպասարկող տնտեսությունից դեպի դասական շուկայական տնտեսություն անցման ճանապարհով, և առաջիկա տարիներին սպասվում է այդ փոփոխությունների խորացում՝ թափանցիկության և իրավական պետության ամրապնդմամբ։
Կայծ Մինասյան
Ներկայացնում ենք ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի՝ france24-ին տված հարցազրույցի հակիրճ թարգմանությունը։
Հարցազրույցի ընթացքում քննարկվում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների որակական նոր փուլը, որը նշանավորվում է ռազմավարական գործընկերության պաշտոնականացմամբ։ Այն ընդգծում է անցումը զուտ մարդասիրական կապերից դեպի տնտեսական և պաշտպանական լայնածավալ համագործակցության, ինչը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը և եվրոպական ինտեգրումը։ Քննարկվում է նաև տարածաշրջանային համատեքստը, որտեղ Ֆրանսիայի աջակցությունը դիտվում է որպես առանցքային գործոն՝ երկիրը հետխորհրդային ազդեցությունից դուրս բերելու և կայուն խաղաղություն հաստատելու գործում։

Կայծ Մինասյանը նշեց, որ ներկայում տեղի ունեցող գործընթացը ցույց է տալիս՝ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները անցնում են հումանիտար և մշակութային մոդելից դեպի ռազմավարական և տնտեսական մակարդակ։ Նրա խոսքով՝ սա իրական պարադիգմային փոփոխություն է, որը սկսվել էր դեռևս 2022-ին Պրահայում և վերջնականապես ամրագրվում է ստորագրված ռազմավարական գործընկերությամբ։ Նա կարծում է, որ այսպիսով բացվում է երկկողմ հարաբերությունների նոր էջ։ Մինասյանը դիտարկում է, որ այս փոփոխությունը նաև հավասարության նոր հարթակ է ստեղծում․ըստ նրա՝ մինչ այդ հարաբերությունները որոշ չափով ասիմետրիկ էին՝ Ֆրանսիան՝ որպես մեծ ուժ, և Հայաստանը՝ որպես հետխորհրդային պետություն, մինչդեռ այժմ ձևավորվում է գործընկերություն«պետություն պետության հետ» տրամաբանությամբ։
Նա նշեց, որ Հայաստանի իրական անկախացման շրջադարձային պահը ոչ միայն 1991 թվականն էր, այլ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, որը, նրա գնահատմամբ, կոնկրետ քայլ էր հետխորհրդային համակարգից դուրս գալու ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ Մոսկվան չի ցանկանում տեսնել ինքնիշխան հարևաններ և նախընտրում է վասալական հարաբերություններ։

Կայծ Մինասյանը շեշտեց, որ առանց Ֆրանսիայի և հատկապես Էմանուել Մակրոնի դերակատարության, դժվար է պատկերացնել, թե այսօր ինչ վիճակում կլիներ Հայաստանը։ Նրա կարծիքով՝ հենց Ֆրանսիան է խթանել այն շրջադարձը, որի արդյունքում Հայաստանը ընդունեց միջազգային իրավունքի շրջանակները, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչը կարևոր հիմք դարձավ հետագա գործընթացների համար։
Նա ընդգծեց, որ այդ քայլը հնարավորություն տվեց մի շարք կարևոր զարգացումների՝ ինչպես օրինակ փոխադարձ տարածքային ամբողջականությունների ճանաչում, Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայում,Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դիրքերի ամրապնդում միջազգային հարաբերություններում։
Մինասյանի կարծիքով՝ 2022-ից հետո նկատվում է Հայաստանի և Եվրամիության զգալի մերձեցում, որը պայմանավորված է նորմերի հարգմամբ․ նա նշեց, որ Եվրամիությունը «նորմատիվ ուժ» է և աջակցում էայն պետություններին, որոնք գործում են միջազգային կանոնների շրջանակում։
Նա նաև անդրադարձավ տնտեսական հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանը գնում է պատերազմի սպասարկող տնտեսությունից դեպի դասական շուկայական տնտեսություն անցման ճանապարհով, և առաջիկա տարիներին սպասվում է այդ փոփոխությունների խորացում՝ թափանցիկության և իրավական պետության ամրապնդմամբ։

Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին՝ Մինասյանը նշեց, որ ընտրությունների արդյունքը կարող է վճռորոշ լինել խաղաղության գործընթացի համար։ Նրա գնահատմամբ՝ եթե իշխանությունները ստանան բավարար մանդատ, ապա հնարավոր կլինի սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնել խաղաղության պայմանագրի վավերացման, հակառակ դեպքում գործընթացը կարող է կանգ առնել։
Նա զգուշացրեց նաև արտաքին ազդեցությունների մասին՝ նշելով, որ Ռուսաստանը և նրա հետ կապված ուժերը կփորձեն խոչընդոտել այս գործընթացներին՝ հատկապես տեղեկատվական ազդեցության միջոցով։ Սակայն, նրա կարծիքով, հասարակությունները գնալով ավելի դիմակայուն են դառնում նման քարոզչության նկատմամբ։
Կայծ Մինասյանը ընդգծեց, որ տարածաշրջանային այս զարգացումները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի գործընթացների ֆոնին։ Նա նշեց, որ Հարավային Կովկասը դառնում է կարևոր ռազմավարական տարածք, և եվրոպական ներգրավվածությունը ուղղված է տարածաշրջանը կայունացնելու և այն «փակ գոտուց» դարձնելու բաց, միջազգային համագործակցության տարածք։
Վերջում նա եզրափակեց, որ Եվրամիությունը Հայաստանին տալիս է ոչ միայն աջակցություն, այլ նաև տեսանելիություն, ճանաչում և զարգացման հորիզոն, իսկ Հայաստանը, իր հերթին, եվրոպական նախագծին տալիս է ռազմավարական խորություն՝ ցույց տալով, որ նույնիսկ նախկինում ռուսամետ համարվող երկրները կարող են ինտեգրվել եվրոպական համակարգին։
Հարցազրույցի ֆրանսերեն տարբերակն ամբողջությամբ՝
